Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.58
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Ընդունման ամսաթիվ
02.06.2009
Ստորագրող մարմին
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
02.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի

որոշում գործ ԵԿԴ/0146/01/08

ԵԿԴ/0146/01/08

 

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան

դատավորներ` Ս. Համբարձումյան

                   Ս. Չիչոյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

 Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

     
քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

մասնակցությամբ
ամբաստանյալ

 Կ. Հայրապետյանի

պաշտպան

Ա. Աթարբեկյանի

դատախազ

 Հ. Հարությունյանի

 

2 հունիսի 2009 թվական ք. Երևան

 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Կարեն Պարույրի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի մարտի 11-ի որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Խաչատուրյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Քրեական գործով սուտ ցուցմունք տալու փաստի առթիվ 2008 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62212808 քրեական գործը:

2. 2008 թվականի սեպտեմբերի 18-ին Կարեն Հայրապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով:

3. 2008 թվականի սեպտեմբերի 19-ին քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 19-ի դատավճռով Կարեն Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով:

4. Ամբաստանյալ Կարեն Հայրապետյանի պաշտպան Ա.Աթարբեկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի մարտի 11-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է պաշտպանի վերաքննիչ բողոքը, այն է՝ փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 19-ի դատավճիռը և Կարեն Պարույրի Հայրապետյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտել է ազատազրկման` 3 (երեք) ամիս ժամկետով:

5. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ զինվորական դատախազը:

2009 թվականի մայիսի 8-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

6. Կարեն Հայրապետյանը դատապարտվել է այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող Արման Սպարտակի Շահինյանի վերաբերյալ քրեական գործով վկա, դատաքննության ժամանակ՝ 2008 թվականի հուլիսի 10-ին և օգոստոսի 29-ին, հերքել է նախաքննության ընթացքում՝ 2008 թվականի մայիսի 20-ին և հունիսի 10-ին, տված իր ճշմարտացի ցուցմունքները և սուտ ցուցմունք է տվել այն մասին, որ իբր ինքը երբևիցե չի հրավիրվել հատուկ քննչական ծառայություն հարցաքննության, Ա.Շահինյանին նախկինում չի ճանաչել: Կ.Հայրապետյանը միաժամանակ նշել է, որ նախաքննական ցուցմունքներն իր կողմից չեն գրվել և ինքը նախաքննության ժամանակ ցուցմունքներ չի տվել:

7. Կ.Հայրապետյանը նախկինում դատապարտված չի եղել, 2008 թվականի հունիսի 10-ին զորակոչվել է իսկական ժամկետային զինվորական ծառայության, ըստ դպրոցի տնօրինության, բնակության վայրի, ինչպես նաև զորամասի հրամանատարության կողմից տրված բնութագրերի` բնութագրվում է դրական, հայրը 2-րդ խմբի հաշմանդամ է:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

 

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործով խախտվել են կատարված արարքի և նշանակված պատժի համաչափության վերաբերյալ նյութական իրավունքի պահանջները, թույլ տրված դատական սխալը ազդել է գործի արդյունքի վրա, խաթարել արդարադատության բուն էությունը, դատավճռի՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտել սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականցման սկզբունքի պահանջները: Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները և հաշվի չի առնվել հասարակական բարձր վտանգավորություն ունեցող հանցագործության վերաբերյալ գործով Կ.Հայրապետյանի կողմից մեղավոր անձին հովանավորելուն և ակնհայտ սուտ ցուցմունք տալու միջոցով օբյեկտիվ իրականությունը խեղաթյուրելուն ու քննչական մարմիններին վարկաբեկելուն միտված վարքագիծը:

9. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 19-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Կ.Հայրապետյանի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները համապատասխանու՞մ են արդյոք սույն գործի փաստական հանգամանքներին ու ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ պատժի արդարացիության պահանջներին:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները»:

Կարեն Տիգրանի Հարությունյանի գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի ՎԲ-201/07 որոշման մեջ Վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի մի շարք դրույթներ, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածները, հանգել է այն հետևության, որ պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով` հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար (տե՛ս նաև Հ.Հաբեշյանի վերաբերյալ գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի ՎԲ-145/07 որոշումը, Ա.Սարգսյանի վերաբերյալ գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի ՎԲ-142/07 որոշումը, Ա.Մինասյանի վերաբերյալ գործով 2007 թվականի հոկտեմբերի 26-ի ՎԲ-185/07 որոշումը):

12. ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « (…) քրեական գործով վկայի (…) կողմից uուտ ցուցմունք տալը (…) պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար uույն oրենuգրքով նախատեuված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

Հետևաբար, ՀՀ քրեական օրեսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը` ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի, ոչ մեծ ծանրության է:

13. Սույն գործով Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջին համապատասխան քննարկելով ամբաստանյալ Կ.Հայրապետյանի նկատմամբ պատժի նշանակման հարցը, անդրադարձել է ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազ խիստ տեսակները նշանակելու հնարավորությանը և հանգել հետևության, որ կալանքի կիրառումը անհնարին է՝ Կ.Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու պատճառաբանությամբ (ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(…) Կալանքը կարող է նշանակվել (…) միայն այն դեպքում, երբ կալանավորումը որպեu խափանման միջոց չի կիրառվել»): Իսկ տուգանքի նշանակումը համարվել է աննպատակահարմար` ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումը չապահովելու նկատառումներով:

Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև այն հարցին, որ սույն գործով բացակայում են ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները, նա նախկինում դատապարտված չի եղել, 2008 թվականի հունիսի 10-ին զորակոչվել է իսկական ժամկետային զինվորական ծառայության, ըստ դպրոցի տնօրինության, բնակության վայրի, ինչպես նաև զորամասի հրամանատարության կողմից տրված բնութագրերի՝ բնութագրվում է դրական, հայրը 2-րդ խմբի հաշմանդամ է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), և հանգել հետևության այն մասին, որ Կ.Հայրապետյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատժաչափը՝ մեկ տարի ժամկետով ազատազրկումը, անարդարացի է ակնհայտ խիստ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին և չի բխում պատժի նպատակներից: Վերաքննիչ դատարանը փոփոխել է Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատժաչափը՝ ամբաստանյալի նկատմամբ նշանակելով ազատազրկում` 3 (երեք) ամիս ժամկետով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում ամբաստանյալ Կ.Հայրապետյանի նկատմամբ նշանակված պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ և գտնում, որ դրանք համապատասխանում են գործի փաստական հանգամանքներին ու ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ պատժի արդարացիության պահանջներին:

14. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա որոշ փաստարկներին:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում որպես ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք նշել է.«Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ սույն հանցագործությունը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, գտնում է, որ այն էականորեն նվազեցնում է հանցանքի և հանցավորի` հանրության համար վտանգավորության աստիճանը»:

Ամբաստանյալին մեղսագրվող հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արտահայտել է ԵՇԴ/0029/01/08 որոշման մեջ, որի համաձայն՝ այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-իԵՇԴ/0029/01/08 որոշման 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերը):

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը սույն գործով Կ.Հայրապետյանի արարքի հանրային վտանգավորության աստիճանի հարցի քննարկման ժամանակ իրավական գնահատական է տվել ոչ թե այդ արարքի կատարման ընթացքը բնութագրող հանգամանքներին, այլ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմին, ինչն անընդունելի է:

Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր ամբաստանյալին մեղսագրվող արարքը ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին դասվելը դիտել որպես հանցանքի և հանցավորի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը նվազեցնող հանգամանք:

15. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում որպես ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք հաշվի է առել նաև այն, որ նա առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ կատարել է ոչ մեծ ծանրության հանցագործություն: Նշված հանգամանքը, որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս հանգամանքի առկայության փաստը հաստատելու համար անհրաժեշտ պայմաններն են`

ա) անձը պետք է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքը կատարի առաջին անգամ,

բ) հանցանքի կատարումը պետք է պայմանավորված լինի հանցավորի կամքից անկախ գոյություն ունեցող հանգամանքների այնպիսի փոփոխությամբ կամ համընկմամբ, որոնք ուղղակի կամ անուղղակի իրենց հուզական ազդեցությունն ունենան անձի նկատմամբ և նպաստեն հանցանքի կատարմանը:

Այսինքն` հանգամանքների պատահական զուգորդումը նախ և առաջ փաստի խնդիր է, որը դատարանի կողմից պետք է հաստատվի գործով բացահայտված բոլոր փաստական հանգամանքների համակցությամբ:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի պարզաբանել, թե ո՛ր հանգամանքների պատահական զուգորդմամբ է կատարվել հանցագործությունը, իր այս հետևությունը որևէ ձևով չի հիմնավորել, չի մատնանշել այն ապացույցները, որոնք վկայում են այս մեղմացնող հանգամանքի առկայության մասին, այդպիսիք բացակայում են նաև քրեական գործի նյութերում:

16. Կ.Հայրապետյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առել նաև այն, որ ամբաստանյալն արարքը կատարելու ընթացքում չի պատկերացրել իր կողմից կատարած հանցանքի հասարակական վտանգավորության աստիճանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս հետևությունը նույնպես անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ իրավացիորեն ապացուցված է համարել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ Կ.Հայրապետյանի մեղավորությունը, իսկ տվյալ հանցանքի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ, ապա Վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:

18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը թերի է պատճառաբանված: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 11-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանությունները:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Կարեն Պարույրի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 11-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանությունները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան