ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/6331/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/6331/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
|
Մ. Դրմեյանի | |
|
Ե. Խունդկարյանի | |
Է. Հայրիյանի |
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հարություն Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.01.2009 թվականի վճռի դեմ` ըստ Կարինե Տոնոյանի հայցի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի (այսուհետ՝ Ծառայություն)՝ 25.03.2008 թվականի «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կարինե Տոնոյանը պահանջել է վերացնել Ծառայության 25.03.2008 թվականի «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.01.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Տոնոյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը Հարություն Հարությունյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գործը քննել է և վճիռ է կայացրել վերջինիս բացակայությամբ, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման:
2) Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի համաձայն՝ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ: Տվյալ դեպքում Ծառայությունը 25.03.2008 թվականին կարճել է կատարողական թերթն այն փաստացի կատարված լինելու պատճառով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պարտավորությունները պետք է արտահայտվեն ՀՀ դրամով, սակայն ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 17.06.2003 թվականի դատավճռով չի սահմանվել դրա կատարման պահին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ մեկ դոլարի դրամական փոխարժեք, որով Հարություն Հարությունյանը պետք է առաջնորդվեր իր պարտավորությունները կատարելիս: Ուստի կատարողական թերթի փաստացի կատարումը կախված չէ օտարերկրյա արժույթի փոխարժեքից: Հետևաբար Հարություն Հարությունյանը կատարել է իր պարտավորությունները պատշաճ կերպով, կատարողական վարույթի կարճումը հիմնավոր է և պատճառաբանված, իսկ Դատարանի նման մոտեցումը խախտում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրությամբ ամրագրված իրավունքներն ու պահանջները:
Դատարանը կատարողական վարույթի երկամսյա ժամկետից ուշ ավարտելը դիտել է որպես «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, սակայն հաշվի չի առել, որ աշխատավարձից, կենսաթոշակից, այլ եկամուտներից, ալիմենտային պարտավորություններից բխող բռնագանձումների կատարումը, ինչպես նաև հարկադիր կատարման պարբերական բնույթ ունեցող կատարողական գործողություններն իրականացվում են պարբերական կատարման միջոցով, որը տվյալ դեպքում կիրառելի է:
Դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները և կայացրել է միակողմանի վճիռ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.01.2009 թվականի վճիռը և գործի վարույթը կարճել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները
Հարություն Հարությունյանը տարիներ շարունակ խույս է տվել դատավճռով նախատեսված 700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը վճարելուց, որը դատավճռի կայացման պահին կազմում էր ավելի քան 409.000 ՀՀ դրամ, սակայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն այդ տարիներին աստիճանաբար իջնում էր: Ծառայությունը կատարողական վարույթը սկսել է 20.08.2003 թվականին, երբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմում էր 567,12 ՀՀ դրամ, իսկ դատավճռի կայացման պահին այն կազմում էր 585,07 ՀՀ դրամ, ինչի արդյունքում ոտնահարվել են իր իրավունքներն ու շահերը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 13.06.2003 թվականի դատավճռով վճռվել է ամբաստանյալ Հարություն Հարությունյանից հօգուտ տուժող-քաղաքացիական հայցվոր Կարինե Տոնոյանի բռնագանձել 700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (գ.թ. 13-16):
2) Ծառայության հարկադիր կատարողի 25.03.2008 թվականի «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշմամբ կարճվել է 20.08.2003 թվականին հարուցված թիվ 01/04-107/08 կատարողական վարույթը՝ կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինելու պատճառաբանությամբ (գ.թ. 6):
3) Հարություն Հարությունյանը սույն գործով դատավարության մասնակից չի դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպեu նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում եննրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են՝ պահանջատերն ու պարտապանը: Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ oտարերկրյա պետությունը, որի oգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաuտանի Հանրապետությունը կամ համայնքը կամ oտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են, որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե`ս, ըստ հայցի Գյումրու քաղաքապետարանի ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի՝ զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջի մասին, թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:
Սույն գործի փաստերի համաձայն` Կարինե Տոնոյանը վիճարկում է Ծառայության հարկադիր կատարողի 25.03.2008 թվականի «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը, որի շրջանակներում որպես պարտապան հանդես է գալիս Հարություն Հարությունյանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն տարածվում է նաև պարտապան Հարություն Հարությունյանի վրա, մինչդեռ վերջինս մասնակից չի դարձվել գործի քննությանը:
Այսինքն՝ բողոք բերած անձը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:
2) Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին և վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկներին չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները Դատարանի քննության առարկաչեն դարձվել, հետևաբար դրանք չեն քննարկվում Վճռաբեկ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.01.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան |