Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.21
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0935/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0935/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Գ. Մատինյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Ավանեսյանի

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

 

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հունիսի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի, «Չորրորդ իշխանություն» օրաթերթի ներկայացուցիչ Հովիկ Արսենյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Ռուբեն Հախվերդյանի հայցի ընդդեմ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի, «Չորրորդ իշխանություն» օրաթերթի` պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Ռուբեն Հախվերդյանը պահանջել է հարկադրել պատասխանողին հերքել 02.08.2008 թվականի «Չորրորդ իշխանություն» օրաթերթի թիվ 134 համարում զետեղված իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունը:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.03.2009 թվականի որոշմամբ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի, «Չորրորդ իշխանություն» օրաթերթի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 04.12.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի, «Չորրորդ իշխանություն» օրաթերթի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռուբեն Հախվերդյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները, չի կիրառել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի հիմքերը և գործում առկա ապացույցները գնահատել է ոչ ճիշտ և կամայականորեն: Մասնավորապես, մի դեպքում ապացույցների շրջանակում է թողել վկա Ասատուր Ումրոյանի գրավոր հայտարարությունը (որում հավաստվում է հայցվորի սթափ լինելը), իսկ մյուս դեպքում` որպես ոչ վերաբերելի ապացույցներ, ապացույցների շրջանակից հանել է պատասխանողի կողմից հանդես եկող վկաների գրավոր հայտարարություններն ու բացատրությունները (որոնցում հավաստվում է հայցվորի ոչ սթափ լինելը և անպարկեշտ պահվածքը):

Վերաքննիչ դատարանի կողմից վերոհիշյալ դատավարական խախտումների հետևանքով հաշվի չի առնվել հայցվորի կողմից «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված հերքում պահանջելու կանոնների խախտումներով հայցի ներկայացման փաստը, ինչպես նաև հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ռուբեն Հախվերդյանի գործողությունները կատարվել են բազմահազար անձանց ներկայությամբ և կրում են հրապարակային բնույթ, ուստի տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Վերաքննիչ դատարանը, պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը, կատարել է ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի գնահատում, որի արդյունքում կայացրել է հիմնավորված և օրինական որոշում:

Բողոք բերողի իրավական դիրքորոշումը սխալ է: Պատասխանողի ներկայացրած վկաների ցուցմունքներին գնահատական չտալը չի կարող համարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտում, քանի որ նույն օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված է ապացույցների վերաբերելիության շրջանակը, համաձայն որի` սույն գործով միակ վերաբերելի ապացույցը «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պ.Սեմերջյանի 05.11.2008 թվականի թիվ 2259 գրությունն է: Սույն գործով պատասխանող կողմը դատարանին չի ներկայացրել որևէ վերաբերելի ապացույց, որով կհաստատվեր Հախվերդյանի «այնքան խմած լինելու և հազիվ ոտքի վրա կանգնած մնալու» հանգամանքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. «Չորրորդ իշխանություն» օրաթերթի 02.08.2008 թվականի թիվ 134 համարում զետեղված «Հախվերդյանին չթողեցին բարձրանալ» հոդվածում տպագրվել է` «ի դեպ, Ռուբեն Հախվերդյանն այնքան խմած էր, որ հազիվ էր կանգնում ոտքի վրա, Ռ.Հախվերդյանն իրեն շատ անպարկեշտ էր պահում … Մեզ մնում է Հախվերդյանին հորդորել` այսուհետ նման հոգեվիճակի և տրամադրության առկայության դեպքում խուսափել մասսայական միջոցառումներին մասնակցելու իր բուռն ցանկությունը» ( գ.թ. 7):

2. Ասատուր Ումրոյանի գրավոր հայտարարության համաձայն` 01.08.2008 թվականին կայացած հանրահավաքին ներկա է գտնվել Ռուբեն Հախվերդյանի հետ և եղել են միանգամայն սթափ վիճակում (գ.թ. 59):

3. «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 05.08.2008 թվականին թիվ 091-Ն տեղեկանքի համաձայն` 04.08.2008 թվականին Ռուբեն Հախվերդյանից վերցված փորձանմուշում ալկոհոլի` էթիլ սպիրտի, հետքեր չեն հատնաբերվել (գ.թ.8): Նույն ընկերության 05.11.2008 թվականի թիվ 2259 գրության համաձայն` մարդու օրգանիզմում ալկոհոլի առկայության կամ բացակայության փաստը որոշվում է առողջապահության նախարարության կողմից հաստատված մեթոդներով և սարքերով: Տվյալ հետազոտությունն իրավունք ունի անցկացնել բժիշկ-նարկոլոգը կամ այլ մասնագետ բժիշկ, ով ունի տվյալ գործունեությունն իրականացնելու լիցենզիա (գ.թ. 57):

4. Քաղաքացիական գործում առկա են Սոնա Մովսեսյանի, Գայանե Վարդանյանի, Սյուզաննա Թովմասյանի գրավոր հայտարարությունը և Ալիտա Սարդարյանի ու Գոհար Վեզիրյանի կողմից բացատրությունները, որոնց համաձայն` 01.08.2008 թվականին Մատենադարանի տարածքում Ռուբեն Հախվերդյանը գտնվել է ոչ սթափ վիճակում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն` գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների և գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, oրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ որևէ հանգամանքի միայն որոշակի ապացույցով հաստատվելի լինելը պետք է ամրագրված լինի օրենքով կամ իրավական այլ ակտով:

Մինչդեռ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, փաստելով Սոնա Մովսեսյանի, Գայանե Վարդանյանի, Սյուզաննա Թովմասյանի կողմից տրված գրավոր հայտարարությունը և Ալիտա Սարդարյանի ու Գոհար Վեզիրյանի կողմից տրված գրավոր բացատրությունները, վկայակոչելով «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 05.08.2008 թվականի գրությունը, դրանք դիտել է որպես ոչ վերաբերելի ապացույցներ` առանց նշելու այն օրենքը, կամ իրավական այլ ակտը, որտեղ ամրագրված է համապատասխան արգելքը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 05.08.2008 թվականի տրված թիվ 091-Ն գրությունը գնահատելիս անտեսել է այն հանգամանքը, որ Ռ. Հախվերդյանը նարկոլոգիական կլինիկա է դիմել դեպքից երեք օր անց:

Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե´ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Վերոգրյալ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան