ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵՔՐԴ/0297/01/08
|
Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան |
|
դատավորներ` Մ. Պետրոսյան Ս. Համբարձումյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
քարտուղարությամբ |
Կ. Աբրահամյանի | |
|
մասնակցությամբ մեղադրող |
Վ. Ալավերդյանի |
|
ամբաստանյալ |
Ա. Դավթյանի |
2009 թվականի հունիսի 2-ին Երևան քաղաքում
դռնբաց դատական նիստում, քննելով Արամ Թանգիի Դավթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 5-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Դավթյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Քրեական գործը հարուցվել է 2007 թվականի ապրիլի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
2007 թվականի օգոստոսի 13-ին Ա.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2008 թվականի ապրիլի 25-ին Ա.Դավթյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2. 2008 թվականի հունիսի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան:
Երևանի քրեական դատարանում` դատական վիճաբանությունների փուլում վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները` մեղադրողը միջնորդել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասից վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով` պատճառաբանելով, որ դատաքննության փուլում պաշտպանության կողմի պատճառաբանությունները ճշտելու նպատակով փորձագետի կողմից կատարված լրացուցիչ հաշվարկի արդյունքում մեղադրանքի ծավալը նվազել է` կազմելով 14.969.925 ՀՀ դրամ:
Երևանի քրեական դատարանը 2008 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճռով Ա.Դավթյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման ութ ամիս ժամկետով` երկու տարի ժամկետով նրան զրկելով նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Երևանի քրեական դատարանը քաղաքացիական հայցը բավարարել է մասնակիորեն և որոշել է «Մաժեստիկ» ՍՊԸ միջոցներից և Ա.Դավթյանի տնտեսությունից համապարտության կարգով բռնագանձել 29.112.749 ՀՀ դրամ հօգուտ պետբյուջեի` որպես վնասի հատուցում:
Ա.Դավթյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել «Մաժեստիկ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Բեգլարյանը և ամբաստանյալ Ա.Դավթյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերը նշված վերաքննիչ բողոքները 2009 թվականի հունվարի 30-ի որոշմամբ ընդունել է վարույթ:
Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 5-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Դավթյանի բողոքը մերժվել է, իսկ «Մաժեստիկ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Բեգլարյանի բողոքը բավարարվել, այն է` Արամ Դավթյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճիռը քաղաքացիական հայցի մասով բեկանվել է ու քրեական գործն այդ մասով ուղարկվել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Դատավճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Դավթյանը:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»), 2009 թվականի մայիսի 7-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Դատավճռով հաստատված է համարվել, որ Ա.Դավթյանը, հանդիսանալով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունում հաշվառված «Մաժեստիկ» ՍՊ ընկերության տնօրեն, 2003 թվականի երկրորդ եռամսյակից մինչև 2006 թվականի երկրորդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում բնօգտագործման հաշվարկ-հաշվետվություններում պինդ օգտակար հանածոյի մարված պաշարի ծավալը 15.979 մ3 պակաս է ցույց տվել, որի արդյունքում հաշվետվություններում ցույց չտրված 15.979 մ3 չափով պաշարը 2003-2006 թվականների ընթացքում իրացրել է, սակայն այն որպես իրացման շրջանառություն թաքցրել է, ինչպես նաև 2006 թվականի երրորդ, 2007 թվականի առաջին եռամսյակների համար հարկային տեսչություն ավելացված արժեքի հարկի հաշվարկներ չի ներկայացրել, իսկ 2006 թվականի չորրոդ եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկում իրացման շրջանառությունը պակաս է ցույց տվել, որոնց արդյունքում հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու և հարկային հաշվարկ-հաշվետվություններ չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել խոշոր չափերի հասնող՝13.974.942 ՀՀ դրամ հարկի և սոցիալական վճարի գումար, այդ թվում շահութահարկ՝ 6.632.668 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկ՝ 7.342.274 ՀՀ դրամ, սոցիալական վճար՝ 328.400 ՀՀ դրամ, բնօգտագործման վճար` 839.482 ՀՀ դրամ, ընդամենը` 1.167.882 ՀՀ դրամ, տուգանքներ` 8.956.746 ՀՀ դրամ, տույժեր` 6.013.179 ՀՀ դրամ, ընդամենը` 14.969.925 (տասչորս միլիոն ինը հարյուր վաթսուն ինը հազար ինը հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ:
Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
6. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 5-ի որոշումն անօրինական է, անհիմն և չպատճառաբանված, կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, ինքն անմեղ է, իսկ վերաքննիչ դատարանը կողմնակալություն է դրսևորել` օգնելով ՍՊԸ հիմնադիրներին խուսափել հարկային պարտավորությունների կատարումից:
Բողոքաբերը նշել է, որ վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելուվաղեմության ժամկետն անցած լինելու հիմքովքրեական գործի վարույթը չի կարճել:
7. Հիմք ընդունելով իր կողմից վկայակոչված հանգամանքները` բողոքի հեղինակը խնդրում է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 5-ի դատական ակտը և կարճել իր դեմ հարուցված քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.
I. ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ ամբաստանյալ Ա.Դավթյանի մեղավորության հաստատված լինելը
9. Վերաքննիչ դատարանը, ստուգման ենթարկելով ամբաստանյալ Ա.Դավթյանի վերաքննիչ բողոքի փաստարկները, դրանք համադրելով քրեական գործով ձեռք բերված ապացույցների հետ, ստուգելով ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ Ա.Դավթյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության: Ա.Դավթյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքում հաստատված է, իսկ ամբաստանյալի պատճառաբանությունները հերքված են վկաներ Ա.Հովհաննիսյանի, Մ.Կարապետյանի, Ա.Բեգլարյանի, Ս.Բեգլարյանի, Վ.Աբրահամյանի ցուցմունքներով, դատահաշվապահական փորձաքննության թիվ 06-0405, 07-0978 եզրակացություններով, թիվ 07-0978 եզրակացության լրացուցիչ հաշվարկով, ամբուլատոր դատահոգեբուժական համալիր փորձաքննության թիվ 265/08 եզրակացությամբ:
Այսպիսով, ամբաստանյալ Ա.Դավթյանի կողմից կատարված հանցանքն ապացուցված և նրա մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, ամբաստանյալի բողոքում առկա փաստարկները հիմք չեն կարող հանդիսանալ դատական ակտը բեկանելու և գործի վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճելու համար:
II. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով
10. ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…) »:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, (…)»:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայի վերլուծությունից բխում է, որ այն նկարագրում է դիտավորյալ հանցագործություն, իսկ հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում 2 տարին, ուստի տվյալ հոդվածով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին, հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:
12. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին տեղեկություններ են ներկայացնում հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
13. Վերոգրյալի վերլուծությունից և գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Դավթյանի հանցանքն ավարտված է համարվում 2007 թվականի ապրիլի 26-ին, իսկ 2009 թվականի ապրիլի 26-ի դրությամբ նրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չկա, հետևաբար ամբաստանյալ Ա.Դավթյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
15. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Դավթյանի վերաբերյալ քրեական գործը ենթակա է կարճման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
16. Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա. Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճիռն ու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 5-ի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա անհրաժեշտ է բեկանել և քրեական գործի վարույթը կարճել:
17. Ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկին այն մասին, որ վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական գործի վարույթը չի կարճել, ապա այն հիմնազուրկ է, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից դատական ակտի կայացման պահի դրությամբ` 2009 թվականի մարտի 5-ին, Ա.Դավթյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացած չի եղել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արամ Թանգիի Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճիռն ու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 5-ի որոշումն ամբողջությամբ բեկանել, գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան |