ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2009 թվականի N 1224-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական հետազոտությունների իրականացման և ջրավազանային կառավարման պլանների մշակման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. նոյեմբերի 2 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 1224-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական հետազոտությունների իրականացման և ջրավազանային կառավարման պլանների մշակման կարգն ու դրա առանձնահատկությունները:
2. Ստորերկրյա ջրերի հիդրոերկրաբանական հետազոտությունները (մոնիթորինգը) պետության կողմից իրականացվող գործառույթ է, որը կատարվում է ստորերկրյա ջրերի համապարփակ պլանավորման և կառավարման, այդ թվում` դրանց վնասակար ազդեցության դեմ պայքարի համապատասխան միջոցառումների մշակման ու ստորերկրյա ջրերի ռեժիմի ճիշտ կառավարման եղանակների համար:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում առկա ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական հետազոտությունների իրականացումը ներառում է`
1) արտեզյան ավազաններում ստորերկրյա քաղցրահամ ջրերի ձևավորման գործընթացների քանակական և որակական հատկանիշների տարածաժամանակային փոփոխությունների հիմնական օրինաչափությունների որոշումը.
2) ստացված օրինաչափությունների կապն ստորերկրյա ջրերի օգտագործման ու պահպանման հետ.
3) ստորերկրյա ջրերի հաշվեկշռի կազմումը և գնահատումը.
4) ստորերկրյա ջրերի ռեժիմի կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները.
5) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանների որոշումը:
4. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ են հետևյալ գործողությունները`
1) ջրակետերում (հորատանցքեր և աղբյուրներ) սիստեմատիկ մշտադիտարկումներ (մոնիթորինգ) կատարել ստորերկրյա ջրերի ռեժիմի և վիճակի (ջրի մակարդակի, ճնշման, ծախսի, ջերմաստիճանի, քիմիական և մանրէաբանական կազմի) նկատմամբ` նպատակ ունենալով սահմանելու ջրերի ռեժիմի ձևավորման օրինաչափությունները, տալու դրանց հաշվեկշռի գնահատականը, կազմելու ստորերկրյա ջրերի ռեժիմի կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումներ` ստորերկրյա ջրերի համապարփակ պլանավորման և կառավարման համար, ինչպես նաև սահմանել դրանց աղտոտման և սպառման աստիճանը, կանխատեսել ստորերկրյա ջրերի որակի փոփոխությունը, մշակել ջրատար հորիզոնների պաշտպանության միջոցառումներ: Արտեզյան ավազանների վերաբերյալ ամբողջական պատկերացում ունենալու համար անհրաժեշտ է մոնիթորինգի ազգային դիտարկման ցանցի (նախատեսված մեծ տարածքների վրա ստորերկրյա ջրերի հաշվեկշռի և ռեժիմի տարրերի ձևավորման օրինաչափությունների բազմամյա տարածաշրջանային ուսումնասիրությունների համար)` ինչպես բնական, այնպես էլ խախտված ռեժիմի պայմաններում դիտակետերը համալրել հատուկ դիտարկման ցանցի (նախատեսված ստորերկրյա ջրերի ռեժիմի և վիճակի ուսումնասիրության համար տեխնածին ազդեցության պայմաններում, առանձին առանցքային տեղամասերում որոշակի տնտեսական խնդիրներ լուծելու համար)` գյուղատնտեսական, արդյունաբերական, ձկնաբուծական դիտակետերով, քանի որ գյուղատնտեսական, արդյունաբերական և ձկնաբուծական նպատակներով ջրօգտագործումը կարող է հանդիսանալ ստորերկրյա քաղցրահամ ջրերի հնարավոր սպառման և աղտոտման օջախ.
2) ճշգրտել և տարանջատել արտեզյան ավազանների դրական (շատրվանող) և բացասական ճնշումային գոտիների սահմանագիծը.
3) ճշգրտել արտեզյան ավազանների ճնշումային ջրատար հորիզոնների որակական ցուցանիշի (ըստ հանքայնացման) սահմանագիծը.
4) վերականգնել հանքավայրի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի դիտարկման ցանցը (ազգային և հատուկ դիտակետերով)` հետագա մշտադիտարկումների անցկացման համար.
5) հանրապետության արտեզյան ավազանների տարածքում, ինչպես նաև այլ տարածքներում ջրօգտագործման թույլտվություններ տրամադրվում են` հաշվի առնելով ստորերկրյա ջրերի մոնիթորինգ իրականացնող մասնագիտացված կազմակերպության դրական հիդրոերկրաբանական եզրակացությունը:
5. Մինչև նոր ջրային ռեսուրսի (առայժմ չօգտագործվող) հիդրոերկրաբանական հետազոտությունների իրականացման ավարտը և դրանց հիման վրա եզրակացության կազմումը` ստորերկրյա ջրավազանը (կամ դրա տեղամասը) չի կարող օգտագործվել խմելու ջրի կենտրոնացված մատակարարման նպատակով:
6. Ջրավազանային կառավարման պլանները մշակվում են ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն:
7. Ջրավազանային կառավարման պլանների մշակման գործընթացը բաղկացած է հետևյալ գործողություններից`
1) ջրավազանային կառավարման տարածքի բնութագրում.
2) ջրային ռեսուրսների դասակարգում.
3) ջրավազանային կառավարման պլանների նպատակների սահմանում.
4) նպատակների իրականացման համար միջոցառումների ծրագրում.
5) սոցիալական, տնտեսական և բնապահպանական իրավիճակների վերլուծություն.
6) ջրավազանային կառավարման պլանների կազմում և հասարակական քննարկում.
7) ջրավազանային կառավարման պլանների իրականացման գործընթացի պարբերաբար ստուգում.
8) ջրավազանային կառավարման պլանների թարմացում:
8. Արտեզյան ավազանները ներառող ջրավազանային կառավարման պլանները մշակվում են` հիմք ընդունելով`
1) ստորերկրյա քաղցրահամ ջրերի առանձնահատկությունները` ստորերկրյա ջրատար հորիզոնների ճնշումային առանձնահատկությունները` դրական և բացասական մակարդակները.
2) գրունտային ջրերի մակարդակների բարձր լինելը և, դրանցից կախված, հողերի պահպանության առանձնահատկությունները:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարԴ. Սարգսյան