Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.68
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.06.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՔՐԴ/0571/01/08 

ԵՔՐԴ/0571/01/08

 

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

Դատավորներ` Ա. Հովհաննիսյան

                   Ա. Դանիելյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

քարտուղարությամբ`

Կ. Աբրահամյանի

2 հունիսի 2009 թվական ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ դատապարտյալ Հովհաննես Արտաշեսի Սահակյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2008 թվականի հուլիսի 3-ին Երևանի Կենտրոնի քննչական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվելէ քրեական գործ:

2. 2008 թվականի օգոստոսի 6-ին Հովհաննես Արտաշեսի Սահակյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ներգրավվել է որպես մեղադրյալ:

3. 2008 թվականի հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի կողմից հարուցվել է թիվ 12111808 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն գործի շրջանակներում Հովհաննես Արտաշեսի Սահակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով:

4. Կենտրոնի քննչական բաժնի 2008 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ թիվ 12111808 քրեական գործը միացվել է թիվ 13124808 քրեական գործին:

2008 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ Հ. Սահակյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և Հ. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

5. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով Հ. Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով` ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Բավարարվել է նաև քաղաքացիական հայցը և ամբաստանյալի տնտեսությունից հօգուտ տուժող Խաչատուր Միսկարյանի վճռվել է բռնագանձել 300.000 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում: Տուժողներ Յու. Հովհաննիսյանի, Մ. Վարդանյանի և Ռ. Սուվարյանի քաղաքացիական հայցերը համարվել են լուծված:

6. Ամբաստանյալ Հ. Սահակյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ այն մերժել է` Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

7. 2009 թվականի ապրիլի 30-ին ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով («վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ») բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

8. Հ. Սահակյանը դիտավորությամբ վատնել է 2007 թվականի դեկտեմբեր ամսից Սուրեն Հովհաննիսյանի կողմից իրեն վստահված, սակայն իրականում սեփականության իրավունքով նրա հորը` Յուրիկ Հովհաննիսյանին պատկանող 120.000 ՀՀ դրամ արժողությամբ «ՎԱԶ-2103» մակնիշի 67 ՍՏ 020 պ/հ ավտոմեքենան, այն Խաչատուր Միսկարյանին ներկայացրել է իբրև իր սեփականը, և 2008 թվականի փետրվար ամսվա վերջերին, բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելով Խ. Միսկարյանի հետ, նշված ավտոմեքենան վաճառել է վերջինիս՝ հափշտակելով պայմանավորված 300.000 ՀՀ դրամ գումարը:

9. Բացի այդ, Հ. Սահակյանը խարդախության միջոցով ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Խոստիկյանի հետ, կրկին անգամ, 2008 թվականի ապրիլ ամսվա սկզբներին չարաշահելով Ռաֆայել Սուվարյանի վստահությունը, վերջինիս սեփականության իրավունքով պատկանող` 930.000 ՀՀ դրամ արժողությամբ «ԲՄՎ» մակնիշի 08 ՍԼ 652 պ/հ ավտոմեքենան 4.500 ԱՄՆ դոլարով գնելու պատրվակով, Ռ. Սուվարյանից վերցրել է այդ ավտոմեքենան, որից հետո` ապրիլի 4-ին, Մանվել Վարդանյանին խաբելով, այն է` Ա. Խոստիկյանը ներկայանալով որպես Ռ. Սուվարյանին պատկանող ավտոմեքենայի սեփականատեր, այն վաճառել է Մ. Վարդանյանին և հափշտակել պայմանավորված գումարը` 616.620 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքաբերը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, հաշվի չառնելով գործի փաստական հանգամանքները, մասնավորապես այն, որ իր կողմից ամբողջությամբ վերականգնվել են տուժողներին պատճառված վնասները, խնամքին ունի փոքրահասակ երեխա, չաշխատող կին և ծնողներ, զղջացել է կատարածի համար, և վերաքննիչ բողոքի դեմ տուժողները որևէ առարկություն չեն ներկայացրել, իր նկատմամբ նշանակել է անարդարացի պատիժ, չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները, որով թույլ է տվել նյութական իրավունքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն պատճառված վնասները վերականգնելու փաստի` բողոքին կից ներկայացվել են տուժող Խ. Միսկարյանի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 24-ին տրված ստացականը և 2009 թվականի մարտի 2-ի դիմումը:

11. Բողոք բերող անձը գտնում է, որ իր նկատմամբ նշանակված պատիժը` ազատազրկումը, անարդարացի է ակնհայտ խիստ լինելու պատճառով:

Նա կարծիք է արտահայտում այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերը նշված պայմաններում պետք է կիրառեր ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները և իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեր:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է մասնակիորեն բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 27-ի որոշումը` կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները և իր նկատմամբ սահմանված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Հ. Սահակյանի նկատմամբ նշանակված պատիժը, արդյոք, պետք է պայմանականորեն չկիրառեր:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը՝ (…)

6. ենթակա է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար.

7. ինչ պատիժ պետք է նշանակվի ամբաստանյալի նկատմամբ.

8. ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը (…):

Նշված իրավադրույթից երևում է, որ կոնկրետ պատժաչափով կոնկրետ պատժատեսակի նշանակումը և արդեն իսկ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության հարցի լուծումն իրենցից ներկայացնում են պատժի հարցերի դատական լուծման գործընթացի ինքնուրույն և հաջորդական փուլեր: Այսինքն՝ դատարանը նախ և առաջ որոշում է ամբաստանյալի՝ պատժի ենթակա լինելու հարցը, այնուհետև՝ դրա տեսակը և չափը, որից հետո որոշում, թե ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը` հաշվի առնելով առանց նշանակված պատիժը փաստացի կրելու դրա նպատակներին հասնելու հնարավորությունը:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատարանը կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Այսինքն՝ դատարանը, կայացնելով մեղադրական դատավճիռ, ամբաստանյալի նկատմամբ նշանակում է քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում թվարկված պատժատեսակներից (կալանք, ազատազրկում, կարգապահական գումարտակում պահելը) որևէ մեկը՝ սահմանելով դրա չափը, այնուհետև համոզվելով, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու, որոշում է դատապարտյալի վրա որոշակի պարտականություններ դնելով` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել (տե՛ս նաև Գ. Մարտիրոսյանի գործով 2008 թվականի փետրվարի 1-ի Վճռաբեկ դատարանի ՎԲ-01/08 որոշումը):

Այդ հոդվածի կիրառումը հանցագործության տեսակի հետ կապված որևէ սահմանափակման չի ենթարկվում: Դրա կիրառումը սահմանափակված չէ նաև հանցավոր արարքի վտանգավորության աստիճանով ու բնույթով, ինչպես նաև անձանց շրջանակով, որոնց նկատմամբ այն չի կարող կիրառվել:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմնական պայմանը պատճառաբանված լինելն է: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու (տե՛ս նաև Ս. Ներսիսյանի գործով 2007 թվականի հունիսի 12-ի Վճռաբեկ դատարանի ՎԲ-124/07 որոշումը):

16. Վերը հիշատակված հարցերի լուծման ընթացքում դատարանը պետք է ղեկավարվի նաև ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի մի շարք դրույթներով:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դրա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով նույն օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները:

Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով` դրանք բնութագրում են ինչպես կատարած հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի՝ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով ամրագրված՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու չափանիշները սպառիչ չեն: Պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավական հիմքերը բացահայտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում սահմանված իրավադրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների համատեքստում, համաձայն որի՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Այլ կերպ՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս իրավասու դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկի նաև պատժի՝ սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը:

Սոցիալական արդարությունը վերականգնելու և պատժի ենթարկված անձի ուղղվելու մասին կարող է վկայել հանցագործությունից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը, մասնավորապես՝ տուժողին պատճառած վնասը հարթելը կամ այն հարթելուն ուղղված ողջամիտ միջոցներ ձեռնարկելը:

18. Գործի տվյալներով հիմնավորված է, որ Հ. Սահակյանը նախկինում արատավորված չի եղել, բնութագրվել է դրական, խնամքին ունի փոքրահասակ երեխա, չաշխատող կին և ծնողներ, զղջացել է կատարածի համար, նրա կողմից ամբողջությամբ վերականգնվել են տուժողներին պատճառված վնասները, ինչը հիմնավորվել է ինչպես վճռաբեկ բողոքին կից ներկայացված տուժող Խ. Միսկարյանի կողմից տրված ստացականով և դիմումով, այնպես էլ գործում առկա մյուս տուժողների դիմումներով, իսկ պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ սույն գործով բացակայում են:

19. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե՛ Երևանի քրեական դատարանը և թե՛ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Հ. Սահակյանի նկատմամբ պատժատեսակի և պատժի չափի ընտրության հարցում հանգել են ճիշտ եզրակացության, սակայն երկու դատարաններն էլ անտեսել են այն հարցը, թե արդյոք Հ. Սահակայանը վերը նշված հանգամանքերի առկայության պայմաններում պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը:

20. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքները ենթակա են գնահատման ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման առումով, և դրանց գնահատված չլինելը հիմք է տալիս բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 27-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

Բողոքարկված դատական ակտի բեկանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հ. Սահակյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում ընդունելիս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը չի քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցը, գործի քննության ընթացքում թույլ է տվել առերևույթ դատական սխալ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Հովհաննես Արտաշեսի Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով Երևան քաղաքի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան