Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/7
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2000
Ստորագրման ամսաթիվ
25.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջԵՎ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ղեկավարվելով 1997 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության  միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» Պայմանագրի սկզբունքներով,

ղեկավարվելով 1992 թվականի հունիսի 26-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև ատոմային էներգիայի բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին» Համաձայնագրով,

հաստատելով երկու Կողմերի հավատարմությունը միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդմանը, որը հիմնված է 1968 թվականի հուլիսի 1-ի «Միջուկային զենքի չտարածման մասին» Պայմանագրի վրա,

գիտակցելով միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համապատասխան միջոցառումների անհրաժեշտությունը և հաստատելով 1987  թվականի փետրվարին ուժի մեջ մտած «Միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության մասին» Կոնվենցիայի շրջանակներում ընդունած պարտականությունների անշեղորեն պահպանումը և ընդունելով ի գիտություն, որ երկու երկրներն էլ ԱԷՄԳ-ի հետ ունեն Համաձայնագիր երաշխիքների կիրառման մասին՝ կապված «Միջուկային զենքի չտարածման  մասին» Պայմանագրի հետ,

նշելով, որ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը օժանդակում է տնտեսության բազմակողմանի զարգացմանը և մարդկանց բարեկեցության բարձրացմանը, ինչպես նաև նպաստում է գիտատեխնիկական նորագույն մշակումների, առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը և հնարավորություն  է տալիս պահպանելու օրգանական վառելիքի բնական պաշարները,

գիտակցելով պատասխանատվությունը իրենց ժողովուրդների և միջազգային հանրության առջև ատոմային էներգետիկայի օբյեկտների անվտանգ շահագործման ապահովման համար,

ղեկավարվելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններով և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման անհրաժեշտությամբ, որը հիմնված է երկու  երկրների ազգային արժանապատվության և անկախության հարգման, ներքին գործերին չմիջամտելու և  հավասարության սկզբունքների վրա,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Ղեկավարվելով սույն Համաձայնագրի դրույթներով՝ Կողմերը մտադիր են իրականացնել համագործակցություն հետևյալ ուղղություններով.

նոր ԱԷԿ-ների նախագծում, կառուցում և  շահագործման հանձնում, այդ թվում նաև այլ երկրների տարածքում,

ԱԷԿ-ներում գործող էներգաբլոկների անվտանգության բարձրացում և տեխնիկատնտեսական ցուցանիշների բարելավում,

ԱԷԿ-ների շահագործում,

ԱԷԿ-ների շահագործումից հանում,

ԱԷԿ-ների համար միջուկային վառելիքի մատակարարում,

ԱԷԿ-ների անվտանգության ապահովում, ԱԷԿ-ների հիմնական սարքավորումների դիագնոստիկայի և վերահսկողության համակարգերի, շահագործման օժանդակության համակարգերի և վթարների վերացման համակարգերի զարգացում և կատարելագործում,

էներգետիկական ռեակտորներում օգտագործվող սարքավորումների, համալրվող արտադրանքի, սարքերի, պահեստամասերի և նյութերի (ներառյալ միջուկային նյութերը) արդյունաբերական արտադրություն և մատակարարում, այդ թվում՝ կոոպերացիայի հիման վրա,

օգտագործված միջուկային վառելիքի և ճառագայթաակտիվ ճառագայթման աղբյուրների  վերամշակում և պահպանում, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների հետ վերաբերմունք,

ԱԷԿ-ների անվտանգության ապահովման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում՝ նրանց կյանքի բոլոր փուլերի համար (նախագծում, կառուցում, շահագործում, շահագործումից հանում),

միջուկային նյութերի հաշվառում ու վերահսկում, ատոմային էներգետիկայի օբյեկտների և աշխատած  ճառագայթաակտիվ ճառագայթման աղբյուրների ֆիզիկական պաշտպանության իրականացում,

միջուկային և ռադիացիոն ավտանգություն, շրջակա միջավայրի պահպանություն,

կադրերի պատրաստում Կողմերի բարձրագույն ուսումնական հաստատություններում և ուսումնավարժական կենտրոններում՝ համաձայնեցված ծրագրերով,

փորձի փոխանակում ատոմային էներգիայի օգտագործման տնտեսական արդյունավետության ապահովման բնագավառում,

համագործակցության շրջանակներում մասնագետների և գիտնականների փոխանակում՝ առանձին ծրագրերի իրականացման  և ներդրման համար,

միջուկային նյութերի և տեխնոլոգիաների կիրառում բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառներում,

արտադրված էլեկտրաէներգիայի արտահանման իրականացում,

ատոմային գիտության և տեխնիկայի բնագավառում հիմնարար ու կիրառական հետազոտությունների զարգացում,

հասարակությանը ատոմային էներգիայի օգտագործման հարցերում տեղեկացում,

սույն Համաձայնագրի շրջանակներից դուրս չեկող համագործակցության այլ ուղղություններ՝ Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նախատեսված համագործակցությունը իրականացվում է հետևյալ կերպ.

համատեղ ծրագրերի  ու նախագծերի պլանավորմամբ և մշակմամբ,

ատոմային էներգետիկայի բնագավառում փոխշահավետ համագործակցությունն ապահովող ծրագրերի և նախագծերի իրականացման համար մշտական գործող երկկողմ աշխատանքային խմբերի ձևավորմամբ,

համաձայն Կողմ պետությունների գործող օրենսդրության՝ երկու Կողմերի կազմակերպությունների միջև պայմանագրերի և/կամ կոնտրակտների կնքմամբ,

գիտական, տեխնիկական և ղեկավար անձնակազմի ուսուցման և վերապատրաստման փոխադարձ օգնության կազմակերպմամբ,

փորձագետների փոխանակմամբ,

հետազոտական, տեխնոլոգիական, տնտեսական և ղեկավարման հիմնահարցերի վերաբերյալ փոխադարձ խորհրդատվությամբ,

տեղեկության փոխանակմամբ,

Կողմերի համաձայնությամբ՝ համագործակցության այլ ձևերի օգտագործմամբ,

գիտատեխնիկական մշակումների և արտադրանքի պատրաստման իրականացման համար ներդրողների միջոցների որոնմամբ և ներգրավմամբ,

արտասահմանյան ներդրումներով ձեռնարկությունների ստեղծմամբ:

 

Հոդված 3

 

Համագործակցությունը, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի առարկան, ծառայում է միայն ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման, և չի օգտագործվում միջուկային զենքի և այլ միջուկային պայթուցիկ սարքերի ստեղծման կամ որևէ այլ ռազմական նպատակի հասնելու համար:

Համագործակցության իրականացման ընթացքում Կողմերը պետք է ղեկավարվեն հետևյալով.

միջուկային արտահանումը սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվում է՝ համաձայն Կողմ պետությունների այն  պարտավորությունների, որոնք բխում են «Միջուկային զենքի չտարածման մասին» 1968 թվականի հուլիսի 1-ի Պայմանագրից, միջուկային արտահանման մատակարարների խմբերի ղեկավարող սկզբունքներից և այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են Կողմ պետությունները:

Կողմերը պարտավորվում են չօգտագործել փոխանցվող սարքավորումները, նյութերը և կրկնակի օգտագործման տեխնոլոգիաները կամ նրանցից վերարտադրած ցանկացած կրկնօրինակները միջուկային պայթուցիկ սարքավորումների հետ կապված ցանկացած գործունեությունում:

Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է նախնական թույլատվություն խնդրել մյուս Կողմից միջուկային գործունեության ցանկացած այլ բնագավառում այդ առարկաները օգտագործելու համար: Կողմերը կտեղեկացնեն միմյանց նշված գուծունեության  մասին:

Կողմերից յուրաքանչյուրը չի վերաարտահանի այդ առարկանները երրորդ երկրներ առանց մյուս Կողմի գրավոր համաձայնության:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրում նախատեսված համագործակցության իրականացման պայմանները որոշվում են երկու Կողմերի կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով և/կամ կոնտրակտներով՝ համաձայն Կողմ պետությունների գործող օրենսդրության:

Պայմանագրերի և/կամ կոնտրակտների նախագծերը ստորագրվելուց առաջ կհամաձայնեցվեն Կողմերի իրավասու մարմինների հետ:

 

Հոդված 5

 

Կողմերը խրախուսում և հեշտացնում են համագործակցությունը իրենց իրավաբանական անձերի միջև այն հարցերում, որոնք ընդգրկված են սույն Համաձայնագրի գործողության ոլորտում:

Համաձայն սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի՝ համատեղ ծրագրերը (նախագծերը) հաստատվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից:

Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության պետական գաղտնիք հանդիսացող  տեղեկության փոխանակում չի իրականացվում:

Տեղեկությունը, որը փոխանցվում է սույն Համաձայնագրի համաձայն կամ ստացվում է նրա կատարման արդյունքում, եթե Կողմերից մեկի կողմից դիտարկվում է զգայուն կամ գաղտնի, ապա ստույգ որոշվում և նշվում է:

Զգայուն կամ գաղտնի տեղեկության հետ վերաբերմունքը իրականացվում է տեղեկություն ստացող Կողմ պետության օրենսդրության համաձայն, և այդ տեղեկությունը առանց այդպիսի տեղեկություն փոխանցող Կողմի գրավոր թույլտվության չի բացահայտվում կամ փոխանցվում որևէ երրորդ Կողմի, որը չի մասնակցում սույն Համաձայնագրի կատարմանը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ այդպիսի տեղեկության հետ վարվում են այնպես, ինչպես այն տեղեկության հետ, որը հանդիսանում է ծառայողական գաղտնիք: Այդպիսի տեղեկությունը ապահովվում է համապատասխան պաշտպանությամբ:

Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն՝ այդպիսի տեղեկության հետ վարվում են այնպես, ինչպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ: Այդպիսի տեղեկությունը ապահովվում է համապատասխան պաշտպանությամբ:

Կողմերը, իրենց ազգային օրենսդրության համաձայն, ապահովում են  սույն Համաձայնագրի համաձայն փոխանցվող կամ նոր ստեղծվող մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանություն և բաշխում: Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և բաշխման հարցերը կարգավորվում են Կողմերի կազմակերպությունների միջև համագործակցության կոնկրետ ուղղություններով կնքված պայմանագրերով և/կամ կոնտրակտներով:

Կողմերը սույն Համաձայնագրի դրույթները չեն օգտագործում առևտրական առավելություններ ստանալու կամ մյուս Կողմի առևտրական կապերում դժվարություններ ստեղծելու նպատակներով:

Կողմերը համագործակցում են իրենց պետությունների տարածքով միջուկային նյութերի տարանցիկ տեղափոխման հետ կապված հարցերում:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքները և պարտավորությունները, որոնք բխում են ստորագրման պահին երրորդ երկրների հետ արդեն կնքված համաձայնագրերից:

 

Հոդված 7

 

Կողմերից մեկի խնդրանքով անց են կացվում խորհրդակցություններ՝ սույն Համաձայնագրի արդյունավետ կատարումը ապահովելու նպատակով:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի դրույթները կատարելու համար իրավասու մարմիններ են հանդիսանում.

Հայաստանի Հանրապետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը և ՀՀ պետատոմհսկողությունը (միջուկային և ռադիացիոն անվտանգության մասով),

Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության ատոմային էներգիայի նախարարությունը և միջուկային ռադիացիոն անվտանգության դաշնային հսկողությունը (միջուկային և ռադիացիոն անվտանգության մասով):

 

Հոդված 9

 

Վեճերը, որոնք կարող են ծագել Կողմերի միջև սույն Համաձայնագրի որևէ հոդվածի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ, լուծվում են բանակցությունների ճանապարհով կամ այլ ընթացակարգի օգնությամբ համաձայնեցվում են Կողմերի միջև:

 

 Հոդված 10

 

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն որպես առանձին արձանագրություններ:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի միջպետական ընթացակարգի կատարումը հաստատող վերջին ծանուցումը ստանալու օրվանից:

Սույն  Համաձայնագիրը կնքվում է 3 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 3 տարի ժամանակահատվածներով, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ մյուս կողմին չի ծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության  մասին:

Սույն Համաձայնագիրը, անգամ նրա գործողության դադարումից հետո, կկիրառվի ցանկացած չավարտված գործարքի համար, որը կնքվել է նրա գործողության ընթացքում:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2000 թվականի սեպտեմբերի 25-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 17-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան