Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.62
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.09.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի

որոշում

ԵՔՐԴ/0270/01/08

 

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

 

Ե. Դանիելյանի

 

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

 

 

 

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

 

մասնակցությամբ ` տուժողի ներկայացուցիչ

Ս. Մարգարյանի

16 սեպտեմբերի 2009 թվական ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գագիկ Համլետի Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով տուժողի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշման դեմ տուժող Ռոբերտ Կարապետյանի ներկայացուցիչ Սուսաննա Մարգարյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Քրեական գործը հարուցվել է 2007 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2. 2008 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ Գագիկ Համլետի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

2008 թվականի մայիսի 26-ի որոշմամբ Արսեն Նվերի Գրիգորյանին և Լևոն Ավագի Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

3. Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 12-ի դատավճռով Գ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով 1 (մեկ) տարի ժամկետով:

Նույն դատավճռով Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Գրիգորյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նրա նկատմամբ նշանակվել է փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով և նա զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով:

Լ.Հովակիմյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Լ.Հովակիմյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նրա նկատմամբ նշանակվել է փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով և նա զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով:

4. Գ.Հովհաննիսյանի պաշտպաններ Հ.Արսենյանի և Գ.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 12-ի դատավճիռը Գ.Հովհաննիսյանի մասով թողել է օրինական ուժի մեջ, իսկ պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժել է:

Ա.Գրիգորյանի և Լ.Հովակիմյանի մասով դատավճիռը չի բողոքարկվել:

ՀՀ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի ապրիլի 2-ի որոշման դեմ Գ.Հովհաննիսյանի պաշտպանների բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

5. Երևանի քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ բավարարվել է տուժող Ռոբերտ Կարապետյանի միջնորդությունը և վերականգնվել է թիվ ԵՔՐԴ 0270/01/08 քրեական գործով 2009 թվականի հունվարի 12-ին կայացված դատավճռի բողոքարկման բաց թողնված ժամկետը, և այն երկարացվել է մեկ ամսով:

6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշմամբ` ամբաստանյալ Գ.Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 12-ի դատավճռի դեմ տուժող Ռ.Կարապետյանի բերած վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

7. Տուժողի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել տուժողի ներկայացուցիչ Սուսաննա Մարգարյանը:

2009 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

8. ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք հանդիսացող` պետի տեղակալ Գ.Հովհաննիսյանը, անվտանգության ապահովման բաժնի պետ Ա.Գրիգորյանը և անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Լ.Հովակիմյանը դատապարտվել են այն բանի համար, որ 2007 թվականի օգոստոսի 23-ին` ժամը 12-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկի կալանավոր, դատապարտյալ Ռ.Կարապետյանին տարել են Ա.Գրիգորյանի աշխատասենյակ, որտեղ կշտամբել են նրան, թե 2007 թվականի օգոստոսի երկարատև տեսակցության ժամկետը երկարացնելու հարցով ինչու է դիմել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին, այլ ոչ թե իրենց, որից հետո դիտավորությամբ կատարել են գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց` «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, այն է՝ բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ` ռետինե մահակներով ծեծի են ենթարկել Ռ.Կարապետյանին` նրան հասցնելով ձախ աչքի և ոտքերի վնասվածքներ, դրանով իսկ էական վնաս պատճառել դատապարտյալի` օրենքով պաշտպանվող իրավունքներին:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշմամբ խախտվել են տուժողի նյութական և դատավարական իրավունքները, կայացված դատական ակտը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոք բերած անձը, վկայակոչելով այն հանգամանքը, որ Երևանի քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշմամբ բավարարվել է տուժող Ռ.Կարապետյանի միջնորդությունը և արդեն իսկ վերականգնված է եղել 2009 թվականի հունվարի 12-ի դատավճռի բողոքարկման ժամկետը, հետևաբար ժամկետանց լինելու պատճառաբանությամբ բողոքն առանց քննության թողնելու հիմքեր չեն եղել, նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի պահանջները, այն սխալ է մեկնաբանել և որևէ իրավական նորմով չի հիմնավորել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը:

Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Գ.Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով տուժողի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պաասխանի այն հարցին, թե դատական ակտ կայացրած դատարանի կողմից բաց թողնված ժամկետը վերականգնված լինելու պարագայում, վերաքննիչ դատարանն իրավասո՞ւ էր, արդյոք, ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնել վերաքննիչ բողոքը:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հարգելի պատճառներով բողոքարկման համար uահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտ կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: (…)»:

Վերոշարադրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դատական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննարկվում է բողոքարկման ենթակա դատական ակտը կայացրած դատարանի կողմից, որն իրավասու է հարգելի համարել ժամկետի բացթողումը և վերականգնել դատական ակտի բողոքարկման ժամկետը:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 375.4-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ այլ հոդվածով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմք նախատեսված չէ, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բողոքն առանց քննության թողնելու հիմքերի ցանկը սպառիչ է:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ բավարարվել է տուժող Ռ.Կարապետյանի միջնորդությունը և վերականգնվել է 2009 թվականի հունվարի 12-ին կայացված դատավճռի բողոքարկման համար բաց թողնված ժամկետը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

2009 թվականի մարտի 16-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել տուժողի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Նշված որոշման մեջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այն մոտեցումն է արտահայտել, որ բողոք բերած անձը կարող էր դատական ակտ կայացրած դատարանի առաջ միջնորդել վերականգնելու բաց թողնված ժամկետը միայն բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման կայացումից հետո:

Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի կարգավորումից բխում է, որ վերաքննիչ բողոքարկման ժամկետն առաջին ատյանի դատարանի կողմից կարող է վերականգնվել մինչև վերաքննիչ բողոք ներկայացնելը: Հետևաբար բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնված լինելու պայմաններում վերաքննիչ բողոքը չի կարող համարվել ժամկետանց:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բողոքարկվել է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտ, որն առանց քննության թողնելու ենթակա չէր: Բողոքը բերվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` դատական ակտ կայացրած դատարանի որոշմամբ բաց թողնված ժամկետը վերականգնելուց հետո, ուստի վերաքննիչ դատարանը որևէ իրավական հիմք չուներ այդ վերաքննիչ բողոքը քննության չընդունելու և դրա նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածը կիրառելու համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 12-ի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումն անհիմն է:

14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ դրանց արդյունքում սահմանափակվել է տուժողի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ դրանք հիմք են կայացված դատական ակտը մասնակիորեն բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Գագիկ Համլետի Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործով տուժողի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան