Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2000
Ստորագրման ամսաթիվ
19.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ԵՎ Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության ԵՎ պարենի նախարարության միջԵՎ ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում տնտեսական ԵՎ գիտատեխնիկական համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ղեկավարվելով ագրոպարենային համալիրի տնտեսական և գիտատեխնիկական զարգացման ձգտումով, հավասարության և փոխադարձ շահավետության սկզբունքներով,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև պատմականորեն ձևավորված տնտեսական և գիտատեխնիկական կապերը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

 Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը Կողմերի միջև կիրականացվի Կողմերի պետությունների տարածքում գործող օրենսդրությունների հիման վրա:

 

Հոդված 2

 

Համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղղություններով.

1) բուսաբուծություն, այդ թվում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծություն,

2) անասնապահություն, այդ թվում՝ տոհմային գործ,

3) ավտոմատացում և գյուղատնտեսական արտադրության մեքենայացում, այդ թվում` երկու երկրների ագրոարդյունաբերական համալիրի համար գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների նոր տեսակների մշակում, յուրացում և ներդրում, տեխնիկական սպասարկումների կատարելագործում և գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման բազաների զարգացում,

4) սննդի և վերամշակման ճյուղում, այդ թվում՝ սննդամթերքի արտադրության և վերամշակման ձեռնարկությունների արդիականացում,

5) ագրոպարենային համալիրում տնտեսավարման նոր ձևերի զարգացում և կատարելագործում,

6) տնտեսություն և ագրարային քաղաքականություն. գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության բնագավառներում առևտրային գործողությունների իրականացմանն առնչվող հաշվարկների ընթացքում տնտեսապես փոխշահավետ հարաբերություններ,

7) համագործակցություն ագրարային կրթության, ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնագետների և ղեկավարների պատրաստման և վերապատրաստման բնագավառներում:

Համաձայնագրում կարող են ընդգրկվել համագործակցության այլ ուղղություններ՝ սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 3

 

Կողմերը, իրենց իրավասության սահմանններում, Կողմերի պետությունների տարածքներում գործող օրենսդրություններին համապատասխան, աջակցություն և օգնություն կցուցաբերեն տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության յուրաքանչյուր Կողմի անմիջական մասնակիցներին, կապահովեն փոխշահավետ համագործակցություն ագրոպարենային համալիրի բնագավառում՝ Կողմերի պետություններում իրականացվող տնտեսական բարեփոխումների և շուկայական հարաբերությունների պայմաններում:

Կողմերը կաջակցեն գյուղատնտեսական արտադրանքի, նյութերի, սարքավորումների, էներգակիրների և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և փաթեթավորման համար տեխնոլոգիական գծերի փոխշահավետ առևտրի իրականացմանն ու ընդլայնմանը:

 

Հոդված 4

 

Համագործակցությունը սույն Համաձայնագրի շրջանակներում կարող է իրականացվել հետևյալ ձևերով.

1) գիտատեխնիկական և տնտեսական տեղեկության, գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակում, գիտաժողովների, սեմինարների և ցուցահանդեսների անցկացում,

2) սերմերի նմուշների, գյուղատնտեսական կենդանիների, տնկանյութի, մեքենաների և սարքավորումների փոխանակում՝ փորձարկումներ իրականացնելու համար,

3) գիտատեխնիկական և արտադրական կոոպերացում, համատեղ կազմակերպությունների, ձեռնարկությունների, բաժնետիրական ընկերությունների ստեղծում,

4) մասնագետների, ստաժավորվողների փոխանակում:

Համաձայնագրում կարող են ընդգրկվել համագործակցության այլ ուղղություններ՝ սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 5

 

Կողմերը հաստատում են կենդանիների և կենդանական ծագում ունեցող արտադրանքի արտահանման և ներկրման նկատմամբ անասնաբուժական պահանջների մասին միջազգային կոնվենցիաներից և համաձայնագրերից բխող իրենց պարտավորությունները:

 

Հոդված 6

 

Կողմերը, հետևելով բույսերի կարանտինի և պաշտպանության հարցերով գործող միջազգային կոնվենցիաներից և համաձայնագրերից, որոնց մասնակիցներ են նրանք հանդիսանում, բխող իրենց պարտավորություններին, կհամագործակցեն մշակովի բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի մեթոդների մշակման և կիրառման բնագավառում:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով Կողմերը կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կոնկրետ համագործակցության նախագծեր և ծրագրեր, կնախապատրաստի առաջարկություններ՝ շահագրգիռ կառավարական մարմիններին` դրանց իրականացման կարգի վերաբերյալ, ինչպես նաև կհամաձայնեցնի սույն Համաձայնագրին համապատասխան իրականացվող համագործակցության համատեղ միջոցառումների մշակումն ու իրականացումը:

Համատեղ աշխատանքային խմբի նիստերը, փոխադարձ համաձայնության հիման վրա, տարին մեկ անգամ հաջորդաբար կգումարվեն Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում: Համատեղ աշխատանքային խմբի նիստերը ձևակերպվում են արձանագրություններով:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի կողմից վերջին ծանուցումն ստանալու օրվանից և կգործի հինգ տարի ժամկետով: Նրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի հերթական 5 տարվա ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չհայտնի սույն Հանաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Հոդված 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել: Փոփոխությունների և լրացումների կատարումը ձևակերպվում են երկու Կողմերի կողմից ստորագրվող և սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Արձանագրությամբ:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2000 թվականի հուլիսի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 22-ից: