Գլխավոր տեղեկություն
Համար
N 318-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.09.2009-24.06.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.07/75.1 Հոդ.465
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան
23 մարտի 2004 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2004 թվականի N 318-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն արդյունավետ կազմակերպելու և կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնել ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի ֆինանսավորումն իրականացնող մարմիններն են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.

բ) բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության, հիգիենիկ և հակահամաճարակային, այլ առողջապահական ծառայությունների նորմատիվները, ինչպես նաև միջինացված և դիֆերենցված (ըստ տարածաշրջանների) գներն ըստ բժշկական օգնության և ծառայությունների առանձին տեսակների հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի կազմակերպություններում իրականացվող բժշկական օգնության մասով` նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ.

գ) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության, հիգիենիկ և հակահամաճարակային, այլ առողջապահական ծառայությունների մատուցման դիմաց փոխհատուցված միջոցների նպատակային օգտագործման ու բժշկական օգնության որակի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

դ) Երևան քաղաքի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կիրառվում է բժշկական օգնության ու սպասարկման դիմաց ֆինանսական փոխհատուցման համավճարային սկզբունքը.

ե) բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական փոխհատուցման համավճարային սկզբունքի կիրառումը չի տարածվում սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց և նույն կետի «բ» ենթակետով հաստատված` ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգի 9-րդ կետով նախատեսված` սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ցանկում չընդգրկված անձանց վրա.

զ) չի թույլատրվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ու պետական պատվեր տեղադրող մարմինների միջև բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների մասին կնքված պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք բերած իրենց պահանջի իրավունքի զիջումն այլ անձանց` առանց պարտապանի համաձայնության.

է) ֆինանսավորումն իրականացնող մարմինները պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք բերված իրենց պահանջի իրավունքը զիջելու համաձայնություն ստանալու համար ներկայացված դիմումները նախապես պետք է համաձայնեցնեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

ը) ամբողջ բնակչության համար արտահիվանդանոցային բժշկական oգնությունը (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական oգնության, որն անվճար է միայն սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ցանկում ընդգրկված անձանց համար) իրականացվում է անվճար.

թ) անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության պարտադիր ծավալները, ինչպես նաև ոչ պարտադիր բժշկական օգնության տեսակները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:

ժ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տարեկան պայմանագրային գումարները կամ տարվա ընթացքում նրանցում կատարվող փոփոխությունները սույն որոշմամբ հաստատված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգով հաշվարկելուց հետո հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

ժա) Հայաստանի Հանրապետության մարզերի բժշկական կազմակերպություններ ժամանակավոր ուղեգրված բժիշկ-մասնագետների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:

(2-րդ կետը լրաց. 09.02.06 N 291-Ն, 08.02.07 N 146-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.12.07 N 1600-Ն, փոփ. 02.10.08 N 1125-Ն)

3. Հաստատել`

ա) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Երևան քաղաքի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման համավճարային սկզբունքի կիրառման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

դ) բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.

ե) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

զ) սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց խմբերի ցանկը` համաձայն N 6 հավելվածի.

է) սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց ընտրության կարգը` համաձայն N 7 հավելվածի:

(3-րդ կետը լրաց. 09.02.06 N 291-Ն, լրաց. 19.07.07 N 880-Ն)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` յուրաքանչյուր տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում`

ա) մշակել և, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմնի և կազմակերպությունների միջև կնքվելիք օրինակելի պայմանագրերի, կազմակերպությունների կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծավալների մասին հաշվետվության և հանձնման-ընդունման ակտի ձևերը, հաշվետվությունը ներկայացնելու կարգը, ընթացիկ տարվա պայմանագրերի կնքման ժամկետները և բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ մեթոդական ցուցումները, ընդ որում, ֆինանսավորումն իրականացնող մարմնի և կազմակերպության միջև կնքվելիք օրինակելի պայմանագրում սահմանել դրույթ, որի համաձայն կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք բերած իր պահանջի իրավունքը զիջել այլ իրավաբանական անձի` միայն պարտապանի համաձայնությամբ.

բ) մշակել և, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասով` նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության, հիգիենիկ հակահամաճարակային և այլ առողջապահական ծառայությունների մատուցման առանձին տեսակների նորմատիվներն ու գները.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների սահմաններում մշակել և, համաձայնեցնելով իրավասու նախարարությունների և այլ պետական մարմինների հետ, սահմանված կարգով հաստատել սույն որոշումից բխող անհրաժեշտ գերատեսչական ակտեր.

դ) սահմանել հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող այն հիվանդությունների և վիճակների ցանկը, որոնց վրա տարածվում է համավճարային սկզբունքը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

ե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հետ համատեղ սահմանել քաղաքացիական բժշկական հաստատություններում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ուղեգրման կարգը.

զ) («զ» ենթակետը ուժը կորցրել է 17.02.05 N 266-Ն)

(4-րդ կետը փոփ. 17.02.05 N 266-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 20
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ

(բացառությամբ այն բժշկական օգնության ու սպասարկման տեսակների և բժշկական ծառայությունների, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ)

 

Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

1-ին խմբի հաշմանդամներ

2-րդ խմբի հաշմանդամներ

3-րդ խմբի հաշմանդամներ

Հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան)

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

Միածնող երեխաներ (մինչև 18 տարեկան)

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան)

Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ

Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

Բռնադատվածներ

Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ

Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան) մինչև 7 տարեկան երեխաներ

Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային  բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն), ինչպես նաև խաղաղ ժամանակ վարժական հավաքների ու զորախաղերի կանչված զինապարտները` ամբուլատոր և հիվանդանոցային փորձաքննության մասով

Զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ

Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ

Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ

Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ.

Մինչև 8 տարեկան, ինչպես նաև 12 տարեկան երեխաներ ու 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք (մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության գծով).

Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով)

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք:

 

(Ցանկը փոփ. 17.02.05 N 266-Ն, փոփ., լրաց. 09.02.06 N 291-Ն, լրաց. 18.05.06 N 641-Ն, խմբ., լրաց. 20.12.07 N 1600-Ն, լրաց. 25.04.08 N 394-Ն, 03.09.09 N 1003-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՄԵՆԱՄՅԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

I. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են բժշկական oգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն) ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական oգնության և սպասարկման (այսուհետ` բժշկական oգնություն և սպասարկում) կազմակերպման ու ֆինանսավորման կարգը և պայմանները:

(1-ին կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

2. Հիվանդանոցային բժշկական oգնության և սպասարկման կազմակերպումն ու ֆինանսավորումն իրականացվում են հետևյալ սկզբունքներով`

1) հիվանդանոցային բժշկական oգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով: Սահմանափակված բյուջեի սկզբունքով ֆինանսավորումն իրականացվում է փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան կազմակերպության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող կամ նրա կողմից լիազորված մարմնի (այսուհետ` պատվիրատու) միջև կնքված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական oգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված գումարը.

2) սահմանափակված բյուջեի ծավալները հաշվարկվում են սույն կարգի

«II. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու ֆինանսավորումը» բաժնով նախատեսված կարգով.

3) սահմանափակված բյուջեի ծավալների հաշվարկման համար հիմք են հանդիսանում պատվիրատուին ներկայացված նախորդ տարվա ցուցանիշները: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ` նախարար)` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ: Պատվիրատուն կարող է ուսումնասիրել կազմակերպության սահմանափակված բյուջեի ծավալների հաշվարկման համար հիմք հանդիսացող` նախորդ տարվա փաստացի ցուցանիշների հիմնավորվածությունը, այդ թվում` ծավալների, կազմակերպության կառուցվածքի ու հզորությունների փոփոխման դեպքում ցուցանիշներում և պայմանագրային գումարներում կատարվում են համապատասխան փոփոխություններ.

4) պայմանագրային գումարները հաստատվում են սույն կարգի «II. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու ֆինանսավորումը» բաժնի համաձայն հաշվարկված սահմանափակված բյուջեի ծավալների չափով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է փոփոխվել նախարարի կողմից: Հաստատված պայմանագրային գումարից փաստացի ծավալների 10 տոկոս գերակատարումը համարվում է ռիսկի գոտի, որի պայմաններում փոխհատուցումը կատարվում է պայմանագրային գումարի չափով: Ելնելով կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալներից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահական տվյալ ծրագրին հատկացված միջոցների սահմաններում տարվա ընթացքում կազմակերպությունների պայմանագրային գումարներում նախարարի կողմից կարող են կատարվել վերաբաշխումներ.

5) հեռավոր և սահմանամերձ շրջանների բնակչությանը բուժօգնություն տրամադրող, այլընտրանք չունեցող ու հատուկ նշանակության կազմակերպություններում (որոնց ցանկը հաստատվում է նախարարի հրամանով` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ), ելնելով տնտեսական ու տարածքային առանձնահատկություններից, կարող են սահմանվել բժշկական օգնության և սպասարկման անհատական դիֆերենցված գներ, և կատարվել պայմանագրային գումարի համապատասխան փոփոխություն.

6) ելնելով բուժօգնություն իրականացնող կազմակերպության ֆինանսական վիճակից և կանխատեսվող ծախսերի կարևորությունից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնում ներառված ծրագրերի կատարման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համամասնությունների շրջանակներում պատվիրատուն առանձին կազմակերպությունների համար կարող է հաստատել ֆինանսավորման անհատական համամասնություններ.

7) նախարարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող գումարների սահմաններում հաստատում է հիվանդանոցային բուժoգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկական ծառայությունների ծրագրերի շրջանակներում հիվանդանոցային բուժoգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ:

(2-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

3. Արտահիվանդանոցային բժշկական oգնության ծավալները որոշվում են նախարարի կողմից հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվարկով միջինացված գներով:

(3-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

4. Տեղամասային սկզբունքով աշխատող բժիշկների կողմից հավաքագրված և կցագրված բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման դիմաց փոխհատուցման կարգը սահմանում է նախարարը:

(4-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

5. Յուրաքանչյուր արտահիվանդանոցային բուժօգնություն իրականացնող կազմակերպության սպասարկման տարածքը և սպասարկվող բնակչության թիվը հաստատում են Երևանի քաղաքապետն ու Հայաստանի Հանրապետության մարզպետները` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված` բնակչության թվի մասին տվյալների հիման վրա: Պայմանագրերը կնքելու պահին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից նախկինում տրամադրված բնակչության թվի փոփոխության դեպքում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, կատարվում է նորմատիվների և միջինացված գների վերահաշվարկ:

(5-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

6. Պատվիրատուն յուրաքանչյուր կազմակերպության հետ կնքում է պայմանագիր` սույն կարգի «III. Պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու ֆինանսավորումը» բաժնի համաձայն հաշվարկված ծավալի չափով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է փոփոխվել նախարարի կողմից:

(6-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

7. Ելնելով կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալներից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահական ծրագրերին հատկացված միջոցների սահմաններում տվյալ տարվա ընթացքում կազմակերպությունների պայմանագրային գումարներում նախարարի կողմից կարող են կատարվել վերաբաշխումներ:

(7-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

8. Բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` բնակչության սոցիալական խմբերի ցանկում ընդգրկված և առանձին հիվանդություններով տառապող անձանց: Հիմնական դեղերի ցանկն ու տրամադրման կարգը սահմանում է նախարարը:

(8-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

9. Արտահիվանդանոցային բուժօգնություն իրականացնող կազմակերպություններում բուժանձնակազմի աշխատանքի վարձատրությունը կանոնակարգվում է նախարարի կողմից:

(9-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

10. Պետության կողմից երաշխավորված անվճար բուժoգնություն և սպասարկում ստանալու նպատակով հիվանդանոցային կազմակերպություն ուղեգրման կարգը սահմանում է նախարարը:

(10-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

11. «Հանրային առողջապահական ծառայություններ» և «Առողջապահություն» (այլ դասերին չպատկանող) խմբերի` նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ծառայությունների, ձեռքբերման ծավալները որոշվում են նախարարի կողմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված գներով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է փաստացի կատարված ծավալների դիմաց, սակայն ոչ ավելի, քան տարեկան պայմանագրով նախատեսված գումարների չափով:

(11-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

12. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` սահմանված կարգով փոփոխություններ և վերաբաշխումներ կատարվելու դեպքում` հաստատված պայմանագրային գումարները` ըստ բժշկական oգնության և սպասարկման տեսակների, ենթակա են վերանայման:

(12-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

13. Բժշկական oգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը սահմանում է նախարարը: Կազմակերպությունը բժշկական oգնության և սպասարկման ծավալների պահանջարկի վերլուծության և պայմանագրային գումարների ձևավորման նպատակով պատվիրատուին` վերջինիս կողմից սահմանված կարգով և ձևերով, ներկայացնում է իր կողմից իրականացվող բժշկական ու ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկություններ առկա կառուցվածքի ու մասնագիտական ներուժի մասին:

(13-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

14. Կազմակերպությունը պատվիրատուին ներկայացնում է հաշվետվություն իրականացված բժշկական oգնության և սպասարկման մասին` համաձայն նախարարի կողմից սահմանված կարգի ու հաստատված ձևերի: Կազմակերպությունը պատվիրատուին ներկայացնում է կատարված աշխատանքների մասին ամսական հաշվետվություն, սակայն ոչ ավելի, քան տարեկան պայմանագրային գումարի ամսական հավասար համամասնություններով: Կազմակերպությունների կողմից ընթացիկ տարում ներկայացված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական oգնության և սպասարկման ծավալների մասին հաշվետվություններում հայտնաբերված անճշտությունների գումարի չափով նվազեցումներն իրականացվում են ընթացիկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ծավալներից: Կազմակերպություններում նախորդ տարիներին կատարված աշխատանքներում հայտնաբերված անճշտությունների հետևանքով առաջացած տարբերությունները ենթակա են վերականգնման այն դեպքում, երբ անճշտությունների գումարը գերազանցում է պայմանագրային գումարի գերակատարման հետևանքով պատվիրատուի կողմից չֆինանսավորված ծավալները: Տվյալ դեպքում վերականգնման ենթակա է հայտնաբերված անճշտությունների գումարի և պայմանագրային գումարի գերակատարման հետևանքով պատվիրատուի կողմից չֆինանսավորված ծավալների տարբերությունը: Գերակատարման բացակայության դեպքում վերականգնման ենթակա է կատարված աշխատանքներում հայտնաբերված անճշտությունների ամբողջ գումարը: Նախորդ տարիներին ներկայացված հաշվետվություններում հայտնաբերված անճշտությունների գումարը կազմակերպության կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամուտների հաշվին:

(15-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

15. Կազմակերպության ֆինանսավորումը, Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացվում է պատվիրատուի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված հայտերի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված եռամսյակային համամասնությունների շրջանակներում կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է կանխավճարային սկզբունքով` հունվար և փետրվար ամիսներին, կանխավճարի գումարը սահմանվում է տարեկան պայմանագրային գումարի եռամսյակային համամասնության մինչև 1/3-րդի չափով, մարտից սկսած` փաստացի ներկայացված աշխատանքների ծավալների չափով: Պայմանագրային ժամանակահատվածի վերջում իրականացվում է ֆինանսավորման ճշտում` ելնելով փաստացի ընդունված աշխատանքների ծավալներից:

(15-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

16. Հատուկ բժշկական ցուցումների դեպքում, համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա, սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց բուժoգնություն կարող է տրամադրվել նաև`

1) նախարարի կողմից տրված ուղեգրով` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժoգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի սահմաններում.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից տրված ուղեգրով` նախարարության ենթակայության ու պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժoգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի սահմաններում.

3) Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրված ուղեգրերով` տվյալ տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժoգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի 5 տոկոսի սահմաններում, պետական պատվեր իրականացնող կազմակերպության ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից գլխավորվող բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, տվյալ կազմակերպության հետ բուժoգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի 4 տոկոսի սահմաններում:

(16-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

 

II. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

17. Կազմակերպություններում հիվանդանոցային բուժօգնության գծով սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հաստատված առողջապահական ծրագրերին համապատասխան:

(17-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

18. «Տուբերկուլոզի բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության և խնամքի գծով պետական պատվեր», «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրերը Երևան քաղաքում իրականացնող կազմակերպությունների սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են տվյալ կազմակերպության համար հաստատված մահճակալների թվի, մահճակալի տարեկան միջին զբաղվածության և մեկ հիվանդ/օրվա համար նախատեսված միջին գնի արտադրյալով: Ֆինանսավորումն իրականացվում է ըստ բաժանմունքների և բուժoգնության տեսակների, փաստացի կատարված հիվանդ/oրերի դիմաց, հիվանդի բուժման մեկ oրվա համար նախատեսված միջինացված գնով, սակայն ոչ ավելի, քան հաստատված սահմանափակված բյուջեի ծավալը: Հիվանդանոցային հաստատություններում փաստացի կատարված հիվանդ/oրերը, որոնք ենթակա են փոխհատուցման (ըստ բաժանմունքների), չեն կարող գերազանցել նախարարության կողմից սահմանված բուժման միջին տևողությունը:

(18-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

19. «Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշվում է`

1) Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի համար (հանրագումարային)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժoգնության համար նախատեսված հատկացումների չափով` ըստ նախորդ տարվա պետական պատվերի շրջանակներում կատարված ու պատվիրատուի կողմից ֆինանսավորված բուժoգնության ծավալների (այսուհետ` փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալներ) համամասնության, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարվա բուժօգնության փաստացի դեպքերի թիվը, ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այս ծրագրի համար նախատեսված դեպքերի ավելացումը բաշխվում է Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև` համամասնորեն.

2) Երևանի հիվանդանոցային հաստատությունների համար` սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժoգնության` նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցներում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների նկատմամբ կիրառելով Երևանի համար հանրագումարային ձևով սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժoգնության համար նախատեսված ծավալների ու նախորդ տարվա ընթացքում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների համադրումից ստացված գործակիցը.

3) Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցային հաստատությունների համար` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժoգնության` նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցներում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված մեկ բնակչի համար տվյալ տարվա հաշվարկված միջինացված գումարի ու սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված` տվյալ մարզի բնակչության թվի արտադրյալով ստացված գումարի և նույն մարզի հիվանդանոցներում նախորդ տարվա ընթացքում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների հանրագումարի համադրումից ստացված գործակիցը.

4) «Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընգրկվածների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզերի բժշկական կազմակերպություններ այլ բուժհաստատություններից ուղեգրված բժիշկ-մասնագետների բուժօգնության տարեկան պայմանագրային ծավալը որոշվում է նախարարի կողմից ուղեգրման ժամանակահատվածի և նախարարի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված, մասնագետների բուժօգնության մեկ օրվա գնի արտադրյալով: Ֆինանսավորումն իրականացվում է փաստացի ուղեգրման մեջ առկա օրերի դիմաց մեկ օրվա համար հաստատված գնով:

(19-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

20. «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական oգնության գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշվում է`

1) ծնունդների կանխատեսվող թվի (նախորդ տարվա ծնունդների չափով) և մեկ ծննդի համար հաստատված գնի արտադրյալով.

2) հղիության ախտաբանական ընթացքի հետ կապված բուժoգնության կանխատեսվող դեպքերի թվի (նախորդ տարվա փաստացի դեպքերի չափով, սակայն ոչ ավելի, քան նախարարության կողմից հաստատված չափաքանակները) և մեկ դեպքի համար հաստատված գնի արտադրյալով:

(20-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

21. «Երեխաների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշվում է`

1) Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի համար (հանրագումարային)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով երեխաների հիվանդանոցային բուժօգնության նպատակով նախատեսված հատկացումների չափով` ըստ նախորդ տարվա պետական պատվերի շրջանակներում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների համամասնության, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարվա բուժօգնության փաստացի դեպքերի թիվը, ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այս ծրագրի համար նախատեսված դեպքերի ավելացումը բաշխվում է Երևանի ու Հայաստանի Հանրապետության մարզերի միջև` համամասնորեն.

2) Երևանի հիվանդանոցային հաստատությունների համար` երեխաների բուժօգնության նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցներում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների նկատմամբ կիրառելով Երևանի համար հանրագումարային ձևով երեխաների բուժօգնության նպատակով նախատեսված ծավալների և նախորդ տարվա ընթացքում երեխաների բուժօգնության շրջանակներում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների համադրումից ստացված գործակիցը.

3) Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցների համար` երեխաների բուժօգնության նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցային հաստատություններում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող` մինչև 18 տարեկան մեկ երեխայի համար տվյալ տարվա հաշվարկված միջինացված գումարի և տվյալ մարզի` մինչև 18 տարեկան երեխաների թվի արտադրյալով ստացված գումարի ու նույն մարզի հիվանդանոցներում նախորդ տարվա ընթացքում փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների հանրագումարի համադրումից ստացված գործակիցը:

(21-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

22. «Հեմոդիալիզի անցկացման գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են նախարարության կողմից` ըստ հեմոդիալիզ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների համար հաստատված հիվանդների թվի, մեկ հիվանդի համար նախատեսված սեանսների միջին տարեկան թվի և մեկ սեանսի գնի արտադրյալով:

(22-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

23. Հիվանդանոցային հաստատություններում «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների գծով պետական պատվեր», «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական oգնության գծով պետական պատվեր», «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Վերականգնողական բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Անհետաձգելի բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրերի համար սահմանափակված բյուջեի պայմանագրային ծավալները որոշվում են հիվանդանոցային հաստատությունների (բաժանմունքների) կողմից` նշված ծրագրերով նախատեսված ֆինանսական ծավալների ու նախորդ տարվա փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների համադրումից ստացված գործակցի և առանձին հիվանդանոցային հաստատությունների կողմից նախորդ տարվա փաստացի ընդունված բուժoգնության նույն ծավալի արտադրյալով:

(23-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

24. «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծավալների ու նախորդ տարվա փաստացի ֆինանսավորված բուժoգնության ծավալների համադրումից ստացված գործակցի ու առանձին հիվանդանոցային հաստատությունների կողմից նախորդ տարվա ընթացքում կատարված փաստացի բուժoգնության ծավալի արտադրյալով: Բժշկական oգնության և սպասարկման միջոցների հաշվին կազմակերպությունների կողմից նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց բուժման և փորձաքննության ընթացքում փոխհատուցվում է սննդի գումարը` հիվանդանոցային հաստատություններում անցկացրած oրերի համար` նախարարի կողմից (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) հաստատված մեկ oրվա սննդի արժեքով: Կազմակերպությունների կողմից նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց փոխհատուցվում է բուժման և փորձաքննության նպատակով բնակության վայրից բուժհաստատություն ու հակառակ ուղղությամբ մեկնելու ճանապարհածախսը` տվյալ բնակավայրում գործող հասարակական տրանսպորտային միջոցի սակագնով: Նշված տրանսպորտային ծախսերը բուժհաստատությանը փոխհատուցվում են պատվիրատուի կողմից` լրացուցիչ:

(24-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

25. Սահմանափակված բյուջեի ծավալների հաշվարկման համար նախորդ տարվա բազա չունեցող կազմակերպությունների սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են կանխատեսվող հաշվարկային ծավալների չափով:

(25-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

 

III. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

26. Յուրաքանչյուր կազմակերպության համար արտահիվանդանոցային բուժoգնության պայմանագրային գումարը որոշվում է`

1) «Բնակչության առողջության առաջնային պահպանման գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում`

ա. առողջության առաջնային պահպանման տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի (առողջության առաջնային պահպանման մասով), դեռահասների կաբինետների մասնագետի համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով,

բ. անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով.

2) «Նեղ մասնագիտացված բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում` մասնագիտացված արտահիվանդանոցային բուժoգնության (ներառյալ ընտանեկան բժշկի կողմից իրականացվող մասնագիտացված բուժoգնությունը) համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով.

3) «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում` մասնագիտացված բուժօգնության մասով` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող` 18 տարեկան և բարձր տարիքի իգական սեռի անձանց թվի ու նախարարի կողմից մեկ կնոջ համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.

4) «Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման գծով պետական պատվեր», «Օրթոդոնտոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր», «Ստոմատոլոգիական բժշկական oգնության գծով պետական պատվեր» և «Մտավոր, հոգեկան, լսողական, ֆիզիկական, շարժողական և այլ զարգացման խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման գծով պետական պատվեր» ծրագրերի մասով` նախարարի կողմից սահմանված ծավալների և մեկ դեպքի համար հաստատված գնի արտադրյալով.

5) «Երեխաների բերանի խոռոչի հիգիենայի պահպանման գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում` մասնագիտացված բուժօգնության մասով` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող տվյալ տարիքային խմբի երեխաների թվի ու նախարարի կողմից մեկ երեխայի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.

6) «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների գծով պետական պատվեր» ծրագրի մասով`

ա. բնակչության լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների (ներառյալ ընտանեկան բժիշկների կողմից իրականացվող, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտությունները) համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող` 0-18 տարեկան երեխաների, 18 տարեկան և բարձր տարիքի անձանց, 15-17 տարեկան պատանիների թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով, մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով,

բ. մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության շրջանակներում հղի կանանց լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից նախորդ տարվա ընթացքում փաստացի սպասարկված հղի կանանց միջին թվի ու նախարարի կողմից մեկ հղի կնոջ համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով, իսկ իգական սեռի անձանց (ներառյալ 15 տարեկան աղջիկների առողջական վիճակի գնահատումը) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող` 18 տարեկան և բարձր տարիքի կանանց թվի ու նախարարի կողմից մեկ կնոջ համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.

7) «Շտապ բժշկական oգնության գծով պետական պատվեր» ծրագրի մասով` տվյալ շտապ բժշկական oգնության կայանի (բաժանմունքի) սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) տարեկան կտրվածքով` ըստ տարածաշրջանների մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարների արտադրյալով.

8) «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բուժման գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում` զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների, բուժքույրերի մասով` հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների (բժիշկ-փորձագետներ և բուժքույրեր) թվի ու մեկ մասնագետի համար հաստատված գնի արտադրյալով:

(26-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)        

27. Պատվիրատուի կողմից արտահիվանդանոցային բուժoգնության ֆինանսավորումն իրականացվում է`

1) առողջության առաջնային պահպանման` տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի (առողջության առաջնային պահպանման մասով), դեռահասների կաբինետի մասնագետի, ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված (ներառյալ ընտանեկան բժիշկների կողմից իրականացվող մասնագիտացված բուժoգնությունը), մանկաբարձագինեկոլոգիական (հղի կանանց նախածննդյան և հետծննդյան հսկողության ու գինեկոլոգիական բուժoգնության համար) բուժoգնության մասով` ամսական կտրվածքով, տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում պայմանագրով նախատեսված` մշտական բնակվող անձանց թվով` նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) ամսական կտրվածքով` մեկ բնակչի հաշվարկով դիֆերենցված գներով: Տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժիշկների և նեղ մասնագետների` գյուղական բժշկական ամբուլատորիաներ և բուժակ-մանկաբարձական կետեր այցերի, պոլիկլինիկաներում իրականացվող ազատ ընդունելության oրերի, ինչպես նաև հրավիրված մասնագետների աշխատանքի կազմակերպման և փոխհատուցման կարգը սահմանում է նախարարը.

2) շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման, մասնագիտացված ստոմատոլոգիական բուժoգնության, լաբորատոր-գործիքային հետազոտությունների (ներառյալ ընտանեկան բժշկի կողմից իրականացվող, ինչպես նաև նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց հետազոտությունները), մանկաբարձագինեկոլոգիական oգնության (հղի կանանց նախածննդյան և հետծննդյան, գինեկոլոգիական բուժoգնության նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար), շտապ բուժօգնության մասով` փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայությունների համար հաշվարկված տարեկան պայմանագրային ծավալը: Ընդ որում, հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժօգնություն իրականացնող միավորված կազմակերպությունների «Արտահիվանդանոցային բուժօգնություն» խմբի «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների գծով պետական պատվեր» ծրագրի պայմանագրային գումարների շրջանակներում կարող են իրականացվել և ֆինանսավորվել նաև արտահիվանդանոցային բուժօգնության սպասարկման տարածքում ընդգրկված հիվանդանոցային բուժման ուղեգրված բնակիչների հոսպիտալացման ընթացքում կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները` նախարարի կողմից սահմանված կարգով.

3) անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի մասով` բնակչությանը փաստացի տրամադրված դեղերի գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան դեղորայքի տրամադրման համար հաշվարկված տարեկան պայմանագրային գումարը.

4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց փորձաքննությունն իրականացնող զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների ու բուժքույրերի մասով` հանձնաժողովներում ընդգրկված փաստացի մասնագետների (բժիշկ-փորձագետներ, բուժքույրեր) թվով` մեկ մասնագետի համար հաստատված գումարով:

(27-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

28. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական oգնության և սպասարկման տարեկան ծավալի ու տվյալ տարվա ընթացքում առողջապահական կազմակերպությունում այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների շրջանակներում կազմվում ու հիմնադրի լիազորություններն իրականացնող մարմնի կողմից հաստատվում է բժշկական կազմակերպության եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը և վերահսկվում է դրանց կատարման ընթացքը: Այն դեպքում, երբ տարեկան նախահաշվով կանխատեսվող եկամուտները չեն ապահովում կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը, ապա հիմնադրի կողմից նախարարին են ներկայացվում առաջարկություններ` համատեղ քննարկելու և միջոցառումներ ձեռնարկելու համար:

(28-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)          

29. Տարեկան եկամուտները հաշվարկվում են սույն կարգով հաշվարկված և այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների չափով: Ընդ որում, բժշկական oգնության և սպասարկման դիմաց ֆինանսական մուտքերը կանխատեսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով նախատեսված ծախսերի կատարման եռամսյակային համամասնությամբ:

(29-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

30. Տարեկան ծախսերի ծավալները որոշվում են բժշկական oգնության և սպասարկման կանխատեսվող եկամուտների շրջանակներում: Ծախսերի կառուցվածքը որոշվում է հետևյալ կողմնորոշիչ չափանիշներով`

1) դեղերի, վիրակապական միջոցների, բժշկական պարագաների ձեռքբերման և տեխնիկական սպասարկման ծախսերը նախատեսվում են` ելնելով բժշկական կազմակերպության ուղղվածության, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղերի պահանջի ապահովման, լաբորատոր-ախտորոշիչ նյութերի ձեռքբերման, սարքավորումների տեխնիկական վիճակի ապահովման ծախսերի չափից.

2) սննդի ծախսերը նախատեսվում են միայն հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող կազմակերպություններում և բաժանմունքներում, որոնց ցանկը սահմանվում է նախարարի կողմից.

3) էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու, ջեռուցման, կապի և մյուս ծախսերը սահմանվում են տարածաշրջանի համանման պրոֆիլի կազմակերպություններում` մեկ հիվանդի հաշվարկով, նախորդ տարվա փաստացի կատարված ծախսերի նվազագույնի չափով:

(30-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

31. Կազմակերպությունում ստացված ֆինանսական մուտքերը, անկախ ֆինանսավորման աղբյուրից, հաշվառվում են ընդհանուր դրամարկղում և առաջին հերթին ուղղվում են կոլեկտիվի անդամների աշխատանքի վարձատրությանը, հարկային պարտավորությունների մարմանը, դեղերի ապահովմանը և այլ առաջնահերթ ծախսերի համամասնական կատարմանը:

(31-րդ կետը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

(N 2 հավելվածը խմբ. 20.12.07 N 1600-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՎՃԱՐԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է փորձարարական եղանակով պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Երևան քաղաքի հիվանդանոցային կազմակերպություններում բժշկական օգնության ծախսերի փոխհատուցման համավճարային սկզբունքը (այսուհետ` համավճար):

2. Համավճարը նպատակ ունի`

ա) բժշկական օգնության և սպասարկման գները մոտեցնելու իրական ծախսերին.

բ) լրացնելու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և իրականում անհրաժեշտ ծախսերի տարբերությունը (ճեղքվածքը).

գ) թեթևացնելու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բեռը:

3. Համավճարը հանդիսանում է որպես լրավճար պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդների բուժման գներին: Հիվանդանոցային յուրաքանչյուր դեպքի համար համավճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ` նախարար)` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:

4. Համավճարը կիրառվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող Երևան քաղաքի բոլոր հիվանդանոցային կազմակերպություններում:

5. Համավճարը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում (N 1 հավելված) ընդգրկված անձանց, նույն որոշմամբ հաստատված` ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգի (N 2 հավելված) 21-րդ կետում նշված անձանց, կենսաթոշակառուների, ինչպես նաև նախարարի հրամանով հաստատված հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների նկատմամբ:

6. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն ստանալու իրավունքի ձևակերպումից հետո համավճարը հիվանդի, նրա հարազատի, հիվանդի բուժման համար շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից մուծվում է կանխիկ (բուժհաստատության դրամարկղ) կամ փոխանցման միջոցով:

7. Համավճարի մուծումը կատարվում է ինչպես միանվագ, այնպես էլ տարաժամկետ եղանակով` սակայն ոչ ուշ, քան հիվանդի դուրսգրման օրը:

8. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն ստացած հիվանդներից գանձված համավճարների գումարները հաշվառվում են ընդհանուր դրամարկղում և առաջնահերթ ուղղվում են բժշկական օգնության և սպասարկման ուղղակի ծախսերի (աշխատավարձ, դեղորայք, լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ և այլն) կատարմանը:

9. Բուժկազմակերպություններում համավճարի վերաբերյալ գրառում է կատարվում հիվանդի բուժման պատմագրում, կատարվում է եկամուտների առանձին հաշվառում և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով հաշվետվություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն:

10. Բժշկական օգնության և սպասարկման տեսակների փոխհատուցման համավճարի սահմանաչափերը սահմանվում են` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 3-ի N 318-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ
(Հավելվածը լրաց. 09.02.06 N 291-Ն)

 

1. Հիվանդանոցային, ախտորոշիչ, մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում (այսուհետ՝ բժշկական կազմակերպություններ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններն իրականացվում են տվյալ բուժհաստատության տարեկան գլոբալ բյուջեի շրջանակներում՝ ամսական կտրվածքով հաստատված տվյալ ծրագրի համամասնությունների չափով:

2. Ամսական կտրվածքով բյուջեի սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդների հոսպիտալիզացիան իրականացնում է պլանային կարգով, հերթագրման եղանակով, բացառությամբ հետևյալ ծառայությունների`

սոցիալական հատուկ կարևորություն ունեցող հիվանդությունները,

շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունները,

ծննդօգնություն,

0-7 տարեկան երեխաների բուժօգնություն,

անհետաձգելի վիճակների բուժօգնություն:

3. Ելնելով բուժհաստատության առանձնահատկություններից` բժշկական կազմակերպությունը սույն կարգի պահանջների պահպանմամբ մշակում է հիվանդների հերթագրման կարգ:

4. Հիվանդների հերթագրման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդներին ապահովում է անվճար բժշկական (մասնագիտական) և դեղորայքային բուժման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվությամբ:

5. Հիվանդները, մինչև հերթագրմամբ բուժօգնություն ստանալու ժամկետը, անվճար բուժօգնություն կարող են ստանալ պետական պատվեր իրականացնող այլ հիվանդանոցային բուժհաստատություններում և տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում:

6. Բժշկական կազմակերպության ղեկավարն իր հրամանով պետք է ստեղծի հիվանդների պլանային հոսպիտալացման հերթագրման մասնագիտական հանձնաժողով և հաստատի դրա կազմն ու գործունեության կանոնակարգը: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անձից:

7. Հանձնաժողովը ղեկավարում է բժշկական կազմակերպության տնօրենը կամ բուժական գծով տեղակալը:

8. Հիվանդների հոսպիտալացման նպատակով հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, որի վերաբերյալ հիվանդներին տրվում է բժշկական կազմակերպության կնիքով հերթագրման թերթիկ և կատարվում է գրառում անվճար բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանում (ձև NN 1 և 2):

9. Հերթագրված հիվանդների բուժման ժամանակացույցը (հերթը) կարող է փոփոխվել և ելնելով միայն հիվանդի վիճակից` հիվանդը կարող է արտահերթ հոսպիտալացվել` համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում:

10. Ելնելով հիվանդի վիճակից` արտահերթ հոսպիտալացման որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ մասնագետների մասնակցությամբ: Հանձնաժողովի որոշումը վավերացվում է առնվազն 3 բժիշկ - մասնագետի ստորագրությամբ` համապատասխան նշում կատարելով հերթագրման մատյանում:

11. Հերթագրված հիվանդների հոսպիտալացումը կատարվում է հիվանդանոցի հրավերի (գրավոր կամ հեռախոսակապով) հիման վրա:

12. Բժշկական կազմակերպությունը հիվանդների հոսպիտալացման հերթագրման կարգի, հերթագրման հանձնաժողովի գործունեության կարգի և կազմի, հերթագրման ցուցակների վերաբերյալ բնակչությանն ապահովում է անհրաժեշտ տեղեկատվությամբ` փակցնելով դրանք բժշկական կազմակերպության ընդունարանում՝ տեսանելի վայրում:

13. Եռամսյակային բյուջեի սպառման ժամկետի մասին բնակչության իրազեկումը պարտադիր է, որի վերաբերյալ հայտարարությունը ստորագրվում և կնքվում է բուժհաստատության ղեկավարի կողմից և փակցվում բժշկական կազմակերպության ընդունարանում` դիմողների համար տեսանելի տեղում:

14. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող հերթագրված կամ հերթագրման ենթակա հիվանդներին հերթագրման կարգից դուրս արտահերթ բուժօգնությունն իրականացվում է տվյալ բժշկական կազմակերպությունում հաստատված ընդհանուր հիմունքներով:

15. Բժշկական կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 5-ը սույն կարգի շրջանակներում իրականացված գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

 Մ Ա Տ Յ Ա Ն

ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ

NN
ը/կ
Ազգանունը, անունը,
հայրանունը
Բնակության
վայրը
Ախտորոշումը Ուղեգրող
բուժհաստատության
անվանումը
Դիմելու
ամսաթիվը
Նախատեսվող
ընդունման
ամսաթիվը
Այլ նշումներ
               
               
               
               
               

Ձև N 2

 

Բուժհաստատության անվանումը

_______________________________________________________

_______________________________________________________

 

Հ Ե Ր Թ Ա Գ Ր Մ Ա Ն   Թ Ե Ր Թ Ի Կ

 

N _________________

Ամսաթիվը ______________________

Ազգանունը, անունը __________________________________________

Հասցեն __________________________________________________

Նախատեսվող ընդունման ամսաթիվը ________________________________

 

Հիվանդ կամ նրա հարազատ ___________________________

(ստորագրությունը)

Բժշկական հաստատության ղեկավար ___________________________

(ստորագրությունը)

  

 

 

 

 

Կ.Տ.

________________________________________________________

 

կտրման գիծը

________________________________________________________

 

Հիվանդին տրվող կտրոն            

Բուժհաստատության անվանումը

________________________________________________________

________________________________________________________

 

Հ Ե Ր Թ Ա Գ Ր Մ Ա Ն   Թ Ե Ր Թ Ի Կ

 

N _________________

Ամսաթիվը ______________________

Ազգանունը, անունը ____________________________________________

Հասցեն ____________________________________________________

Նախատեսվող ընդունման ամսաթիվը __________________________________

 

Հիվանդ կամ նրա հարազատ ___________________________

(ստորագրությունը)

Բժշկական հաստատության ղեկավար ___________________________

(ստորագրությունը)

 



 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 3-ի N 318-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների (այսուհետ` բժշկական սարքավորումներ) ձեռքբերման ու բաշխման սկզբունքները և կանոնակարգվում են դրանց հետ կապված հարաբերությունները:

2. Բժշկական սարքավորումների ձեռքբերումն իրականացվում է առողջապահական կազմակերպություններում` լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների պատշաճ մակարդակով` կազմակերպման և բժշկական օգնության որակի բարձրացման նպատակով:

3. Բժշկական սարքավորումների ձեռքբերումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Կենտրոնացված կարգով նորագույն բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված ֆինանսական ծավալների սահմաններում:

4. Բժշկական սարքավորումների անվանացանկը որոշվում է բնակչության հիմնական բժշկասոցիալական պահանջների բավարարման սկզբունքով` սահմանափակ քանակով պարզ, մատչելի և համեմատաբար ոչ թանկարժեք բժշկական տեխնոլոգիաների միջոցով որակյալ բժշկական օգնություն ապահովելու նպատակով:

5. Բժշկական սարքավորումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող առողջապահական կազմակերպություններին:

6. Առողջապահական կազմակերպությունը` տրամադրված բժշկական սարքավորումներով իրականացվող հետազոտությունները և բժշկական օգնությունը կազմակերպելիս առաջնահերթություն է տալիս պետական պատվերի շրջանակներում բուժվողներին:


II. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

7. Բժշկական սարքավորումների ձեռքբերման ու բաշխման գործընթացը կանոնակարգելու և արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծվում է կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման մշտական գործող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

8. Հանձնաժողովը խորհրդատվական մարմին է և գործում է հասարակական հիմունքներով:

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

(9-րդ կետը փոփ. 02.10.08 N 1125-Ն)

10. Հանձնաժողովն առողջապահական կազմակերպությունների տեխնիկական հագեցվածության մակարդակի ուսումնասիրությունների և մասնագիտական (փորձագիտական) գնահատման հիման վրա առաջարկություն է ներկայացնում նախարարին`

ա) բժշկական սարքավորումների ձեռքբերման և բաշխման հեռանկարային ու միջին ժամկետ քաղաքականության հիմնական սկզբունքների և դրույթների մշակման ուղղությամբ.

բ) ամենամյա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հայտում ընդգրկվող բժշկական սարքավորումների անվանացանկի ընտրության վերաբերյալ:

11. Հանձնաժողովը`

ա) տեղեկացնում է հանրապետության առողջապահական կազմակերպություններին կենտրոնացված կարգով ձեռք բերվող բժշկական սարքավորումների անվանացանկի վերաբերյալ` վերջիններիս կողմից հետագայում համապատասխան հայտեր ներկայացնելու նպատակով.

բ) ուսումնասիրում ու ամփոփում է առողջապահական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը և եզրակացություն է տալիս հաջորդ տարվա նրանց համար առաջնահերթ համարվող բժշկական սարքավորումների անվանացանկի վերաբերյալ.

գ) քննարկում և ընդունում է վերջնական որոշում կենտրոնացված կարգով տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված բժշկական սարքավորումները (բժշկական սարքավորումների տեսակները և քանակը) առողջապահական կազմակերպություններին տրամադրելու ձևի մասին.

դ) պարբերաբար իրականացնում է դիտարկումներ կենտրոնացված կարգով ձեռք բերված և առողջապահական կազմակերպություններին տրամադրված բժշկական սարքավորումների նպատակային ու արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

ե) քննարկում է կենտրոնացված կարգով նորագույն բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման քաղաքականությունից և ռազմավարությունից բխող այլ հարցեր:

Հանձնաժողովը կազմակերպում է նիստեր, ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

12. Հանձնաժողովի նիստերին, ըստ անհրաժեշտության, հրավիրվում են բժիշկ- մասնագետներ, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, շահագրգիռ նախարարությունների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

13. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են` համապատասխան որոշում ընդունելու նպատակով:


III. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

14. Մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը առողջապահական կազմակերպությունները, նախարարի կողմից սահմանված կարգին համապատասխան, նախարարին ներկայացնում են հայտ` հաջորդ տարվա իրենց համար առաջնահերթ համարվող բժշկական սարքավորումների անվանացանկի վերաբերյալ:

15. Առողջապահական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերն ուսումնասիրվում ու ամփոփվում են հանձնաժողովի կողմից:


IV. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

16. Բժշկական սարքավորումների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:


V. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

17. ԿԵնտրոնացված կարգով ձեռք բերված բժշկական սարքավորումների բաշխման գործընթացում առաջնահերթությունը տրվում է`

ա) այն առողջապահական կազմակերպություններին, որոնք իրականացնում են`

պետական նպատակային ծրագրերում ներառված բուժօգնության տեսակներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ազգային ծրագրեր,

առողջապահական գերակա ուղղությունների զարգացման ծրագրեր,

Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետի կողմից հաստատված համայնքային առողջապահական զարգացման ծրագրեր.

բ) Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի, առողջապահական կազմակերպությունների տնօրենների (անկախ սեփականության ձևից) գրավոր առաջարկություններին.

գ) սահմանամերձ տարածաշրջաններում տեղակայված առողջապահական կազմակերպություններին:

18. Հանձնաժողովը քննարկում և առաջարկություն է ներկայացնում նախարարին կենտրոնացված կարգով տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված բժշկական սարքավորումների (ըստ առողջապահական կազմակերպությունների) բաշխման վերաբերյալ:

19. Հանձնաժողովի եզրակացության հիման վրա նախարարի հրամանով (ըստ առողջապահական կազմակերպությունների) հաստատվում է հատկացվող բժշկական սարքավորումների ցանկը և հատկացման ձևը (ընդ որում, 100 տոկոս պետությանը պատկանող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող կազմակերպություններին հանձնվում է դրանց կանոնադրական կապիտալում բժշկական սարքավորումները սահմանված կարգով ներդնելու միջոցով, իսկ պետությանը պատկանող բաժնետոմսեր (բաժնեմաս) չունեցող կազմակերպություններին բժշկական սարքավորումները հանձնվում են վարձակալության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման` 5 տարի ժամկետով, որից հետո այն կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով օտարվել տվյալ առողջապահական կազմակերպությանը:

(19-րդ կետը փոփ. 02.10.08 N 1125-Ն)

20. Բժշկական սարքավորումների օգտագործման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կողմերի իրավունքները, պարտավորությունները, պատասխանատվությունը, ծագած վեճերը և այլ հարաբերություններ կարգավորվում են կողմերի միջև կնքված պայմանագրով:

(Հավելվածը լրաց. 09.02.06 N 291-Ն)

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՎՃԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԽՄԲԵՐԻ

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 36.00 և ավելի բարձր անապահովության միավորներ ունեցող ընտանիքի անդամներ:

(Հավելվածը լրաց. 19.07.07 N 880-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 318-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՎՃԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց ընտրության կարգը:

2. Սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց ընտրությունն իրականացնում է սրտի վիրահատություն իրականացնող լիցենզավորված բժշկական հաստատությունում (այսուհետ` բժշկական հաստատություն) ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմը հաստատում է բժշկական հաստատության ղեկավարը: Հանձնաժողովի նախագահը բժշկական հաստատության ղեկավարն է:

3. Սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց ընտրությունը հանձնաժողովի կողմից իրականացվում է սույն կարգով նախատեսված փաստաթղթերը բժշկական հաստատություն մուտքագրվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

4. Անձը սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու համար բժշկական հաստատություն է ներկայացնում`

1) դիմում` հանձնաժողովի նախագահի անվամբ.

2) սոցիալական անապահովությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 36.00 և ավելի բարձր անապահովության միավորների մասին տեղեկանքը` վերջին ամսվա դրությամբ).

3) բժշկական եզրակացություն սրտի վիրահատության անհրաժեշտության մասին.

4) անձնագրի պատճենը:

5. Անհետաձգելի դեպքերում, երբ դիմողը հոսպիտալացվել է և չի դիմել հանձնաժողովին, սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը հանձնաժողովին է ներկայացվում հոսպիտալացվելուց հետո` բժշկական միջամտությունից (վիրահատությունից) առաջ կամ դրանից հետո:

6. Ներկայացված փաստաթղթերը բժշկական հաստատություն են հանձնվում առձեռն կամ փոստով:

7. Ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից, որի հիման վրա հանձնաժողովը տալիս է եզրակացություն տվյալ անձի սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:

8. Հանձնաժողովի եզրակացության հիման վրա բժշկական հաստատության ղեկավարն ընդունում է որոշում անձի սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու կամ դիմումը մերժելու մասին:

9. Սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու դիմումը ենթակա է մերժման, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին.

2) սպառվել են պետական պատվերով նախատեսված միջոցները:

10. Հանձնաժողովը որոշումն ընդունում է քվեարկությամբ: Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել են հանձնաժողովի անդամների կեսը և ավելին:

11. Հանձնաժողովի նիստը գումարվում է յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև արտահերթ:

12. Հանձնաժողովի ընդունած որոշումն ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

13. Բժշկական հաստատությունը` մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևի հաշվետվություն նախորդ ամսվա ընթացքում ամբողջությամբ անվճար իրականացված սրտի վիրահատության դեպքերի մասին:

(Հավելվածը լրաց. 19.07.07 N 880-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան