Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
27.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Միջպետական բանկը,

հիմնվելով Միջպետական բանկի հիմնադրման մասին 1993 թվականի հունվարի 22-ի Համաձայնագրի և այլ հիմնադիր փաստաթղթերի վրա, Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գործունեության տարածքում Միջպետական բանկի գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոհիշյալ հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունը`

ա) «Բանկ»` Միջպետական բանկ,

բ) «Համաձայնագիր Բանկի հիմնադրման մասին»` Համաձայնագիր Միջպետական բանկի հիմնադրման մասին` ստորագրված 1993 թվականի հունվարի 22-ին` Մինսկ քաղաքում, և դրա ցանկացած ուղղում ու լրացում,

գ) «Բանկի կանոնադրություն»` Բանկի հիմնադրման մասին Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Միջպետական բանկի կանոնադրությունը` ընդունված 1993 թվականի հունվարի 22-ին` Մինսկ քաղաքում, և դրա ցանկացած փոփոխություն ու լրացում,

դ) «առանձնացված ստորաբաժանում»` ներկայացուցչություն, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Բանկի մասնաճյուղ,

ե) «համապատասխան իշխանություններ»` Հայաստանի Հանրապետության պետական իշխանության համապատասխան մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ,

զ) «Հայաստանի Հանրապետությունում Միջպետական բանկի առանձնացված ստորաբաժանման ղեկավար»` առանձնացված ստորաբաժանման ղեկավար կամ նրա անունից գործելու լիազորված այլ անձ,

է) «պաշտոնատար անձինք»` Բանկի և Հայաստանի Հանրապետությունում նրա առանձնացված ստորաբաժանման պաշտոնատար անձինք, այսինքն` Միջպետական բանկի նախագահը, Միջպետական բանկի փոխնախագահը, Հայաստանի Հանրապետությունում Միջպետական բանկի ներկայացուցչության տնօրենը,

ը) «Միջպետական բանկի առանձնացված ստորաբաժանման աշխատակիցներ»` Բանկի առանձնացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցները, ներառյալ տեխնիկական և սպասարկող անձնակազմը,

թ) «ընտանիքի անդամներ»` Բանկի և Հայաստանի Հանրապետությունում նրա առանձնացված ստորաբաժանման պաշտոնատար անձանց ամուսինները և անչափահաս երեխաները,

ժ) «Բանկի և Հայաստանի Հանրապետությունում նրա առանձնացված ստորաբաժանման արխիվները»` տեղեկություն պարունակող բոլոր փաստաթղթերը, գրառումները, թղթակցությունը և այլ նյութեր` ներառյալ ձեռագրերը և լուսանկարները, ֆիլմերը և ձայնագրությունները, համակարգչային ծրագրերը և գրավոր նյութերը, տեսաժապավենները և տեսասկավառակները, սկավառակները և ժապավենները, որոնց սեփականատերը կամ պահողը հանդիսանում է Բանկը, առանձնացված ստորաբաժանումը կամ նրանց անունից` որևէ մեկը,

ժա) «Բանկի և Հայաստանի Հանրապետությունում նրա առանձնացված ստորաբաժանման գույքը»` Բանկի և Հայաստանի Հանրապետությունում նրա առանձնացված ստորաբաժանման բոլոր ակտիվները, որտեղ և ում տրամադրության տակ էլ գտնվելու լինեն, ներառյալ` դրամական միջոցները, եկամուտները և իրավունքները, որոնք պատկանում են Բանկին, Հայաստանի Հանրապետությունում նրա առանձնացված ստորաբաժանմանը, կամ որոնց տնօրինումը իրականացվում է հենց Բանկի, Հայաստանի Հանրապետությունում նրա առանձնացված ստորաբաժանման կողմից կամ նրա անունից,

ժբ) «առանձնացված ստորաբաժանման տարածք»` անկախ սեփականության իրավունքի պատկանելությունից` Բանկի կամ նրա առանձնացված ստորաբաժանման նպատակների համար օգտագործվող շենքերը կամ շենքերի մի մասը, ինչպես նաև այն հողատարածքները, որոնց վրա գտնվում են տվյալ շենքերը կամ շենքերի մի մասը:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի և կանոնադրության համապատասխան` Բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում օժտված է միջազգային իրավունակությամբ և, մասնավորապես. իրավասու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան և թույլատրված սահմաններում Բանկի առանձնացված ստորաբաժանման միջոցով հիմնական գործունեության հետ միասին իրականացնել հետևյալ իրավունքները.

ա) կնքել միջազգային և այլ համաձայնագրեր, ինչպես նաև կատարել ցանկացած գործարք իր իրավասության շրջանակներում,

բ) ձեռք բերել, վարձակալել, օտարել շարժական և անշարժ գույք և տնօրինել այն,

գ) իր անունից հանդես գալ դատական և արբիտրաժային մարմիններում,

դ) սպասարկել միջպետական կամ միջկառավարական ներդրումային ծրագրերում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց,

ե) իրականացնել այլ գործողություններ` ուղղված Բանկի կանոնադրական խնդիրների և առանձնացված ստորաբաժանման վրա դրված գործառույթների կատարմանը:

Առանձնացված ստորաբաժանմանը իր շահերի պաշտպանության համար վերապահվում են նույնպիսի դատավարական իրավունքներ, ինչպիսիք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տրված են իրավաբանական անձանց:

 

Հոդված 3

 

Համապատասխան իշխանություններն աջակցում են Հայաստանի Հանրապետությունում Բանկի առանձնացված ստորաբաժանմանը` նրա գործառույթների կատարման համար նրա հաշվին տարածք ձեռք բերելու կամ վարձակալելու հարցերում:

Առանձնացված ստորաբաժանմանը տրամադրված տարածքի տիրապետման և օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են համապատասխան իշխանությունների և առանձնացված ստորաբաժանման միջև կնքված առանձին պայմանագրերով:

Առանձնացված ստորաբաժանումը ձեռնարկում է միջոցներ իրեն տրամադրված տարածքի պատշաճ պահպանության, շահագործման և օգտագործման ուղղությամբ և պարտավորվում է զերծ մնալ տարածքին վնաս հասցնող գործողությունների կատարումից:

 

Հոդված 4

 

Հայաստանի Հանրապետությունում Բանկի առանձնացված ստորաբաժանման տարածքը և նրա գույքը անձեռնմխելի են:

Առանձնացված ստորաբաժանման տարածքում կատարվող գործողությունների վրա տարածվում են ներքին կարգապահության նորմերը, որոնք ընդունվում են առանձնացված ստորաբաժանման կողմից` իր գործառույթների կատարման նպատակով:

Համապատասխան մարմինների որոշմամբ` ցանկացած գործողության կատարում առանձնացված ստորաբաժանման տարածքում կարող է տեղի ունենալ միայն առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կամ, նրա բացակայության դեպքում, ղեկավարի տեղակալի կամ առանձնացված ստորաբաժանման մեկ այլ լիազորված պաշտոնատար անձի համաձայնությամբ:

Առանձնացված ստորաբաժանման տարածքները չեն կարող ծառայել որպես ապաստան Հայաստանի Հանրապետության օրենքներով հետապնդվող կամ այլ պետության հանձնման ենթակա անձանց համար:

Առանձնացված ստորաբաժանման տարածքի անձեռնմխելիությունն իրավունք չի տալիս այն օգտագործել առանձնացված ստորաբաժանման խնդիրների և գործառույթների հետ անհամատեղելի կամ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց շահերին վնաս հասցնելու նպատակով:

Բանկի և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող նրա առանձնացված ստորաբաժանման գույքին վերապահվում է անձեռնմխելիություն խուզարկության, բռնագրավման, սեփականազրկման կամ ցանկացած այլ ձևի միջամտության նկատմամբ` կատարված գործադիր, վարչական, դատական կամ այլ գործողությունների միջոցով, բացառությամբ քաղաքացիական իրավական պատասխանատվության դեպքերի:

 

Հոդված 5

 

Համապատասխան իշխանություններն աջակցություն են ցույց տալիս` առանձնացված ստորաբաժանմանը կապի ծառայություններով, պահպանությամբ, տրանսպորտային, կոմունալ կամ այլ ծառայություններով ապահովելու համար` գործադիր իշխանության մարմինների համար սահմանված պայմաններով:

Նշված ծառայությունների վճարման բոլոր ծախսերը կատարվում են առանձնացված ստորաբաժանման միջոցների հաշվին:

 

Հոդված 6

 

Բանկը և առանձնացված ստորաբաժանումն ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածքում շահութահարկից և գույքահարկից:

Բանկը և առանձնացված ստորաբաժանումը գույքի և ծառայողական օգտագործման առարկաների, ինչպես նաև սեփական հրատարակության ներկրման և արտահանման ընթացքում օգտվում են այն նույն արտոնություններից, ինչ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները:

 

Հոդված 7

 

Բանկի և Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանման արխիվները և նրանց պատկանող կամ նրանց կողմից պահվող բոլոր փաստաթղթերն անձեռնմխելի են:

Բանկի և նրա առանձնացված ստորաբաժանման հաղորդագրությունները և թղթակցությունը ենթակա չեն գրաքննության: Այդ անձեռնմխելիությունը տարածվում է տպագրական, լուսանկարչական, աուդիոտեսողական և տեղեկատվության այլ ձևերի վրա, որոնք ստացվում կամ ուղարկվում են Բանկի և նրա առանձնացված ստորաբաժանման կողմից` անկախ փոխանցման եղանակից և ձևից:

Առանձնացված ստորաբաժանումն օգտվում է հեռագրային, տելեքսի, ֆաքսիմիլային և հեռախոսային կապի սակագների և դրույքների նկատմամբ ոչ պակաս բարենպաստ պայմաններից, քան այն, որոնցից օգտվում են գործադիր իշխանության մարմինները:

Համապատասխան իշխանությունների համաձայնությամբ` առանձնացված ստորաբաժանումը կարող է Հայաստանի Հանրապետությունում տեղակայել և օգտագործել երկու կետերի միջև հեռավոր կապի միջոցներ և հաղորդագրությունների ընդունման ու փոխանցման այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել առանձնացված ստորաբաժանմանը կապով ապահովելուն օժանդակելու համար ինչպես Հայաստանի Հանրապետության սահմաններում, այնպես էլ սահմաններից դուրս:

 

Հոդված 8

 

Բանկի և Հայաստանի Հանրապետությունում նրա առանձնացված ստորաբաժանման գործունեությունը, կապված կանոնադրական գործառույթների իրականացման հետ, համապատասխան մարմինների կողմից ենթակա չէ հսկողության:

Առանձնացված ստորաբաժանման գործունեության հսկողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, հարկային պարտավորությունների կատարման գծով, իրականացվում է` հաշվի առնվելով բանկային գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

Բանկը և նրա առանձնացված ստորաբաժանումը բանկային գործունեությունն իրականացնում են նման գործունեության իրականացման կարգի և կանոնների մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ Համաձայնագրի պահանջներին համապատասխան:

 

Հոդված 9

 

Բանկի և Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանման պաշտոնատար անձինք ունեն հետևյալ արտոնությունները և անձեռնմխելիությունները.

ա) պատասխանատվության բնագավառում այնպիսի անձեռնմխելիություններ, որոնցից օգտվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները: Նրանց բոլոր պաշտոնական փաստաթղթերն օգտվում են անձեռնմխելիության իրավունքից: Այդ անձեռնմխելիությունը չի կիրառվում քաղաքացիական պատասխանատվության նկատմամբ,

բ) ընտանիքի անդամների հետ միասին օգտվում են ռեպատրիացիայի նույնպիսի զեղչերից, որոնցից օգտվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները,

գ) ազատվում են պետական պարհակներից,

դ) ընտանիքի անդամների և նրանց խնամքի տակ գտնվող բարեկամների հետ միասին Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում ազատվում են իմիգրացիայի սահմանափակումներից, օտարերկրացիների գրանցման գործընթացից և գրանցման գանձումներից,

ե) ունեն կահույքի, տնային գործածության առարկաների և այլ անձնական գույքի ներկրման իրավունք առանց մաքսատուրքերի, հարկերի և գանձումների` Հայաստանի Հանրապետությունում Բանկի առանձնացված ստորաբաժանումում պաշտոն ստանձնելիս, ինչպես նաև` առանց տուրքի դրանց արտահանման իրավունք` Բանկի առանձնացված ստորաբաժանումում ծառայության դադարեցումից հետո:

Սույն հոդվածի «բ», «գ», «դ» և «ե» կետերի դրույթները չեն կիրառվում Բանկի և նրա առանձնացված ստորաբաժանման պաշտոնատար անձանց նկատմամբ, եթե նրանք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Ծառայողական պարտականությունների իրագործման ժամանակաշրջանում կատարած գործողությունների նկատմամբ Բանկի և Հայաստանի Հանրապետությունում նրա առանձնացված պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունը պահպանվում է նաև Բանկում և նրա առանձնացված ստորաբաժանումում ծառայության ավարտից հետո:

Առանձնացված ստորաբաժանման պաշտոնատար անձինք չեն կարող համատեղել առանձնացված ստորաբաժանման աշխատանքն այլ վճարովի աշխատանքի հետ և զբաղվել ծառայողական պարտականությունների կատարման հետ անհամատեղելի գործունեությամբ, բացի գիտական, մանկավարժական և այլ ստեղծագործական գործունեությունից:

 

Հոդված 10

 

Բանկի, նրա առանձնացված ստորաբաժանման պաշտոնատար անձինք, որոնք սույն Համաձայնագրին համապատասխան` օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիություններից, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, հարգում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և օրենսդրությունը:

Բանկի նախագահը կարող է հրաժարվել սույն Համաձայնագրի համաձայն տրամադրված ցանկացած անձեռնմխելիությունից, արտոնությունից և զեղչից այն չափով և այնպիսի պայմաններով, որոնք կարող է ինքը որոշել, երբ, իր կարծիքով, անձեռնմխելիությունը, արտոնությունը կամ զեղչը դժվարացնում են արդարադատության իրականացումը, և դրանցից հրաժարվելը վնաս չի հասցնում Բանկի և Հայաստանի Հանրապետությունում նրա առանձնացված ստորաբաժանման շահերին:

Բանկի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը մշտապես համագործակցում է համապատասխան իշխանությունների հետ` առանձնացված ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից որևէ չարաշահում կանխելու նպատակով` կապված նրանց վերապահված արտոնությունների և անձեռնմխելիության հետ:

 

Հոդված 11

 

Դրույքների և առանձնացված ստորաբաժանման կողմից առանձնացված ստորաբաժանման աշխատակիցներին վճարվող այլ պարգևատրումների հարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Առանձնացված ստորաբաժանումը կատարում է պարտադիր մուծումներ այն պետությունների զբաղվածության ֆոնդերին, որոնց քաղաքացիներն են հանդիսանում առանձնացված ստորաբաժանման աշխատակիցները, և այն պետությունների կենսաթոշակային ֆոնդերին, որոնց տարածքում այդ աշխատակիցները մշտապես բնակվում են: Պարտադիր բժշկական և սոցիալական ապահովագրության մուծումները առանձնացված ստորաբաժանման կողմից վճարվում են Հայաստանի Հանրապետությունում գործող կարգին համապատասխան:

 

Հոդված 12

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ նրա տարածքում մշտապես բնակվող անձ հանդիսացող առանձնացված ստորաբաժանման աշխատակիցների վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` սոցիալական և կենսաթոշակային ապահովման և ապահովագրության գործող կարգը: Առանձնացված ստորաբաժանման աշխատակիցների` առանձնացված ստորաբաժանումում աշխատելու ժամանակը հաշվակցվում է ընդհանուր աշխատանքային ստաժին, ինչպես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում աշխատելու ժամանակ:

 

Հոդված 13

 

Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի առանձնացված ստորաբաժանման տարածքում և Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանման տրանսպորտային միջոցների վրա օգտագործելու Բանկի դրոշը և խորհրդանիշը:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագրի մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում նույն ընթացակարգով, որով գործողության մեջ է դրվում սույն Համաձայնագիրը:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրարկման հետ կապված տարաձայնությունները Բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կլուծվեն բանակցությունների միջոցով:

 

Հոդված 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրա ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգի կատարման մասին դիվանագիտական ճանապարհով ծանուցելու պահից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերի նախաձեռնությամբ Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել շահագրգիռ Կողմի` մյուս Կողմին ծանուցելուց առնվազն 12 ամիս հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի հունվարի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն: Մեկ օրինակը պահվում է Միջպետական բանկի արխիվում, մյուսը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դեպոզիտում:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 19-ից: