Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջԵՎ արտակարգ իրավիճակների կանխման ԵՎ դրանց հետԵՎանքների վերացման ասպարեզում համագործակցության մասին
Ուկրաինայի նախարարների կաբինետը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
գիտակցելով երկու պետությունների համար արտակարգ իրավիճակների ներկայացրած վտանգը,
ընդունելով, որ արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցությունը կարող է նպաստել երկու պետությունների բարեկեցությանն ու անվտանգությանը,
հաշվի առնելով այն օգուտը, որ Կողմերի համար կարող է ունենալ արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում գիտատեխնիկական տեղեկությունների փոխանակումը,
նկատի առնելով այնպիսի արտակարգ իրավիճակների առաջացման հնարավորությունը, որոնք չեն կարող վերացվել Կողմերից մեկի ուժերով ու միջոցներով, և դրանից բխող՝ արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացման նպատակով Կողմերի համակարգված գործողությունների պահանջը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1.
Սահմանումներ
Սույն Համաձայնագրում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
հարցում անող Կողմ-Կողմ, որը դիմում է մյուս Կողմին օգնություն ցուցաբերելու համար համապատասխան սարքավորումներով և ապահովման նյութերով հանդերձավորված խմբեր ուղարկելու խնդրանքով,
տրամադրող Կողմ-Կողմ, որը բավարարում է օգնություն ցուցաբերելու համար համապատասխան սարքավորումներով և ապահովման նյութերով հանդերձված խմբեր ուղարկելու մյուս Կողմի խնդրանքը,
օգնություն ցուցաբերող խմբեր-մասնագետների խմբեր այդ թվում` զինվորական անձնակազմ, որոնք մասնակցում են արտակարգ իրավիճակների կանխման և վերացման միջոցառումներին և ապահովված են անհրաժեշտ հանդերձանքով,
հանդերձանք և տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, հատուկ սարքավորումներ, գործիքներ և սարքեր, որոնք անհրաժեշտ են փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների համար,
ապահովման նյութեր-նյութական միջոցներ, որոնք նախատեսված են տարերային աղետի կամ վթարի հետևանքով տուժած բնակչության շրջանում անվճար բաշխելու համար,
իրավասու մարմիններ-սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված աշխատանքները համակարգելու համար Կողմերի նշանակած մարմիններ,
տարանցման պետություն-պետություն, որի տարածքով տեղափոխվում են Կողմերի օգնություն ցուցաբերող խմբերը, հանդերձանքը և ապահովման նյութերը:
Հոդված 2.
Իրավասու մարմինները
1. Սույն Համաձայնագրի դրույթների կատարման նպատակով Կողմերը նշանակում են իրավասու մարմիններ.
հայկական Կողմի համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը,
ուկրաինական Կողմի համար՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների և Չերնոբիլյան աղետի հետևանքներից բնակչության պաշտպանության հարցերով նախարարությունը:
2. Կողմերից յուրաքանչյուրը գրավոր ձևով անհապաղ կտեղեկացնի մյուս Կողմին` իր իրավասու մարմնին` նրա վրա դրված պարտականությունների կատարման լիազորություններից զրկելու մասին և սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան տեղեկացնելու օրվանից վաթսուն օր հետո, մյուս Կողմին գրավոր կհաղորդի իրավասու մարմնի իրավահաջորդի մասին:
Հոդված 3.
Համագործակցության ձևերը
Կողմերը իրավահավասարության և փոխադարձ օգնության սկզբունքների հիման վրա, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, իրականացնում են համագործակցություն` հետևյալ ուղղություններով.
1. արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման միջոցների համատեղ համակարգի մշակում.
2. իրենց պետությունների տարածքներում տեղի ունեցած արտակարգ իրավիճակների ժամանակ փոխադարձ օգնության մասին Կողմերի հարցումների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկության օպերատիվ փոխանակման կազմակերպում.
3. տեղի ունեցած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում փոխադարձ օգնության ցուցաբերում.
4. վտանգավոր տեխնածին և էկոլոգիական գործընթացների, ինչպես նաև բնական երևույթների մոնիտորինգի կազմակերպում և իրականացում.
5. արտակարգ իրավիճակների կանխատեսում և դրանց հետևանքների գնահատում.
6. տեղեկության և տեխնոլոգիաների փոխանակում.
7. մասնագետների և գիտնականների փոխանակում.
8. համատեղ կոնֆերանսների, սեմինարների և աշխատանքային խորհրդակցությունների կազմակերպում.
9. հետազոտական նախագծերի համատեղ պլանավորում, մշակում ու իրականացում և դրանց ցուցադրում.
10. շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար ռիսկի գնահատում` կապված արտակարագ իրավիճակների արդյունքում հնարավոր աղտոտվածությունների հետ.
11. Շրջակա միջավայրի վրա արտակարգ իրավիճակների անդրսահմանային ազդեցության գնահատում.
12. հրապարակումների, զեկույցների և թեմատիկ ուսումնասիրությունների պատրաստում.
13. Կողմերի իրավասու մարմինների միջև կապի ապահովում.
14. կադրերի պատրաստում.
15. արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացման հետ կապված ցանկացած այլ գործունեություն, որը կարող է համաձայնեցվել Կողմերի իրավասու մարմինների կողմից:
Հոդված 4.
Համագործակցությունը կազմակերպությունների և հաստատությունների միջև
Կողմերը կխրախուսեն համագործակցությունը պետական մարմինների, հաստատությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև, որոնք իրականացնում են սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված գործունեություն:
Հոդված 5.
Համատեղ հանձնաժողով
Սույն Համաձայնագրի իրագործման համար Կողմերի իրավասու մարմինները ստեղծում են արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության հարցերով Համատեղ հանձնաժողով այսուհետ` Համատեղ հանձնաժողով:
Համատեղ հանձնաժողովը իր նիստերը անցկացնում է հաջորդաբար Ուկրաինայում և Հայաստանի Հանրապետությունում, որպես կանոն, տարին մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` Կողմերի իրավասու մարմինների համաձայնեցմամբ:
Հոդված 6.
Օգնության ցուցաբերումը
1. Սույն Համաձայնագրի իրագործման ուղղությամբ ամբողջ գործունեությունը կատարվում է Կողմերի պետությունների օրենսդրությանը և նրանցից յուրաքանչյուրի միջոցների (որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման համար) առկայությանը համապատասխան:
2. Օգնություն ցուցաբերելու մասին հարցումներն իրականացնող մարմինները Կողմերն են:
3. Օգնության ցուցաբերումը կատարվում է հարցման հիման վրա, որում հարցում անող Կողմը տեղեկություն է տրամադրում ստեղծված իրավիճակի մասին, նշում է պահանջվող օգնության տեսակը և ծավալը:
4. Տրամադրող Կողմը սեղմ ժամկետում որոշում է կայացնում հարցում անող Կողմի դիմումի վերաբերյալ և տեղեկացնում է նրան օգնության տրամադրման հնարավորության, ծավալի և պայմանների մասին:
5. Աղետի գոտում վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ կատարող բոլոր ուժերի գործողությունների ղեկավարումը իրականացնում է հարցում անող Կողմի իրավասու մարմինը, իսկ այն աղետի գոտում, որն իր մեջ ընդգրկում է երկու պետությունների տարածքները վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների ղեկավարումը համատեղ իրականացնում են երկու Կողմերի իրավասու մարմինները:
Հոդված 7.
Օգնության տեսակները
1. Արտակակարգ իրավիճակներ ծագելու դեպքում հարցում անող Կողմի պաշտոնական դիմումից հետո օգնությունը ցուցաբերվում է արտակարգ իրավիճակների գոտի օգնություն ցուցաբերող խմբեր անհապաղ ուղարկելով՝ մարդկանց, նյութական արժեքների փրկության և շրջակա միջավայրի պահպանության համար:
2. Հարցում անող Կողմը տեղեկացնում է տրամադրող Կողմի օգնություն ցուցաբերող խմբերի ղեկավարներին արտակարգ իրավիճակի գոտում և աշխատանքների կոնկրետ տեղամասերում ստեղծված վիճակի մասին և, անհրաժեշտության դեպքում, ապահովում է այդ խնբերին թարգմանիչներով և վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների ընդհանուր ղեկավարում իրականացնող շտաբի հետ կապի միջոցներով, ինչպես նաև օգնություն ցուցաբերող խմբերին տրամադրում է պաշտպանություն, անվճար բժշկական սպասարկում և իրականացնում է նրանց գործողությունների համակարգումը:
3. Օգնություն ցուցաբերող խմբերի նյութատեխնիկական ապահովումը պետք է բավարարի տեղում 72 ժամ ինքնուրույն գործողություններ իրականացնելու համար: Այդ խմբերին նրանց հետագա գործունեության համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ` տեղակայումը, սնունդը և բժշկական օգնությունը ապահովում է հարցում անող Կողմը:
Հոդված 8.
Տարանցումը
Տարանցման պետությունը նպաստում է իր պետության տարածքով տրամադրող Կողմի օգնություն ցուցաբերող խմբերի, հանդերձանքի ու ապահովման նյութերի անարգել տեղափոխմանը երրորդ պետություններ` այդ պետությունների հետ կնքված արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրերի հիման վրա և ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 9.
Օգնություն ցուցաբերող խմբերի պետական սահմանն անցնելու պայմանները և նրանց գտնվելու ռեժիմը
1. Հարցում անող Կողմը պարտավորվում է կազմակերպել տրամադրող Կողմի օգնություն ցուցաբերող խմբերի տարանցման պետության պետական սահմանն անցնելը:
2. Հարցում անող պետության տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տրամադրող Կողմի օգնություն ցուցաբերող խմբերի անդամների վրա տարածվում է հարցում անող Կողմի պետության օրենսդրության գործողությունը:
3. Հարցում անող պետության տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում օգնություն ցուցաբերող խմբերի կազմում ընդգրկված զինանձնակազմի վրա տարածվում է տրամադրող Կողմի պետության այն օրենսդրության գործողությունը, որով կարգավորվում է զինծառայողի կարգավիճակը:
4. Շնավարժ խմբերի սահմանն անցնելու և գտնվելու կարգը սահմանվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` հարցում անող Կողմի օրենսդրությանը համապատասխան:
5. Օգնություն ցուցաբերող խմբերի անդամների կողմից պետական սահմանի անցումը իրականացվում է պետական սահմանի անցման կետերում խմբի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում` իրավասու մարմինների լիազորված անձանց կողմից ստորագրված ցուցակների հիման վրա:
Ժամկետային ծառայության զինծառայողների կողմից պետական սահմանի անցումը իրականացվում է նրանց անձը հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ըստ օգնություն ցուցաբերող խմբերի ղեկավարների անձնագրերին կցված ցուցակների, որոնք ստորագրվում են զորամասերի հրամանատարների կողմից և ամրագրվում են զինանշանային կնիքներով:
6. Օգնություն ցուցաբերող խմբերի, նրանց հանդերձանքի և ապահովման նյութերի տեղափոխումը կարող է իրականացվել ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային կամ օդային տրանսպորտի միջոցներով:
Օգնություն ցուցաբերելու համար նշված տրանսպորտի նշված միջոցների օգտագործման կարգը սահմանվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից՝ գործադիր իշխանության համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ:
Հոդված 10.
Հանդերձանքի և ապահովման նյութերի ներկրումը և արտահանումը
1. Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման դեպքում օգնություն ցուցաբերելու համար տրամադրող Կողմի պետության տարածքից արտահանվող և հարցում անող Կողմի պետության տարածք ներկրվող` խմբերի անդամների հանդերձանքի, ապահովման նյութերի և անձնական իրերի մաքսային ձևակերպումն իրականացվում է Կողմերի օրենսդրությանը համապատասխան, առաջնայնության կարգով, առանց հարկման և առանց որևէ տուրքի գանձման` իրավասու մարմինների կողմից տրված այն ծանուցագրերի հիման վրա, որոնցում նշվում է օգնություն ցուցաբերող խմբերի կազմը, ներկրվող կամ արտահանվող հանդերձանքի և ապահովման նյութերի ցանկը:
2. Հանդերձանքը և ապահովման նյութերը պետք է օգտագործվեն կամ տեղաբաշխվեն օգնություն ցուցաբերելու գործողությունների ժամանակ կամ դրանց ավարտից հետո պետք է արտահանվեն հարցում անող Կողմի պետության տարածքից:
3. Եթե, հատուկ հանգամանքներից ելնելով, հնարավոր կամ նպատակահարմար չէ հանդերձանքի և ապահովման նյութերի արտահանումը, ապա դրանք համաձայնեցված պայմաններով պետք է փոխանցվեն հարցում անող Կողմի իրավասու մարմիններին:
4. Տուժածներին շտապ բժշկական օգնության ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում հարցում անող Կողմի պետության տարածք կարող է ներկրվել անհրաժեշտ քանակությամբ բժշկական դեղամիջոցներ, որոնք պարունակում են թմրանյութեր` այդ նյութերի անվանացանկը, քանակությունը և օգտագործման վայրերը պարտադիր համաձայնեցնելով Կողմերից յուրաքանչյուրի` թմրանյութերի հսկողության համապատասխան պետական մարմինների հետ: Այդպիսի բժշկական դեղամիջոցները չեն փոխանցվում և օգտագործվում են որակյալ բժշկական անձնակազմի կողմից՝ հարցում անող Կողմի ներկայացուցիչների հսկողության ներքո:
5. Աշխատանքների ավարտից հետո թմրանյութեր պարունակող բժշկական դեղամիջոցների մնացորդը հարցում անող Կողմի մաքսային հսկողությամբ պետք է վերադարձվի համապատասխանորեն ձևակերպված փաստաթղթերի հիման վրա, որոնք հաստատում են դեղամիջոցների բնույթը և քանակը, իսկ տրամադրող Կողմի մաքսային մարմնին փոխանցվում է թմրանյութեր պարունակող դեղամիջոցների օգտագործման մասին արձանագրությունը` ստորագրված օգնություն ցուցաբերող խմբի ղեկավարի և բժշկի կողմից և հաստատված հարցում անող Կողմի իրավասու մարմնի ներկայացուցչի և մաքսային մարմնի ներկայացուցչի կողմից:
Թմրանյութեր պարունակող բժշկական դեղամիջոցների ներկրումը և արտահանումը իրականացվում է պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 11.
Օդանավերի օգտագործումը
1. Յուրաքանչյուր Կողմ թույլատվություն է տալիս օգնություն ցուցաբերելու համար ուղարկված օդանավերին՝ իրականացնելու թռիչքներ դեպի իր պետության տարածքի համապատասխան կետեր:
2. Օգնության ցուցաբերելու համար օդանավերի օգտագործման որոշման մասին անհապաղ տեղեկացվում են հարցում անող Կողմի համապատասխան մարմինները, նշվում են օդանավերի չվերթը, տեսակը և գրանցման համարները, անձնակազմի և ուղևորների քանակը, բեռների բնույթը, թռիչքի և վայրէջքի վայրը և ժամանակը:
3. Թռիչքները պետք է իրականացվեն յուրաքանչյուր Կողմի հաստատած` իր պետության տարածքի վրայով օդանավերի թռիչքների ժամանակ օդանավերի շահագործումն ու օդագնացությունը կարգավորող կանոններով և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ԻԿԱՕ/ հաստատած կարգով:
4. Ընդ որում տրամադրող Կողմի օդանավերը ազատվում են հարցում անող Կողմի տարածքի վրայով թռչելու, ինչպես նաև ռադիոօդանավագնացային ուղեկցման, օդանավակայանում, վայրէջքի, կանգառի և այդտեղից թռիչքի համար նախատեսված վճարումներից:
Վառելիքով լիցքավորման վճարման և այլ ծախսային նյութերով ապահովման, ինչպես նաև տեխնիկական սպասարկման, ինչպես նաև կարգը Կողմերը կորոշեն յուրաքանչյուր առանձին դեպքում:
Հոդված 12.
Ծախսերի փոխհատուցում
1. Հարցում անող Կողմը տրամադրող Կողմին հատուցում է օգնություն ցուցաբերելու ընթացքում վերջինիս կրած ծախսերը, եթե Կողմերը, հաշվի առնելով աղետի բնույթը և մասշտաբները, այլ պայմանավորվածություն չունեն:
2. Հարցում անող Կողմը կարող է ցանկացած պահի չեղյալ հայտարարել իր` օգնություն ցուցաբերելու վերաբերյալ խնդրանքը, բայց այդ դեպքում տրամադրող Կողմը իրավունք ունի ստանալ փոխհատուցումը իր կրած ծախսերի համար:
3. Եթե Կողմերը այլ պայմանավորվածություն չունեն, ապա հարցում անող Կողմը տրամադրող Կողմի պահանջից հետո անհապաղ հատուցում է վերջինիս կրած բոլոր ծախսերը:
4. Օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտից հետո տրամադրող Կողմի իրավասու մարմինը հարցում անող Կողմի իրավասու մարմնին ուղարկում է գրավոր զեկուցագիր կատարված աշխատանքների մասին:
5. Հարցում անող Կողմի իրավասու մարմինն ուղարկում է տրամադրող Կողմի իրավասու մարմնին ամփոփիչ զեկուցագիր կատարվածի մասին, որը ներառում է արտակարգ իրավիճակի բնութագիրը, տեղեկություններ ստացված օգնության տեսակի ու ծավալի և կատարված աշխատանքների արդյունքների մասին:
6. Իրավասու մարմինները տեղեկացնում են իրենց Կողմերին ցուցաբերված և ստացված օգնության ծավալների և կատարված աշխատանքների արդյունքների մասին:
Հոդված 13. | Վնասի փոխհատուցում |
1. Հարցում անող Կողմը տրամադրող Կողմին պահանջներ չի ներկայացնում մարդկանց մահվան կամ խեղումներ ստանալու, սեփականության վնասման կամ կորստի, իր պետության տարածքում շրջակա միջավայրին հասցված վնասի համար և տրամադրող Կողմին վճարում է փոխհատուցում մարդկանց մահվան կամ խեղումներ ստանալու, ինչպես նաև սարքավորումներին կամ այլ սեփականությանը հասցված վնասի կամ կորստի համար, եթե նման վնասը հասցվել է սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրների կատարման ընթացքում:
2. Ընդ որում տրամադրող Կողմը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, ինքնուրույն ապահովում է իր` օգնության ցուցաբերմանը մասնակցած անձնակազմի ապահովագրումը: Ապահովագրության ձևակերպման համար ծախսերը ներառվում են օգնության ցուցաբերման ընդհանուր ծախսերի մեջ և փոխհատուցվում հարցում անող Կողմի կողմից՝ սույն Համաձայնագրի պայմանններով:
3. Եթե տրամադրող Կողմի օգնություն ցուցաբերող խմբի անդամը հարցում անող Կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրների կատարման ժամանակ վնաս հասցնի երրորդ անձի, ապա այդ վնասը կհատուցի հարցում անող Կողմը՝ համաձայն օրենսդրության այն դրույթների, որոնք կկիրառվեին սեփական ուժերով օգնություն ցուցաբերելիս վնաս հասցնելու դեպքում:
4. Եթե սույն հոդվածում նշված վնասը հասցվել է տրամադրող Կողմի օգնություն ցուցաբերող խմբի անդամի մեղքով, ապա հարցում անող Կողմը տրամադրող Կողմի հանդեպ ունի հետադարձ պահանջի /ռեգրես/ իրավունք` վճարված փոխհատուցման չափով:
Հոդված 14.
Տեղեկատվության օգտագործումը
Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացված գործունեության արդյունքում ստացված տեղեկություններ (բացառությամբ, Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան, հրապարակման ոչ ենթակա տեղեկությունների), հրատարակվում են Կողմերի կանոնների և ձևավորված գործելակարգի հիման վրա, եթե իրավասու մարմինների կողմից գրավոր ձևակերպված այլ համաձայնություն չկա:
Հոդված 15.
Այլ միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի հետ առնչությունը
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով /որոնց մասնակից են նրանք հանդիսանում/ սահմանված իրավունքները և պարտավորությունները:
Հոդված 16.
Վեճերի կարգավորում
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման կապակցությամբ տարաձայնությունները, որոնք չեն կարող վերացվել իրավասու մարմինների միջև խորհրդակցությունների միջոցով, կկարգավորվեն դիվանագիտական ուղիներով կամ Կողմերի միջև բանակցությունների միջոցով՝ ձևակերպված համապատասխան արձանագրություններով:
Հոդված 17.
Համաձայնագրի ուղղումները
Փոխադարձ համաձայնությամբ Կողմերը կարող են սույն Համաձայնագրում կատարել անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն համապատասխան արձանագրություններով, ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածով նախատեսված կարգով և կհանդիսանան Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հոդված 18.
Վերջնական դրույթներ
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցագրի օրվանից:
Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է Կողմերից մեկի՝ Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին մյուս Կողմի ծանուցագիրն ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում Համաձայնագրի դրույթներով նախատեսված գործունեության իրականացման և նման գործունեության հետ կապված` Կողմերի իրավունքների և պարտավորությունների վրա, եթե նման գործունեությունը չի ավարտվել և շարունակվում է Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու պահին:
Կատարված է Կիև քաղաքում 2001 թվականի մարտի 1-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հոկտեմբերի 28-ից: