Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.03.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
15.09.2001
Ստորագրման ամսաթիվ
15.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2002

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՆՉԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, այսուհետ՝ Բարձր պայմանավորվող կողմեր,

ղեկավարվելով 1997 թվականի օգոստոսի 29-ի՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» Պայմանագրով և 2000 թվականի սեպտեմբերի 26-ի՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային համագործակցության մասին» Հռչակագրով,

հաշվի առնելով, որ միջպետական ինտեգրումը հանդիսանում է տնտեսական զարգացման կարևորագույն տարրերից մեկը,

օգտագործելով աշխատանքի միջազգային բաժանման, արտադրության մասնագիտացման և կոոպերացման, փոխշահավետ առևտրի առավելությունները՝ իրենց պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին հասնելու համար,

ելնելով իրավահավասար և փոխշահավետ առևտրատնտեսական ու արտադրական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման, դրանց երկարաժամկետ ու կայուն բնույթ տրամադրելու, երկու պետությունների տնտեսական ներուժի օգտագործման և իրենց ժողովուրդների բարեկեցության բարձրացման անհրաժեշտությունից,

մեծ նշանակություն տալով տնտեսական բարեփոխումների իրականացման ներդաշնակեցմանը, ապրանքների և ծառայությունների, ներդրումների և աշխատուժի ազատ տարանցմանը փուլային անցման համար պայմանների ստեղծմանը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Բարձր պայմանավորվող կողմերը իրագործում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2010 թվականի երկարաժամկետ տնտեսական համագործակցության» Ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր):

 

Հոդված 2

 

Բարձր պայմանավորվող կողմերի տնտեսական համագործակցությունը իրականացվում է երկու պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև, անկախ սեփականության ձևից և ենթակայությունից, փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհով, յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությանը  և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակցում  են պետությունները:

Բարձր պայմանավորվող կողմերը ձգտում են իրենց պետություններում սոցիալ-տնտեսական վերափոխումների հիմնական ուղղությունների համաձայնեցմանը և տնտեսական գործունեության կանոնակարգման ոլորտում նորմատիվաիրավական դաշտի ներդաշնակեցմանը:

Բարձր պայմանավորվող կողմերը աջակցություն են ցուցաբերում երկու պետությունների տարածքներում ներդրումային ծրագրերի իրագործման, համատեղ ինտեգրացված կառույցների և ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծման և սեփականաշնորհմանը փոխադարձ մասնակցության հարցերում՝ յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն:

Բարձր պայմանավորվող կողմերը պատասխանատվություն չեն կրում տնտեսավարող սուբյեկտների պարտավորությունների համար, որոնք բխում են համաձայնագրերից և կոնտրակտներից՝ կնքված սույն Պայմանագրի կատարման շրջանակներում դրա գործողության ընթացքում:

 

Հոդված 3

 

Ծրագրի իրագործման ընթացքի հետ կապված հարցերի քննարկումը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան փոփոխությունների ու լրացումների կատարումը կատարվում է առնվազն տարին մեկ անգամ՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության Միջկառավարական հանձնաժողովի կողմից, որը կազմավորվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1996-1997թթ. առևտրատնտեսական համագործակցության մասին» 1996թվականի մայիսի 28-ի Համաձայնագրի 7-րդ հոդվածի համաձայն:

Ծրագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, որոնք ձևակերպվում են սույն Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող առանձին արձանագրություններով:

 

Հոդված 4

 

Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված վեճերը ենթակա են կարգավորման երկկողմ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 5

 

Սույն Պայմանագիրը չի շոշափում Բարձր պայմանավորվող կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները:

 

Հոդված 6

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Բարձր պայմանավորվող կողմերի կողմից դրա համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցման ստացվելու օրվանից և կգործի մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:

Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Պայմանագրի գործողությունը մյուս Բարձր պայմանավորվող կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Այս դեպքում Պայմանագիրը դադարեցնում է իր գործողությունը նման ծանուցում ստանալու օրվանից 6 ամիս անց:

Սույն Պայմանագրի գործողության դադարեցումը չի շոշափում այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են սույն Պայմանագրի կատարման շրջանակներում դրա գործողության ընթացքում կնքված համաձայնագրերից և կոնտրակտներից:

 

Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի սեպտեմբերի 15-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի մարտի 29-ից: