Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1453
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.10.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1193/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1193/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ալբերտ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանի 06.05.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալբերտ Դավթյանի ընդդեմ «Սև Ջուր Ախթամար» ՋՕԸ` 2.270.000 ՀՀ դրամի չափով պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ալբերտ Դավթյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 2.270.000 ՀՀ դրամ` որպես վնասի փոխհատուցում:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.02.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.05.2009 թվականի որոշմամբ Ալբերտ Դավթյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալբերտ Դավթյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը դատական ակտում նշել է, որ գործում կողմերի միջև առկա չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան կնքված ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր: Դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությունը ընդունում է պայմանագրի գոյությունը:

Վերաքննիչ դատարանի պնդումն այն մասին, որ պայմանագրի գոյությունը որևէ իրավական նշանակություն ունենալ չի կարող, անհիմն է, քանի որ պարտավորությունների առաջացման համար օրենսդիրը նախատեսել է երկու հիմք` պայմանագրային և արտապայմանագրային: Այսինքն` Վերաքննիչ դատարանը որպես ապացույց չի գնահատել կողմերի միջև կնքված պայմանագիրը և ժամանակացույցը` որպես իրավական հարաբերությունների առաջացման անհրաժեշտ պայմաններ` իրավաբանական փաստեր: Բացի այդ, որպես ապացույց չի գնահատվել 25.07.2008 թվականին Ընկերության աշխատակցի կողմից տրված թիվ 000658 հայտի կտրոնը, որով հիմնավորվում է, որ Ալբերտ Դավթյանը դիմել է Ընկերությանը, սակայն ջուր չի մատակարարվել: Գումար վճարելու հանգամանքը վկայում է, որ Ալբերտ Դավթյանը կատարել է իր պայմանագրային պարտականությունները, ինչը գործի համար կարևոր նշանակություն ունի:

Բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 06.05.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի գյուղապետարանի 30.09.2008 թվականի թիվ 107/339 տեղեկանքի համաձայն` Ալբերտ Դավթյանը բնակվում է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում և օգտագործում է 1.0 հա 5-րդ կարգի վարելահող, զգալի վնասներ է կրել կարկտահարությունից և ոռոգման ջրի անբավարար մատակարարումից (գ.թ. 8):

2) Ընկերության և Ալբերտ Դավթյանի միջև 2006 թվականին կնքվել է ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքի ջրօգտագործողին ջրի մատակարարման թիվ 02802158 պայմանագիրը: Պայմանագրի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` ջրօգտագործողը պարտավոր է պլան-ժամանակացույցին համապատասխան իր հերթական ջրման ժամկետները և պայմանները ջրումից առնվազն 4 օր առաջ համաձայնեցնել ընկերության ենթատարածքի պատասխանատուի լիազոր ներկայացուցչի հետ:

3) Ալբերտ Դավթյանի 2008 թվականի ոռոգման ջրի մատակարարման համար ենթատարածքի հիդրոտեխնիկ Գ. Հայրապետյանի հետ կազմվել է ոռոգման ջրի մատակարարման վերաբերյալ պլան-ժամանակացույց (գ.թ. 7):

4) 25.07.2008 թվականին Ալբերտ Դավթյանը 0,5 հա մակերեսով հողամասը ոռոգելու համար վճարել է 7000 ՀՀ դրամ (գ.թ. 74):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ սույն օրենքով կամ պայմանագրով:

Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են՝ իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված oգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին, թիվ ՀՔԴ 3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թ-ի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Ալբերտ Դավթյանի միջև 2006 թվականին կնքվել է ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր, պայմանագրի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է ջրօգտագործողին ոռոգման ջուր մատակարարել պլան-ժամանակացույցին համապատասխան, իսկ նույն պայմանագրի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` ջրօգտագործողը պարտավոր է պլան-ժամանակացույցին համապատասխան իր հերթական ջրման ժամկետները և պայմանները ջրումից առնվազն 4 օր առաջ համաձայնեցնել ընկերության ենթատարածքի պատասխանատուի լիազոր ներկայացուցչի հետ:

Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Ընկերության և Ալբերտ Դավթյանի միջև կնքված ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի առկայության (դրա կնքված լինել-չլինելու) հարցն առհասարակ գործին չի վերաբերում: Այստեղ դատարանը պետք է վճռով անդրադառնար միայն պահանջի համար հիմք հանդիսացող այլ փաստերի առկայության հարցին` հաշվի առնելով հայցվորի այն պնդումը, որ պատասխանողի մեղքով ինքը կրել է վնասներ, որով էլ ծագել է պատասխանողի պարտավորությունը»:

Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր է համարում, քանի որ կողմերի միջև կնքված ջրի մատակարարման պայմանագրով չի հիմնավորվում 2008 թվականի հուլիս, օգոստոս ամիսների համար Ընկերության կողմից ոռոգման ջուր մատակարարելու պարտավորության առկայությունը: Մանսավորապես, Ընկերության և Ալբերտ Դավթյանի միջև կնքված վերոնշյալ պայմանագրով նախատեսվում է Ընկերության ներկայացուցչի հետ հերթական ջրման պայմանների և ժամկետների համաձայնեցման պարտադիր պայման և կարգ (այն է` ջրումից առնվազն 4 օր առաջ): Մինչդեռ Ալբերտ Դավթյանը չի ապացուցել այն հանգամանքը, որ 2008 թվականի հուլիս, օգոստոս ամիսների ջրամատակարարման համար Ընկերության ներկայացուցչի հետ համաձայնեցրել է ջրման պայմանները և ժամկետները:

 Ինչ վերաբերում է 25.07.2008 թվականի ոռոգման ջրի դիմաց վճարելու վերաբերյալ անդորրագրին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 25.07.2008 թվականի 7000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը վերաբերում է 0,5 հա մակերեսով հողամասին, սակայն Ալբերտ Դավթյանի պահանջը ներկայացվել է 1,0 հա մակերեսով հողամասը չոռոգելու հետևանքով պատճառված վնասի հատուցմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2009 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան