Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.2
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.07.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 07-4071/09

Քաղաքացիական գործ թիվ 3-96(ՎԴ)

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Է. Մուրադյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Է. Հայրիյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հուլիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Համլետ Հովակիմյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ինժգլոբալ» ԲԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) բաժնետեր Համլետ Հովակիմյանի ընդդեմ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ԴԱՀԿԱ ծառայություն)` «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելն արգելելը մասնակի վերացնելու մասին» 2007 թվականի օգոստոսի 14-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համլետ Հովակիմյանը պահանջել է անվավեր ճանաչել ԴԱՀԿԱ ծառայության 14.08.2007 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելն արգելելը մասնակի վերացնելու մասին» որոշումը:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 12.10.2007 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանի 24.12.2007 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Ընկերության բաժնետերեր Անժելա Ղազարյանը, Աղվան Պարոնյանը, Մամիկոն Կարապետյանը:

Վերաքննիչ դատարանի 12.02.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 24.12.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ստորադաս դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համլետ Հովակիմյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ, 50-րդ հոդվածների դրույթները, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերաքննիչ դատարանը 12.02.2009 թվականի թիվ 07-4071/09 որոշմամբ ըստ էության վերանայել է Վերաքննիչ դատարանի 24.12.2007 թվականի վճիռը:

Վերաքննիչ դատարանը նման լիազորություն չունի: Վերաքննիչ դատարանը օրենքով իրավասու է վերանայել միայն ընդհանուր իրավասության դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը, ինչպես նաև օրենքով սահմանված բացառիկ դեպքերում՝ միջանկյալ դատական ակտերը:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 12.10.2007 թվականի և Վերաքննիչ դատարանի 24.12.2007 թվականի վճիռներով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերը չեն վերաբերում Ընկերության բաժնետերեր Անժելա Ղազարյանի, Աղվան Պարոնյանի, Մամիկոն Կարապետյանի իրավունքներին և պարտականություններին:

Տվյալ քաղաքացիական գործի հարուցման հիմք է Համլետ Հովակիմյանի դիմումը՝ ԴԱՀԿԱ ծառայության 14.08.2007 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հետևաբար, Համլետ Հովակիմյանի և ԴԱՀԿԱ ծառայության միջև վեճը, որպես հանրային իրավահարաբերություններից ծագող վեճ, չէր կարող վերաբերել վերաքննիչ բողոք ներկայացրած Ընկերության բաժնետերեր Անժելա Ղազարյանի, Աղվան Պարոնյանի, Մամիկոն Կարապետյանի ո՛չ իրավունքներին և ո՛չ պարտականություններին: 

Ավելին, որպես կատարողական վարույթի կողմ հանդես է եկել միայն Համլետ Հովակիմյանը, այլ ոչ թե վերաքննիչ բողոք բերած անձինք:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2009 թվականի թիվ 07-4071/09 որոշումը և այն փոփոխել` բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Վերաքննիչ դատարանի 24.12.2007 թվականի վճռով բավարարվել է Համլետ Հովակիմյանի դիմումն ընդդեմ ԴԱՀԿԱ ծառայության՝ 14.08.2007 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին(գ. թ. 64-67):

2. Վերաքննիչ դատարանի 12.02.2009 թվականի թիվ 07-4071/09 որոշմամբ վերանայվել է Վերաքննիչ դատարանի 24.12.2007 թվականի թիվ 07-4071 վճիռը (գ. թ. 237-239):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի oրենքի հիման վրա uտեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` Վերաքննիչ դատարանն իր իրավաuության uահմանում վերանայում է ընդհանուր իրավաuության դատարանների` գործն ըuտ էության լուծող դատական ակտերը, ինչպես նաև oրենքով նախատեuված բացառիկ դեպքերում միջանկյալ դատական ակտերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից դատաքննության իրավունքի երաշխավորման համար անհրաժեշտ են մի շարք պահանջներ, որոնց պետք է բավարարի վեճը քննող դատական մարմինը: Այդ պահանջներից մեկն էլ այն է, որ դատարանը պետք է ստեղծված լինի օրենքի հիման վրա: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջը սերտորեն կապված է ինչպես դատարանի կազմավորման ընթացակարգի հետ, որը պետք է համապատասխանի օրենքին, այնպես էլ օրենքով դատարանին պետք է վերապահվեն գործը վերանայելու համապատասխան լիազորություններ:

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը 12.02.2009 թվականի որոշմամբ վերանայել է իր իսկ կայացրած 24.12.2007 թվականի վճիռը:

Մինչդեռ ո՛չ ՀՀ սահմանադրությամբ և ո՛չ էլ օրենքով Վերաքննիչ դատարանը լիազորված չէ վերանայել իր իսկ կայացրած դատական ակտը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի մյուս հիմքին:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2009 թվականի որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյանի

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան