ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2009 թվականի N 881-Ա
«ՀԱՅԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ», «ԱՎԻԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԱՎԻԱԲՈՒԺ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ հոդվածներով և 43-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կուտակված շահույթի մի մասը՝ 1914914000.0 դրամ, ուղղել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմանը՝ նախկինում տեղաբաշխված 10 հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման և լրացուցիչ 25 հասարակ (սովորական) բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով (35 հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 76000000.0 դրամ արժողությամբ)։
2. «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթի մի մասը՝ 1871062.0 դրամ, ուղղել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմանը՝ նախկինում տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով (1032 հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 4850 դրամ արժողությամբ)։
3. Հիմք ընդունելով «Ավիաբուժ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցումը՝ 3969000.0 դրամի չափով, այն սահմանելով 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքի չափով՝ 15281000.0 դրամ (20 հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 764050 դրամ արժողությամբ)։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ապահովել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության, «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Ավիաբուժ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալների համապատասխան չափով փոփոխությունները և կանոնադրություններում այդ փոփոխությունների կատարման մասին գրանցումները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|