Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.11.26/6(14)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2003
Ստորագրման ամսաթիվ
21.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2004

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջԵՎ ֆինանսական համագործակցության մասին (Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջտարածաշրջանային ծրագիր. 2002 թվականի համաձայնություն)

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը,

ելնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերություններից,

կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով,

գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը սույն Համաձայնագրի հիմքն է կազմում,

մտադրություն ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը,

վկայակոչելով 2002 թ. ապրիլի 22-ից մինչև 23-ը Երևանում կայացած միջկառավարական խորհրդակցությունները, ինչպես նաև Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության 2002 թ. նոյեմբերի 12-ի 611/2002 և 2002 թ. նոյեմբերի 18-ի 621 թվակիր հայտագրերով հայտնված համաձայնությունը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը կամ երկու Կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ.

1. մինչև 2. 000. 000,— ((բառերով՝ երկու միլիոն) եվրո գումարի դրամաշնորհ՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջտարածաշրջանային ծրագիր» նախագծի իրականացման համար, եթե վերջինիս իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ նախագիծը խրախուսման արժանի է և, որպես սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ծրագիր, համապատասխանում է դրամաշնորհի տրամադրմանը ներկայացվող հատուկ պահանջներին.

2. մինչև 250. 000,— ((բառերով՝ երկու հարյուր հիսուն հազար) եվրո  գումարի դրամաշնորհ՝ «Աջակցություն տուբերկուլյոզով հիվանդների համար բանտային հիվանդանոցի վերակառուցմանը» ծրագրի իրականացման համար, եթե նախագծի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ նախագիծը խրախուսման արժանի է և, որպես սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ծրագիր, համապատասխանում է դրամաշնորհի տրամադրմանը ներկայացվող հատուկ պահանջներին:

2) Ծրագրի նպատակն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հանձնարարված` DOTS (Բուժման կարճատև կուրս անմիջական հսկողության ներքո) ռազմավարությանը համապատասխան` տուբերկուլյոզի տարբեր ձևերի ախտորոշման և բուժման բարելավման, ինչպես նաև տուբերկուլյոզով հիվանդ կալանավորների բժշկական սպասարկմանն օժանդակելու միջոցով նպաստել տարածաշրջանում տուբերկուլյոզի վարակի տարածման շղթայի ընդհատմանը:

3) Եթե սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված պահանջներին համապատասխանությունը չի հավաստվում, ապա Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը վերոնշյալ նախագծի իրականացման համար Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) նշված դրամաշնորհի չափով վարկ ստանալ:

4) Սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված նախագծերը կարող են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ փոխարինվել այլ նախագծերով: Եթե սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված նախագծերը փոխարինվում են շրջակա միջավայրի կամ սոցիալական ենթակառուցվածքների բարելավման, միջին ձեռնարկությունների վարկավորման երաշխիքային հիմնադրամի ստեղծման ծրագրերով կամ կանանց հասարակական դիրքի ամրապնդմանը, աղքատության մեղմացման ծրագրի շրջանակներում ինքնօգնության կազմակերպմանը նպատակաուղղված միջոցառումներով, որոնք համապատասխանում են դրամաշնորհի տրամադրմանը ներկայացվող հատուկ պահանջներին, ապա կարող է տրամադրվել դրամաշնորհ, հակառակ  դեպքում կտրամադրվի վարկ:

5) Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) վարկեր կամ դրամաշնորհներ ստանալ սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված նախագծերի նախապատրաստման նպատակով կամ այլ դրամաշնորհներ ստանալ նախագծերի իրականացման և շարունակման նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա վերջիններիս նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը:

 

Հոդված 2

 

1) Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված գումարների օգտագործումը, վերջիններիս տրամադրման պայմանները, ինչպես նաև կապալ տալու կարգը սահմանվում են Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկի (KfW) և վարկառուների միջև հետագայում կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթակա են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող իրավական նորմերին:

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին պարբերության 1-ին և 2-րդ կետերում նշված գումարների տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե, տրամադրման տարվանից սկսած, 8 տարվա ընթացքում վարկի տրամադրման (ֆինանսավորման) մասին համապատասխան պայմանագրեր չեն կնքվում:

Վերոնշյալ գումարների համար ժամկետը լրանում է 2010 թվականի դեկտեմբերի 31-ին:

2) Այն դեպքերում, երբ դրամաշնորհներն ընդունողը Հայաստանի Հանրապետության Կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է, որ սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն հետագայում կնքվելիք պայմանագրերի հիման վրա վերադարձման պահանջի ներկայացման դեպքում տրամադրված դրամաշնորհների գումարները կվերադարձվեն Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկին (KfW):

 

Հոդված 3

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին պարբերության 1-ին և 2-րդ կետերում նշված գումարների հաշվին ֆինանսավորվող ապրանքների մատակարարումը, ներմուծումը և ծառայությունների մատուցումը ազատվում են բոլոր հարկերից, տուրքերից և պարտադիր այլ վճարումներից: Ազատումները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ ներկրված հանդերձանքը, նյութերը և օժանդակ նյութերը, ինչպես նաև գործուղված աշխատակիցների կամ մասնագետների անձնական ունեցվածքը հանձնառության կատարման ժամկետի ավարտից հետո արտահանվում են կամ այդ ընթացքում վնասվում կամ գործածությունից դուրս են գալիս: Ծրագիրն իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև ծրագիրն իրականացնող կազմակերպությունների հետ պայմանագիր կնքած կապալառու կազմակերպություններն ազատվում են այն բոլոր հարկերից, տուրքերից և պետական այլ վճարումներից, որոնք կապված են ծրագրի իրականացման հետ:

 

Հոդված 4

 

Վարկերի, ինչպես նաև դրամաշնորհների տրամադրումից բխող՝ ցամաքով, ջրով և օդով իրականացվող՝ մարդկանց և ապրանքների փոխադրումների պարագայում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ուղևորներին և առաքողներին փոխադրող ընկերությունների ընտրության ազատություն է ընձեռում, չի ձեռնարկում այնպիսի միջոցներ, որոնք բացառում կամ խոչընդոտում են իրենց նստավայրը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հաստատած փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ ընկերությունների մասնակցությունն արտոնող թույլտվություններ է տալիս:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությանը ծանուցում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին: Հիմք է ընդունվում ծանուցման ստացման օրը:

 

Կատարված է Երևան քաղաքում 2003թ. նոյեմբերի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի մայիսի 27-ից: