Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.2000-02.04.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
01.12.1999
Ստորագրման ամսաթիվ
01.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.04.2009

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

տնտեսական և առևտրական հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակով,

ձգտելով զարգացնել համագործակցությունը ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում,

ելնելով միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված սկզբունքներից և նորմերից,

հասկանալով դրանց նշանակությունը մարդու կյանքի և առողջության անվտանգությունն ապահովելու, շրջակա միջավայրի պահպանության գործում,

ղեկավարվելով երկու Պայմանավորվող կողմերի տնտեսական շահերով, երկու պետությունների գործող օրենսդրության շրջանակներում,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման համատեղ աշխատանքներ կատարելու ընթացքում Պայմանավորվող կողմերը համագործակցությունը իրականացնում են լրացուցիչ համաձայնագրերի, արձանագրությունների և ծրագրերի հիման վրա, որոնք նախատեսում են.

ազգային ստանդարտների ներդաշնակեցման ապահովում միջազգային և եվրոպական ստանդարտներին` գիտատեխնիկական համագործակցության զարգացման և առևտրի բնագավառում տեխնիկական խոչընդոտների հաղթահարմանը աջակցելու համար,

փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի նորմատիվ փաստաթղթերի ներդաշնակեցման համատեղ աշխատանքների իրականացում,

չափագիտության ազգային մարմինների կողմից իրականացվող չափման միջոցների փորձարկումների, տեսակի հաստատման արդյունքների և հավատարմագրված կալիբրովկա (ստուգաչափում) իրականացնող լաբորատորիաների կողմից կատարված կալիբրովկայի (ստուգաչափման) արդյունքների փոխադարձաբար ճանաչման աշխատանքների կատարում,

ֆիզիկական մեծությունների պետական և աշխատանքային էտալոնների ստեղծման, կատարելագործման, բաղդատման և նյութերի ստանդարտ նմուշների մշակման և արտադրման համատեղ աշխատանքների իրականացում,

հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների, փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի փորձարկման և սերտիֆիկացման արդյունքների փոխադարձաբար ճանաչման աշխատանքների կատարում:

 

Հոդված 2

 

Պայմանավորվող կողմերը փոխանակում են ստանդարտացման ազգային մարմինների կողմից հրատարակվող նորմատիվ փաստաթղթեր, տեղեկություն, պարբերական հրատարակություններ, այն է`

ազգային ստանդարտների քարտագրացուցակներ, առանձին ազգային ստանդարտներ, նորմեր և կանոններ (ընթացակարգեր),

ընդհանուր տեղեկատվություն և հրատարակություններ սերտիֆիկացման, փորձարկման լաբորատորիաների, սերտիֆիկացման մարմինների հավատարմագրման վերաբերյալ, պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի ցանկեր,

տեղեկատվություն և նյութեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում մասնագետների ուսուցման և որակավորման բարձրացման ծրագրերի վերաբերյալ:

 

Հոդված 3

 

Պայմանավորվող կողմերը սահմանում են փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի, դրա վերաբերյալ գործող նորմատիվ փաստաթղթերի և նորմատիվ փաստաթղթերին ապրանքի համապատասխանության սերտիֆիկատների օրինակների համաձայնեցված ցանկը և այդ մասին տեղեկացնում իրենց իրավասու մարմիններին:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրով նախատեսված աշխատանքների համակարգումը և իրագործումը հանձնարարվում է.

Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը,

Բուլղարիայի Հանրապետության դեպքում` Բուլղարիայի Հանրապետության ստանդարտացման և չափագիտության կոմիտեին:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագրի դրույթները անհրաժեշտության դեպքում կոնկրետացվում են սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված մարմինների միջև լրացուցիչ համաձայնագրերով և արձանագրություններով` Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 6

 

Պայմանավորվող կողմերը ապահովում են սույն Համաձայնագրի շրջանակներում ստացվող փաստաթղթերի և տեղեկության գաղտնիությունը, եթե փոխանցող Պայմանավորվող կողմը նշում է դրանց գաղտնիության մասին:

Համագործակցության ընթացքում ստացված գիտատեխնիկական տեղեկությունը Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ազատ օգտագործել, եթե մյուս Պայմանավորվող կողմը չի նշել նրա գաղտնիության մասին: Այդ տեղեկությունը երրորդ կողմի կարող է փոխանցվել միայն այն տրամադրող Պայմանավորվող կողմի համաձայնությամբ:

 

Հոդված 7

 

Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման զանազան միջազգային և տարածաշրջանային այն կազմակերպություններին անդամակցելու կամ մասնակցելու գործում, որոնց անդամ է Պայմանավորվող կողմերից մեկը:

 

Հոդված 8

 

Պայմանավորվող կողմերը փոխանակում են մասնագետների և դասախոսների պատվիրակություններ` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում փորձի ուսումնասիրության, խորհրդակցությունների անցկացման և մասնագետների նախապատրաստման նպատակով, որը Պայմանավորվող կողմերը որոշում են լրացուցիչ:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կատարման հետ կապված բոլոր վիճելի հարցերը Պայմանավորվող կողմերի միջև լուծվելու են փոխադարձ խորհրդակցությունների և բանակցությունների ճանապարհով:

 

Հոդված 10

 

Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում նախկինում երրորդ երկրների հետ Պայմանավորվող կողմերի կնքած մյուս Համաձայնագրերի գործողությունը:

 

Հոդված 12

 

Համագործակցության ֆինանսավորումը կիրականացվի Պայմանավորվող կողմերի պայմանավորվածության հիման վրա:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցման ստացման օրվանից, որով Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով ծանուցում են միմյանց սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու համար իրենց օրենսդրության համաձայն անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` դիվանագիտական ճանապարհով գրավոր տեղեկացնելով մյուս Պայմանավորվող կողմին իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողությունը դադարում է այդ ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց վեց ամիս հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 1-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում առաջացած տարաձայնությունների դեպքում կգերակայի ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի մայիսի 10-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.03.2009, ՆՀ-67-Ն 02.04.2009,
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան