ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ՀՅՔՐԴ 3/0106/01/08 |
ՀՅՔՐԴ 3/0106/01/08
|
Նախագահող դատավոր՝ Հ. Ասատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Դանիելյանի | |
|
Հ. Ղուկասյանի | |
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
2009թ. ապրիլի 10-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Վարդան Մեսրոպի Մինասյանի պաշտպաններ Ռ.Սահակյանի, Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. դեկտեմբերի 23-ի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը
1. 2007թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 18-ի սահմաններում, անհայտ անձի կողմից, ապօրինաբար պահվող հրազենով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, դիտավորությամբ Ռոբերտ Մայիսի Վարդապետյանի, Վահագն Ռազմիկի Հովհաննիսյանի և Գևորգ Լևիկի Ստեփանյանի վրա կրակոցներ արձակելու, դրա հետևանքով Գ.Ստեփանյանին կյանքից զրկելու, իսկ Ռ.Վարդապետյանի և Վ.Հովհաննիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 20114307 քրեական գործը:
2. 2007թ. դեկտեմբերի 22-ին Վ.Մինասյանը ձերբակալվել է:
3. 2007թ. դեկտեմբերի 25-ին Վ.Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2007թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցում երթևեկության ընթացքում ձայնային ազդանշաններ տալու պատճառով բազմաթիվ անձանց ներկայությամբ վիճաբանել է Ռ.Վարդապետյանի հետ, որի ընթացքում նրանք մոտ 10 րոպե շարունակ, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, քաշքշել են իրար և տվել փոխադարձ հայհոյանքներ` այդ կերպ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ: Այնուհետև, շարունակելով խուլիգանական գործողությունները, մի կողմից Վ. Մինասյանը, նրա ընկեր Հ. Թանդարյանը, Ս.Արդուխանյանը և ինքնությունները չպարզված անձինք, իսկ մյուս կողմից Ռ.Վարդապետյանը, նրա ընկեր Գ.Ստեփանյանը, Վ.Հովհաննիսյանը և ինքնությունները չպարզված անձինք վիճաբանության հանգամանքները պարզաբանելու նպատակով հավաքվել են Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածի հարևանությամբ գտնվող «Կանալ» կոչվող տարածքում և վիճաբանել միմյանց հետ:
Խուլիգանության ընթացքում «Կանալ» կոչվող տարածքում Վ. Մինասյանը, գործադրելով իր մոտ պահվող «Բայկալ-442» մոդելի «XPM 7568» համարի հրազեն հանդիսացող ատրճանակն ու «Սայգա-12C» մոդելի «H04431605» համարի որսորդական, ողորկափող ինքնալիցք կարաբինը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել Ռ. Վարդապետյանի և Վ. Հովհաննիսյանի վրա նրանց սպանելու դիտավորությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Վ.Մինասյանի արձակած կրակոցներից Վ. Հովհաննիսյանի և Ռ.Վարդապետյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
4. 2007թ. դեկտեմբերի 25-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Վ.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
5. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. փետրվարի 18-ի, 2008թ. ապրիլի 18-ի, 2008թ. մայիսի 16-ի, 2008թ. հուլիսի 17-ի և 2008թ. սեպտեմբերի 17-ի որոշումներով մեղադրյալ Վ.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացվել է:
6. 2008թ. հուլիսի 4-ին որոշում է կայացվել Վ.Մինասյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 2008թ. օգոստոսի 13-ին Վ.Մինասյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով:
7. 2008թ. հոկտեմբերի 1-ին Վ.Մինասյանի և մյուսների վերաբերալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հյուսիսային քրեական դատարան:
8. 2008թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ հյուսիսային քրեական դատարանը որոշում է կայացրել քրեական գործն ըստ մեղադրանքի Վարդան Մինասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով ընդունել վարույթ: Նշված որոշմամբ Վ.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
9. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ ՀՀ հյուսիսային քրեական դատարանի 2008թ. հոկտեմբերի 15-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ պաշտպանների վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:
10. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. դեկտեմբերի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել Վ.Մինասյանը և նրա պաշտպաններ Ռ.Սահակյանը, Լ.Սահակյանը և Ե.Վարոսյանը: Բողոքը Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մարտի 9-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ընդունվել է վարույթ: Ներկայացված վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
11. ՀՀ հյուսիսային քրեական դատարանի` քրեական գործը վարույթ ընդունելու վերաբերյալ 2008թ. հոկտեմբերի 15-ի որոշմամբ Վ.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը հետևյալ պատճառաբանությամբ. «(…) նկատի ունենալով, որ դեռևս 07.10.2008թ.-ին լրացել է Վարդան Մեսրոպի Մինասյանին կալանավորման տակ պահելու ժամկետը, ուստի գործը վարույթ ընդունելու հետ միաժամանակ պետք է լուծել նաև նրա նկատմամբ խափանման միջոցի հարցը»:
12. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ ՀՀ հյուսիսային քրեական դատարանի 2008թ. հոկտեմբերի 15-ի որոշումն անփոփոխ է թողնվել այն պատճառաբանությամբ, որ «Եվրոպական դատարանի այս (Ջեսիուսն ընդդեմ Լիտվայի գործով որոշման մեջ արտահայտված) իրավական դիրքորոշման լույսի ներքո գնահատելով Հյուսիսային քրեական դատարանի 15.10.2008թ. որոշման` մեղադրյալ Վարդան Մինասյանին կալանքի տակ պահելու կարգադրությունը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրա «անօրինական» լինելու մասին պաշտպանների փաստարկները հիմնավորված չեն, քանի որ Վ.Մինասյանի` Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտում կարող էր տեղի ունենալ հակառակ պարագայում, եթե դատարանը նման կարգադրություն չաներ, և մեղադրյալը շարունակաբար գտնվեր կալանքի տակ` դատաքննության ընթացքում»:
13. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. դեկտեմբերի 23-ի որոշման մեջ նշվում է նաև, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40-րդ գլխի դրույթները, որոնք կարգավորում են ստացված քրեական գործը դատական քննության նախապատրաստելու ընթացքում իրականացվող դատավարական գործողությունները, սահմանում է, որ այդ փուլում բոլոր հարցերը քննարկվում են և դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են դատավորի կողմից` առանց դատավարության մասնակիցների ներկայության և առանց դատական նիստ հրավիրելու: Նշված գլխում սահմանված չէ որևէ ընթացակարգ, որը դատարանին հնարավորություն կտար մեղադրյալին մասնակից դարձնելու որոշման կայացմանը:
Իսկ նյութերից երևում է, որ դատարանը կայացված որոշումը տրամադրել է պաշտպանական կողմին, որոնք օգտվել են այն բողոքարկելու, դրա դեմ իրենց փաստարկներն ու հիմնավորումները ներկայացնելու հնարավորությունից: Այսինքն, պաշտպանական կողմը զրկված չի եղել Վարդան Մինասյանի կալանավորման օրինականությունը արդյունավետ կերպով վիճարկելու իրավունքից»:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
14. Բողոք բերած անձը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ջեսիուսն ընդդեմ Լիտվայի (JECIUS v. LITHUANIA, 2000թ., գանգատ N 34578/97) գործով որոշումը, նշում է, որ 2008թ. հոկտեմբերի 7-ից սկսած` Վ.Մինասյանը ապօրինաբար գտնվել է անազատության մեջ:
Վ. Մինասյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է 2008թ. հոկտեմբերի 7-ին, և այդ օրը նա պետք է ազատ արձակվեր, սակայն նա մինչև 2008թ. հոկտեմբերի 15-ը գտնվել է անազատության մեջ` առանց օրենքով սահմանված կարգով դատարանի կողմից կայացված որոշման: Վ.Մինասյանի նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը լուծվել է ՀՀ հյուսիսային քրեական դատարանի 2008թ. հոկտեմբերի 15-ի` քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշմամբ, ինչն ըստ բողոքաբերի հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 5-րդ և ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ, 11-րդ հոդվածի 5-րդ և 142-րդ հոդվածի 4-րդ մասերի խախտում:
15. Բողոքաբերը նշում է, որ ՀՀ հյուսիսային քրեական դատարանը քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելիս չէր կարող Վ.Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել: Քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելիս ՀՀ հյուսիսային քրեական դատարանը չէր կարող ծանոթ լինել քրեական գործի նյութերին և դրանց ծանոթանալու հնարավորություն կստանար միայն քրեական գործը վարույթ ընդունելուց հետո: Բողոքաբերը նշում է նաև, որ ՀՀ հյուսիսային քրեական դատարանը Վ.Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրել այն պայմաններում, երբ ծանոթ չի եղել վերջինիս կողմից կատարված դեպքին առնչություն ունենալու հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության մասին վկայող որևէ փաստաթղթի:
16. Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներ` բողոքաբերը նշում է, որ ազգային դատական մարմինները պարտավոր են հաշվի առնել բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ են պարզելու համար, թե կա արդյոք հասարակական շահ, համապատասխան և բավարար պատճառ, որը, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, արդարացնում է նահանջը անձի ազատության իրավունքի հարգանքից: Անձին ազատությունից զրկելու համար անհրաժեշտ հիմքերը պետք է հիմնավորված լինեն կոնկրետ փաստացի նյութերով, տվյալներով, մինչդեռ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանը ընդհանրապես չի նշել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ հիմք:
17. Բողոքաբերը նշում է, որ Վ.Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը լուծելիս ՀՀ հյուսիսային քրեական դատարանը պարտավոր էր ապահովել պաշտպանական կողմի հնարավորությունը արդյունավետ կերպով վիճարկելու Վ.Մինասյանի կալանավորման օրինականությունը, ինչը չի կատարել:
18. ՀՀ հյուսիսային քրեական դատարանը հաշվի չի առել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումը վերացնելու բավարար հիմք չի համարել այն հանգամանքները, որ Վ.Մինասյանը դատվածություն չունի, արատավորված չի եղել, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, ամուսնացած է, խնամքին ունի երեք անչափահաս երեխա, կին և տարեց մայր, ունի մշտական բնակության վայր, աշխատանք:
19. Վկայակոչելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ /2006/13 հանձնարարականի 21-րդ կանոնը, որի համաձայն` անձին կալանավորելու մասին դատական իշխանության ցանկացած որոշում պետք է լինի պատճառաբանված, բողոքաբերը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ ՀՀ հյուսիսային քրեական դատարանն իր որոշման պատճառաբանական մասում օրենքով սահմանված կարգով չի քննարկել խափանման միջոցի հիմնավոր կամ անհիմն լինելը, չի պատճառաբանել իր որոշումը: Արդյունքում դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքի վրա, որ չկա հիմնավոր կասկած, որ Վ.Մինասյանն առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, հաշվի չի առնվել, որ բացակայում են նրան կալանավորելու հիմքերը:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները` բողոքաբերը խնդրել է Վ.Մինասյանի կալանավորումը որպես խափանման միջոց վերացնել և նրան կալանքից ազատ արձակել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
20. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե ՀՀ հյուսիսային քրեական դատարանն իրավասու՞ էր արդյոք Վ.Մինասյանի նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը լուծել քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշմամբ:
I. Դատական քննության նախապատրաստության փուլում անձի կալանավորման հարցը:
21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «(…) Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ կալանավորումը` որպես խափանման միջոց վերացվում է»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարան մուտք եղած քրեական գործը դատավորները սահմանված կարգով իրենց վարույթ են ընդունում, որի մասին կայացվում է որոշում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը`
1) դատական քննություն նշանակելու մասին.
2) քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.
3) քրեական գործի վարույթը կասեցնելու մասին.
4) գործը մեղադրողին վերադարձնելու մասին.
(...)
6) գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին.
7) ինքնաբացարկի մասին»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն` «Որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում»:
22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ անձի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկվելու դեպքում, եթե մինչդատական վարույթում անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը չի վերացվում, ապա դրա ժամկետի ընթացքը կասեցվում է, և անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ընտրված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշման բացակայության պայմաններում անձը շարունակում է գտնվել անազատության մեջ մինչև քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը 15-օրյա ժամկետում կայացնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը և վերջիններիս կայացման հետ մեկտեղ լուծի խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, իսկ խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում` դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը: Այլ կերպ` ՀՀ քրեադատավարական օրենսդրության նշված կարգավորումից բխում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, երբ անձի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել և անձը շարունակաբար կարող է գտնվել կալանքի տակ` առանց դատավարական հիմքի, այն է` խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման:
II. Քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշմամբ անձի կալանքի հարցի լուծումը.
23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս (…)»:
24. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. (…) գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, (…):
25. Ջեսիուսն ընդդեմ Լիտվայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշման համաձայն` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետից բխում է, որ անձի կալանքի հիմնավորումը սոսկ այն փաստով, որ գործը փոխանցվել է դատարան, չի կարող հանդիսանալ «օրինական» հիմք անձի կալանքը շարունակելու համար (JECIUS v. LITHUANIA, 2000թ., գանգատ N34578/97, կետ 63):
Նշված վճռի 68-րդ կետում Եվրոպական դատարանն այն մոտեցումն է արտահայտել, որ Լիտվայի նախկին քրեական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 6-րդ կետը (որի բովանդակությունն ամբողջովին համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությանը), չի կարող օրինական հիմք լինել կալանքի կիրառման համար: Կալանքի ժամկետը սկզբունքորեն «օրինական է», եթե այն հիմնված է դատարանի որոշման վրա (JECIUS v. LITHUANIA, կետ 68):
26. Հաշվի առնելով Ջեսիուսն ընդդեմ Լիտվայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացրած հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրողի կողմից գործը դատարան ուղարկված լինելու հիմքով անձին կալանքի տակ պահելու ժամկետի կասեցումն անձի ազատության իրավունքի անօրինական սահմանափակում է: Ուստի ՀՀ քրեադատավարական օրենքի 138-րդ հոդվածի 3-րդ մասում առկա կարգավորումը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ և 136-րդ հոդվածի 2-րդ մասերին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ կալանքի երկամսյա ժամկետի ավարտին մնացել է 15 օրից քիչ ժամանակ, այսինքն` քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկի կայացման ժամկետից պակաս ժամանակ, նախաքննական մարմինը գործը դատարան ուղարկելու հետ միաժամանակ պետք է լուծի նաև անձի կալանքի հարցը, այն է` պետք է անձին ազատ արձակի, եթե վերացել են նրան կալանքի տակ պահելու հիմքերը, կամ դատարանին միջնորդություն ներկայացնի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, եթե առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերը:
27. Հետևաբար՝ ՀՀ հյուսիսային քրեական դատարանն իրավասու էր քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշման կայացման հետ մեկտեղ լուծել Վ.Մինասյանի կալանքի հարցը, քանի որ դա բխում է Կոնվենցիայով նախատեսված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի ապահովման անհրաժեշտությունից:
III. Բողոքաբերի մյուս փաստարկները.
28. Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում բողոքաբերի պնդումն այն մասին, որ Վ.Մինասյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը լուծելիս ՀՀ հյուսիսային քրեական դատարանը չի ապահովել պաշտպանական կողմի հնարավորությունը արդյունավետ կերպով վիճարկելու Վ.Մինասյանի կալանավորման օրինականությունը, և իր համաձայնությունն է արտահայում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. դեկտեմբերի 23-ի որոշման մեջ արտահայտված դիրքորոշման հետ (տե'ս սույն որոշման 13-րդ կետը):
29. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ ՀՀ հյուսիսային քրեական դատարանը հաշվի չի առել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումը վերացնելու բավարար հիմք չի համարել Վ.Մինասյանի ինքնությունը բնութագրող հանգամանքները, ապա գործի նյութերից երևում է, որ վերաքննիչ դատարանն անդրադարձել է այդ հարցին և արդյունքներով հանգել է ճիշտ հետևության (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի մեկնաբանության վերաբերյալ իր դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արտահայտել է Ասլան Ավետիսյանի գործով 2008թ. հոկտեմբերի 31-ին կայացված ԱՎԴ/0022/06/08 որոշման մեջ):
30. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական քննության նախապատրաստության փուլում անձի կալանավորման հարցի կապակցությամբ սույն գործով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վարդան Մեսրոպի Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՀ հյուսիսային քրեական դատարանի 2008թ. հոկտեմբերի 15-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. դեկտեմբերի 23-ի որոշումը Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններով թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Դ. Ավետիսյան Ե. Դանիելյան Հ. Ղուկասյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Նախագահող`
Դատավորներ`
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|