Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.52
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.07.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0054/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/0054/05/09

2009թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

 

 

Վ. Ավանեսյանի

 

 

Մ. Դրմեյանի

Է. Խունդկարյանի

 

 

Է. Հայրիյանի

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Խոսրովյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.03.2009 թվականի վճռի դեմ` ըստ անհատ ձեռնարկատեր Տիգրան Խոսրովյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շահումյանի հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն)՝ Տեսչության 11.11.2008 թվականի թիվ 2303487 ակտի 4-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Տիգրան Խոսրովյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 11.11.2008 թվականի թիվ 2303487 ակտի 4-րդ կետը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.03.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Խոսրովյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի 10-րդ բաժնի 5-րդ ենթակետը, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Ռեալ Թայմ» ՍՊԸ-ի հետ կնքված 02.04.2007 թվականի «Ինտերնետ ծառայությունների մատուցման» պայմանագրով անհատ ձեռնարկատեր Տիգրան Խոսրովյանն ինտերնետ հասանելիության ծառայություններ ստացող է: Վերջինիս գործունեությունը կայանում է նրանում, որ ինտերնետ ցանցին միացած իր համակարգիչները ժամավճարով օգտագործման է տրամադրում հաճախորդներին, որոնք նշված համակարգիչներն օգտագործում են իրենց հայեցողությամբ: Այսինքն՝ Տիգրան Խոսրովյանն ինտերնետ հասանելիության ծառայություն ստանում է և ոչ թե մատուցում: Ինտերնետ ցանցին միացած լինելու հանգամանքը չի նշանակում, որ հաճախորդներին մատուցվում են ինտերնետ հասանելիության ծառայություններ:

 

2) Դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, 26-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշումը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ պարբերությունը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի անդրադարձել հայցադիմումով ներկայացված հաջորդ հիմքին այն մասին, որ Տիգրան Խոսրովյանն ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցած լինելու դեպքում անգամ, որևէ ապացույց և հիմնավորում չկա, որ վերջինիս իրացման ամբողջ շրջանառությունը վերաբերում է բացառապես նշված գործունեությանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.03.2009 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 16.10.2008 թվականի թիվ 2303487 հանձնարարագրի հիման վրա անհատ ձեռնարկատեր Տիգրան Խոսրովյանի մոտ կատարվել է առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ճշտության ստուգում (գ.թ. 7):

2) Նշված ստուգման արդյունքում 11.11.2008 թվականին կազմվել է թիվ 2303487 ակտը, որի 4-րդ կետով արձանագրվել է, որ անհատ ձեռնարկատեր Տիգրան Խոսրովյանը 29.07.2006 թվականից մինչև 02.09.2008 թվականն առանց «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման» լիցենզիայի Կոմիտաս 27/1 հասցեում գտնվող «Իմպերիա» անվանումով ինտերնետ ակումբի միջոցով իրականացրել է ինտերնետ ծառայությունների մատուցման գործունեություն, ինչի արդյունքում համախառն եկամուտը (իրացման շրջանառությունը) կազմել է 2.404.000 ՀՀ դրամ (գ.թ. 38):

3) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալի գրության համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Տիգրան Խոսրովյանի ներկայացրած հայտի հիման վրա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 03.09.2008 թվականի թիվ 484Ա որոշմամբ վերջինիս տրամադրել է Երևան քաղաքի տարածքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման N 0434 լիցենզիան (գ.թ. 36):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմնէ հետևյալ պատճառաբանությամբ.

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է նույն հոդվածի աղյուսակում:

Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 10-րդ բաժնի 5-րդ կետով որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է նախատեսված «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում» գործունեությունը:

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն՝ ծառայություն, որը, որպես կանոն, մատուցվում է հատուցման դիմաց, և ամբողջությամբ կամ մասամբ բաղկացած է էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ազդակների հաղորդումից, իսկ համապատասխան դեպքերում՝ ազդակների ուղղորդումից, սակայն չի ներառում էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ խմբագրական հսկողություն տրամադրող կամ իրականացնող ծառայությունները.

ինտերնետ հասանելիություն՝ ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի հասանելիությունը՝ ցանցերը միասին կապելու նպատակով՝ հաղորդակցության համար որպես հիմք օգտագործելով հաղորդման արձանագրություններ կամ ինտերնետային արձանագրություններ, կամ դրանք փոփոխող կամ փոխարինող ցանկացած այլ արձանագրություններ.

ինտերնետային ծառայություն մատուցող՝ անձ, որը մատուցում է ինտերնետ հասանելիության ծառայություն.

վերջնական օգտագործող` ցանկացած անձ, որն օգտագործում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, սակայն այդպիսիք չի առաջարկում երրորդ անձանց:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ բողոք բերած անձն առանց «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում» գործունեության լիցենզիայի ինտերնետ ակումբի գործունեության միջոցով իրականացրել է էլեկտրոնային հաղորդակցության մատուցման ծառայություն:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի վերոնշյալ եզրահանգումը հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինտերնետը հազարավոր տարաբնույթ ցանցերի համակցություն է, որի գործունեությունն ապահովվում է ինտերնետ արձանագրությունների միջոցով: Իսկ լիցենզավորման ենթակա է ինտերնետային հասանելիության ծառայություն մատուցող ցանկացած անձի գործունեությունը: Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ նա միայն ինտերնետ հասանելիության ծառայություններ ստացող է, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում, քանի որ վերջինս ինտերնետային հասանելիության ծառայություններ է առաջարկում երրորդ անձանց, այն է` մատուցում է ինտերնետային հասանելիության ծառայություն:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված կամ առանց լիցենզիայի կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս այդ գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ձեռնարկատիրական կամ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)՝ գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով:

Նշված հոդվածի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքը որոշվում են հարկային մարմինների կողմից՝ կիրառելով նույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառման և (կամ) գրանցումների վերաբերող) սահմանված փաստաթղթերը կամ դրանք վարում է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը, ապա հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային տեսչությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մասնավորապես, հիմնվելով՝

հարկ վճարողի ակտիվների,

հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների,

հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերի,

գույքագրման և չափագրման տվյալների,

օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների,

համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գների և այլ ցուցանիշների,

հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադիրի, օրենքով իրականացված հսկիչ գնումների վրա:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելն ապօրինի գործունեություն է, որն առաջացնում է տուգանքի նշանակում: Նշված տուգանքի չափի հաշվարկումն իրականացվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանած կարգով: Այսինքն՝ այն դեպքում, երբ անհնար է հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը, հարկային տեսչությունը պարտավոր է ՀՀ կառավարության սահմանած կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները:

Մինչդեռ սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ բողոք բերած անձը մատուցում է ինտերնետ հասանելիության ծառայություն, որևէ կերպ չի անդրադարձել Տեսչության վիճարկվող ակտի կայացման ընթացքում վերը նշված պարտադիր պահանջների պահպանման խնդրին, քանի որ Տեսչության վիճարկվող ակտի կայացման համար հիմք են հանդիսացել բողոք բերած անձի ֆիսկալային հաշվետվությունները, սակայն գործում բացակայում է որևէ հիմնավոր ապացույց այն մասին, որ բողոք բերած անձի համախառն եկամուտը (իրացման շրջանառությունը) առաջացել է միայն ինտերնետ հասանելիության ծառայության մատուցման գործունեությունից, ինչի արդյունքում Դատարանը չի անդրադարձել բողոք բերած անձի հայցադիմումով ներկայացված վերը նշված հիմքին և անտեսել է վերջինիս պնդումն այն մասին, որ համակարգիչները հաճախորդներին օգտագործման են տրամադրվում տարբեր նպատակներով, իսկ համակարգչի օգտագործման դիմաց ստացվող հասույթը շատ հաճախ կապ չունի ինտերնետային ծառայություն մատուցելու հետ, որով չի կատարել ապացուցման բեռի բաշխման իր պարտականությունը՝ խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջն այն մասին, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն oրենuգրքով uահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաuտերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաuտի հաuտատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր էր հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաuտերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու հարցը, ինչը Դատարանը չի կատարել:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ԲեկանելՀՀ վարչական դատարանի 04.03.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

 

 

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

 

 

Մ. Դրմեյան

 

 

Է. Խունդկարյան

 

 

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան