Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.61
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.06.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի

ԵՔՐԴ/0219/01/08 որոշում

ԵՔՐԴ/0219/01/08

 

Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան

Դատավորներ՝ Ռ. Ազարյան, Ժ. Հովսեփյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

 

Ե. Դանիելյանի

 

 

Հ. Ղուկասյանի

 

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

2009 թվականի հունիսի 29-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Արմենի Հախնազարյանի վերաբերյալ գործով Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 13-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ. Հախնազարյանի օրինական ներկայացուցիչ Ա. Հախնազարյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Քրեական գործը հարուցվել է 2007թ. նոյեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2. Նախաքննության մարմնի 2007թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ Գ. Հախնազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

2007թ. դեկտեմբերի 11-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Ա. Հախնազարյանին որպես ամբաստանյալ Գ. Հախնազարյանի օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին:

Նախաքննության մարմնի 2007թ. դեկտեմբերի 11-ի որոշմամբ Գ. Հախնազարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

3. 2008թ. մայիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

Երևանի քրեական դատարանի 2008թ. դեկտեմբերի 12-ի դատավճռով Գ. Հախնազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով:

Տուժողի օրինական ներկայացուցիչ Գ. Զաքոյանի կողմից հարուցված քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն: Դատավճռով որոշվել է Գ. Հախնազարյանի ծնողներից՝ Ա. Հախնազարյանից և Հ. Հովսեփյանից, հօգուտ Դ. Զաքոյանի և նրա օրինական ներկայացուցիչ Գ. Զաքոյանի որպես հանցագործությամբ պատճառված վնաս բռնագանձել 881.000 ՀՀ դրամ:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. մարտի 13-ի որոշմամբ Երևանի քրեական դատարանի 2008թ. դեկտեմբերի 12-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի 2009թ. մարտի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Գ. Հախնազարյանի օրինական ներկայացուցիչ Ա. Հախնազարյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Շենգավիթ համայնքի դատախազության ավագ դատախազ Գ. Լյուդվիգյանը:

Վճռաբեկ դատարանի 2009 թվականի մայիսի 7-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

6. Գևորգ Արմենի Հախնազարյանը 2007թ. նոյեմբերի 13-ին` ժամը 19.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 4/7-րդ շենքի բակում անհիմն վիճաբանել է անչափահաս Դավիթ Գագիկի Զաքոյանի հետ, որի ընթացքում խուլիգանական դրդումներով, այն է` իր անձի առավելությունը վերջինիս նկատմամբ ցուցադրելու միտումով, Դ. Զաքոյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած և գրպանում պահած դանակով հինգ անգամ հարված է հասցրել նրան, որոնցից չորսը դիպել են Դավիթ Զաքոյանի կյանքի համար կարևոր օրգաններին, իսկ հինգերորդ հարվածը` դանակի հարվածները կանխել փորձող Դավիթ Հովսեփյանի ձախ ձեռքին: Դրանից հետո Գ. Հախնազարյանը դիմել է փախուստի` իր կամքից անկախ պատճառներով չկարողանալով դիտավորությունը հասցնել մինչև վերջ:

7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից սույն գործը քննվել է վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով: Նշված կարգով գործը քննելու իր որոշման մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հայտարարել է ըստ էության որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալուց անմիջապես առաջ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Ըստ վճռաբեկ բողոքի հեղինակի՝ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն անօրինական է և չպատճառաբանված, նախաքննության մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը դատաքննությամբ չի հիմնավորվել, Գ. Հախնազարյանի կատարած գործողությունները չեն համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, նրա արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Բողոք բերող անձը գտնում է, որ տվյալ դեպքում բացակայում են սպանության փորձի հանցակազմի հատկանիշները, քանի որ կողմնակի անձանց միջամտություն չի եղել, որը կարող էր արգելք հանդիսանալ հանցանքը ավարտին հասցնելու համար, ինչպես նաև Գ. Հախնազարյանի կողմից ծանր մարմնական վնասվածքը հասցվել է առանց խուլիգանական դրդումների, քանի որ նրա գործողությունները զուգորդված չեն եղել հասարակական կարգի կոպիտ խախտումներով, նա չի դրսևորել բացառիկ ցինիզմ կամ բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ:

9. Բողոք բերած անձի կարծիքով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ենթակա է բեկանման նաև այն պատճառով, որ այն կայացվել է դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ չեն կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ, 355-րդ և 392-րդ հոդվածներով նախատեսված պահանջները, այն է՝ անտեսվել է դատական վիճաբանություններին անցնելու պարտադիր լինելը և ամբաստանյալին չի տրամադրվել վերջին խոսքի իրավունք:

Ելնելով վերոգրյալից՝ բողոքի հեղինակը խնդրել է ամբողջովին բեկանել Գ. Հախնազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետովՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. մարտի 13-ի որոշումը, փոխել հանցագործության որակումը և պատիժ սահմանել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Նախքան վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել նշված հարցերի միջև առկա կապի վերաբերյալ: Այսպես, բողոքաբերի կողմից բարձրացված առաջին հարցը վերաբերում է Գ. Հախնազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի կիրառման իրավաչափությանը, այսինքն այս հիմքով բողոքը վերաբերում է նյութական իրավունքի խախտմանը: Բարձրացված երկրորդ հարցը վերաբերում է նրան, թե Գ. Հախնազարյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքի քննության ժամանակ վերաքննիչ դատարանն իրավասու էր արդյոք գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնել՝ առանց դատական վիճաբանություններն ու ամբաստանյալի վերջին խոսքն ունկնդրելու, այսինքն՝ փաստարկվում է դատավարական իրավունքի խախտման առկայությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից վկայակոչված նյութական և դատավարական իրավունքի խախտումները փոխկապակցված են. նյութական իրավունքի ենթադրյալ խախտումը կարող է հետևանք լինել ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից սույն բողոքի քննության ժամանակ թույլ տրված դատավարական իրավունքի նորմի ենթադրյալ խախտման հարցը, քանի որ նման խախտման փաստի արձանագրման դեպքում անհնար կլինի դատողություններ անել անձին մեղսագրվող արարքի հիմնավոր կամ անհիմն լինելու, այսինքն՝ անձի նյութական իրավունքի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ:

11. Դատավարական իրավունքի խախտմանն առնչվող՝ նախորդ կետում բարձրացված հարցին պատասխանելու համար նախ և առաջ անհրաժեշտ է պարզել, թե որ դեպքերում է վերաքննիչ դատարանը գործը քննում վերաքննության և որ դեպքերում՝ վճռաբեկության կարգով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կատարվում է սույն գլխում շարադրված կանոններով, ինչպես նաև վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով»:

Նշված հոդվածի վերլուծությունից երևում է, որ վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգի նախատեսման հետ կապված դրույթները միմյանցից տարանջատված են «ինչպես նաև» շաղկապով:

Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` «(…) եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաև» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաև» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»:

Վերոգրյալ հոդվածները թույլ են տալիս եզրակացնել, որ վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կարող է իրականացվել կա՛մ վերաքննության կարգով (քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ գլխի կանոններով) կա՛մ վճռաբեկության կարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխի կանոններով):

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ բաժինը, որը կարգավորում է վերաքննիչ դատարանում վարույթի հետ կապված հարցերը, չի սահմանում այն դեպքերն ու պայմանները, որոնց առկայության պարագայում գործը կարող է քննվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կա՛մ 47-րդ, կա՛մ 48-րդ գլխի կանոններով: Այսինքն, օրենսդիրը այդ վարույթի իրականացման դատավարական ձևի կիրառման հետ կապված հարցերը թողել է վերաքննիչ դատարանի հայեցողությանը:

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի՝ առկայության դեպքում` այն ապացույցները, որոնցով դիմողը հիմնավորում է իր պահանջները, և որոնք պետք է հետազոտվեն վերաքննիչ դատարանում, այդ թվում` նաև առաջին ատյանի դատարանում օբյեկտիվ պատճառներով չհետազոտված ապացույցները:

ՀՀ քրեական օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Բացառիկ դեպքերում կողմերն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանների հիմքերը հաստատելու համար դատարան ներկայացնելու նոր նյութեր կամ միջնորդելու դատարան կանչել իրենց նշած վկային կամ փորձագետին, նշանակելու փորձաքննություն, եթե նրանք հիմնավորում են, որ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու այդ նյութերը, կանչելու վկային կամ փորձագետին, ինչպես նաև առաջին ատյանի դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն, կամ հիմնավորում են, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բացառությամբ սույն օրենսգրքի 451 գլխի կանոններով քննված գործերի, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում՝նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով»:

13. Նախորդ կետում շարադրված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ լրացուցիչ ներկայացվող ապացույցներով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բողոքը կարող է քննել այն դեպքերում, երբ համոզվում է, որ բողոքաբերը օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել այդ ապացույցները ներկայացնել մինչև վերաքննիչ դատարանում գործի քննությունը, այսինքն՝ գործով մինչդատական վարույթի և առաջին ատյանի դատարանում վարույթի ընթացքում:

Լրացուցիչ ապացույցների ներկայացման կամ հետազոտման օբյեկտիվ հիմքերի բացակայության դեպքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը իրավասու է գործը քննել վճռաբեկության, այսինքն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածով սահմանված կարգով:

14. Սույն գործով վճռաբեկ դատարանի քննության առարկա հանդիսացող հաջորդ հարցն այն է, թե վերաքննիչ դատարանում գործի քննության դատավարական ձևը որոշելուց հետո վերաքննիչ դատարանը պարտավո՞ր է արդյոք դատավարության մասնակիցներին տեղեկացնել վերաքննիչ դատարանում բողոքի քննության կարգի մասին, թե՝ ոչ, և եթե` այո, ապա ի՞նչ որոշմամբ և ե՞րբ:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`«(վերաքննիչ դատարանի) դատական նիստ նշանակելու որոշման մեջ պետք է լուծվեն հետևյալ հարցերը` գործի քննությունը սկսելու ժամանակը և տեղը, ելնելով դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը պատշաճ կերպով ստուգելու անհրաժեշտությունից` դատական նիստում անմիջականորեն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, դատական նիստին կանչվող վկաները, փորձագետը և այլ անձինք, եթե դա անհրաժեշտ է (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նշված հոդվածի բովանդակությունից երևում է, որ դատական նիստ նշանակելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը հանդիսանում է այն դատավարական փաստաթուղթը, որի միջոցով դատավարության մասնակիցները տեղեկանում են վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակի և տեղի վերաբերյալ, ինչպես նաև, ելնելով դատարանի կողմից որոշված՝ հետազոտման ենթակա ապացույցների ծավալից, պատկերացում են կազմում, թե ինչ սահմաններում է քննվելու բողոքը: Հետևաբար` դատական նիստ նշանակելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն այն դատավարական փաստաթուղթն է, որում պետք է ամրագրվի, թե արդյոք վերաքննիչ դատարանը մտադիր է վճռաբեկության կարգ կիրառել, թե ոչ:

16. Հիմնվելով Ալիխանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի որոշման 16-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկության կարգ կիրառելու որոշում պարունակող Վերաքննիչ դատարանի դատական նիստ նշանակելու մասին որոշումը, գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայմանը վերաբերելու դեպքում, կարող է կայացվել միայն դատարանի կոլեգիալ կազմով: Այդպիսի որոշումը կարող է էական ազդեցություն ունենալ վերաքննիչ բողոքարկման իրավունքի արդյունավետ կենսագործման վրա, ուստի բողոքաբերին պետք է տրվի կոլեգիալության լրացուցիչ երաշխիք:

Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 39-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ «Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ (…)»: Ուստի վճռաբեկության կարգ կիրառելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ևս պետք է կայացվի կոլեգիալ:

17. Սույն որոշման 15-րդ կետում շարադրված վճռաբեկ դատարանի դիրքորոշումը բխում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածում ամրագրված արդար դատական քննության իրավունքի երաշխիքներից, որոնցից մեկն էլ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի համար իր պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալու իրավունքն է, ինչպես նաև Կոնվենցիային կից 7-րդ Արձանագրության 2-րդ հոդվածից, որը հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձի համար նախատեսում է իր գործի վերանայման իրավունք:

Վճռաբեկ դատարանի այս դիրքորոշումը հիմնված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների վրա: Այսպես, Դելկուրն ընդդեմ Բելգիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքում, երբ պետությունն իր ազգային իրավունքում նախատեսում է վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, ապա այդ դատարաններում վարույթի ընթացում անձինք պետք է օժտված լինեն 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի հիմնարար երաշխիքներով: Երաշխիքների կիրառման եղանակները, այնուամենայնիվ, կախված են գործի քննության առանձնահատկություններից (տե՛ս Delcourt v. Belgium գործով 1970թ. հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 2689/65, կետ 25):

Մոնելը և Մորիսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նմանապես նշել է, որ դատական վերանայման վարույթներում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «գ» ենթակետի կիրառելիության հարցը լուծելիս պետք է հաշվի առնել ազգային իրավական համակարգերում իրականացվող վարույթների ընդհանուր քանակը, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դերը (տես` Monnell and Morris v. the United Kingdom գործով 1987թ. մարտի 2-ի վճիռը, գանգատներ թիվ 9562/81, 9818/82, կետ 56):

18. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցները պետք է նախապես տեղյակ լինեն, թե ինչ դատավարական ձևով է իրականացվելու բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում, քանի որ դա անձի արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն երաշխիք է:

Մինչդեռ սույն գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճռաբեկ դատարանում գործի քննության համար սահմանված կանոններով գործը քննելու իր որոշման մասին հայտարարել է ըստ էության որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալուց անմիջապես առաջ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Այսինքն` մինչ այդ պահը դատավարության մասնակիցները չեն իմացել և չէին կարող իմանալ, որ վերաքննիչ դատարանը գործը քննելու է վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով, և հետևաբար՝ դատական վիճաբանություններ չեն լինելու և ամբաստանյալին վերջին խոսքի իրավունք չի տրամադրվելու: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է:

19. Այսպիսով, սույն գործով բարձրացված այն հարցի կապակցությամբ, թե որ դեպքերում է վերաքննիչ դատարանը գործը քննում վերաքննության և որ դեպքերում՝ վճռաբեկության կարգով, Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը հետևյալն է՝ վերաքննիչ դատարանը կարող է գործը քննել վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով միայն այն դեպքում, երբ`

ա) դատական նիստ նշանակելու մասին որոշման մեջ նշել է այդ մասին և հիշյալ որոշումը պատշաճ կարգով ուղարկվել է դատավարության մասնակիցներին,

բ) վերաքննիչ բողոք կամ բողոքի պատասխան ներկայացրած կողմը նոր նյութեր չի ներկայացրել և չի միջնորդել հավաքելու կամ հետազոտելու նոր ապացույցներ, կամ վերաքննիչ դատարանն այն համոզման է եկել, որ կողմը, միջնորդելով գործին կցել նոր նյութեր, կամ դատարան կանչել իր նշած վկային կամ փորձագետին կամ նշանակել փորձաքննություն, չի հիմնավորել, որ առաջին ատյանի դատարանում օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել կատարելու վերոնշյալ գործողությունները, կամ որ դրանց կատարման վերաբերյալ միջնորդությունները առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել են անհիմն:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ եթե վերաքննիչ դատարանը գործը դատական քննության նշանակելու մասին որոշման մեջ չի նշել վճռաբեկության կարգով գործը քննելու իր մտադրության մասին, ապա այլևս չի կարող բողոքի քննության ժամանակ փոխել այդ որոշումը և գործը քննել վճռաբեկ դատարանում գործի քննության համար սահմանված կանոններով: Սակայն, եթե վերաքննիչ դատարանը որոշել է գործը քննել վճռաբեկ դատարանում գործի քննության համար սահմանված կանոններով, ապա գործի քննության ժամանակ կարող է փոխել որոշումը և գործը քննել վերաքննիչ դատարանում գործի քննության համար սահմանված կանոններով, եթե օբյեկտիվորեն առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերը:

20. Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, առանց դատական վիճաբանություններն ունկնդրելու և ամբաստանյալի վերջին խոսքը լսելու խորհրդակցական սենյակ հեռանալով և գործով ըստ էության որոշում կայացնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ, 355-րդ և 392-րդ հոդվածների պահանջների խախտումներ: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են և կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ դրանք հիմք են դատական ակտը բեկանելու և գործը վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

21. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ անհնար է դատողություն անել անձին մեղսագրվող արարքի հիմնավոր կամ անհիմն լինելու, այսինքն՝ անձի նյութական իրավունքի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ: Հետևաբար` Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի կողմից փաստարկված՝ նյութական իրավունքի խախտման հարցին, որը կապված է Գ. Հախնազարյանի արարքի որակման հետ:

22. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից գործը վճռաբեկ դատարանում գործի քննության համար սահմանված կանոններով քննելու իրավական հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Գևորգ Արմենի Հախնազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան