Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.11.26/6(14)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2003
Ստորագրման ամսաթիվ
31.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2004

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Հնդկաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հաշվի առնելով երկու երկրների շահագրգռվածությունը՝ խորացնելու իրենց բարեկամական հարաբերությունները,

ցանկանալով դյուրացնել Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների այցելությունները միմյանց երկրներ,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացուն, որն ունի դիվանագիտական վավեր անձնագիր, թույլատրվում է համապատասխան միջազգային կետերով մուտք գործել, դուրս գալ և տեղաշարժվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքով՝ առանց մուտքի արտոնագրի:

2. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացուն, որն ունի վերոնշյալ անձնագիրը, թույլատրվում է գտնվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում առավելագույնը 90 /իննսուն/ օր ժամկետով՝ պաշտոնական առաքելությամբ: Այս ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համապատասխան մարմինների կողմից՝ վերոնշյալ ժամկետով:

 

Հոդված 2

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացուց, որը հանդիսանում է դիվանագիտական կամ հյուպատոսական անձնակազմի անդամ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և ունի դիվանագիտական վավեր անձնագիր, չի պահանջվում ձեռք բերել մուտքի արտոնագիր մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու համար, և նրան տրվում է կացության բացառիկ կարգավիճակ այնտեղ գտնվելու ընթացքում:

2. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացին, որը հանդիսանում է իր պետության ներկայացուցիչը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում տեղակայված միջազգային կազմակերպությունում և ունի դիվանագիտական անձնագիր, օգտվում է սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավունքներից:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված իրավունքներից օգտվում են նաև դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության անդամի ամուսինը և նրանց խնամքի տակ գտնվող երեխաները՝ պայմանով, որ վերջիններս ունեն դիվանագիտական անձնագրեր, կամ երեխաների անունները նշված են իրենց հոր կամ մոր անձնագրերում:

 

Հոդված 3

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին իրավունք է վերապահված մերժելու մուտքը իր երկրի տարածք կամ կրճատելու կեցության ժամկետը մյուս Պայմանավորվող կողմի այն քաղաքացու, ում նրանք համարում են անցանկալի անձ:

2. Եթե Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացին կորցնում է իր անձնագիրը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, նա պետք է այդ մասին տեղյակ պահի հյուրընկալող երկրի պատասխանատու մարմիններին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը իր քաղաքացուն պետք է տրամադրի նոր անձնագիր կամ ճանապարհորդական փաստաթուղթ՝ այդ մասին տեղյակ պահելով հյուրընկալող պետության Կառավարության համապատասխան մարմիններին:

 

Հոդված 4

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի այն քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական անձնագրեր, պետք է հետևեն մյուս Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոններին՝ վերջինիս սահմանն անցնելու և նրա տարածքում գտնվելու ողջ ընթացքում:

 

Հոդված 5

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով՝ Պայմանավորվող կողմերը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն /30/ օր առաջ դիվանագիտական ուղիներով պետք է փոխանակեն իրենց համապատասխան գործող անձնագրերի նմուշ-օրինակները՝ ներառյալ այդ փաստաթղթերի մանրամասն նկարագրությունը:

2. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց պետք է փոխանցեն նաև իրենց նոր կամ փոփոխված անձնագրերի նմուշ-օրինակները, դրանք զուգակցելով նշված փաստաթղթերի մանրամասն նկարագրություններով, սույն պայմանագրի գործողության մեջ մտնելուց առնվազն երեսուն /30/ օր առաջ:

 

Հոդված 6

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, ելնելով պետական անվտանգության, հասարակական կարգի, հասարակության առողջության պահպանման կամ այլ լուրջ պատճառներից, իրեն իրավունք է վերապահում ժամանակավորապես լիովին կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի կատարումը` այդ մասին դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին երեսուն (30) օր առաջ տեղեկացնելով:

 

Հոդված 7

 

Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ:

Փոփոխությունները և լրացումները կձևակերպվեն առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:

 

Հոդված 8

 

Համաձայնագրի դրույթների իրագործման ընթացքում ծագած ցանկացած տարբերություն կամ տարաձայնություն պետք է Պայմանավորվող կողմերի միջև լուծվի խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով՝ առանց որևէ երրորդ կողմի կամ միջազգային դատարանի միջամտության:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:

 

Ի վկայություն որի՝ ներքոստորագրողները, լիազորված լինելով իրենց համապատասխան Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Նյու Դելիում, 2003 թվականի հոկտեմբերի 31-ին, երկու բնօրինակով, հայերեն, հինդի և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են:

Տեքստերի մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի օգոստոսի 24-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան