Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2001
Ստորագրման ամսաթիվ
02.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս առողջապահության նախարարության և Լիբանանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս առողջապահության նախարարության (այսուհետ՝ Կողմեր),

ելնելով իրենց երկրների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու անհրաժեշտությունից,

կնքեցին սույն Համաձայնագիրը.

 

Հոդված 1

 

Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց երկրների ներքին օրենսդրությանը համապատասխան, կաջակցեն միմյանց առողջապահական և բժշկագիտական ինստիտուտների, կենտրոնների և այլ հիմնարկների միջև համագործակցության զարգացմանը, որը կիրականացվի դրանց միջև կնքվելիք երկկողմ համաձայնագրերի միջոցով:

 

Հոդված 2

 

Կողմերը առաջնային  և ուղարկող երկրի կողմից առաջարկված թեմաներով կկազմակերպեն փորձագետների պատվիրակությունների աշխատանքային այցելություններ` նպատակ ունենալով փոխադարձաբար ծանոթանալու երկու երկրների առողջապահության համակարգերին և առավել լավ պատրաստելու իրենց առողջապահության գիտահետազոտական ոլորտների աշխատողներին:

Կողմերը միմյանց պետք է տեղեկացնեն փորձի փոխանակման նպատակով առաջարկված անձանց և փորձագետների անունները, մասնագիտությունները, կոչումները և թեմաները փոխհամաձայնությամբ որոշված ամսաթվից 30 օր առաջ: Ժամանման օրվա և ճանապարհի մասին ուղարկող Կողմը ընդունող Կողմին պետք է տեղեկացնի ամենաքիչը 15 օր առաջ: Ուղարկող Կողմը իր վրա կվերցնի ուղևորվող մասնագետների ճամփորդական ծախսերը: Ընդունող Կողմն իր վրա կվերցնի այցելության ընթացքում մյուս Կողմի մասնագետների՝ երկրի ներսում տրանսպորտի, հյուրանոցի և օրվա կեցության ծախսերը:

 

Հոդված 3

 

Բժշկագիտական ոլորտում համագործակցության զարգացման նպատակով Կողմերի բժշկագիտական միությունները մինչև ամեն տարվա դեկտեմբերի 15-ը միմյանց կներկայացնեն գիտաժողովների ժամանակացույցը: Միությունները նմանապես կներկայացնեն վերոհիշյալ ժողովների կազմակերպչական մանրամասները և մյուս Կողմի մասնակիցների համար կապահովեն նվազեցված վճարումներ ու արտոնյալ սակագներ՝ կախված ֆոնդերի հնարավորություններից:

 

Հոդված 4

 

4.1. Կողմերը կաջակցեն բժշկական և գիտահետազոտական ինստիտուտների միջև ուղղակի համագործակցությանը:

Ինստիտուտների միջև ուղղակի համագործակցությունը կստեղծվի գիտական նյութերի և տեխնիկական փաստաթղթերի փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ համատեղ հետազոտական ծրագրերի միջոցով՝ հիմնված աշխատանքի համատեղ պլանների և մեթոդների վրա:

Ինստիտուտների ղեկավարների կողմից ստորագրված պլանները կգործեն տվյալ երկրի իրազեկ մարմինների կողմից հաստատվելուց հետո՝ տեղի օրենսդրությանը համապատասխան:

4.2. Կողմերը կօժանդակեն միմյանց հիվանդանոցների միջև ուղղակի կապերի ու համագործակցության հաստատմանը:

 

Հոդված 5

 

5.1. Կողմերը փոխադարձաբար կնպաստեն բժշկական ամսագրերի, առողջապահական ուսուցողական նյութերի փոխանակմանը:

5.2.  Կողմերը միմյանց կուղարկեն առողջապահական վիճակագրական տվյալներ և վարակիչ հիվանդությունների վերաբերյալ համաճարակաբանական հաշվետվություններ:

5.3. Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կփոխանակեն տեղեկություններ միմյանց առողջապահական օրենսդրությունների և հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների մասին:

5.4. Կողմերը կնպաստեն բժշկական հրատարակչությունների միջև համագործակցության զարգացմանը:

 

Հոդված 6

 

6.1. Կողմերը իրենց երկրում պաշտոնական նպատակներով գտնվող մյուս Կողմի քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական ու հյուպատոսական անձնակազմին, փոխադարձաբար կապահովեն անվճար բժշկական օգնությամբ, դեղամիջոցներով և բժշկական նյութերով, ինչպես նաև անվճար հիվանդանոցային բուժմամբ՝ թերապևտիկ և վիրաբուժական անհետաձգելի միջամտության անհրաժեշտության դեպքում:

6.2. Թերապևտիկ և վիրաբուժական անհետաձգելի դեպքերում որևէ Կողմի տարածքում ժամանակավոր այցելությամբ գտնվող զբոսաշրջիկներին ընդունող Կողմը, տվյալ երկրի քաղաքացիների համար գործող կարգին համապատասխան, պետք է ապահովի բժշկական խնամքով, մինչև որ հիվանդի վիճակը թույլ տա առանց առողջությունը վնասելու նրան տեղափոխել  իր երկիր:

6.3. Համաճարակային մեծ նշանակութուն ունեցող վարակիչ հիվանդությունների դեպքում Կողմերից մեկի տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս Կողմի քաղաքացիները կօգտվեն անվճար բժշկական ծառայությունից:

Երբ հիվանդին հնարավոր լինի տեղափոխել, ընդունող Կողմը անհրաժեշտության դեպքում կապահովի հիվանդի տեղափոխումը մինչև իր երկրի սահմանը, որտեղ նա կընդունվի տեղական իշխանությունների կողմից:

6.4. Կողմերը կարող են ախտորոշման և բուժման նպատակով հիվանդներ ուղարկել մյուս Կողմին՝ ամեն առանձին դեպքում փոխադարձ համաձայնության հիման վրա: Դրա հետ կապված ծախսերը կվճարի ուղարկող Կողմը:

6.5. Կողմերից մեկի քաղաքացու՝ մյուս Կողմի տարածքում մահվան դեպքում Կողմերը փոխադարձաբար կապահովեն անվճար դատաբժշկական ծառայություններ, ինչպես նաև դիակի զմռսում կամ պահպանման այլ ձևեր: Տեղափոխման հետ կապված ծախսերը կվճարի մահացածի ընտանիքը:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի իրականացմանն ու համակարգմանն առնչվող հարցերի կարգավորման նպատակով Կողմերի երեքական ներկայացուցիչներից կստեղծվի  համատեղ հանձնաժողով, որի նիստերը հաջորդաբար կգումարվեն Երևանում և Բեյրութում:

 

Հոդված 8

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կատարված փոփոխությունները կձևակերպվեն առանձին արձանագրություններով, որոնք կհանդիսանան նրա բաղկացուցիչ մասը:

Նշված արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի երկրների ներքին օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ գործընթացն անցնելու մասին դիվանագիտական ճանապարհով փոխադարձաբար իրազեկ դարձնելու օրվանից և գործում է 5 տարի ժամկետով:

Այն կարող է ինքնաբերաբար երկարաձգվել ևս 1 տարով, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին դիվանագիտական ճանապարհով չհայտնի այն դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտի Համաձայնագրով նախատեսված ծրագրերի հետ կապված այն պարտավորությունների իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

 

Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի մայիսի 2-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 21-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան