ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՇԴ2/0012/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ2/0012/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան | |
Դատավորներ՝ Վ. Ավանեսյան Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ` Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2009 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լևիկ Երիցյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հակոբ Գալստյանի ընդդեմ Լևիկ Երիցյանի, Արթիկի քաղաքապետարանի՝ տիրապետումից զրկելու հետ չկապված սեփականատիրոջ իրավունքների խախտումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հակոբ Գալստյանը պահանջել է պարտավորեցնել Լևիկ Երիցյանին քանդել ավտոտնակի 11,8 քմ մակերեսով ինքնակամ մասը և նույն հատվածում կառուցել ջրատար ուղի՝ փակելով մակերեսային ջրերի հոսքը դեպի Հակոբ Գալստյանի բնակելի տուն:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 10.10.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.03.2009 թվականի որոշմամբ վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևիկ Երիցյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հակոբ Գալստյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 277-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 219-րդ, 220-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի պահանջները, հայցը բավարարելիս չի հիմնավորել իր հետևությունները: Բացի այդ, Լևիկ Երիցյանը պարտավորեցվել է քանդել ինքնակամ շինությունն այն դեպքում, երբ այն Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի որոշմամբ ճանաչվել է օրինական, այսինքն՝ վիճելի 11,8 քմ մակերեսով շինությունն ինքնակամ չէ, ինչը Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել: Արդյունքում խախտվել է Լևիկ Երիցյանի սեփականության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա՝ վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2009 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել, կամ օրինական ուժ տալ Դատարանի 10.10.2008 թվականի վճռին, կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, գործում առկա ապացույցների օբյեկտիվ և բազմակողմանի գնահատման արդյունքում հանգել է ճիշտ հետևության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Գյումրու Շահումյան փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքի բնակիչների դիմումի հիման վրա Լևիկ Երիցյանին հասցեագրված Արթիկի քաղաքապետի 03.06.2008 թվականի գրությամբ պահանջվել է քանդել Լևիկ Երիցյանի սեփականության ներքո գտնվող ավտոտնակի 11,8 քմ մակերեսով ինքնակամ մասը և նույն հատվածում կառուցել ջրատար ուղի՝ փակելով մակերեսային ջրերի հոսքը դեպի Լ. Երիցյանի, Վ. Երիցյանի, Հ. Գալստյանի բնակելի տները (գ.թ.4):
2. Արթիկի քաղաքապետի 26.09.2008 թվականի գրության համաձայն՝ իրավիճակը համապատասխան հանձնաժողովի միջոցով ուսումնասիրելու վերաբերյալ Լևիկ Երիցյանի դիմումի հիման վրա 26.08.2008 թվականի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով (գ.թ.44): Հանձնաժողովի 26.08.2008 թվականի եզրակացության համաձայն՝ Լևիկ Երիցյանի ավտոտնակը հատող ջրատար խողովակը գտնվում է բարվոք վիճակում և հնարավորություն ունի հեռացնել հավաքված մակերեսային ջրերը (գ.թ.22):
3. Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի որոշմամբ օրինական է ճանաչվել Լևիկ Երիցյանի սեփականության ներքո գտնվող ավտոտնակի 11,8քմ մակերեսով ինքնակամ մասը (գ.թ.83):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն oրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես՝ Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)):
Վերաքննիչ դատարանը, հայցը բավարարելիս, պատճառաբանել է, որ Արթիկի քաղաքապետի 03.06.2008 թվականի գրությամբ Լևիկ Երիցյանից պահանջվել է քանդել ավտոտնակի 11,8քմ մակերեսով ինքնակամ մասը, ինչը չի կատարվել, իսկ իրավիճակը կրկին ուսումնասիրելու վերաբերյալ Արթիկի քաղաքապետի 26.09.2008 թվականի կարգադրությամբ կազմված հանձնաժողովը չի ստուգել Հ. Գալստյանի տան խոնավության և վնասվածքի առկայությունը: Նշվածի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ հանձնաժողովի եզրակացությունը չի կարող լինել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի, հետևաբար Լևիկ Երիցյանը պարտավոր է քանդել ինքնակամ շինությունը՝ չտալով նման եզրահանգման իրավական հիմնավորումը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Լևիկ Երիցյանը պարտավոր է քանդել ավտոտնակի ինքնակամ 11,8քմ մակերեսով մասը, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Արթիկի քաղաքապետի 26.09.2008 թվականի գրությունը և 23.10.2008 թվականի որոշումը:
Նշված գրության համաձայն՝ ավտոտնակի ինքնակամ մասը քանդելու վերաբերյալ 03.06.2008 թվականի կարգադրությունն արձակելուց հետո Արթիկի քաղաքապետը նպատակահարմար է գտել հարցն ուսումնասիրել հանձնաժողովի միջոցով, հետևաբար ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որն իրավիճակի ուսումնասիրության արդյունքում կազմել է համապատասխան եզրակացություն, ըստ որի՝ Լևիկ Երիցյանի ավտոտնակը հատող ջրատար խողովակը հնարավորություն ունի հեռացնել հավաքված մակերեսային ջրերը, իսկ եզրակացությունից հետո Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի որոշմամբ վիճելի 11,8քմ մակերեսով շինությունն օրինական է ճանաչվել, հետևաբար հիմնավոր չէ եզրակացության ոչ օբյեկտիվ լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված ապացույցներն էական նշանակություն ունեն սույն վեճի լուծման համար, քանի որ Լևիկ Երիցյանին առաջադրվել է ինքնակամ շինությունը քանդելու պարտավորություն այն դեպքում, երբ շինությունն Արթիկի քաղաքապետի 23.10.2008 թվականի որոշմամբ օրինական է ճանաչվել:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Հակոբ Գալստյանի հայցը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|