ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/4/0145/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/4/0145/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Է. Մուրադյան | |
Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Ն. Հովսեփյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի |
|
|
Վ. Աբելյանի |
|
|
Վ. Ավանեսյանի |
|
|
Մ. Դրմեյանի |
|
|
Ե. Խունդկարյանի |
|
|
Է. Հայրիյանի |
|
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.12.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Բանկի ընդդեմ Արթուր Սարգսյանի, Արտակ Հարությունյանի և երրորդ անձինք Արտաշ Արտաշյանի, Սուսաննա Ստեփանյանի և Նելլի Արտաշյանի` 2.417.218.7 ՀՀ դրամ վարկի ընդհանուր պարտքի և 48.400 ՀՀ դրամ վճարված պետական տուրքի գումարների բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է բռնագանձել Արթուր Սարգսյանից և Արտակ Հարությունյանից 2.417.218,7 ՀՀ դրամ` որպես վարկի ընդհանուր պարտքի գումար, և 48.400 ՀՀ դրամ` որպես նախապես մուծված պետական տուրքի գումար, ինչպես նաև վարկի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկը 19.05.2008 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 28%-ով, իսկ ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերի հաշվարկը 0.2%-ով:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 04.08.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է Արթուր Սարգսյանից և Արտակ Հարությունյանից համապարտության կարգով բռնագանձել 2.417.218,7 ՀՀ դրամ` որպես վարկի ընդհանուր պարտքի գումար, և 48.400 ՀՀ դրամ` որպես նախապես մուծված պետական տուրքի գումար, իսկ տոկոսի և տույժի մնացած մասով պահանջը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի 04.08.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46-րդ և 47-րդ գլուխները, 887-րդ հոդվածի 2-րդ մասը և 411-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն առոչինչ է համարել Պայմանագրի 4.3-րդ կետը` պատճառաբանելով, որ այն հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասին: Մինչդեռ կողմերը տվյալ կետը սահմանելիս ղեկավարվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածով, որը հնարավորություն է տալիս վարկի տրամադրման պայմանները սահմանել վարկային պայմանագրով: Վերոնշյալի հաշվառմամբ Պայմանագրի 4.4-րդ կետով սահմանվել է նաև յուրաքանչյուր ուշացած օրվա համար ժամկետանց տոկոսագումարների 0.2%-ի չափով տույժ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 16.12.2008 թվականի որոշումը` հայցն ամբողջությամբ բավարարել, ինչպես նաև պատասխանողից բռնագանձել 145.050 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար վճարված պետական տուրքի գումար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 03.07.2007 թվականին Բանկի և Արթուր Սարգսյանի միջև կնքված թիվ 564 վարկային պայմանագրի 1.1-րդ, 1.3-րդ և 1.6-րդ կետերի հիման վրա Բանկը վարկառուին տրամադրել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարկ` տարեկան 20% տոկոսադրույքով մինչև 03.07.2009 թվականը մարման վերջնական ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 5):
2) Պայմանագրի 4.3-րդ և 4.4-րդ կետերի համաձայն` Պայմանագրով նախատեսված ժամկետներում վարկը և/կամ հաշվարկված տոկոսագումարները չմարելու դեպքում ժամկետանց վարկի նկատմամբ դադարում է գործել Պայմանագրի 1.6-րդ կետով նախատեսված տոկոսադրույքը և մինչև ժամկետանց վարկի փաստացի մարումը դրա մնացորդի նկատմամբ սահմանվում է տարեկան 28% տոկոսադրույք, իսկ ժամկետանց տոկոսագումարների նկատմամբ սահմանվում է տույժ` յուրաքանչյուր ուշացած օրվա համար ժամկետանց տոկոսագումարի 0.2% չափով (հատոր 1-ին, գ.թ. 9):
3) 03.07.2007 թվականին Բանկի, Արտակ Հարությունյանի (երաշխավոր) և Արթուր Սարգսյանի միջև կնքված թիվ 564/2 երաշխավորության պայմանագրի համաձայն` Արտակ Հարությունյանը երաշխավորել է Արթուր Սարգսյանի կողմից Պայմանագրով Բանկից ստացած 2.000.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկի վերադարձը ամբողջ ծավալով /վարկի գումար, տոկոս, տույժ, տուգանք/ (հատոր 1-ին, գ.թ. 15):
4) Բանկի կառավարչի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Արթուր Սարգսյանի պարտքն առ 19.05.2008 թվականը կազմում է 2,417,218,7 ՀՀ դրամ, այդ թվում` 2.000.000 ՀՀ դրամ վարկի գումար (որից ժամկետանց գումար` 500.000 ՀՀ դրամ), 364.164.4 ՀՀ դրամ վարկի դիմաց հաշվարկված տոկոսների գումար (որից ժամկետանց տոկոս` 199.452.1 ՀՀ դրամ), 53.054.3 ՀՀ դրամ ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժի գումար (հատոր 1-ին, գ.թ. 17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
Քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս:
Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է սույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով:
⚖Նշված իրավանորմերից հետևում է, որ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոխառությանը վերաբերող 46 գլխում նախատեսված կանոնները չեն կիրառվում, եթե կողմերը այլ կանոններ են սահմանել վարկային պայմանագրով, և որոնք չեն հակասում վարկային հարաբերությունները կարգավորող նորմերի պահանջներին: Ընդ որում օրենսդիրը, ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 437-րդ հոդվածներում ամրագրված պայմանագրի ազատության սկզբունքից, կողմերին հնարավորություն է տալիս պայմանները որոշել իրենց հայեցողությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վարկին վերաբերող 47-րդ գլխի իմպերատիվ նորմերով:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ սույն գործով կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի պահանջները, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վարկին վերաբերող 47-րդ գլուխը որևէ նորմ չի պարունակում վարկային պայմանագիրը կետանցելու դեպքում այլ տոկոսներ հաշվարկելու հնարավորության, կարգի և չափի վերաբերյալ:
Մինչդեռ սույն գործով կողմերը Պայմանագրի 4-րդ կետով նախատեսել են Պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար պատասխանատվության պայմաններ, մասնավորապես` ժամկետանց վարկի նկատմամբ դադարում է գործել Պայմանագրի 1.6-րդ կետով նախատեսված տոկոսադրույքը (20%) և մինչև ժամկետանց վարկի փաստացի մարումը դրա մնացորդի նկատմամբ սահմանվում է տարեկան 28% տոկոսադրույք, իսկ ժամկետանց տոկոսագումարների նկատմամբ սահմանվում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար ժամկետանց տոկոսագումարի 0.2% չափով:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար պատասխանատվության պայմանները կողմերը նախատեսել են 03.07.2007 թվականին կնքված վարկային պայմանագրով, հետևաբար, այն իրավաչափ է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.12.2008 թվականի որոշման` տոկոսի և տույժի բռնագանձումը մերժելու մասը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.12.2008 թվականի որոշման` տոկոսի և տույժի բռնագանձումը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
2. Վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման հարցին անդրադառնալ գործի ըստ էության քննության ժամանակ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
նախագահությամբ` |
Ս. Սարգսյան | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
|
Վ. Աբելյան | |
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|