Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2009.12.04/2(2) Հոդ.1178.42
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.08.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/7081/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/7081/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Վ. Աբելյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

Վ. Ավանեսյանի

 

 

Ա. Բարսեղյանի

 

 

Է. Հայրիյանի

 

 

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի օգոստոսի 11-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 18.04.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Գևորգ Ճղլյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրված ճանաչելու և կառուցապատման իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գևորգ Ճղլյանը պահանջել է Երևանի քաղաքապետին 25.08.2008 թվականին ներկայացված հայտի հիման վրա ճարտարապետահատակագծային առաջադրանքը ճանաչել իրեն տրամադրված և այդ ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա ճանաչել կառուցապատման իրավունքը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածը, «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 29.08.2002 թվականի թիվ 1473-Ն որոշմամբ հաստատված կարգը (այսուհետ` Կարգ), որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պատճառաբանել է, որ Քաղաքապետարանի կողմից Գևորգ Ճղլյանի դիմումին ընթացք չտալու արդյունքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետի ուժով ճարտարապետահատակագծային առաջադրանքը վերջինիս համարվում է տրամադրված: Մինչդեռ, Դատարանի վճիռը չի պարունակում բավարար իրավական հիմնավորումներ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման համար անհրաժեշտ համապատասխան ճյուղային օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման վերաբերյալ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 18.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. Գևորգ Ճղլյանի հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Գևորգ Ճղլյանը Երևանի Աբովյան փողոցի 1/3 հասցեի 323.16քմ ոչ բնակելի տարածքի սեփականատերն է (գ.թ. 8-10):

2) 25.08.2008 թվականին Գևորգ Ճղլյանը գրավոր դիմել է Երևանի քաղաքապետին` խնդրելով կառուցապատման իրավունքով 99 տարի ժամկետով սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Աբովյան փողոցի 1/3 հասցեում գտնվող նկուղային տարածքին կից 70.0քմ ստորգետնյա հողատարածքը հասարակական զուգարանների կառուցման համար և այդ նպատակով դեպի իր նկուղային տարածք մուտքի կազմակերպման համար տրամադրել նախագծային աշխատանքների համար հիմք հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանք (գ.թ. 11):

3) Գևորգ Ճղլյանի 25.08.2008 թվականի դիմումին պատասխան չի տրվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքի վերոհիշյալ դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հայցվող ցանկացած ակտի ընդունված լինելը հաստատող նորմ: Հայցվող վարչական ակտը, ինչպես նաև հայցվող իրավունքը պետք է հիմնված լինեն օրենքի հիման վրա, չխախտեն այլոց իրավունքներն ու ազատությունները: Հետևաբար, նշված նորմի բովանդակության մաս պետք է կազմի նաև հայցվող վարչական ակտի իրավաչափությունը, որի առկայությունը հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի փաստել վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը (տե`ս, Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու, վարչական մարմնին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և շինարարություն իրականացնելու իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ՎԴ/5557/05/08):

Սույն գործով Դատարանը Գևորգ Ճղլյանի հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ Քաղաքապետարանը Գևորգ Ճղլյանի դիմումի հիման վրա չի հարուցել վարչական վարույթ և դիմումը չի քննարկել, հետևաբար լրացել է ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման կամ մերժման համար Կարգի 19-րդ կետով սահմանված 20-օրյա ժամկետը, ուստի նշված առաջադրանքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն, Գևորգ Ճղլյանին համարվում է տրամադրված:

Մինչդեռ, Դատարանը, հայցվող ճարտարապետահատակագծային առաջադրանքը Գևորգ Ճղլյանին տրամադրված ճանաչելով, ինչպես նաև ճանաչելով այդ ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա Երևանի Աբովյան փողոցի 1/3 հասցեի նկատմամբ նրա կառուցապատման իրականացման իրավունքը, գնահատման առարկա չի դարձրել դրանց իրավաչափության հարցը, հայցվող իրավունքի` օրենքի և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանելու, այլոց իրավունքներն ու ազատությունները չխախտելու հանգամանքները:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության իրավական խնդրին (տե՛ս՝ Հայկ Աբրահամյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության` 25.06.2008 թվականի թիվ 1307601 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի թիվ ՎԴ /4466/05/08 որոշումը), ուստի սույն որոշմամբ աննպատակահարմար է համարում կրկին անդրադառնալ տվյալ իրավական խնդրին:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Գևորգ Ճղլյանի կողմից ներկայացված հայցապահանջները ենթակա չեն դատարանում քննության հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան:

Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:

Այսպիսով, վերոհիշյալ երկու հոդվածների համեմատական վերլուծությունից հետևում է, որ ճանաչման հայցում, երբ պարտավորեցման հայց ներկայացնել հնարավոր չէ: Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն՝ չի բացառվել Քաղաքապետարանից կարող է ներկայացվել այն դեպին համապատասխան վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հայցի հարուցման հնարավորությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

Վերոնշյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման՝ այն Դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.04.2009 թվականի վճիռը և գործի վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Վ. Աբելյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան