Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.17
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.08.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական գործերով

վերաքննիչ դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ/0042/02/08

Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ/0042/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ՝ Դ. Խաչատրյան

               Ս. Միքայելյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Վ. Աբելյանի

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի օգոստոսի 11-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արտաշատ» ջուր օգտագործողների ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշման դեմ`ըստ հայցի «Սադափ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կազմակերպության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Կազմակերպությունից 11.482.000 դրամ, որից` 6.253.000 դրամը տույժի գումար:

ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի 23.12.2008 թվականի վճռի` տույժի բռնագանձման մասը, բեկանվել է և այն փոփոխվել է. որոշվել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.800.000 ՀՀ դրամ` որպես տույժի գումար: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ, 411-րդ և 881-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասը հանգել է այն հետևության, որ տվյալ հոդվածը վերաբերում է փոխառության տոկոսներին, մինչդեռ՝ կողմերը կնքել են տուժանքի մասին համաձայնություն: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը տոկոս և տուժանք հասկացությունները տարանջատել է միմյանցից, չնայած որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում տոկոս բառով պարզապես արտահայտված է տույժի չափը, քանի որ եթե սահմանվում է տույժ, ապա պետք է նախատեսվի նաև դրա չափը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ և 881-րդ հոդվածները սահմանում են քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոց, այն է` տուժանք, քանի որ դրանց կիրառումը պայմանավորված է դրամական պարտավորության խախտման, մասնավորապես` գումարի չվերադարձման կամ կետանցման փաստի առկայության հետ: Տոկոս հասկացությունը 881-րդ և 411-րդ հոդվածների համատեքստում կիրառվում է որպես չափի միավոր, քանի որ, եթե օրենքով կամ պայմանագրով սահմանվում է պատասխանատվության միջոց, ապա պետք է սահմանվի նաև դրա չափը: Դա է պատճառը, որ պրակտիկայում դրամական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ կետանցելու դեպքերում պատասխանատվության չափը սահմանվում է կայուն գումարի տեսքով, կամ տոկոսային արտահայտությամբ` կախված կետանցված գումարի չափից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չառնելով վերը նշվածը եկել է սխալ եզրահանգման, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածն արգելում է կետանցի դեպքում տոկոսներ հաշվարկել, սակայն չի արգելում հաշվարկել տուժանք:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը սխալմամբ հանգել է այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածով նախատեսված տոկոսներն ոչ մի կապ չունեն տուժանքի հետ և տուժանքը, որպես պարտավորության կատարման ապահովման միջոց, բոլոր դեպքերում կիրառելի է անկախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման առկայությունից կամ բացակայությունից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողից հիմնական գումարը չի բռնագանձվել, քանի որ հիմնական գումարի պարտք չի ունեցել: Հետևաբար, եթե պատասխանողը պարտք չի ունեցել հայցվորին, ապա տույժը ինչ գումարի վրա է հաշվարկվել և որ ժամանակահատվածի համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23.12.2008 թվականի վճռին:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 07.07.2005 թվականի թիվ 1/7 կարճաժամկետ փոխառության պայմանագրի 1.1. կետի համաձայն՝ Ընկերությունը (այսուհետ՝ Փոխատու) Կազմակերպությանը (այսուհետ՝ Փոխառու), հանձնել է օպերատիվ կառավարման 6.400.000 ՀՀ դրամ, ամսական 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ Փոխառուն պարտավորվել է վերադարձնել Փոխատուին 6.400.000 ՀՀ դրամ (գ.թ. 10):

2) Նույն Պայմանագրի 1.3 կետով փոխատվության միջոցները տրամադրվել են 08.07.2005 թվականից մինչև 08.09.2005 թվականը, իսկ Պայմանագրի 1.4 կետով սահմանվել է Փոխառուի պարտականությունը փոխատվության միջոցները վերադարձնել 09.09.2005 թվականին կանխիկ կամ անկանխիկ` 6.528.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 10):

3) Նույն Պայմանագրի 3.2. կետի համաձայն՝ գումարը նշված ժամկետում չվերադարձնելու դեպքում հաշվարկվում է տույժ՝ օրական 0,2 տոկոսի չափով չվերադարձված գումարի նկատմամբ (գ.թ. 10):

4) 08.07.2005 թվականին Ընկերությունը Կազմակերպությանը վճարման հանձնարարականով վճարել է 6.400.000 ՀՀ դրամ (գ.թ. 12):

5) Գործում առկա վճարման հանձնարարագրերի և դրամարկղային ելքի օրդերների համաձայն` Կազմակերպությունը Ընկերությանը 30.11.2005 թվականից մինչև 08.02.2007 թվականն ընկած ժամանակահատվածում վճարել է 7.390.000 դրամ (գ.թ. 23-44):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որայն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի համաձայն` փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել ստացած փոխառության գումարը, իսկ նույն օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

Փոխառության պայմանագրով հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը:

Փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասը, հանգել է այն հետևության, որ հայցվոր կողմի կատարած հաշվարկները չեն բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից և չեն կարող հիմք ընդունվել դատարանի համար:

Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կողմերի միջև 07.07.2005 թվականին կնքված թիվ 1/7 կարճաժամկետ պայմանագրի 3.2 կետով սահմանվել է, որ փոխառության գումարը պայմանագրում նշված ժամկետում չվերադարձնելու դեպքում հաշվարկվում է տույժ` օրական 0.2 տոկոս չվերադարձված գումարի նկատմամբ` հաստատված է համարել, որ փոխառության պայմանագրի պայմանները որոշվել են կողմերի համաձայնությամբ, այն համապատասխանել է կնքելու պահին գործող օրենքով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին, և հանգել այն հետևության, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իմպերատիվ նորմը որևէ կերպ կողմերը չեն խախտել, այլ ձեռք են բերել տուժանքի մասին համաձայնություն` որպես պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է փոխառության պայմանագրով տույժ նախատեսելու իրավական հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի և 881-րդ հոդվածի 1-ին մասի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ պայմանը, տվյալ դեպքում տույժը, առոչինչ է (տես՝ «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի հայցն ընդդեմ Արմեն Գրիգորյանի, Կարապետ և Հռիփսիկ Վարդանյանների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-241ՎԴ որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փոխառության պայմանագրի 3.2-րդ կետով նախատեսված տույժ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է, հետևաբար այն ենթակա չէ բռնագանձման:

Ինչ վերաբերվում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ հիմնական պարտք չունենալու դեպքում տույժ չի բռնագանձվում, ապա փոխառության պայմանագրի 3.2. կետի առոչինչ լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոքի այդ հիմքին չի անդրադառնում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի 23.12.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Վ. Աբելյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան