Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.11.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.12.16/7(7)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2002
Ստորագրման ամսաթիվ
03.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2002

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջԵՎ  2001-2002 թվականների ֆինանսական համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը,

ելնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերություններից,

կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով,

գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը սույն Համաձայնագրի հիմքն է կազմում,

մտադրություն ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը,

վկայակոչելով 2001 թ. մայիսի 9-ից մինչև 11-ը կայացած միջկառավարական բանակցությունները,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ.

1. մինչև 30.000.000 (բառերով՝ երեսուն միլիոն) գերմանական մարկ (15.338.756,44 /բառերով՝ տասնհինգ միլիոն երեք հարյուր երեսունութ հազար յոթ հարյուր հիսունվեց ամբողջ քառասունչորս/ եվրո) ընդհանուր գումարի վարկ՝ հետևյալ ծրագրերի իրականացման համար, եթե ստորև բերվող յուրաքանչյուր նախագծի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ նախագիծը խրախուսման արժանի է.

ա) մինչև 20. 000. 000  (բառերով՝ քսան միլիոն) գերմանական մարկ (10.225.837,62 /բառերով՝ տասը միլիոն երկու հարյուր քսանհինգ հազար ութ հարյուր երեսունյոթ ամբողջ վաթսուներկու/ եվրո)՝ այլ մարզերում համայնքային ենթակառուցվածքների վերականգնման նպատակով.

բ) մինչև 10. 000. 000  (բառերով՝ տասը միլիոն) գերմանական մարկ (5.112.918,81 /բառերով՝ հինգ միլիոն հարյուր տասներկու հազար ինը հարյուր տասնութ ամբողջ ութսունմեկ/ եվրո)՝ տնտեսության մասնավոր հատվածի (փոքր և միջին ձեռնարկությունների) խթանման համար:

2. Մինչև 5.000.000  (բառերով՝ հինգ միլիոն) գերմանական մարկ (2.556.459,41 /բառերով՝ երկու միլիոն հինգ հարյուր հիսունվեց հազար չորս հարյուր հիսունինն ամբողջ քառասունմեկ/ եվրո) ընդհանուր գումարի դրամաշնորհ՝ հիվանդանոցների տեխնիկական վերազինման ծրագրի իրականացման համար, եթե նախագծի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ նախագիծը խրախուսման արժանի է և որպես սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ծրագիր համապատասխանում է դրամաշնորհի տրամադրմանը ներկայացվող հատուկ պահանջներին:

2) Եթե սույն հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետում նշված պահանջներին համապատասխանությունը չի հավաստվում, ապա Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերոնշյալ նախագծի իրականացման համար Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) նշված դրամաշնորհի չափով վարկ ստանալ:

3) Սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված նախագծերը կարող են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ փոխարինվել այլ նախագծերով:

Եթե սույն հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետում նշված նախագիծը փոխարինվում է շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ենթակառուցվածքների բարելավման, միջին ձեռնարկությունների վարկավորման երաշխիքային հիմնադրամի ստեղծման ծրագրերով կամ կանանց հասարակական դիրքի ամրապնդմանը, աղքատության մեղմացման ծրագրի շրջանակներում ինքնօգնության կազմակերպմանը նպատակաուղղված միջոցառումներով, որոնք համապատասխանում են դրամաշնորհի տրամադրմանը ներկայացվող հատուկ պահանջներին, ապա կարող է տրամադրվել դրամաշնորհ, հակառակ դեպքում կտրամադրվի վարկ:

4) Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) վարկեր կամ դրամաշնորհներ ստանալ սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված նախագծերի նախապատրաստման նպատակով կամ այլ դրամաշնորհներ ստանալ նախագծերի իրականացման և շարունակման նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա վերջիններիս նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը:

 

Հոդված 2

 

1) Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված գումարների օգտագործումը, վերջիններիս տրամադրման պայմանները, ինչպես նաև կապալ տալու կարգը սահմանվում են Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկի (KfW) և վարկառուների միջև հետագայում կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթակա են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող իրավական նորմերին:

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին պարբերության 1-ին և 2-րդ կետերում նշված գումարների տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե, տրամադրման տարվանից սկսած, 8 տարվա ընթացքում վարկի տրամադրման (ֆինանսավորման) մասին համապատասխան պայմանագրեր չեն կնքվում:

Վերոնշյալ գումարների համար ժամկետը լրանում է 2009 թվականի դեկտեմբերի 31-ին:

2) Այն դեպքերում, եթե վարկառուն Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկի (KfW) օգտին բոլոր վճարումները գերմանական մարկով կամ եվրոյով՝ ի կատարումն սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն հետագայում կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների:

3) Այն դեպքերում, երբ դրամաշնորհներն ընդունողը Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է, որ սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն հետագայում կնքվելիք պայմանագրերի հիման վրա վերադարձման պահանջի ներկայացման դեպքում տրամադրված դրամաշնորհների գումարները կվերադարձվեն Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկին (KfW):

 

Հոդված 3

 

Վերականգնման վարկերի բանկը (KfW) ազատվում է այն բոլոր հարկերից և պետական այլ վճարումներից, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում հիշատակված պայմանագրերի կնքման և իրականացման հետ:

 

Հոդված 4

 

Վարկերի, ինչպես նաև դրամաշնորհների տրամադրումից բխող՝ ցամաքով, ջրով և օդով իրականացվող՝ մարդկանց և ապրանքների փոխադրումների պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուղևորներին և առաքողներին փոխադրող ընկերությունների ընտրության ազատություն է ընձեռում, չի ձեռնարկում այնպիսի միջոցառումներ, որոնք բացառում կամ խոչընդոտում են իրենց նստավայրը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հաստատած փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ ընկերությունների մասնակցությունն արտոնող թույլտվություններ է տալիս:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը ծանուցում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին: Հիմք է ընդունվում ծանուցման ստացման օրը:

Կատարված է Երևան քաղաքում 2002 թվականի մարտի 12-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թ. հուլիսի 4-ից: