Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-829
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.10.01/27(345) Հոդ.1065
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.09.2009
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 սեպտեմբերի 2009 թ.

 

1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված՝ Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 01.09.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Կոնվենցիան ստորագրվել է 1999թ. մայիսի 28-ին` Մոնրեալում: Կոնվենցիան բաղկացած է 7 գլուխներից, որոնցում ներառված են 57 հոդվածներ:

2. Կոնվենցիան նպատակաուղղված է 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում կատարված` «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի դրույթների համաձայն միջազգային օդային փոխադրումների զարգացման արդյունքում` 1929 թվականի հոկտեմբերի 12-ին Վարշավայում ստորագրված` «Միջազգային օդային փոխադրումներին վերաբերող որոշ կանոնների միասնականացման մասին» կոնվենցիայի դրույթների պահանջների արդիականացմանը և համախմբմանը:

Հիշյալ կոնվենցիաներին Հայաստանի Հանրապետությունը միացել է համապատասխանաբար՝ 1994 թվականի մարտի 29-ին և 1994 թվականի մարտի 16-ին:

Կոնվենցիան կիրառվում է`

օդանավով վճարի դիմաց իրականացվող` մարդկանց, ուղեբեռի կամ բեռի բոլոր տեսակի միջազգային փոխադրումների նկատմամբ,

ավիափոխադրող ընկերության կողմից օդանավով իրականացվող անվճար փոխադրումների նկատմամբ:

3. Կոնվենցիայով սահմանվում են`

պետության կողմից իրականացվող փոխադրումների և փոստի փոխադրման կարգը,

ուղևորների, ուղեբեռի և բեռի փոխադրմանը վերաբերող կողմերի փաստաթղթերի և պարտականությունների կարգը,

փոխադրողի պատասխանատվությունը և վնասի փոխհատուցման չափը` ուղևորների մահվան և վնասվածքներ ստանալու, ուղեբեռի կամ բեռի վնասման, ուշացման և այլ դեպքերում,

խնդիրների լուծման եղանակը, այդ թվում դատական կարգով,

խառը փոխադրումների կարգը,

պայմանագրային փոխադրողներ չհանդիսացող անձանց կողմից իրականացվող օդային փոխադրումների կարգը:

4. Կոնվենցիայով նախատեսված են նաև պայմանագրային փոխադրողներ չհանդիսացող անձանց կողմից իրականացվող օդային փոխադրումների իրականացման կարգը, առանձին դրույթներ անվավեր ճանաչելու, կոնվենցիան ստորագրելու, վավերացնելու, ուժի մեջ մտնելու, չեղյալ հայտարարելու, վերապահումներ անելու կարգն ու պայմանները:

5. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ուղևորների փոխադրման ժամանակ տրամադրել փոխադրման անհատական կամ կոլեկտիվ փաստաթուղթ, որը պարունակում է մեկնման և նշանակման կետերի նշումը կամ առնվազն մեկ այդպիսի կանգառի նշումը, եթե մեկնման և նշանակման կետերը գտնվում են Մասնակից պետություններից մեկի տարածքում,

ուղևորին հանձնել գրանցված յուրաքանչյուր ուղեբեռի յուրաքանչյուր կտորի համար ուղեբեռի նույնականացման պիտակ,

երաշխավորել փոխադրողի պատասխանատվությունն ուղևորի մահվան կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում տեղի ունեցած վնասի համար` միայն այն պայմանով, որ պատահարը, որը մահվան կամ վնասվածքի պատճառ է դարձել, տեղի է ունեցել օդանավում կամ օդանավից իջնելու ժամանակ,

երաշխավորել, որ պատասխանատվություն կրող անձի մահվան դեպքում վնասի հատուցման վերաբերյալ հայցը, կոնվենցիայի պայմաններին համապատասխան, կներկայացվի նրա օրինական ներկայացուցչին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված` Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

16 սեպտեմբերի 2009 թ.

ՍԴՈ-829