«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60604115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 ապրիլի 2004 թ. |
N 4-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում և հանձնաժողովի աշխատակազմում գործավարության կարգը՝ համաձայն հավելվածի (կցվում է):
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Հավելված | |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ՝ հանձնաժողով) և հանձնաժողովի աշխատակազմում (այսուհետ՝ աշխատակազմ) գործավարության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման կարգը:
2. Հանձնաժողովի և աշխատակազմի գործավարությունն իրականացնում է աշխատակազմի իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժինը (այսուհետ՝ բաժին) սույն կարգին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 20.10.09 N 88-Ն)
3. Գործավարության միասնական կարգի ապահովման վերահսկողությունն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը:
4. Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատու են սույն կարգով նախատեսված գործավարության կանոնների պահպանման համար:
5. Գաղտնի գործավարությունն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
II. ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
6. Հանձնաժողովում և աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում է բաժնում և գրանցվում ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ՝ նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են ստացված փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
6.1. Հանձնաժողովում կամ աշխատակազմում դիմումները, փաստաթղթերը կարող են ստացվել նաև հանձնաժողովի վարչական շենքում տեղադրված դիմումների արկղի միջոցով` ոչ աշխատանքային օրերին, իսկ աշխատանքային օրերին` ժամը 18.00-ից հետո: Դիմումների արկղի միջոցով ստացված թղթակցությունը գրանցվում է դրան հաջորդող աշխատանքային oրը:
(6.1-ին կետը լրաց. 20.10.09 N 88-Ն)
7. Բաժնում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացառությամբ «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):
8. Մտից փաստաթղթերը գրանցվում են ստանալու օրը, ելից և ներքին փաստաթղթերը՝ ստորագրման օրը:
9. Ստացվող փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է մուտքագրման դրոշմակնիքը, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
«Անձամբ» մակագրությամբ ծրարները կամ ֆայլերը չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:
10. Սույն կարգի թիվ 1 հավելվածում նշված չգրանցվող փաստաթղթերի (բացառությամբ՝ բացիկների, թերթերի) կամ դրանց ֆայլերի վրա դրվում է դրոշմակնիք՝ նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք հանձնվում են հասցեատերերին:
11. Բաժնի աշխատողները պարտավոր են ստուգել ծրարների ամբողջականությունը և դրանցում ներդրված փաստաթղթերի, կից ուղարկված հավելվածների առկայությունը, համեմատել փաստաթղթերի համարները ծրարի վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է արձանագրություն համաձայն թիվ 2 հավելվածի՝ 2 օրինակից, որոնցից մեկը կցվում է փաստաթղթին, մյուսը՝ ուղարկվում փաստաթուղթն առաքող կազմակերպությանը:
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում է սխալմամբ դրված փաստաթուղթ, այն նոր ծրարով կամ համակարգչային ցանցով ուղարկվում է ըստ պատկանելության՝ փաստաթղթին կցելով այն ծրարը (նաև՝ էլեկտրոնային), որով դա ստացվել է՝ անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով ուղարկող կազմակերպությանը:
12. Ծրարները (նաև՝ էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ ծրարի վրայի փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար: Մյուս բոլոր ծրարները (նաև՝ էլեկտրոնային) ոչնչացվում են:
13. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, ֆաքսիմիլային, էլեկտրոնային ձևերով, ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման՝ հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
14. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված թղթակցությունը և «Շտապ» մակագրությամբ փաստաթղթերը գրանցվում և ներկայացվում են հանձնաժողովի նախագահին անհապաղ:
Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում աշխատանքային մեկ օրվա ընթացքում՝ սույն կարգին համապատասխան:
15. Ամենօրյա փոստը և թղթակցությունները, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերի, Աշխատակազմի ղեկավարը հանձնաժողովի նախագահին է զեկուցում ժամը՝ 16.00-ին:
16. Փաստաթղթերին ընթացք տալու համար իրավասու անձը կատարում է մակագրություն:
Եթե փաստաթղթի կատարման հանձնարարությունը տրվում է միաժամանակ մի քանի ստորաբաժանումների, ապա կատարման համար պատասխանատու է այն ստորաբաժանումը, որն առաջինն է նշված մակագրության մեջ:
17. Փաստաթղթերի բնօրինակները հանձնվում են պատասխանատու ստորաբաժանմանը, իսկ մյուսների համար բաժինը բազմացնում և պատճենները նրանց է հանձնում նույն օրը:
18. Համապատասխան մակագրությունից հետո փաստաթղթերը հասցեատերերին է հանձնում բաժնի գլխավոր մասնագետը:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատողներն իրենց մակագրված փաստաթղթերը ստանում են բաժնից՝ անձամբ:
(18-րդ կետը փոփ. 20.10.09 N 88-Ն)
19. Մակագրված փաստաթղթերի փոխանցումը կառուցվածքային մեկ ստորաբաժանումից մյուսը կատարվում է բաժնի միջոցով՝ աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի համաձայնությամբ:
20. Ստացված փաստաթղթերին ընթացք տալու համար սահմանվում է մինչև 5 օր ժամկետ, եթե այլ ժամկետ սահմանված չէ:
Լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ կամ ստուգումներ պահանջող փաստաթղթերին ընթացք տալու համար սահմանվում է մինչև 15 օր ժամկետ:
Հսկողության վերցված փաստաթղթերի վերին աջ անկյունում նշագրվում է «Հսկողական» բառը և նշվում է կատարման ժամկետը:
21. Փաստաթղթերի հանձնարարականների կատարման համար սահմանված ժամկետները կարող են փոփոխվել հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա:
22. Ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները քննարկվում և պատասխանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
23. Հանձնարարությունը համարվում է կատարված առաջադրված հարցերի լուծումից և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին պատշաճ ձևով պատասխանելուց հետո:
Միջանկյալ պատասխանը, ինչպես նաև կատարման հարցումը հիմք չի հանդիսանում փաստաթղթի հանձնարարականը կատարված համարելու համար:
24. Փաստաթղթի հետ աշխատանքն ավարտելուց հետո բնօրինակը և դրան կից ներկայացված համապատասխան հիմնավորումը, Աշխատակազմի ղեկավարի՝ «Գործին» մակագրությամբ, վերադարձվում է բաժին:
25. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց:
Արգելվում է ստացված փաստաթղթի բնօրինակում կամ ֆայլում որևէ նշում կամ փոփոխություն կատարելը:
26. Արձակուրդի, գործուղման կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
III. ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
27. Ելից փաստաթղթերն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից՝ ըստ նրանց պաշտոնեական լիազորությունների սահմանազատման, ինչպես նաև հանձնաժողովի քարտուղարի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում:
Հանձնաժողովի նախագահի, աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում ելից փաստաթղթերը ստորագրում են համապատասխանաբար նրանց տեղակալները:
28. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ելից փաստաթղթեր կարող են ստորագրել նաև հանձնաժողովի անդամները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և հանձնաժողովի մամուլի քարտուղարը:
(28-րդ կետը փոփ. 20.10.09 N 88-Ն)
29. Առաքվող ելից փաստաթուղթը կազմվում է երեք օրինակից: Առաջինն ուղարկվում է հասցեատիրոջը, երկրորդ օրինակը՝ տվյալ ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ, կատարման հիմքերով պահվում է բաժնում, երրորդը՝ անմիջական կատարողի ստորագրությամբ մնում է համապատասխան ստորաբաժանումում:
(29-րդ կետը փոփ. 20.10.09 N 88-Ն)
30. Փաստաթղթին լրացուցիչ նյութեր կցելու դեպքում տեքստի տակ նշվում է դրանց անվանումն ու թերթերի քանակը:
31. Բաժնում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և դրանց հավելվածների առկայությունը: Սխալ ձևակերպված փաստաթղթերը վերադարձվում են կատարողներին:
32. Ելից փաստաթղթի վերջին էջի ներքևի ձախ մասում նշվում է ստորաբաժանման անվանումը, կատարողի ազգանունը և հեռախոսի համարը:
Այն դեպքերում, երբ նամակներն ուղարկվում են ստացված գրություններին որպես ի պատասխան, հասցեատիրոջ անվան տակ, վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրության ամսաթիվը և համարը:
33. Ինչպես շտապ, այնպես էլ սովորական թղթակցությունը բաժնի կողմից հասցեատերերին է առաքվում սուրհանդակի միջոցով, քաղաքացիների դիմում-բողոքների պատասխանները՝ փոստային ծառայության միջոցով:
(33-րդ կետը փոփ. 20.10.09 N 88-Ն)
34. Հարցի լուծումն արագացնելու անհրաժեշտության դեպքում կազմվում է հեռագիր:
Հեռագրերը կազմվում են՝ թղթի մեջտեղում մեծատառերով գրելով «ՀԵՌԱԳԻՐ» և փոխանցվում են հեռատիպ: Հեռագրի տեքստը պետք է լինի հակիրճ և չգերազանցի 30-35 բառը, պետք է շարադրվի առանց շաղկապների և նախածանցների, եթե դրանով չի աղավաղվում բովանդակությունը, առանց բառերը տողադարձելու:
Պատասխան հեռագրի տեքստը սկսվում է այն փաստաթղթի համարով, որին պատասխանվում է:
35. Հեռագրերը տպագրվում են երկու օրինակից, բնօրինակը պահվում է բաժնում: Հեռագրերը նույնպես գրանցվում և հաշվառվում են, դրանց ելքի համարները դրվում են սույն կարգով սահմանված կարգով:
36. Հրատապ տեղեկատվություն հաղորդելու համար, մի շարք դեպքերում` գրության կամ հեռագրի փոխարեն, կարող են օգտագործվել հեռախոսագրերը: Դրանք պետք է կազմվեն պարզ և համառոտ տեքստով՝ խուսափելով դժվար արտասանվող բառերի և բառակապակցությունների օգտագործումից:
Հեռախոսագրերը ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից:
Հեռախոսագրի վրա դրվում է ելքի համարը, նշում են հաղորդող և ընդունող անձանց ազգանունները, հեռախոսների համարները, ինչպես նաև հաղորդման ընդունման ամսաթիվն ու ժամը:
37. Ելից փաստաթղթի համարը կազմված է սույն կարգով սահմանված պայմանանիշից և հերթական ելից համարից:
38. Բաժինը ապահովում է փաստաթղթերի պահպանությունը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվացումը: Պահպանության համար փաստաթղթերը բաժինն ընդունում է ըստ ցանկի:
IV. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՇԱՐԺԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ
39. Քաղաքացիների կողմից ստացված դիմումների, բողոքների ու առաջարկությունների (այսուհետ՝ դիմում) գրանցման և հաշվառման համար վարվում է առանձին մատյան, որտեղ արտացոլվում են մուտքագրման հերթական համարը, ստացման ամսաթիվը, դիմողի տվյալները (անուն, ազգանուն, բնակության հասցեն), ստացված դիմումի համառոտ բովանդակությունը, թերթերի թիվը, շարժը, կատարման ընթացքը և ելից համարը:
Կոլեկտիվ դիմումի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջին ազգանունը:
40. Գրավոր դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից, պարունակի նրա անունը, ազգանունը, հայրանունը, բնակության կամ աշխատանքային հասցեն, տրման օրը, ամիսը և տարեթիվը:
41. Դիմումատուի անվան (անուն, ազգանուն) և բնակության կամ աշխատանքային հասցեի մասին տեղեկություններ չպարունակող դիմումը համարվում է անանուն, չի գրանցվում և օրենքով սահմանված կարգով ոչնչացվում է:
42. Դիմումների պատասխանները կազմվում և առաքվում են սույն կարգով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում:
43. Դիմումի պատասխանի ելից համարը կազմված է սույն կարգով սահմանված պայմանանիշից և գրանցման հերթական համարից:
V. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՆԻՇԵՐԸ
1. Հանձնաժողովի նախագահ |
01 |
2. Հանձնաժողովի նախագահի տեղակալ | 02 |
3. Հանձնաժողովի քարտուղար |
03 |
4. Հանձնաժողովի անդամներ |
04 |
5. Աշխատակազմի ղեկավար |
05 |
6. Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ (6-րդ կետը խմբ. 20.10.09 N 88-Ն) |
06 |
7. Հանձնաժողովի մամուլի քարտուղար (7-րդ կետը խմբ. 20.10.09 N 88-Ն) |
07 |
Հավելված 1 |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժնում չգրանցվող փաստաթղթերի
(վերնագիրը փոփ. 20.10.09 N 88-Ն)
1. Նիստերի, խորհրդակցությունների և օրակարգերի ծանուցումներ
2. Գովազդային ծանուցումներ, ազդագրեր, խորհրդակցությունների, համաժողովների ծրագրեր
3. Շնորհավորական բացիկներ և հրավերներ
4. Տպագիր հրատարակություններ (գրքեր, ամսագրեր, տեղեկագրեր, թերթեր):
(հավելվածը փոփ. 20.10.09 N 88-Ն)
Հավելված 2 |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սույն արձանագրությունը կազմված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 200 թ. _________________ _____-ին այն մասին, որ________________ ______________________________________________________ (անունը և հասցեն կրող ծրարի (փաթեթի) ______________________________________________________ ______________________________________________________
բացման ժամանակ չի եղել (հայտնաբերվել է) __________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________
Այն գրանցվել է մտից________________ համարով, __________ ամսաթվով:
(հավելվածը փոփ. 20.10.09 N 88-Ն) (կարգը փոփ., լրաց., խմբ. 20.10.09 N 88-Ն) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.10.2011, N 75-Ն | 25.11.2011, N 4-Ն | |
20.10.2009, N 88-Ն | 26.11.2009, N 4-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|