Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.12.16/7(7)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2002
Ստորագրման ամսաթիվ
05.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2002

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ելնելով ինքնիշխանությունը, հավասարությունը հարգելու, փոխշահավետության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներից,

նպատակ ունենալով ամրապնդել կապերը մշակույթի բնագավառում և զարգացնել երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը կապեր կհաստատեն երկու երկրների գիտական, կրթական, գրական, արվեստի, մարզական, հրատարակչական հիմնարկների և զանգվածային լրատվական միջոցների միջև և կխրախուսեն մշակութային համագործակցությունն ու փոխանակումները:

 

Հոդված 2

 

Կողմերը կխրախուսեն մշակույթի բնագավառում պատվիրակությունների, ինչպես նաև գեղարվեստական և մարզական խմբերի, մասնագետների և գործիչների փոխանակումը՝ Կողմերի նվաճումներին ծանոթանալու և փորձի փոխանակման նպատակով:

 

Հոդված 3

 

Կողմերը կաջակցեն գրական ստեղծագործությունների թարգմանությանն ու հրատարակմանը, տպագիր հրատարակությունների, տեղեկատվական փաստաթղթերի, կինոնկարների և տեսագրությունների և այլ փոխանակումներին մշակույթի բնագավառի համապատասխան հիմնարկների միջև:

 

Հոդված 4

 

Կողմերն իրենց երկրներում կկազմակերպեն մյուս Կողմի երկրի մասին տեղեկացնող ցուցահանդեսներ, կինոդիտումներ, հեռուստառադիոհաղորդումներ, գրքերի հրատարակություններ՝ նվիրված հանրապետությունների օրերին, հիմնական հոբելյաններին և այլ առիթներով, ինչպես նաև կանցկացնեն զանազան մշակութային միջոցառումներ:

 

Հոդված 5

 

Կողմերը հնարավորինս կաջակցեն մյուս Կողմի մասնակցությանը իրենց երկրում անցկացվող միջազգային խորհրդակցություններին, փառատոներին, ցուցահանդեսներին և մարզական մրցաշարերին:

 

Հոդված 6

 

Կողմերը կնպաստեն իրենց երկրների համապատասխան հիմնարկների միջև արձանագրությունների կնքմանը՝ սույն Համաձայնագրով սահմանված աշխատանքների որոշակիացման համար:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի իրագործման համար Կողմերը կհաստատեն մշակութային փոխանակումների որոշակի ծրագիր՝ երկու կամ հինգ տարի ժամկետով: Ծրագիրն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված ֆինանսական ծախսերը Կողմերը կատարում են փոխադարձության հիման վրա, որը յուրաքանչյուր առանձին դեպքի համար կձևակերպվի համապատասխան պայմանագրով:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի դիվանագիտական ուղիներով միմյանց փոխադարձաբար ծանուցելու օրվանից և ուժի մեջ է մնում հինգ տարվա ընթացքում:

Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին գրավոր չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրում Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգին համապատասխան և հանդիսանում է դրա անբաժանելի մասը:

 

Կատարված է Երևան քաղաքում 2002 թվականի ապրիլի 5-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, կորեերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի օգոստոսի 23-ից:
 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան