Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-827
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1063
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.09.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

12 սեպտեմբերի 2009 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ Խ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 285 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Խ. Սուքիասյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285 հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղ. Խ. Սուքիասյանի` 23.04.2009թ. դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 285 հոդվածը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի մայիսի 25-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285 հոդվածը վերնագրված է «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննումը», որի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը 2006 թվականի մայիսի 25-ի խմբագրությամբ սահմանում է.

«Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը քննում է միջնորդությունը ներկայացրած անձի և հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 05.03.2008թ. որոշում է կայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քրեական գործով մեղադրյալ Խ. Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին` նրան հայտնաբերելու պահից 2 ամիս ժամանակով:

Դիմողի ներկայացուցիչները 11.11.2008թ. միջնորդություն են հարուցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` դիմողի նկատմամբ կալանք կիրառելու մասին նույն դատարանի վերը նշված որոշման բողոքարկման համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերականգնելու մասին:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.11.2008թ. որոշմամբ միջնորդությունը մերժվել է:

Դիմողի ներկայացուցիչները միջնորդությունը մերժելու վերաբերյալ վերը նշված որոշումը 08.12.2008թ. բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` միաժամանակ ներկայացնելով նաև դիմողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք` այն ըստ էության քննության առնելու համար:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 22.12.2008թ. կայացված երկու որոշումներով առաջին բողոքը մերժվել է, իսկ երկրորդը թողնվել է առանց քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2009թ. որոշմամբ վերաքննիչ քրեական դատարանի վերը նշված որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

3. Ըստ դիմողի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285 հոդվածի վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 3 հոդվածի, 16 հոդվածի 3-րդ մասի և 25 հոդվածի պահանջներին:

Ըստ դիմողի` ՀՀ Սահմանադրության 16 հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ դատարանի որոշմամբ կալանավորվել կարող է միայն ձերբակալված անձը, ընդ որում` 72 ժամվա ընթացքում: «Այսինքն` անձին դատարանի որոշմամբ կալանավորելու նախապայմանը նրա` ձերբակալված լինելն է: Այլ կերպ ասած, Սահմանադրության նշված նորմն արգելում է դատարանին կայացնել անձին կալանավորելու որոշում այն դեպքում, երբ վերջինս ձերբակալված չէ կամ, թեև ձերբակալված է եղել, սակայն մինչև դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելը լրացել է նրան ձերբակալվածի կարգավիճակում պահելու առավելագույն 72 ժամը»: Հետևաբար, ըստ դիմողի` վիճարկվող նորմը, հնարավորություն ընձեռելով դատարանին` անձին կալանավորելու որոշում կայացնել հեռակա կարգով` նրա բացակայության պայմաններում, առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 16 հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Դիմողը դիրքորոշում է հայտնում նաև առ այն, որ «... այն ընթացակարգը, որ նախատեսված է Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հետախուզման մեջ գտնվող անձին երաշխիք է տալիս ոչ միայն մասնակցելու իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ չկիրառելու հարցի դատական քննությանը, այլև նշված դատական քննության ընթացքում այս առթիվ ներկայացնելու իր առարկությունները, ներառյալ` միջնորդելու իրեն գրավով ազատ արձակելու մասին»:

ՀՀ Սահմանադրության 25 հոդվածի ենթադրյալ խախտման առնչությամբ դիմողը փաստարկում է, որ «... այն իրավիճակը, երբ հետախուզման գործընթացը երկարատև բնույթ է կրում, իսկ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը, որի նկատմամբ որպես խափանման միջոց հեռակա կարգով ընտրված է կալանավորումը, այդ ողջ ժամկետում զրկված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու դեպքում` ազատ տեղաշարժվելու և բնակության վայր ընտրելու հնարավորություններից, անհամատեղելի է Սահմանադրության 25-րդ հոդվածի հետ»:

4. Պատասխանողը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 16 հոդվածով սահմանված իրավանորմը վերաբերում է ձերբակալման ինստիտուտին, այլ ոչ թե կալանավորմանը: Ուստի պատահական չէ, որ նշված նորմում օգտագործվում է «ձերբակալված անձ» և «ձերբակալման պահից» բառակապակցությունները, ինչից ուղղակիորեն բխում է, որ տվյալ նորմը վերաբերում է ոչ թե բոլոր այն անձանց և այն դեպքերին, երբ հնարավոր է կալանավորում կիրառել, այլ` միայն ձերբակալման ինստիտուտին:

Ինչ վերաբերում է 72 ժամվա ընթացքում որոշման ընդունման պահանջին և դատական նիստին անձի ներկայության ապահովմանը, ըստ պատասխանողի` դրանք սոսկ երաշխիքներ են, որպեսզի դատարանի կողմից համապատասխան գնահատական տրվի քրեական հետապնդում իրականացնող մարմնի գործողությունների և որոշման հիմնավորվածության վերաբերյալ:

Միաժամանակ, պատասխանողն անհրաժեշտ է համարում կարևորել այն հանգամանքը, որ դատարանը լիովին իրավասու է կալանավորման մասին որոշում ընդունել նաև առանց քրեական հետապնդում իրականացնող մարմնի միջնորդության, կամ քրեական հետապնդում իրականացնող մարմինը նման միջնորդություն կարող է անել նաև այն դեպքում, երբ անձի նկատմամբ ձերբակալում չի կիրառվել: Այսինքն` ձերբակալման իրավական հետևանքը ցանկացած դեպքում պետք է լինի կամ 72 ժամվա ընթացքում անձի ազատ արձակումը, կամ կալանավորման մասին որոշման ընդունումը, բայց կալանավորման համար նախապայման չէ անձի ձերբակալված լինելու փաստը:

Հետևաբար, ՀՀ Սահմանադրության 16 հոդվածի 3-րդ մասի մեկնաբանումից ամենևին չի հետևում, որ կալանավորման համար միակ նախապայմանը ձերբակալումն է, դրանք որոշակի դեպքերում հաջորդում են միմյանց:

Անդրադառնալով այն հարցին, թե անձի բացակայությամբ վերջինիս կալանավորման մասին որոշում ընդունելը հակասում է, արդյոք, ՀՀ Սահմանադրության 25 հոդվածով սահմանված` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին, պատասխանողն անհրաժեշտ է համարում նշել, որ Սահմանադրության 43 հոդվածի պահանջներին համապատասխան` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար: Հետևաբար, մեղադրյալի նկատմամբ կալանավորման կիրառման միջոցով ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը չի հակասում Սահմանադրության 25 հոդվածին:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը, հռչակելով իրեն որպես իրավական պետություն, ՀՀ Սահմանադրության 16 հոդվածով հստակ նախատեսում և երաշխավորում է յուրաքանչյուր անձի` անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը: Սահմանադրության այս հոդվածը, վերարտադրելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5 հոդվածի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3 հոդվածի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 9 հոդվածի դրույթները, սպառիչ կերպով սահմանում է անձին ազատությունից զրկելու դեպքերը` կանխորոշելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անձի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափ նպատակներ:

ՀՀ Սահմանադրության 43 հոդվածն անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը չի դիտարկում որպես այդ հոդվածի հիմքերով սահմանափակվող իրավունք: Առկա է իրավունքների սահմանափակման այն առանձնահատուկ դեպքը, երբ Սահմանադրությունն է որոշում տվյալ իրավունքի սահմանափակման չափանիշը, սահմանները և դեպքերը` դա չվերապահելով նույնիսկ օրենսդրի իրավասությանը:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ, ՀՀ Սահմանադրության 16 հոդվածի 1-ին մասում ամրագրելով անձին ազատությունից զրկելու դեպքերը, սահմանադիրը միևնույն ժամանակ դրանցում արտացոլված նպատակներով և հիմքերով անձին ազատությունից զրկելու ձևերի ընտրությունը վերապահել է օրենսդրի հայեցողությանը` որևէ կերպ չկանխորոշելով, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կամ կոնկրետ նպատակին հասնելու համար ինչ դատավարական ընթացակարգային միջոցառումներ կարող են կիրառվել: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ՀՀ Սահմանադրության 16 հոդվածի 1-ին մասին համահունչ, որպես դրանցում ամրագրված` առանձին իրավաչափ նպատակներին հասնելու դատավարական միջոցներ, նախատեսել է ձերբակալումը և կալանավորումը, միաժամանակ որոշակիացնելով դրանցից յուրաքանչյուրի գործառույթը, նպատակը և հիմքերը:

ՀՀ Սահմանադրության 16 հոդվածը` հետապնդելով անձին կամայականորեն ազատությունից զրկելը բացառելու նպատակ, իր 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում ամրագրում է այն իրավական երաշխիքները, որոնք կոչված են անձին պաշտպանելու ազատությունից անօրինական զրկվելուց:

16 հոդվածի 3-րդ մասը բովանդակում է հետևյալ կարևորագույն երաշխիքները.

1. անձը չի կարող ձերբակալված վիճակում անազատության մեջ պահվել 72 ժամից ավելի,

2. կալանավորումը կարող է տեղի ունենալ բացառապես դատարանի որոշմամբ: Այս երաշխիքը պայմանավորված է նրանով, որ դատարանը, լինելով անկախ և անկողմնակալ` կոչված լինելով ներկայացնելու բացառապես իրավունքի շահը, կարող է օբյեկտիվ և անաչառ գնահատական տալ անձին ազատությունից զրկելու հիմնավորվածությանը,

3. նշված ժամկետում ձերբակալված անձի առնչությամբ կալանավորման որոշում չկայացվելու դեպքում անձը ենթակա է անհապաղ ազատ արձակման:

Այսպիսով, 16 հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթի նպատակն է բացառել արդեն իսկ ձերբակալված անձին կամայականորեն անազատության մեջ պահելն այն դեպքում, եթե այդ դրույթով սահմանված ժամկետում նրան կալանավորելու որոշում չի կայացվում: Համապատասխանաբար` այդ նորմի իրավակարգավորման առարկան ձերբակալված անձի առնչությամբ այդ նորմով սահմանված ժամկետում կալանավորման որոշում չկայացնելու իրավական հետևանքներն են: 16 հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմի իրավակարգավորման առարկայից և նպատակից բխում է, որ այն սահմանում է ձերբակալման ինստիտուտի կիրառման դեպքում Սահմանադրությամբ սահմանված ժամկետում կալանավորման որոշում չկայացնելու իրավական հետևանքները:

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 16 հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը, այդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման առարկան և նպատակը` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 16 հոդվածը, այդ թվում` նաև դրա 3-րդ մասում ամրագրված դրույթը, չի սահմանում «ձերբակալման» և «կալանավորման» ինստիտուտների կիրառման, ձերբակալման կամ կալանավորման մասին իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ որոշումներ կայացնելու հաջորդականությունը, ձերբակալումը չի դիտարկում որպես կալանավորման պարտադիր նախապայման և, հետևաբար, ձերբակալված լինելու փաստի բացակայությունը` որպես կալանավորումը բացառող հանգամանք: Միաժամանակ, քրեական գործի մինչդատական վարույթի փուլում վերահսկողական իր գործառույթն իրականացնելու նպատակով դատարանի կողմից կալանավորման վերաբերյալ ընդունված որոշումը ոչ թե անձին դատապարտող ակտ է, այլ արդյունավետ ու անաչառ արդարադատություն իրականացնելու, Սահմանադրության 16 հոդվածի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5 հոդվածի պահանջների կատարումն ապահովող նախապայման:

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «ձերբակալում» և «կալանավորում» ինստիտուտների կիրառման պարտադիր հաջորդականության հնարավորությունը բացառվում է նաև այդ ինստիտուտների էության, նպատակների և կիրառման հիմքերի համատեքստում:

«Ձերբակալման» ինստիտուտի էությունն ու նպատակները բացահայտված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128 հոդվածի 1-ին մասում: Ձերբակալումը դատավարական հարկադրանքի միջոց է, որի պարտադիր հատկանիշ է կարճաժամկետ լինելը, և նպատակաուղղված է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելուն: Ձերբակալմամբ հետապնդվող նպատակները համահունչ են ՀՀ Սահմանադրության 16 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում մատնանշված նպատակներին: Այսինքն` օրենսդիրը որպես նշված սահմանադրական նորմում ամրագրված նպատակներին հասնելու դատավարական միջոց նախատեսել է ձերբակալումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի Գլուխ 17-ը, ձերբակալման նպատակներից ելնելով, սահմանում է ձերբակալման հիմքերը և կարգը:

«Կալանավորման» ինստիտուտի` որպես խափանման միջոցի տեսակի, էությունը բացահայտված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134 հոդվածում: Վերջինիս համաձայն` կալանավորումը միայն մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոց է, որի նպատակն է քրեական գործով վարույթի ընթացքում անձի ոչ պատշաճ վարքագծի կանխումը: Ի տարբերություն ձերբակալման, կալանավորումը, լինելով խափանման միջոցներից մեկը, ունի այլընտրանք և խափանման բոլոր միջոցների շարքից ընտրվում է այն ժամանակ, երբ խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին հասնելուն առավելապես կարող է նպաստել խափանման միջոցի հենց այդ տեսակը` հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի 3-րդ մասով սահմանված բոլոր հանգամանքները: Օրենսգրքի 135 հոդվածը, ամրագրելով կալանավորման հիմքերը, ըստ էության մատնանշում է ոչ պատշաճ վարքագծի այն հնարավոր դրսևորումները, որոնք կանխելու նպատակով որպես խափանման միջոց կիրառվում է կալանավորումը: Կալանավորման նպատակի և հիմքերի ուսումնասիրությունը վկայում է, որ կալանավորմամբ հետապնդվող նպատակներն ըստ էության համահունչ են ՀՀ Սահմանադրության 16 հոդվածի 1-ին մասի, մասնավորապես 3-րդ կետում մատնանշված նպատակին, այն է` օրենքով սահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակին, ինչպես նաև 4-րդ կետում մատնանշված` հանցագործությունը կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակին: Այսինքն, օրենսդիրը` որպես նշված սահմանադրական նորմում ամրագրված նպատակներին հասնելու դատավարական միջոց նախատեսել է կալանավորումը:

«Ձերբակալում» և «կալանավորում» ինստիտուտների` օրենսդրությամբ սահմանված նպատակների և հիմքերի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այդ ինստիտուտներն ունեն ինքնուրույն բովանդակություն, հետապնդում են միմյանցից ըստ էության տարբերվող նպատակներ, ունեն կիրառման միմյանցից էապես տարբերվող հիմքեր: Դրանցից յուրաքանչյուրն օրենսդիրն ընտրել է որպես ՀՀ Սահմանադրության 16 հոդվածի 1-ին մասում մատնանշված առանձին նպատակների հասնելու ինքնուրույն դատավարական միջոց, և կիրառվում է տարբեր հիմքերի առկայությամբ: Հետևաբար, դրանցից յուրաքանչյուրը, առանց որևէ փոխպայմանավորվածության, փոխկապակցվածության և հաջորդականության, ինքնուրույնաբար կարող է կիրառվել, երբ առկա են դրանով հետապնդվող նպատակները և դրա կիրառման համար անհրաժեշտ հիմքերը: Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի պարագայում, երբ կալանավորման հիմքերն առավել ակնհայտ են և ոչ վիճահարույց, կալանավորումն ըստ էության այն համարժեք իրավաչափ միջոցն է, որն անհրաժեշտ է կալանավորմամբ հետապնդվող նպատակի համար:

7. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի` անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքն ամրագրող 5 հոդվածի 3-րդ կետը, որպես անձին ազատությունից զրկելու գործընթացում օրինականության ապահովման կարևոր երաշխիք, պահանջում է, որ ազատությունից զրկված անձն անհապաղ տարվի դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, ով օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն: Կոնվենցիայի այս դրույթի վերաբերյալ ձևավորված` Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքն անձին ազատությունից զրկելու օրինականության նկատմամբ դատական վերահսկողության նշված պահանջի բաղադրատարր է համարում, ի թիվս այլոց, անձին ազատությունից զրկելու օրինականության հարցի քննության ընթացքում տվյալ անձի լսվելու իրավունքի ապահովումը (մասնավորապես, տե՛ս, Եվրոպական դատարանի` Կամպանիսն ընդդեմ Հունաստանի գործով 1995թ. հուլիսի 13-ի վճիռը, կետ 47, Kampanis v. Greece, Աքվիլինան ընդդեմ Մալթայի գործով 1999թ. ապրիլի 29-ի վճիռը, 47-50-րդ կետեր, Aquilina v. Malta): Այս իրավունքի իրացումը հնարավոր է դառնում տվյալ անձին ազատությունից զրկելու պահից անհապաղ դատավորի մոտ տանելու միջոցով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` կալանքի ձևով անձին ազատությունից զրկելու հարցի քննարկումը տեղի է ունենում վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության դատական քննության շրջանակներում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285 հոդվածի 2-րդ մասը, սահմանելով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը ներկա գտնվող սուբյեկտների շրջանակը, Կոնվենցիայի 5 հոդվածի 3-րդ կետի պահանջներին համահունչ` ապահովում է ազատությունից զրկված անձի` դատարանի առջև լսվելու իրավունքի իրացումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորի մոտ տարվելու և լսվելու իրավունքի իրացումն անմիջականորեն և անխզելիորեն կապված է անձին փաստացիորեն անազատության մեջ պահելու, այն է` անձին հասարակությունից ֆիզիկապես մեկուսացնելու փաստի հետ` սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ իրավունքի իրացման երաշխավորման պարտականությունը պետության համար ծագում է անձին ազատությունից փաստացիորեն զրկելու, այն է` անձին հասարակությունից ֆիզիկապես մեկուսացնելու պահից: Այսինքն` ինչպես ՀՀ Սահմանադրության 16 հոդվածով, այնպես էլ Կոնվենցիայի 5 հոդվածով նախատեսված բոլոր երաշխիքները, այդ թվում` նաև դատարանի առջև լսվելու իրավունքը, սկսում են գործել միայն այն պահից սկսած, երբ անձը պետության կողմից փաստացիորեն զրկվում է ազատությունից: Հետևաբար, նկատի ունենալով, որ հետախուզման մեջ գտնվող անձը փաստացիորեն ազատությունից զրկված չէ, նրա բացակայության պայմաններում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննարկման ժամանակ այդ անձը չի օգտվում վերոհիշյալ երաշխիքներից, այդ թվում` դատարանում լսվելու իրավունքից: Ուստի նման իրավիճակում մեղադրյալի բացակայությամբ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման կայացումը չի կարող հանգեցնել ՀՀ Սահմանադրության 16 հոդվածով և Կոնվենցիայի 5 հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման: Ընդ որում, քրեական հետապնդման մարմինների պարտականությունն ազատությունից զրկված անձի ներկայության ապահովումն է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման նպատակով հրավիրված դատական նիստին:

8. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև նշել, որ հետախուզման մեջ գտնվող անձի վերաբերյալ կալանքի որոշում կայացնելու ընթացակարգը կիրառվում է նաև քրեական գործերով իրավական օգնության և հանձնման մասին միջազգային փաստաթղթերում` ԱՊՀ շրջանակներում 1993թ. հունվարի 22-ին Մինսկում և 2002թ. հոկտեմբերի 7-ին Քիշնևում կնքված` «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիաներում, Եվրոպայի խորհրդի շրջանակներում կնքված` «Հանձնման մասին» կոնվենցիայում և այլն: Վերոհիշյալ կոնվենցիաների ուսումնասիրությունը վկայում է` հաշվի առնելով, որ հանձնման գործընթացը, որպես կանոն, երկարատև պրոցես է, նշված միջազգային պայմանագրերը մինչև հայցող պետության իշխանություններին հանձնման ենթակա անձին հանձնելը, որպես կանոն, թույլ են տալիս նրան ազատությունից զրկել մինչև 30-40 օր ժամկետով: Ըստ այդմ, նշված միջազգային փաստաթղթերը հայցող պետությունից պահանջում են որպես ազատությունից զրկելու իրավական հիմք ներկայացնել այնպիսի դատավարական ակտ, որը հնարավորություն կտա տվյալ անձին անազատության մեջ պահել որոշակի երկարատև ժամանակահատվածի ընթացքում: Մասնավորապես, Մինսկի կոնվենցիայի 58 և Քիշնևի կոնվենցիայի 67 հոդվածների 2-րդ մասերը սահմանում են, որ քրեական հետապնդում իրականացնելու կամ պատասխանատվության ենթարկելու համար հանձնելու վերաբերյալ հարցմանը պետք է կցված լինեն կալանքի վերցնելու և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների հաստատված պատճենները, համապատասխանաբար 60 և 68 հոդվածները նախատեսում են հանձնման մասին հաղորդում ստանալուց հետո անձին կալանքի վերցնելու հնարավորություն, իսկ 61 և 70 հոդվածները նախատեսում են նաև հանձնվող անձին կալանքի վերցնելը կամ ձերբակալելը նաև միջնորդության հիման վրա, այսինքն` եթե հանձնման մասին հաղորդում դեռ չկա, սակայն առկա է հայցող կողմի միջնորդությունը, որը պարունակում է հղում այն դատական որոշմանը, որով անձի նկատմամբ հայցող պետությունում կալանք է կիրառվել, և որը պետք է ներկայացվի հանձնման մասին հաղորդման հետ, ապա հայցվող պետությունը կարող է առանց դատարանի որոշման կալանավորել անձին:

Հաշվի առնելով, որ ձերբակալումը հարկադրանքի կարճաժամկետ միջոց է, իսկ հանձնման գործընթացը պահանջում է շատ ավելի երկար ժամանակ, հանձնման ենթակա անձին ավելի երկար ժամկետով անազատության մեջ պահելու օրինական հիմք, հետևաբար, հետախուզվող անձի հանձնումը Հայաստանի Հանրապետությանը հնարավոր է դառնում միայն տվյալ անձի վերաբերյալ կալանքի որոշման առկայության դեպքում: Բացի դրանից, 1977 թ. Ստոկհոլմում կայացած Ինտերպոլի 46-րդ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ընդունված թիվ 15 որոշման, 2008թ. Սանկտ Պետերբուրգում կայացած 77-րդ նստաշրջանում ընդունված թիվ AG-2008-RAP-06 որոշման և այս կազմակերպության կողմից ընդունված մի շարք այլ ակտերի համաձայն Ինտերպոլի խողովակներով հետախուզվող անձանց նկատմամբ միջազգային հետախուզում հնարավոր չէ հայտարարել` առանց հետախուզվողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընդունելու մասին որոշման առկայության:

9. Անձին ազատությունից զրկելը նրա մեկուսացումն է հասարակությունից, ընտանիքից, ինչը ենթադրում է, ի թիվս այլոց, ծառայողական պարտականությունների կատարման, իր հայեցողությամբ տեղաշարժվելու և անսահմանափակ թվով անձանց հետ շփվելու անհնարինություն: Այսինքն` ձերբակալման կամ կալանավորման միջոցով ազատությունից զրկումը, որպես պարտադիր հատկանիշ, ի թիվս այլոց, ներառում է ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե որևէ իրավական ինստիտուտի կիրառում անհրաժեշտաբար և անխուսափելիորեն ենթադրում է այս կամ այն իրավունքի իրավաչափ սահմանափակում, ապա նման ինստիտուտի կիրառումը չի կարող ենթադրել նաև տվյալ իրավունքի խախտում: Այս հիմքով սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 16 հոդվածի հիման վրա ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման շրջանակներում Սահմանադրության 25 հոդվածով սահմանված` ազատ տեղաշարժվելու իրավունքի ենթադրյալ խախտումը չի կարող սահմանադրական դատարանում դառնալ քննության առարկա:

Այն դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 5 հոդվածի հիման վրա ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում չի կարող վիճարկվել նաև տեղաշարժի իրավունքի ենթադրյալ խախտումը, արտահայտված է նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում (մասնավորապես, Գուզարդին ընդդեմ Իտալիայի գործով 1980թ. նոյեմբերի 6-ի վճիռը, կետ 92, Gսzzardi v. Italy):

Հաշվի առնելով վերոշարադրյալը` սահմանադրական դատարանն անհիմն է համարում դիմողի պնդումն առ այն, որ հետախուզման մեջ գտնվող անձի բացակայության պայմաններում նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը խախտում է ազատ տեղաշարժվելու նրա սահմանադրական իրավունքը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19, 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285 հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

12 սեպտեմբերի 2009 թ.

ՍԴՈ-827