Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջԵՎ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
ղեկավարվելով 1997 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» Պայմանագրի սկզբունքներով,
ղեկավարվելով 1992 թվականի հունիսի 26-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև ատոմային էներգիայի բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին» Համաձայնագրով,
հաստատելով երկու Կողմերի հավատարմությունը միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդմանը, որը հիմնված է 1968 թվականի հուլիսի 1-ի «Միջուկային զենքի չտարածման մասին» Պայմանագրի վրա,
գիտակցելով միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համապատասխան միջոցառումների անհրաժեշտությունը և հաստատելով 1987 թվականի փետրվարին ուժի մեջ մտած «Միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության մասին» Կոնվենցիայի շրջանակներում ընդունած պարտականությունների անշեղորեն պահպանումը և ընդունելով ի գիտություն, որ երկու երկրներն էլ ԱԷՄԳ-ի հետ ունեն Համաձայնագիր երաշխիքների կիրառման մասին՝ կապված «Միջուկային զենքի չտարածման մասին» Պայմանագրի հետ,
նշելով, որ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը օժանդակում է տնտեսության բազմակողմանի զարգացմանը և մարդկանց բարեկեցության բարձրացմանը, ինչպես նաև նպաստում է գիտատեխնիկական նորագույն մշակումների, առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը և հնարավորություն է տալիս պահպանելու օրգանական վառելիքի բնական պաշարները,
գիտակցելով պատասխանատվությունը իրենց ժողովուրդների և միջազգային հանրության առջև ատոմային էներգետիկայի օբյեկտների անվտանգ շահագործման ապահովման համար,
ղեկավարվելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններով և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման անհրաժեշտությամբ, որը հիմնված է երկու երկրների ազգային արժանապատվության և անկախության հարգման, ներքին գործերին չմիջամտելու և հավասարության սկզբունքների վրա,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Ղեկավարվելով սույն Համաձայնագրի դրույթներով՝ Կողմերը մտադիր են իրականացնել համագործակցություն հետևյալ ուղղություններով.
նոր ԱԷԿ-ների նախագծում, կառուցում և շահագործման հանձնում, այդ թվում նաև այլ երկրների տարածքում,
ԱԷԿ-ներում գործող էներգաբլոկների անվտանգության բարձրացում և տեխնիկատնտեսական ցուցանիշների բարելավում,
ԱԷԿ-ների շահագործում,
ԱԷԿ-ների շահագործումից հանում,
ԱԷԿ-ների համար միջուկային վառելիքի մատակարարում,
ԱԷԿ-ների անվտանգության ապահովում, ԱԷԿ-ների հիմնական սարքավորումների դիագնոստիկայի և վերահսկողության համակարգերի, շահագործման օժանդակության համակարգերի և վթարների վերացման համակարգերի զարգացում և կատարելագործում,
էներգետիկական ռեակտորներում օգտագործվող սարքավորումների, համալրվող արտադրանքի, սարքերի, պահեստամասերի և նյութերի (ներառյալ միջուկային նյութերը) արդյունաբերական արտադրություն և մատակարարում, այդ թվում՝ կոոպերացիայի հիման վրա,
օգտագործված միջուկային վառելիքի և ճառագայթաակտիվ ճառագայթման աղբյուրների վերամշակում և պահպանում, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների հետ վերաբերմունք,
ԱԷԿ-ների անվտանգության ապահովման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում՝ նրանց կյանքի բոլոր փուլերի համար (նախագծում, կառուցում, շահագործում, շահագործումից հանում),
միջուկային նյութերի հաշվառում ու վերահսկում, ատոմային էներգետիկայի օբյեկտների և աշխատած ճառագայթաակտիվ ճառագայթման աղբյուրների ֆիզիկական պաշտպանության իրականացում,
միջուկային և ռադիացիոն ավտանգություն, շրջակա միջավայրի պահպանություն,
կադրերի պատրաստում Կողմերի բարձրագույն ուսումնական հաստատություններում և ուսումնավարժական կենտրոններում՝ համաձայնեցված ծրագրերով,
փորձի փոխանակում ատոմային էներգիայի օգտագործման տնտեսական արդյունավետության ապահովման բնագավառում,
համագործակցության շրջանակներում մասնագետների և գիտնականների փոխանակում՝ առանձին ծրագրերի իրականացման և ներդրման համար,
միջուկային նյութերի և տեխնոլոգիաների կիրառում բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառներում,
արտադրված էլեկտրաէներգիայի արտահանման իրականացում,
ատոմային գիտության և տեխնիկայի բնագավառում հիմնարար ու կիրառական հետազոտությունների զարգացում,
հասարակությանը ատոմային էներգիայի օգտագործման հարցերում տեղեկացում,
սույն Համաձայնագրի շրջանակներից դուրս չեկող համագործակցության այլ ուղղություններ՝ Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նախատեսված համագործակցությունը իրականացվում է հետևյալ կերպ.
համատեղ ծրագրերի ու նախագծերի պլանավորմամբ և մշակմամբ,
ատոմային էներգետիկայի բնագավառում փոխշահավետ համագործակցությունն ապահովող ծրագրերի և նախագծերի իրականացման համար մշտական գործող երկկողմ աշխատանքային խմբերի ձևավորմամբ,
համաձայն Կողմ պետությունների գործող օրենսդրության՝ երկու Կողմերի կազմակերպությունների միջև պայմանագրերի և/կամ կոնտրակտների կնքմամբ,
գիտական, տեխնիկական և ղեկավար անձնակազմի ուսուցման և վերապատրաստման փոխադարձ օգնության կազմակերպմամբ,
փորձագետների փոխանակմամբ,
հետազոտական, տեխնոլոգիական, տնտեսական և ղեկավարման հիմնահարցերի վերաբերյալ փոխադարձ խորհրդատվությամբ,
տեղեկության փոխանակմամբ,
Կողմերի համաձայնությամբ՝ համագործակցության այլ ձևերի օգտագործմամբ,
գիտատեխնիկական մշակումների և արտադրանքի պատրաստման իրականացման համար ներդրողների միջոցների որոնմամբ և ներգրավմամբ,
արտասահմանյան ներդրումներով ձեռնարկությունների ստեղծմամբ:
Հոդված 3
Համագործակցությունը, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի առարկան, ծառայում է միայն ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման, և չի օգտագործվում միջուկային զենքի և այլ միջուկային պայթուցիկ սարքերի ստեղծման կամ որևէ այլ ռազմական նպատակի հասնելու համար:
Համագործակցության իրականացման ընթացքում Կողմերը պետք է ղեկավարվեն հետևյալով.
միջուկային արտահանումը սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվում է՝ համաձայն Կողմ պետությունների այն պարտավորությունների, որոնք բխում են «Միջուկային զենքի չտարածման մասին» 1968 թվականի հուլիսի 1-ի Պայմանագրից, միջուկային արտահանման մատակարարների խմբերի ղեկավարող սկզբունքներից և այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են Կողմ պետությունները:
Կողմերը պարտավորվում են չօգտագործել փոխանցվող սարքավորումները, նյութերը և կրկնակի օգտագործման տեխնոլոգիաները կամ նրանցից վերարտադրած ցանկացած կրկնօրինակները միջուկային պայթուցիկ սարքավորումների հետ կապված ցանկացած գործունեությունում:
Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է նախնական թույլատվություն խնդրել մյուս Կողմից միջուկային գործունեության ցանկացած այլ բնագավառում այդ առարկաները օգտագործելու համար: Կողմերը կտեղեկացնեն միմյանց նշված գուծունեության մասին:
Կողմերից յուրաքանչյուրը չի վերաարտահանի այդ առարկանները երրորդ երկրներ առանց մյուս Կողմի գրավոր համաձայնության:
Հոդված 4
Սույն Համաձայնագրում նախատեսված համագործակցության իրականացման պայմանները որոշվում են երկու Կողմերի կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով և/կամ կոնտրակտներով՝ համաձայն Կողմ պետությունների գործող օրենսդրության:
Պայմանագրերի և/կամ կոնտրակտների նախագծերը ստորագրվելուց առաջ կհամաձայնեցվեն Կողմերի իրավասու մարմինների հետ:
Հոդված 5
Կողմերը խրախուսում և հեշտացնում են համագործակցությունը իրենց իրավաբանական անձերի միջև այն հարցերում, որոնք ընդգրկված են սույն Համաձայնագրի գործողության ոլորտում:
Համաձայն սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի՝ համատեղ ծրագրերը (նախագծերը) հաստատվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից:
Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության պետական գաղտնիք հանդիսացող տեղեկության փոխանակում չի իրականացվում:
Տեղեկությունը, որը փոխանցվում է սույն Համաձայնագրի համաձայն կամ ստացվում է նրա կատարման արդյունքում, եթե Կողմերից մեկի կողմից դիտարկվում է զգայուն կամ գաղտնի, ապա ստույգ որոշվում և նշվում է:
Զգայուն կամ գաղտնի տեղեկության հետ վերաբերմունքը իրականացվում է տեղեկություն ստացող Կողմ պետության օրենսդրության համաձայն, և այդ տեղեկությունը առանց այդպիսի տեղեկություն փոխանցող Կողմի գրավոր թույլտվության չի բացահայտվում կամ փոխանցվում որևէ երրորդ Կողմի, որը չի մասնակցում սույն Համաձայնագրի կատարմանը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ այդպիսի տեղեկության հետ վարվում են այնպես, ինչպես այն տեղեկության հետ, որը հանդիսանում է ծառայողական գաղտնիք: Այդպիսի տեղեկությունը ապահովվում է համապատասխան պաշտպանությամբ:
Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն՝ այդպիսի տեղեկության հետ վարվում են այնպես, ինչպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ: Այդպիսի տեղեկությունը ապահովվում է համապատասխան պաշտպանությամբ:
Կողմերը, իրենց ազգային օրենսդրության համաձայն, ապահովում են սույն Համաձայնագրի համաձայն փոխանցվող կամ նոր ստեղծվող մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանություն և բաշխում: Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և բաշխման հարցերը կարգավորվում են Կողմերի կազմակերպությունների միջև համագործակցության կոնկրետ ուղղություններով կնքված պայմանագրերով և/կամ կոնտրակտներով:
Կողմերը սույն Համաձայնագրի դրույթները չեն օգտագործում առևտրական առավելություններ ստանալու կամ մյուս Կողմի առևտրական կապերում դժվարություններ ստեղծելու նպատակներով:
Կողմերը համագործակցում են իրենց պետությունների տարածքով միջուկային նյութերի տարանցիկ տեղափոխման հետ կապված հարցերում:
Հոդված 6
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքները և պարտավորությունները, որոնք բխում են ստորագրման պահին երրորդ երկրների հետ արդեն կնքված համաձայնագրերից:
Հոդված 7
Կողմերից մեկի խնդրանքով անց են կացվում խորհրդակցություններ՝ սույն Համաձայնագրի արդյունավետ կատարումը ապահովելու նպատակով:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի դրույթները կատարելու համար իրավասու մարմիններ են հանդիսանում.
Հայաստանի Հանրապետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը և ՀՀ պետատոմհսկողությունը (միջուկային և ռադիացիոն անվտանգության մասով),
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության ատոմային էներգիայի նախարարությունը և միջուկային ռադիացիոն անվտանգության դաշնային հսկողությունը (միջուկային և ռադիացիոն անվտանգության մասով):
Հոդված 9
Վեճերը, որոնք կարող են ծագել Կողմերի միջև սույն Համաձայնագրի որևէ հոդվածի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ, լուծվում են բանակցությունների ճանապարհով կամ այլ ընթացակարգի օգնությամբ համաձայնեցվում են Կողմերի միջև:
Հոդված 10
Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն որպես առանձին արձանագրություններ:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի միջպետական ընթացակարգի կատարումը հաստատող վերջին ծանուցումը ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է 3 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 3 տարի ժամանակահատվածներով, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ մյուս կողմին չի ծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագիրը, անգամ նրա գործողության դադարումից հետո, կկիրառվի ցանկացած չավարտված գործարքի համար, որը կնքվել է նրա գործողության ընթացքում:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2000 թվականի սեպտեմբերի 25-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 17-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|