Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ելնելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական, ռազմական, տնտեսական, գիտատեխնիկական կամ այլ համագործակցության ընթացքում փոխանակվող, ինչպես նաև Կողմերի` այդպիսի համագործակցության ընթացքում գոյացած գաղտնի տեղեկատվության պաշտպանության ապահովման ցանկությունից,
հաշվի առնելով Կողմերի փոխադարձ շահերը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերին համապատասխան գաղտնի տեղեկատվության պաշտպանության ապահովման գործում,
հաշվի առնելով միջպետական գաղտնիքների պաշտպանության փոխադարձաբար ապահովման մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների 1993 թ. հունվարի 22-ի Համաձայնագրի իրականացման փոխադարձ շահագրգռվածությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1. | Տերմինների սահմանումը |
Սույն Համաձայնագրում կիրառվող տերմինները նշանակում են`
«գաղտնի տեղեկատվություն» - ցանկացած ձևով արտահայտված տեղեկություններ, որոնք պաշտպանվում են Կողմերից յուրաքանչյուրի պետության գործող օրենսդրությանը համապատասխան, փոխանցված են Կողմերից յուրաքանչյուրի կողմից և սույն Համաձայնագրով հաստատված կարգով, ինչպես նաև` Կողմերի համագործակցության ընթացքում գոյացած, որոնց չթույլատրված տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության անվտանգությանն ու շահերին,
«գաղտնի տեղեկակիրներ» - նյութական օբյեկտներ, այդ թվում նաև ֆիզիկական դաշտեր, որոնցում պաշտպանվող գաղտնի տեղեկատվությունը արտահայտվում է պատկերների, ազդանշանների, տեխնիկական լուծումների և գործընթացների ձևով,
«գաղտնիության դրոշմագիր» - վավերապայմաններ, որոնք դրվում են գաղտնի տեղեկակիրների վրա և/կամ նշված են նրանց կցված ուղեկցող փաստաթղթերում և վկայում են գաղտնի տեղեկակիրների գաղտնիության աստիճանի մասին,
«լիազորված մարմին» - պետական իշխանության մարմին կամ կազմակերպություն, որը լիազորված է Կողմերի կողմից ստանալ, պահպանել, պաշտպանել, օգտագործել փոխանցվող կամ Կողմերի համագործակցության ընթացքում գոյացած գաղտնի տեղեկատվությունը,
«գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն» - ֆիզիկական անձանց` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու իրավունքի ձևակերպման ընթացակարգ, իսկ լիազորված մարմիններին` այդպիսի տեղեկատվության օգտագործմամբ աշխատանքների կատարում,
«գաղտնի տեղեկատվությանը իրազեկ լինել» - թույլտվություն ունեցող ֆիզիկական անձին գաղտնի տեղեկատվությանը ծանոթացնելու գործընթաց,
«պայմանագիր» - պայմանագիր, որը կնքվում է Կողմերի լիազորված մարմինների միջև, որի շրջանակներում ձևավորվում կամ փոխանցվում է գաղտնի տեղեկատվությունը:
Հոդված 2. | Գաղտնի տեղեկատվության սահմանում |
1. Գաղտնի տեղեկատվություն է հանդիսանում.
ա) Հայաստանի Հանրապետությունում`
պետության կողմից պաշտպանվող տեղեկությունները նրա ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառներում, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
Կախված վնասից, որը կարող է գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման հետևանքով հասցվել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, քաղաքական կամ տնտեսական շահերին, սահմանված են գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճաններ և այդ գաղտնիության աստիճաններին համապատասխան գաղտնիության դրոշմագրեր գաղտնի տեղեկակիրների համար:
«Հատուկ կարևորության» - ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներին վերաբերող տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության շահերին, թվարկված մեկ կամ մի քանի բնագավառներում:
«Հույժ գաղտնի» - ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներին վերաբերող տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության նախարարության (գերատեսչության) կամ Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղի, թվարկված մեկ կամ մի քանի բնագավառներում:
«Գաղտնի» - ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական տեղեկություններ, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներին վերաբերող տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ձեռնարկության, հաստատության կամ կազմակերպության շահերին, թվարկված մեկ կամ մի քանի բնագավառներում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» դրոշմագրերով տեղեկատվությունը դասվում է պետական, իսկ «գաղտնի» տեղեկատվությունը` ծառայողական գաղտնիքի շարքին, որոնք պաշտպանվում են պետության կողմից:
բ) Ռուսաստանի Դաշնությունում`
պետության կողմից պաշտպանվող տեղեկություններ նրա ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառներում, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը:
Կախված վնասից, որը կարող է գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման հետևանքով հասցվել Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը, քաղաքական կամ տնտեսական շահերին, սահմանված են գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճաններ և այդ գաղտնիության աստիճաններին համապատասխան գաղտնիության դրոշմագրեր գաղտնի տեղեկակիրների համար:
«Հատուկ կարևորության» - ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներին վերաբերող տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Ռուսաստանի Դաշնության շահերին, թվարկված մեկ կամ մի քանի բնագավառներում:
«Հույժ գաղտնի» - ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներին վերաբերող տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Ռուսաստանի Դաշնության նախարարության (գերատեսչության) կամ Ռուսաստանի Դաշնության տնտեսության ճյուղի, թվարկված մեկ կամ մի քանի բնագավառներում:
«Գաղտնի» - ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական տեղեկություններ, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներին վերաբերող տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Ռուսաստանի Դաշնության կազմակերպության շահերին, թվարկված մեկ կամ մի քանի բնագավառներում:
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան` «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրերով տեղեկատվությունը կազմում են պետական գաղտնիք:
2. Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն է համարվում կազմակերպությունների գործունեությանը վերաբերող ոչ գաղտնի տեղեկատվությունը, որի տարածման սահմանափակումը թելադրվում է ծառայողական անհրաժեշտությամբ:
Հոդված 3. | Գաղտնիության աստիճանների համադրումը |
Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը համապատասխան` գաղտնիության աստիճանները համադրվում են հետևյալ ձևով.
Հայաստանի Հանրապետությունում | Ռուսաստանի Դաշնությունում |
«Հատուկ կարևորության» | «Особой важности» («Ասոբոյ վաժնոստի»)* «Հատուկ կարևորության»** |
«Հույժ գաղտնի» | «Совершенно секретно» («Սավերշեննո սեկրետնո»)* «Հույժ գաղտնի»** |
«Գաղտնի» | «Секретно» («Սեկրետնո»)* «Գաղտնի»** |
* - Հնչյունական տառադարձություն
** - Թարգմանած հայերեն
Հոդված 4. | Գաղտնի տեղեկատվության պաշտպանության միջոցները |
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերին համապատասխան` Կողմերը պարտավորվում են.
պաշտպանել մյուս Կողմի կողմից փոխանցված կամ Կողմերի համագործակցության ընթացքում գոյացած գաղտնի տեղեկատվությունը,
չփոխել փոխանցող Կողմի գաղտնիության դրոշմագիրը առանց նրա գրավոր համաձայնության,
մյուս Կողմի կողմից փոխանցված կամ Կողմերի համագործակցության ընթացքում ձևավորված գաղտնի տեղեկությունների հետ վարվելիս ձեռնարկել պաշտպանության նույնպիսի միջոցներ, ինչպիսիք կիրառվում են համապատասխան գաղտնիության աստիճանի սեփական գաղտնի տեղեկությունների նկատմամբ,
մյուս Կողմի պետության լիազորված մարմնից ստացված տեղեկատվությունը օգտագործել բացառապես դրա փոխանցման ժամանակ նախատեսված նպատակներով,
առանց փոխանցող Կողմի նախնական գրավոր համաձայնության երրորդ Կողմի չտրամադրել գաղտնի տեղեկատվությանը իրազեկ լինելու իրավունք:
2. Գաղտնի տեղեկատվությանը իրազեկ լինելը թույլատրվում է միայն այն անձանց, որոնց համար տվյալ տեղեկատվության իմացությունն անհրաժեշտ է ծառայողական պարտականությունների կատարման համար` դրա փոխանցման ժամանակ նախատեսված նպատակներով: Գաղտնի տեղեկություններին իրազեկ լինելու թույլտվություն տրվում է միայն այն անձանց, որոնք ունեն առնչվելու համապատասխան թույլտվություն:
3. Անհրաժեշտության դեպքում գաղտնի տեղեկատվության պաշտպանության լրացուցիչ պահանջները, որոնցում մանրամասն շարադրվում են գաղտնի տեղեկատվությանը վերաբերելու պարտավորությունները և պաշտպանության միջոցները, ներառվում են գործունեության որոշակի տեսակի մասին պայմանագրերում:
Հոդված 5. | Գաղտնի տեղեկատվության փոխանցումը |
1. Եթե մի Կողմի պետության լիազորված մարմինը մտադիր է մյուս Կողմի պետության լիազորված մարմնին գաղտնի տեղեկատվություն փոխանցել, նա սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով սահմանված իր Կողմի իրավասու մարմնին նախնական հարցում է կատարում, որպեսզի գրավոր հաստատում ստանա մյուս Կողմի լիազորված մարմնի համապատասխան թույլտվության մասին:
Մի Կողմի իրավասու մարմինը մյուս Կողմի իրավասու մարմնին տվյալ լիազորված մարմնի առնչության համապատասխան թույլտվություն ունենալու մասին գրավոր հաստատման հարցում է կատարում:
2. Կոնկրետ գաղտնի տեղեկատվության փոխանցման մասին որոշումը Կողմերն ընդունում են յուրաքանչյուր առանձին դեպքում` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և այլ նորմատիվ-իրավական ակտերին համապատասխան:
3. Գաղտնի տեղեկատվության փոխանցումը մի պետությունից մյուսը իրականացվում է դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության կամ ռազմական սուրհանդակի ծառայության միջոցով` Կողմերի միջև գործող Համաձայնագրի համաձայն: Համապատասխան լիազորված կամ իրավասու մարմինը հաստատում է գաղտնի տեղեկատվության ստացումը:
4. Զգալի ծավալով գաղտնի տեղեկատվության փոխանցման համար համապատասխան իրավասու մարմինները ամեն դեպքում սահմանում են փոխանցման միջոցները, ուղիները և ուղեկցման ձևը:
Կողմերի իրավասու մարմինները փոխանակում են տեղեկություններ այդպիսի յուրաքանչյուր դեպքի մասին:
Հոդված 6. | Գաղտնի տեղեկատվությանը և գաղտնի տեղեկակիրներին վերաբերելը |
1. Փոխանցված գաղտնի տեղեկատվության վրա դրա ստացման համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից լրացուցիչ դրվում են գաղտնիության դրոշմագրեր, որոնք համադրելի են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համաձայն:
Գաղտնիության դրոշմագրեր դնելու անհրաժեշտությունը տարածվում է գաղտնի տեղեկատվության վրա, որը գոյացել է Կողմերի համագործակցության ընթացքում` թարգմանության, տիրաժավորման կամ բազմացման հետևանքով:
Գաղտնի տեղեկատվության վրա, որը գոյացել է փոխանցված գաղտնի տեղեկատվության հիման վրա, դրվում է փոխանցված գաղտնի տեղեկատվության գաղտնիության դրոշմագրից ոչ ցածր գաղտնիության դրոշմագիր:
2. Ձևավորված կամ փոխանցված գաղտնի տեղեկատվությունը հաշվառվում և պահվում է այն պահանջների համաձայն, որոնք գործում են Կողմերի պետության սեփական գաղտնի տեղեկատվության նկատմամբ:
3. Գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանը կարող է փոխվել կամ հանվել լիազորված մարմնի կողմից միայն դրանք փոխանցած Կողմի պետության համապատասխան իրավասու մարմնի գրավոր թույլտվության համաձայն:
Գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանի փոփոխման կամ հանման մասին այն փոխանցած Կողմի պետության իրավասու մարմինը տեղեկացնում է մյուս Կողմի պետության համապատասխան իրավասու մարմնին:
4. Գաղտնի տեղեկակիրները վերադարձվում կամ էլ ոչնչացվում են դրանք փոխանցած Կողմի պետության իրավասու մարմնի գրավոր ծանուցագրի համաձայն:
Գաղտնի տեղեկատվությունը և տեղեկակիրների բազմացումն ու տիրաժավորումը իրականացվում են դրանք փոխանցած Կողմի իրավասու մարմնի գրավոր թույլտվությամբ:
Գաղտնի տեղեկատվության ոչնչացումը փաստաթղթավորվում է, իսկ ոչնչացման գործընթացը պետք է երաշխավորի հետագայում դրա անվերարտադրելիությունը:
Հոդված 7. | Պայմանագրեր |
Կողմերի պետությունների լիազորված մարմինների կողմից կնքվող պայմանագրերում կազմվում է առանձին բաժին, որում սահմանվում են.
գոյացած և փոխանցվող գաղտնի տեղեկատվության ցանկը և/կամ նրա գաղտնիության աստիճանը,
գոյացած և/կամ փոխանցվող գաղտնի տեղեկատվության պաշտպանության առանձնահատկությունները,
կոնֆլիկտային իրավիճակների լուծման և հնարավոր վնասների փոխհատուցման կարգը գոյացած և/կամ փոխանցված գաղտնի տեղեկատվության անթույլատրելի տարածման դեպքում:
Հոդված 8. | Իրավասու մարմիններ |
1. Սույն Համաձայնագրի իրականացման նկատմամբ գործունեության համակարգման համար պատասխանատու իրավասու մարմիններն են`
Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը,
Ռուսաստանի Դաշնությունում` Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը:
2. Կախված համագործակցության բնույթից` Կողմերը կարող են նշանակել սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու այլ պետական մարմիններ, ինչի մասին նրանք միմյանց կտեղեկացնեն դիվանագիտական ուղիներով:
Հոդված 9. | Խորհրդատվություններ |
1. Կողմերի պետությունների իրավասու մարմինները փոխանակում են գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտին վերաբերող իրենց պետությունների համապատասխան օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերը այն ծավալով, որը անհրաժեշտ է սույն Համաձայնագիրը կատարելու համար:
2. Սույն Համաձայնագրի կատարման ժամանակ համագործակցությունը ապահովելու նպատակով Կողմերի իրավասու մարմինները նրանցից մեկի խնդրանքով անցկացնում են համատեղ խորհրդատվություններ:
Հոդված 10. | Այցերը |
1. Կողմերից մեկի պետության լիազորված մարմինների ներկայացուցիչների այցերը, որոնք նախատեսում են մյուս Կողմի պետության գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն, իրականացվում են ընդունող Կողմի պետության իրավասու մարմնի հետ համաձայնեցմամբ: Մինչև այցելությունը Կողմերի իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանի մասին, որի մատչելիությունը նախատեսվում է այցելության ընթացքում: Այդպիսի այցելության թույլտվություն տրվում է միայն այն անձանց, որոնք նշված են սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում:
2. Այդպիսի այցերի հնարավորության մասին դիմումը ուղարկող Կողմի իրավասու մարմինը ուղարկում է ընդունող Կողմի պետության իրավասու մարմնին. այն կազմվում է ընթացակարգերի համաձայն, որոնք ընդունված են ընդունող Կողմի պետությունում, և պարունակում է հետևյալ տեղեկությունները.
- ներկայացուցչի անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, քաղաքացիությունը և անձնագրի համարը,
- ներկայացուցչի մասնագիտությունը և պաշտոնը, այն լիազորված մարմնի անվանումը, որը նա ներկայացնում է,
- գաղտնիության աստիճանին համապատասխան` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունը,
- այցի նախատեսվող ամսաթիվը և տևողությունը,
- այն իրավասու մարմինների անվանումները, որոնց այցելությունը նախատեսվում է,
- այցելության նպատակը,
- այն անձանց անունները, ազգանունները և պաշտոնները, որոնց հետ ներկայացուցիչները նախատեսում են հանդիպել:
3. Կողմերից մեկի լիազորված մարմինների ներկայացուցիչները ծանոթանում են մյուս Կողմի գաղտնիության աստիճանին համապատասխանող գաղտնի տեղեկատվությանը և պահպանում են այդ կանոնները այցի ընթացքում:
Հոդված 11. | Գաղտնի տեղեկատվության պաշտպանության միջոցառումների անցկացման ծախսերը |
Կողմերից մեկի լիազորված մարմինների ծախսերը, որոնք առաջացել են գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար անցկացվող միջոցառումների կապակցությամբ, ենթակա չեն փոխհատուցման մյուս Կողմի լիազորված մարմինների կողմից:
Հոդված 12. | Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտումը |
Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտման դեպքում, ինչը հանգեցրել է մյուս Կողմի պետության լիազորված մարմնի կողմից փոխանցված գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածմանը կամ ենթադրում է այդպիսի չթույլատրված տարածում, համապատասխան Կողմի լիազորված կամ իրավասու մարմինը անհապաղ տեղեկացնում է մյուս Կողմի պետության լիազորված կամ իրավասու մարմնին, անցկացնում է անհրաժեշտ քննություն և քննության արդյունքների ու այն Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում կատարվել են խախտումները, ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացնում է Կողմի պետության իրավասու մարմնին:
Հոդված 13. | Հարաբերությունը այլ պայմանավորվածությունների հետ |
Կողմերի պետությունների միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունները, որոնք կարգավորում են գաղտնի տեղեկատվության պահպանումն ապահովող ռեժիմը, շարունակում են գործել, եթե դրանց դրույթները չեն հակասում սույն Համաձայնագրին:
Հոդված 14. | Վիճելի հարցերի լուծումը |
Սույն Համաձայնագրի մեկնաբանության կամ կիրառման վերաբերյալ վեճերը լուծվում են Կողմերի պետությունների իրավասու մարմինների միջև` բանակցությունների միջոցով: Այդ բանակցությունների ժամանակ Կողմերը շարունակում են կատարել իրենց պարտավորությունները սույն Համաձայնագրին համաձայն:
Հոդված 15. |
Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, գործելու ժամկետը և դադարեցումը |
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և գործում է այնքան, քանի դեռ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր չի ծանուցել այն դադարեցնելու իր մտադրության մասին:
3. Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ ու լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն հոդվածի առաջին կետով նախատեսված կարգով:
4. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում մինչև գաղտնիության դրոշմագրի հանելը փոխանցված կամ Կողմերի համագործակցության ընթացքում գոյացած գաղտնի տեղեկատվության նկատմամբ շարունակում են կիրառվել սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության միջոցները:
Կատարված է Երևան քաղաքում 2002 թվականի նոյեմբերի 5-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի հունիսի 23-ից: