Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.69
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.06.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի

ՀՅՔՐԴ/0046/01/08 որոշում

ՀՅՔՐԴ/0046/01/08

 

Նախագահող դատավոր՝  Մ. Արղամանյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

 Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

2 հունիսի 2009 թվական ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Վոլոդյայի Ալիխանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 5-ի որոշման դեմ պաշտպան Ա.Եսայանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Քրեական գործը հարուցվել է 2008թ. հոկտեմբերի 20-ին:

2. 2008թ. հոկտեմբերի 30-ին Վարդան Վոլոդյայի Ալիխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

3. 2008թ. դեկտեմբերի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հյուսիսային քրեական դատարան:

Հյուսիսային քրեական դատարանի 2009թ. հունվարի 13-ի դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Վ.Ալիխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով:

4. Հյուսիսային քրեական դատարանի նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Վ.Ալիխանյանի պաշտպան Ա.Եսայանը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. մարտի 5-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:

5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. մարտի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Վ.Ալիխանյանի պաշտպան Ա.Եսայանը:

2009թ. ապրիլի 21-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով («վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

6. Հյուսիսային քրեական դատարանի 2009թ. հունվարի 13-ի դատավճռով Վ.Ալիխանյանը դատապարտվել է այն բանի համար, որ նա 2008թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Աբովյան 44 հասցեում գտնվող իր բնակարանում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է վթարի ենթարկվելու կապակցությամբ իրեն տեսակցության եկած հարևան Հարություն Ալբերտի Մարտիրոսյանի հետ և, վիրավորվելով վերջինիս կողմից շարունակաբար իրեն ուղղված վիրավորանքներից, ներկաների համար անսպասելի վերցրել է սեղանին դրված դանակը և նստած դիրքից հարվածել նրան, որից հետո դանակը գցել է սեղանին և կնոջ՝ Օվսաննա Նավասարդյանի հետ վերջինիս օգնություն ցույց տվել: Այնուհետև Օվս.Նավասարդյանն իրենց տուն է կանչել Հ.Մարտիրոսյանի կնոջը, որն էլ ամուսնուն ուղեկցել է տուն: Գիշերվա ընթացքում Հ. Մարտիրոսյանի վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Դիլիջան քաղաքի հիվանդանոց և վիրահատել:

7. Սույն գործով 2009թ. փետրվարի 12-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք քրեադատավարական օրենքի էական խախտման և քրեական օրենքը ոչ ճիշտ կիրառելու հիմքով: Նշված վերաքննիչ բողոքում խնդրվել է բեկանել Հյուսիսային քրեական դատարանի 2009թ. հունվարի 13-ի դատավճիռը` արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից 114-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու և ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ նշանակելու առումով, իսկ եթե վերաքննիչ դատարանը գտնի, որ Հյուսիսային քրեական դատարանի կողմից կիրառված արագացված դատաքննությունը խոչընդոտում է նոր օրինական դատական ակտ կայացնելուն, ապա խնդրվել է բեկանել դատավճիռն ամբողջությամբ, և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

8. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ.մարտի 5-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.4-րդ հոդվածի համաձայն` դատավճիռը, որը կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածին համապատասխան, կարող է բողոքարկվել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ բացառությամբ 395-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքի: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետը վերաբերում է գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված հետևություններին, որի առումով արագացված դատաքննության կիրառման պայմաններում բերված վերաքննիչ բողոքները պետք է թողնվեն առանց քննության:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. մարտի 5-ի՝ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ անտեսվել են բողոքը վարույթ ընդունելու համար առկա բավարար պահանջները` ՀՀ քրեական դատավարության օրենսգրի 395-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները: Դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 4-րդ մասով ղեկավարվելու փոխարեն կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

10. Ըստ բողոք բերած անձի՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված փաստերը և կատարված եզրահանգումները չեն համապատասխանում միմյանց: Բացի այդ, դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքում վիճարկվել է նաև արագացված դատական քննություն անցկացնելու կարգը: Այսինքն՝ վերաքննիչ բողոքը ներկայացվել է ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին, այլ 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով: Հետևաբար վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ Վ.Ալիխանյանին զրկել է իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցներից օգտվելու հնարավորությունից, խախտել ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Հյուսիսային քրեական դատարանի 2009թ. հունվարի 13-ի դատավճռի դեմ Վ.Ալիխանյանի պաշտպանի բերած վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. մարտի 5-ի որոշումը, գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Ա. Սույն գործով վերաքննիչ բողոքի հիմքը

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե Հյուսիսային քրեական դատարանի դատավճիռը բեկանելու և արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի վերաորակելու վերաբերյալ փաստաբանի պահանջը վերաբերու՞մ է արդյոք գործի փաստական հանգամանքներին և սույն գործով վերաքննիչ բողոքը բերվե՞լ է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված դատարանի հետևությունները վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու հիմքով:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե թույլ է տրվել դատական սխալ, այն է՝ գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Դատարանը արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: (…)»

Վերոշարադրյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանի կողմից գործը քննվել է արագացված դատական քննության կարգով, ապա դրա արդյունքում կայացված դատավճիռը չի կարող ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

13. Սույն գործի նյութերի, մասնավորապես՝ վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից, սակայն, երևում է, որ Վ.Ալիխանյանի պաշտպանը վիճարկել է ոչ թե գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված հետևությունները գործում առկա ապացույցներին չհամապատասխանելու հարցը, այլ, կասկածի տակ չդնելով գործի փաստական հանգամանքները, նշել է, դրանք վկայում են այն մասին, որ իր պաշտպանյալի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ և ոչ թե 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին: Այսինքն՝ վերաքննիչ բողոքը պաշտպանի կողմից բերվել է ոչ թեՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, այլ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի, այն է՝ քրեական օրենքի ճիշտ չկիրառման և քրեադատավարական օրենքի էական խախտման հիմքերով, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դրա նկատմամբ չէր կարող կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները և առանց քննության թողնել այն, որի արդյունքում խախտվել է Վ.Ալիխանյանի՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:

 

Բ. Վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելիս վերաքննիչ դատարանի կազմը

14. Հիմնավորված համարելով բողոքաբերի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և ոչ թե նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով վերաքննիչ բողոք բերած լինելու փաստը՝ Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ բողոքի հիմքերի հետ փոխկապակցված հետևյալ հարցին՝ արդյոք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավասու՞ էր սույն գործով միանձնյա կարգով բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշում կայացնել, թե՝ ոչ:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը (…) բերվել է 375.4 հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ստորադաս դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծվում է դատարանի կազմը նախագահողի կողմից»:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում ամրագրված իրավանորմերի տառացի մեկնաբանման ու համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գալիս է հետևության, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը վերաքննիչ դատարանում բողոքարկելու փուլում դատական ակտ կայացնելու իրավասությամբ օրենսդիրն օժտել է երկու սուբյեկտների` վերաքննիչ դատարանի ողջ կազմին (նախագահող դատավոր և դատական կազմում ընդգրկված երկու դատավոր)` վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման պարագայում, և դատարանի կազմը նախագահող դատավորին` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելու պարագայում: Այլ կերպ` առաջին դեպքում որոշումը կայացվում է դատարանի կոլեգիալ կազմով, իսկ երկրորդ դեպքում` միանձնյա:

Վերաքննիչ բողոքարկման փուլում որոշում կայացնելիս դատարանի կազմի հարցում տարբերակված մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, թե վերաքննիչ դատարանի որոշումը կարող է արդյոք էական ազդեցություն ունենալ վերաքննիչ բողոքարկման իրավունքի արդյունավետ կենսագործման վրա, թե այն ընդամենը կրում է աշխատակարգային բնույթ: Առաջին դեպքում բողոքաբերին պետք է տրվի կոլեգիալության լրացուցիչ երաշխիքը, մինչդեռ երկրորդ դեպքում դրա անհրաժեշտությունը բացակայում է:

17. Վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը, իր բնույթից ելնելով, անհրաժեշտաբար էական ազդեցություն է ունենում վերաքննիչ բողոքարկման իրավունքի արդյունավետ կենսագործման վրա: Ավելին, ի տարբերություն վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը հանդիսանում է գործն ըստ էության լուծող դատական ակտ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1 կետի իմաստով: Համաձայն այդ հոդվածի` գործն ըստ էության լուծող դատական ակտեր են նաև առաջին ատյանի` գործն ըստ էության լուծող « (…) դատական ակտի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերը (…)»: Իսկ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը կայացվում է վերաքննիչ բողոքարկման արդյունքում, քանի որ բացառում է տվյալ գործով վերաքննիչ վարույթը շարունակելը:

Այս պայմաններում կոլեգիալության և վերաքննիչ դատարանի կազմում ընդգրկված դատավորների իրավահավասարության սկզբունքներից շեղումը ոչնչով արդարացված չէ:

18. Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն որոշման 13-րդ կետում արտացոլված իրավական դիրքորոշումը, գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

19. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը:

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վարդան Վոլոդյայի Ալիխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Հյուսիսային քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 13-ի դատավճռի դեմ պաշտպանի բերած վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան