Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-833
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.03/61(727) Հոդ.1168
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
13.10.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 հոկտեմբերի 2009 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԵՎ Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.7 ՀՈԴՎԱԾԻ, 426.2 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 426.4 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող Ա. Զեյնալյանի, պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Ա. Զեյնալյանի և Վ. Խաչատրյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 426.7 հոդվածի, 426.2 հոդվածի 2-րդ մասի և 426.4 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացիներ Ա. Զեյնալյանի և Վ. Խաչատրյանի` 26.03.2009թ. և Վ. Խաչատրյանի` 19.05.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են, որոնց հիման վրա, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածով, մինչև դատաքննությունն սկսվելը գործերը միավորվել են դատարանի նույն նիստում քննելու համար։

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, օրենսդրության այլ ակտեր և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի 426.2 հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«2. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն միայն այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգիռ անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի»:

Օրենսգրքի 426.4 հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով` դատարանի կիրառած օրենքը հակասահմանադրական է ճանաչել.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից այդ դատարանի հիմնադրման կամ նրա իրավասությունը սահմանող այլ միջազգային պայմանագրին համապատասխան` այդ դատարանը դատավճիռ կամ որոշում է կայացրել, որով հիմնավորվում է, որ տվյալ քրեական գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված այլ նոր հանգամանքների դեպքերում»:

Օրենսգրքի վիճարկվող 426.7 հոդվածի 4-րդ մասը սահմանում է.

«Նոր հանգամանքների հիմքով շահագրգիռ անձի փոխարեն բողոք կարող է ներկայացնել նրա լիազորած անձը, որը բողոքի հետ միաժամանակ դատարան պետք է ներկայացնի նաև իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը: Շահագրգիռ անձի լիազորված անձ կարող է լինել միայն փաստաբանը»:

Քաղաքացի Վ. Խաչատրյանի դիմումը սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմի` 01.06.2009թ. որոշմամբ քննության է ընդունվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4 հոդվածի 1-ին մասի միայն 2-րդ կետի առնչությամբ: Սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասին համապատասխան, հարկ է համարում անդրադառնալ նաև վիճարկվող նորմերի հետ համակարգային առումով փոխկապակցված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրաիրավական բովանդակության հարցին:

2. Ինչպես Ա. Զեյնալյանի և Վ. Խաչատրյանի միացյալ դիմումի, այնպես էլ Վ. Խաչատրյանի դիմումի հիման վրա քննության ընդունված և միավորված գործերի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Վ. Խաչատրյանը 2008թ. հուլիսի 23-ին դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` Գալստյանն ընդդեմ Հայաստանի գործով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա «ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003թ. ապրիլի 7-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը» վերանայելու բողոքով: Դատարանը 2008թ. օգոստոսի 7-ին կայացրել է «Դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշում: Վերջինս բողոքարկվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը վկայակոչելով օրենսգրքի 426.7 հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությամբ ամրագրված դրույթը` Ա. Զեյնալյանին չի ճանաչել որպես վերաքննիչ բողոք բերողի ներկայացուցիչ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 01.10.2008թ. կայացրել է որոշում, որով օրինական ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: ՀՀ վերաքննիչ դատարանի նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան: Վերջինս իր` 19.11.2008թ. որոշմամբ բողոքը թողել է առանց քննության: Ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանի որոշումները հիմնվել են այն պատճառաբանության վրա, որ դիմողը որպես իր վերաբերյալ դատական ակտի վերանայման հիմք է մատնանշել Եվրոպական դատարանի վճիռը, որով արձանագրվել է ոչ թե կոնկրետ դիմողի, այլ մեկ այլ անձի իրավունքի խախտման փաստը:

3. Օրենսգրքի 426.7 հոդվածի սահմանադրականության առնչությամբ դիմողները փաստարկում են, որ այդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությամբ ամրագրված դրույթը` «Շահագրգիռ անձի լիազորված անձ կարող է լինել միայն փաստաբանը», հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1., 18 և 19 հոդվածների պահանջներին: Եթե նման պահանջի նպատակը դատարան ներկայացվող դիմումի մասնագիտական որակի ապահովումն է, ապա այդ նպատակը, ըստ դիմողների, «ի չիք է դառնում, եթե առկա է դիմողի` առանց երրորդ անձի (այդ թվում փաստաբանի) դիմելու անհրաժեշտության անմիջականորեն դատարան դիմելու իրավունքը»: Վիճարկվող դրույթում ամրագրված պահանջն այն պայմաններում, երբ շահագրգիռ անձանց համար երաշխավորված չէ անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու հնարավորությունը, սահմանափակում է դատարանի մատչելիության` անձի իրավունքը:

Դիմող Վ. Խաչատրյանի պնդմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2 հոդվածի 2-րդ մասում և 426.4 հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 6, 22, 18, 19 և 43 հոդվածներին: Այդ հակասությունը, ըստ դիմողի` դրսևորվում է նրանում, որ վիճարկվող նորմերը թույլ չեն տալիս սահմանադրական դատարանի որոշման և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա վերանայել համանման իրավախախտման արդյունքում տուժած անձանց վերաբերյալ դատական ակտը: Դիմողը գտնում է, որ ներպետական մակարդակում Եվրոպական դատարանի վճռի հիման վրա պետք է ապահովվի ոչ միայն այն անձի վերաբերյալ դատական ակտի վերանայումը, որի գանգատի հիման վրա տվյալ վճիռը կայացվել է, այլ նաև այլ անձանց վերաբերյալ դատական ակտերը, որոնց առնչությամբ թույլ է տրվել իրավունքի նույն խախտումը: Ըստ դիմողի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2 հոդվածի 2-րդ մասում «… միայն այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգիռ անձինք …» դրույթը` այնպես, ինչպես դա կիրառվում է ու իրավակիրառական պրակտիկայով իմաստ է ստացել, լուրջ խոչընդոտներ է հարուցում ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա անձանց կոնվենցիոն իրավունքների վերականգնման և պաշտպանության, հետևաբար` նաև ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորության բարեխիղճ կատարման համար»:

4. Պատասխանող կողմը գտնում է, որ դիմող կողմի դիրքորոշումն անընդունելի է, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2000 թվականի հունվարի 19-ի R(2000)2 հանձնարարականի 13-րդ կետում ամրագրված դրույթների պահանջներին համապատասխան պատասխանող պետությունը պարտավոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների հիման վրա վերանայել միայն այն գործերը, որոնցով արձանագրվել է Կոնվենցիայի խախտում, հետևաբար, ինչպես կարծում է պատասխանող կողմը, սահմանադրական դատարանի ՍԴՈ-751 որոշման եզրահանգումները կիրառելի չեն սույն գործով, և դիմող կողմի մատնանշած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով դիմող Վ. Խաչատրյանի վերաբերյալ գործով չի կարող հանդիսանալ նոր հանգամանք հավաստող ապացույց: Այս հիմնավորմամբ պատասխանող կողմը գտնում է, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2 հոդվածի 2-րդ մասն ու 426.4 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չեն առաջացնում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.7 հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ պատասխանող կողմը գտնում է, որ «շահագրգիռ անձի լիազորված անձ կարող է լինել միայն փաստաբանը» դրույթում որևէ խտրականության մասին խոսք չի գնում», և օրենքը սոսկ նպատակ է հետապնդում քաղաքացու իրավունքների ու շահերի պաշտպանությունն իրականացնել համապատասխան որակավորում ունեցող անձի միջոցով, «որը կբարձրացներ այդ նույն իրավունքների շահերի պաշտպանության արդյունավետությունը»:

Պատասխանող կողմը միաժամանակ արտահայտում է այն կարծիքը, թե «… այլ հարց է, թե որքանո՞վ է ներկա պայմաններում նման սահմանափակումը օգնում վերը նշված նպատակների իրականացմանը …»: Ըստ պատասխանողի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում վերոհիշյալ նորմի նախատեսումն արդարացված է և բխում է բողոք բերած անձի շահերից, իսկ կիրառված պոզիտիվ խտրականությունը համաչափ է և ողջամիտ, քանի որ տեսական ու պրակտիկ համապատասխան գիտելիքներ ունեցող փաստաբանը կարող է առավելագույնս արդյունավետ ձևով ներկայացնել իր վստահորդի շահերը:

5. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել նոր հանգամանքների հիմքով քրեական գործերով դատական ակտերի վերանայման վարույթի բնորոշ առանձնահատկությունները՝ ելնելով դիմողների հարցադրումների բովանդակությունից, հաշվի առնելով նաև, որ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-701, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767 որոշումներով անդրադարձել է նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուտի էությանն ու բովանդակությանը, դրա կիրառման և օրենսդրական կարգավորման արդյունավետության ու սահմանադրականության խնդիրներին:

Նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտն ըստ էության ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում իր ամրագրումն ստացավ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14.12.2004թ. ՀՕ-57-Ն ՀՀ օրենքով, համաձայն որի՝ այդ օրենսգիրքը լրացվեց 408.1, 410.1 հոդվածներով, որոնք համապատասխանաբար սահմանում էին նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու հիմքերը և վարույթ հարուցելու կարգը: 28.11.2007թ. ՀՕ-270-Ն ՀՀ օրենքով նշված հոդվածները ճանաչվեցին ուժը կորցրած և ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը լրացվեց «Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով» վերտառությամբ 12.1 բաժնով: Արդյունքում, նշված օրենքով լրացված օրենսգրքի 426.4 հոդվածը որպես նոր հանգամանք է դիտարկում ՀՀ սահմանադրական դատարանի` տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշումը, ինչպես նաև, ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից այդ դատարանի հիմնադրման կամ նրա իրավասությունը սահմանող այլ միջազգային պայմանագրին համապատասխան` այդ դատարանի ակտը, որով հիմնավորվում է, որ տվյալ քրեական գործի քննության ժամանակ ՀՀ դատարանը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին, քանի որ դրանք պարտադիր իրավաբանական ուժ ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում:

Անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի բովանդակությանը` ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-767 որոշմամբ արձանագրելով քաղաքացիական և քրեական գործերով այդ ինստիտուտի իրավակարգավորման ընդհանրությունները, կարևորել է նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման լիարժեք և արդյունավետ համակարգի առկայությունը քրեական դատավարության շրջանակներում, ելնելով այն իրողությունից, որ «քրեական պատասխանատվություն նախատեսող դատական ակտերն առանձնակի նշանակություն ունեն՝ հաշվի առնելով անձի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու և դրանից բխող հետևանքների առկայության հանգամանքը»: Հետևաբար, սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը հնարավոր ու անհրաժեշտ է համարում քրեական գործերով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորման սահմանադրականությունը միաժամանակ գնահատել ինչպես այդ ակտերի վերանայման նախատեսված հիմքերի, այնպես էլ այդպիսի գործերով շահագրգիռ անձանց ներկայացուցչության ինստիտուտի իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելու միջոցով: Սահմանադրական դատարանը միաժամանակ կարևորում է քրեական և քաղաքացիական գործերով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորման օբյեկտիվ առանձնահատկությունների օրենսդրական հստակ ամրագրումն այնքանով, որքանով այն անհրաժեշտ է անձանց խախտված իրավունքների ու ազատությունների (թե՛ սահմանադրական և թե՛ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների (այսուհետ՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներ)) ներպետական արդարադատական (ընդհանուր դատական և սահմանադրական-արդարադատական) եղանակով արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար:

6. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու հիմքերի, ինչպես նաև այդ հանգամանքների հիմքով վարույթ հարուցելու գործող օրենսդրական կարգի ուսումնասիրությունը վկայում է, որ նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի նպատակը, ինչպես արձանագրվել է նաև սահմանադրական դատարանի վերոհիշյալ համապատասխան որոշումներում, հակասահմանադրական ճանաչված օրենքի կիրառման հետևանքով անձանց խախտված սահմանադրական և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների վերականգնումն է: Այսինքն` նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտն անձանց խախտված իրավունքների վերականգնման իրավական կարևոր միջոց է: Վերջինիս իրավական բովանդակությունը, սույն գործի շրջանակներում, թույլ է տալիս հատկանշել քրեական և քաղաքացիական դատավարության շրջանակներում կարգավորման հետևյալ սկզբունքային առանձնահատկությունները.

- նոր հանգամանքներով վարույթ հարուցելու նախաձեռնության դրսևորման հարցում անձինք (շահագրգիռ անձը, վերջինիս ներկայացուցիչը) պետք է օժտված լինեն միևնույն կարգավիճակով (համարժեք իրավունքներով և պարտականություններով), որպիսի հանգամանքը վիճարկվող նորմերում հաշվի է առնված,

- նոր հանգամանքներով վարույթի իրավակարգավորումը, գլխավորապես, թելադրված կամ պայմանավորված չպետք է լինի քրեական կամ քաղաքացիական դատավարության առանձնահատկություններով, մասնավորապես՝ այդ վարույթի իրավակարգավորման առանձին տարրեր չեն կարող բացառապես հիմնավորվել կամ արդարացվել դատավարության այս կամ այն տեսակի էությամբ և առանձնահատկություններով,

- պայմանավորված վերոհիշյալ հանգամանքներով` ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված` նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման կարգը, ըստ էության, պետք է երաշխավորի անձանց խախտված իրավունքների և ազատությունների արդյունավետ վերականգնման համարժեք հնարավորություն:

7. Քրեական գործով վարույթի իրավակարգավորման առանձնահատկությունների ուսումնասիրությունը վկայում է, որ փաստաբանի մասնակցության անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես մրցակցային դատավարության շրջանակներում մեղադրանքը հերքող, ամբաստանյալի պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքների բացահայտման և դատարանին ներկայացնելու անհրաժեշտությամբ: Մինչդեռ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի նպատակը անձանց խախտված իրավունքների (սահմանադրական կամ Կոնվենցիայով երաշխավորված) վերականգնման հնարավորության և ոչ թե քրեական մեղադրանքի հարցի լուծումն է:

Օրենսդրի տարբերակված մոտեցումը՝ քրեական վարույթում շահագրգիռ անձանց ներկայացուցչության ինստիտուտի իրավակարգավորման և բացառապես փաստաբանին որպես լիազորված անձ նախատեսելու հարցում, պայմանավորված է նաև սահմանադրական դատարանի կամ միջազգային դատարանի համապատասխան ակտի հիման վրա անձանց շահերը ներկայացնելու խնդրում մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու անհրաժեշտությամբ, որն անհրաժեշտ և իրավաչափ պայման է՝ այդ վարույթում անձանց իրավունքների արդարադատական արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.7 հոդվածի 4-րդ մասի վիճարկվող դրույթի սահմանադրականությունը գնահատել նաև նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վերաբերյալ բողոք ներկայացնելու կապակցությամբ անվճար հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրման իրավական հնարավորության տեսանկյունից, որը սահմանադրական դատարանի ՍԴՈ-756 որոշման համաձայն կարևոր չափանիշ է իրավաբանական օգնություն ստանալու` անձի սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացման գործող երաշխիքները գնահատելու տեսանկյունից:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չեն երաշխավորում փաստաբանական անվճար ծառայություն այն անձանց համար, ովքեր ի վիճակի չեն անվճարունակության կամ այլ հիմքով ապահովելու իրենց շահերի պաշտպանությունը: Մասնավորապես, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածը` ի դեմս պետության, երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն (հանրային պաշտպանություն) խիստ սահմանափակ դեպքերում. «... քրեական գործերով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և նախատեսված դեպքերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ... դեպքերում»:

Սահմանադրական դատարանն իր` 2008թ. հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշմամբ բացահայտելով իրավաբանական օգնության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը` ընդգծել է, որ «ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 1-ին մասի ընկալմամբ՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ, որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորություն, և երկրորդ, պետության պարտականությունը՝ ապահովելու այդպիսի անվճար օգնություն՝ կարիք ունեցող անձանց համար: Պետության նշված պարտականությունը նաև ենթադրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատավարության համապատասխան (այդ թվում՝ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման) փուլում անհրաժեշտ է փաստաբանի պարտադիր ներկայացուցչություն, կամ այն բխում է դատավարության շահերից, ապա յուրաքանչյուր կարիքավոր անձ պետք է իրավունք և երաշխավորված հնարավորություն ունենա ստանալու այդպիսի օգնություն: Ընդ որում, որպես այդպիսի կարիքի գնահատման չափանիշ առաջին հերթին կարևորվում է անձի վճարունակության մակարդակը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ անհրաժեշտության դեպքում պետության հաշվին անձին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորության վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթը չի կարող մեկնաբանվել որպես ընդհանուր կանոնից բացառություն՝ արդյունքում գործով շահագրգիռ կարիքավոր անձանց առնչությամբ անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու օրենքով խիստ մասնավոր դեպքեր նախատեսելու համար:

Հետևաբար, վիճարկվող նորմում փաստաբանի միջոցով ներկայացուցչության վերաբերյալ պարտադիր պահանջը, փաստաբանների կողմից` դատական ակտերի վերանայման վերաբերյալ բողոք ներկայացնելու կապակցությամբ անվճար հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրման հնարավորություն չնախատեսելու պայմաններում, անհամաչափորեն սահմանափակում է անձի խախտված սահմանադրական և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու միջոցով վերականգնման հնարավորությունը` վտանգելով անձի թե՛ սահմանադրական արդարադատության իրավունքի և թե՛ իր խախտված իրավունքները միջազգային ատյաններում դատական կարգով պաշտպանելու սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումը:

Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է դատավարության մասնակից ճանաչելու պահանջի իրավունքի և այն խախտվելիս վերականգնելու երաշխիքների (մասնավորապես՝ դատական կարգով) վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100 հոդվածում ամրագրված նորմերի ընդհանուր իրավակարգավորիչ նշանակությունն ու դրանց տրամաբանական զարգացման անհրաժեշտությունը քրեական դատավարության բոլոր, այդ թվում նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման փուլում (ներառյալ այն դեպքերը, երբ համապատասխան միջնորդությունը մերժվել է միջանկյալ դատական ակտով, հատկապես, երբ այդ ակտով ուղղակի շոշափվում են անձի սահմանադրական կամ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները):

Հետևաբար, անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` սույն գործով վիճարկվող 426.7 հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության խնդրին, դատարանը դիմող կողմի փաստարկները համարում է հիմնավոր, միաժամանակ հաստատագրում, որ խնդրի լուծումը պահանջում է համալիր իրավակարգավորում՝ կապված նաև դատավարության մյուս փուլերում երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրման` օրենքով նախատեսված հիմքերի ընդարձակման հետ: Դատարանը վերահաստատում է իր ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, համաձայն որի. «... փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու պահանջը կարող է իրավաչափ համարվել, եթե բխում է ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերից՝ ներկայացուցչությունն իրականացնելով արհեստավարժ և փորձառու մասնագետների միջոցով ... միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու ինստիտուտը՝ որպես այլընտրանքային տարբերակ, իրավաչափ կարող է համարվել միայն այն դեպքում, երբ օրենսդրությունը փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունը երաշխավորի յուրաքանչյուրի համար՝ անկախ տվյալ անձի ֆինանսական հնարավորություններից»: Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձանց փաստաբանական ծառայությամբ ապահովելու իրավակարգավորման համանման սկզբունքի կիրառումն անհրաժեշտ է քրեական վարույթի բոլոր՝ այդ թվում նոր հանգամանքների հիմքով դատական ակտերը վերանայելու փուլում: Այս համատեքստում էլ ՀՀ Ազգային ժողովի իրավասության խնդիրն է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ դատավարական օրենսգրքերում և համապատասխան այլ օրենքներում նախատեսել գործով շահագրգիռ և կարիքավոր անձանց իրավաբանական (փաստաբանական) անվճար օգնություն տրամադրելու առավել լայն երաշխիքներ:

8. Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4 հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված դրույթների սահմանադրականությանը` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում խնդիրը դիտարկել նախ` ՍԴՈ-751 որոշման պահանջների և իրավական դիրքորոշումների տեսանկյունից: Սահմանադրական դատարանն իր որոշումների իրավական հետևանքների և դրանց հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի կիրառման պրակտիկան ուսումնասիրելով` արձանագրել է, որ դատարանների կողմից վերանայվում են միայն այն անձանց առնչությամբ կայացված դատական ակտերը, որոնց դիմումի հիման վրա սահմանադրական դատարանն ընդունել է օրենքի կիրառված դրույթի` Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում և նշել, որ նման իրավակիրառական պրակտիկան «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 12-րդ մասում ամրագրված՝ «դիմող» եզրույթի բովանդակությանը սահմանափակ մեկնաբանություն հաղորդելու արդյունք է: Սահմանադրական դատարանը վերոհիշյալ որոշմամբ շեշտել է, որ «տվյալ դեպքում «դիմող» հասկացությունը պետք է մեկնաբանվի լայն իմաստով և անձի սահմանադրական արդարադատության իրավունքի իրացումը պետք է օրենսդրորեն երաշխավորված լինի», և նշել է, որ սահմանադրական դատարանի միջոցով տրամադրվող իրավական պաշտպանությունից օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում օգտվելու հնարավորությունը լիարժեք կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերանայվեն նաև այն անձանց առնչությամբ կայացված դատական ակտերը, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման և տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցով սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջև ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը (ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 5-րդ մասի պահանջից): Հետևաբար, սահմանադրական դատարանն ընդգծել է օրենսդրի պարտականությունը` սահմանել նոր հանգամանքների հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի հստակ իրավակարգավորում, որը երաշխավորի անձի՝ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետով ամրագրված՝ սահմանադրական դատարան դիմելու իրավունքի, ինչպես նաև Սահմանադրության 19 հոդվածում ամրագրված իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը: Սահմանադրական դատարանը նշել է, որ «անհրաժեշտ է հստակ ամրագրել նաև այն անձանց վերաբերյալ դատական ակտերը վերանայելու օրենսդրական պահանջ, որոնք թեև սահմանադրական դատարանում չեն հանդիսացել դատավարության կողմ, սակայն սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից զրկված են եղել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կամ 5-րդ մասերի ուժով»: Դրանով իսկ կարևորվել է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի կարգի սահմանումը, որը լիարժեք հնարավորություն կընձեռի անձին սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերականգնելու Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի կիրառման արդյունքում խախտված իր իրավունքը:

Հաշվի առնելով, որ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայումը` որպես անձի սահմանադրական իրավունքների պաշտպանության միջոց, սահմանադրական դատարան դիմելու (ՀՀ Սահմ. 101 հոդվածի 6-րդ կետ) միջոցով անձի սահմանադրական իրավունքների պաշտպանության իրավունքի բաղադրատարրն է, սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա անձինք իրենց նկատմամբ կայացված դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու իրավունքից կարող են օգտվել, եթե իրացրել են սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը (այսինքն՝ առկա է սահմանադրական դատարանի որոշումը՝ անձանց նկատմամբ կիրառված օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ) կամ սահմանադրական դատարանի նոր հանգամանք հանդիսացող որոշման կայացման պահին (կամ նույն հարցով այլ դիմումների հիման վրա դատաքննությունն սկսելու օրվա դրությամբ) ունեցել են այդպիսի իրավունքն օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու պոտենցիալ հնարավորություն:

Վերահաստատելով իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա համանման գործերով դատական ակտերի նոր հանգամանքներով վերանայման հնարավորությունը պետք է քննարկվի, մի կողմից` սահմանադրական արդարադատության իրավունքի արդյունավետության ապահովման, մյուս կողմից` իրավական որոշակիության և իրավական անվտանգության սկզբունքների երաշխավորման անհրաժեշտության տեսանկյունից, որոնք պահանջում են սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման հնարավորության իրացման ժամկետային որոշակի սահմանափակում:

Հետևաբար, վերոհիշյալ վեցամսյա ժամկետի ավարտից հետո ընդունված դատական ակտով շահագրգիռ անձը չի կարող սահմանադրական դատարանի որոշման հիման վրա իրացնել նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման իր իրավունքը:

Այսպիսով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4 հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված դրույթի սահմանադրականությունը սահմանադրական դատարանը գնահատում է ելնելով իր ՍԴՈ-751 որոշմամբ արտահայտված, ինչպես նաև վերոհիշյալ դիրքորոշումներից և գտնում, որ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա քրեական գործերով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման գործող իրավակարգավորումը լիարժեք չի երաշխավորում շահագրգիռ անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունը:

9. Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ՀՀ Ազգային ժողովն առայժմ չի անդրադարձել սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին համապատասխան օրենսդրական վերակարգավորման խնդրին, որն էական խոչընդոտ է նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթում շահագրգիռ անձանց սահմանադրական իրավունքներն արդյունավետ պաշտպանելու համար:

Սահմանադրական դատարանը մատնանշում է նաև ՍԴՈ-751 որոշման պահանջների, դրանում արտահայտված իրավական դիրքորոշումների իրացման անհրաժեշտությունը դատական պրակտիկայում: Դատարանների իրավակիրառական համապատասխան պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա առավելապես վերանայվում են այն անձանց վերաբերյալ կայացված դատական ակտերը, որոնց դիմումի հիման վրա կայացվել է սահմանադրական դատարանի` նոր հանգամանք հանդիսացող որոշում:

Սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկան միարժեք վկայում է, որ սահմանադրական արդարադատության մարմինների որոշումներում սահմանադրության կամ օրենքի նորմի իրավական բովանդակության բացահայտման (մեկնաբանման) միջոցով արտահայտված իրավական դիրքորոշումները պարտադիր բնույթ ունեն ինչպես իրավակիրառողների, այնպես էլ օրինաստեղծ մարմինների համար:

10. Միաժամանակ, ելնելով սույն գործով դիմող և պատասխանող կողմերի դիրքորոշումներից` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության` սահմանադրական դատարանի որոշումները, որպես կանոն, չունեն հետադարձ ուժ և չեն տարածվում մինչ սահմանադրական դատարանի որոշման ընդունումը ծագած և դատական կամ վարչական ակտերով կարգավորված իրավահարաբերությունների վրա: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 12-րդ և 13-րդ մասերը նախատեսում են վերոհիշյալ ընդհանուր կանոնից բացառություններ` տարբերակված մոտեցում դրսևորելով քաղաքացիաիրավական և քրեաիրավական հարաբերությունների առնչությամբ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 13-րդ մասում նախատեսված բացառության համաձայն քրեական օրենսգրքի կամ վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, առանց որևէ ժամկետային սահմանափակման, վերանայման են ենթակա այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող ժամանակահատվածում ընդունված բոլոր դատական և վարչական ակտերը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 426.2 հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթը` «բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով … նախատեսված դեպքերի» ձևակերպմամբ նաև հաշվի է առել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 13-րդ մասով նախատեսված բացառությունը` ապահովելով նշված նորմով նախատեսված` սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա այն անձանց վերաբերյալ դատական ակտերի վերանայումը, ովքեր տվյալ գործով սահմանադրական դատարանում դատավարության կողմ չեն հանդիսացել:

11. Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա ներպետական մակարդակում, ի լրումն տվյալ վճռի կոնկրետ հասցեատիրոջ, նաև համանման իրավախախտման արդյունքում տուժած այլ անձանց վերաբերյալ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վերաբերյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նախատեսված դրույթի սահմանադրականությանը, ապա սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում այն դիտարկել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) նպատակի, Կոնվենցիայի առաջին հոդվածին համապատասխան մասնակից պետությունների ստանձնած ընդհանուր պարտավորության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) առաքելության ու գործառույթների համատեքստում՝ համադրելով այն ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 4-րդ մասում և 19 հոդվածում ամրագրված իրավունքների սահմանադրաիրավական բովանդակության հետ:

ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 4-րդ մասում ամրագրված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին դիմելու անձի սուբյեկտիվ իրավունքը` որպես այդ իրավունքների ու ազատությունների պաշտպանության միջազգային-իրավական կարևոր միջոց: ՀՀ քրեական դատավարության վիճարկվող նորմի համատեքստում, անձի սահմանադրական այդ իրավունքն իրացվում է արդարադատական եղանակով, այսինքն՝ դատարան դիմելու միջոցով՝ հանդիսանալով ՀՀ Սահմանադրության 19 հոդվածով երաշխավորված անձի իրավունքի դրսևորման առանձնահատուկ ձև և իրականացվում է Կոնվենցիայում (կից համապատասխան արձանագրություններով) սահմանված ընթացակարգով:

Կոնվենցիայի նպատակն է մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական հասարակության գաղափարների և արժեքների պահպանումը։ Կոնվենցիայում և դրան կից արձանագրություններում ամրագրված պարտավորությունների սահմանադրականությունը սահմանադրական դատարանը գնահատել է իր ՍԴՈ-350 որոշմամբ12 և նշել, որ Կոնվենցիայի նշված նպատակին համապատասխան մասնակից պետությունները, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետությունը, պարտավոր են ապահովել Կոնվենցիայի I բաժնում սահմանված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար: Կոնվենցիայի 19 հոդվածի համաձայն` Եվրոպական դատարանը հիմնվել է Կոնվենցիայով և կից արձանագրություններով անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Այդ գործառույթը Եվրոպական դատարանը կատարում է միջպետական գանգատների, անհատական գանգատների և Կոնվենցիայի մեկնաբանության հետ կապված խորհրդատվական եզրակացություններ տալու միջոցով։

Եվրոպական դատարանի՝ կոնկրետ անհատական գանգատի վերաբերյալ կայացրած յուրաքանչյուր վճիռ ուղղված է ոչ միայն տվյալ անձի իրավունքների պաշտպանությանը, այլև՝ պատասխանող պետության կողմից Կոնվենցիայով ստանձնված այս կամ այն պարտավորության կատարումն ապահովելուն։ Տվյալ պարտավորության կատարումը պատշաճ երաշխավորելու համար հաճախ բավարար չէ միայն անհատական գանգատ ներկայացրած անձի իրավունքների վերականգնումը, եթե խնդիրն առնչվում է ներպետական իրավական համակարգի այնպիսի բարեփոխումների իրականացման անհրաժեշտությանը, որոնք կոչված լինեն ապահովելու մարդու՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ու ազատությունների երաշխավորված պաշտպանություն: Հետևաբար, անհատական գանգատները և Եվրոպական դատարանի կողմից դրանք քննության ընդունելու արդյունքում կայացված որոշումները հաճախ իրավական այն միջոցներն են, որոնք մատնանշում են ներպետական համակարգում իրավակարգավորման, իրավակիրառական (այդ թվում՝ դատական) պրակտիկայի կատարելագործման կոնկրետ ուղիներ:

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-758 որոշմամբ արձանագրել է, որ «… Եվրոպական դատարանի պրակտիկայում հետևողականորեն զարգանում է, այսպես կոչված՝ ուղենիշ (ղեկավար) վճիռների ինստիտուտը … Հաշվի առնելով Եվրոպական դատարանի պրակտիկայում առկա այդ զարգացումները և ելնելով ուղենիշ վճիռների հիման վրա ներպետական մակարդակում Եվրոպական դատարան դիմած քաղաքացիների իրավունքների վերականգնման հնարավորությունն ապահովելու անհրաժեշտությունից, ներպետական օրենսդրությունը պետք է այս հանգամանքը նույնպես հստակ ամրագրի»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՍԴՈ-758 որոշմամբ արտահայտված իրավական վերոհիշյալ դիրքորոշումները դեռևս մնացել են անհետևանք:

Վերահաստատելով ՍԴՈ-758 որոշմամբ արտահայտած իր վերոհիշյալ դիրքորոշումները, հաշվի առնելով Եվրոպական դատարանի ուղենիշ վճիռների բովանդակությունը, դրանցով հետապնդվող հանրային-իրավական նպատակն ու կարևորությունը` կատարելագործելու մարդու իրավունքների պաշտպանության ներպետական իրավական համակարգը, նաև հաշվի առնելով Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական իրավահամակարգի կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (2004)3 հանձնարարականի դրույթները` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովի խնդիրն է նախատեսել օրենսդրական կարգավորման այնպիսի միջոցներ, որոնց առկայությամբ կերաշխավորվի ոչ միայն Եվրոպական դատարանի ուղենիշ վճիռների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրավահամակարգային բնույթի բարեփոխումների իրականացումը, այլև այն անձանց` Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների դատական կարգով արդյունավետ պաշտպանության ապահովումը, ովքեր Եվրոպական դատարանի կողմից համապատասխան վճռի կայացման պահին (կամ նույն հարցով այլ դիմումների հիման վրա դատաքննությունն սկսելու օրվա դրությամբ) ունեցել են այդ իրավունքը Կոնվենցիայով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 101 հոդվածի 6-րդ կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1, 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.7 հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությամբ ամրագրված դրույթը` սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19 հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2 հոդվածի 2-րդ մասը և դրա հետ համակարգային փոխկապակցվածության մեջ գտնվող` 426.4 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19 հոդվածի պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով սահմանափակվում է նոր հանգամանքների հիմքով այն անձանց իրավունքների վերականգնման հնարավորությունը, ովքեր տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու պոտենցիալ հնարավորություն:

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

13 հոկտեմբերի 2009 թ.

ՍԴՈ-833