Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով իրենց պետությունների գործող օրենսդրությամբ և միջազգային պարտավորություններով,
ելնելով հարկային հանցագործությունների և իրավախախտումների բացահայտման, նախազգուշացման և խափանման հետ կապված խնդիրների արդյունավետ լուծման գործում փոխադարձ շահագրգռվածությունից,
կարևոր նշանակություն տալով այդ նպատակներով բոլոր իրավական և այլ հնարավորությունների օգտագործմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1. |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ |
1. Սույն Համաձայնագրի առարկան հանդիսանում է Կողմերի իրավասու մարմինների տնօրինությանը վերաբերող հարկային հանցագործությունների և իրավախախտումների բացահայտման, նախազգուշացման և խափանման ուղղությամբ արդյունավետ պայքարի կազմակերպման նպատակով Կողմերի իրավասու մարմինների համագործակցությունը:
2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրերից բխող Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները:
Հոդված 2. |
իՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ |
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար իրավասու մարմիններն են`
հայկական Կողմից` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը,
վրացական Կողմից` Վրաստանի հարկային պետական ծառայությունը:
2. Իրավասու մարմինների պաշտոնական անվանումը փոխվելու դեպքում Կողմերը անհապաղ ծանուցում են միմյանց այդ մասին:
Հոդված 3. |
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁևԵՐԸ |
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը օգտագործում են համագործակցության հետևյալ ձևերը`
իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից կատարված հարկային հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,
հարկային հանցագործությունների և իրավախախտումների բացահայտմանը, նախազգուշացմանը և խափանմանն ուղղված միջոցառումների անցկացման հարցերով փոխգործակցություն,
իրավաբանական և ֆիզիկական անձանց հարկման հետ կապված փաստաթղթերի համապատասխան ձևով վավերացված պատճենների ներկայացում,
ազգային հարկային համակարգերի, հարկային օրենսդրության փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև հարկային հանցագործությունների և իրավախախտումների դեմ պայքարի կազմակերպման հարցերով մեթոդական հանձնարարականների մասին տեղեկությունների փոխանակում,
հարկային հանցագործությունների և իրավախախտումների դեմ պայքարում օգտագործվող տեղեկատվական համակարգերի ստեղծման և գործարկման հարցերով փորձի փոխանակում,
համագործակցության ընթացքում ծագող հարցերով անհրաժեշտ օգնության մատուցում և գործունեության համակարգման իրականացում, ներառյալ` աշխատանքային խմբերի ստեղծում, ներկայացուցիչների փոխանակում և կադրերի ուսուցում, ինչպես նաև հարկային հանցագործությունների և իրավախախտումների դեմ պայքարի հիմնախնդիրների շուրջ գիտագործնական կոնֆերանսների և սեմինարների անցկացում:
Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված հարցերով Կողմերի իրավասու մարմինները հաղորդակցվում են անմիջականորեն:
Հոդված 4. |
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ |
1. Հարկային հանցագործությունների և իրավախախտումների մասին տեղեկությունների փոխանակումը նախատեսում է հետևյալ տեղեկությունների տրամադրում`
իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից եկամուտները հարկումից թաքցնելու մասին` նշելով այն եղանակները, որոնք կիրառում են հարկային օրենսդրությունը խախտողները,
իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից պետական և առևտրային բանկերում հաշիվներ բացելու, ինչպես նաև այդ հաշիվների միջոցների շարժի մասին, եթե հիմքեր կան ենթադրելու, որ դրանցում գտնվում են հարկումից թաքցվող գումարներ,
իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց եկամուտների, գանձվող հարկերի գումարների և հարկման բազայի չափերի մասին, ինչպես նաև հարկային հանցագործությունների և իրավախախտումների բացահայտման, նախազգուշացման և խափանման նպատակով իրականացվող միջոցառումների մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված տեղեկությունները մի Կողմի իրավասու մարմնի կողմից տրամադրվում են մյուս Կողմի իրավասու մարմնին հարցման հիման վրա` պայմանով, որ տեղեկության տրամադրումը չի հակասում հարցվող Կողմի պետության շահերին և օրենսդրությանը:
Եթե Կողմերից մեկի իրավասու մարմինը գտնում է, որ իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունը հետաքրքրություն է ներկայացնում մյուս Կողմի իրավասու մարմնի համար, ապա նա կարող է այդ տեղեկությունը տրամադրել սեփական նախաձեռնությամբ:
Հոդված 5. |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ |
Կողմերի իրավասու մարմինների փոխգործակցությունը հարկային հանցագործությունների և իրավախախտումների բացահայտման, նախազգուշացման և խափանման միջոցառումներ անցկացնելիս նման հանցագործություններ և իրավախախտումներ կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ ներառում է ուժերի և միջոցների համատեղ պլանավորում, օգտագործում, այդ միջոցառումների անցկացման ընթացքի և արդյունքների մասին տեղեկությունների փոխանակում:
Հոդված 6. |
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ |
Կողմերի իրավասու մարմինները, ըստ հարցման, միմյանց ներկայացնում են իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց հարկմանը վերաբերող փաստաթղթերի (հաշիվներ, ապրանքագրեր, բեռնագրեր, պայմանագրեր, կոնտրակտներ, սերտիֆիկատներ, տեղեկանքներ և այլն), ինչպես նաև հարկային հանցագործություններին և իրավախախտումներին առնչվող հարցերի վերաբերյալ փաստաթղթերի պատճեններ: Պատճենները հավաստվում են լիազորված անձի ստորագրությամբ և կնիքով` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 7. |
ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ |
Կողմերի իրավասու մարմինները կանոնավոր հիմքով իրականացնում են ազգային հարկային համակարգերի, հարկային օրենսդրության բնագավառում հանցագործությունների հետաքննությունների անցկացման և վարչական իրավախախտումների գործերի վարույթի իրավական հիմքերի մասին տեղեկությունների փոխանակում, ժամանակին տեղեկացնում են միմյանց հարկային օրենսդրության փոփոխությունների, ընդունված նոր նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև գործող նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխությունների մասին:
Հոդված 8. |
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ |
Կողմերի իրավասու մարմինները հարկային հանցագործությունների և իրավախախտումների դեմ պայքար կազմակերպելիս իրականացնում են տեղեկատվական համակարգերի ստեղծման և գործարկման հարցերով փորձի, մեթոդիկաների, ծրագրային ապահովման միջոցների և գիտական նյութերի փոխանակում:
Հոդված 9. |
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ և ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ |
Կողմերի իրավասու մարմինները համագործակցում են իրենց ուսումնական հաստատությունների բազայի վրա կադրերի ուսուցման և վերապատրաստման, հարկային հանցագործությունների և իրավախախտումների դեմ պայքարի արդիական հարցերով համատեղ գիտական հետազոտությունների, գիտագործնական կոնֆերանսների և սեմինարների անցկացման բնագավառում:
Սույն հոդվածի շրջանակներում համագործակցության իրագործման կոնկրետ ձևերը և, մասնավորապես, դրա ֆինանսավորումը, սահմանվում են Կողմերի իրավասու մարմինների միջև կնքվող առանձին համաձայնագրերով:
Հոդված 10. |
ՀԱՐՑՄԱՆ ՁևՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
1. Տեղեկություն ստանալու հարցումը պետք է փոխանցվի գրավոր կամ հեռատիպային, ֆաքսիմիլային կամ համակարգչային կապի օգտագործման միջոցով:
Անհետաձգելի դեպքերում կարող է ընդունվել հեռախոսակապի միջոցով փոխանցվող բանավոր հարցում, սակայն այն պետք է անմիջապես գրավոր հաստատվի:
Հեռատիպային, ֆաքսիմիլային կամ համակարգչային կապը օգտագործելիս, ինչպես նաև բանավոր հարցման իսկության կամ բովանդակության առումով կասկածներ առաջանալիս հարցվող իրավասու մարմինը կարող է պահանջել գրավոր հաստատում:
2. Տեղեկություն ստանալու հարցումը պետք է պարունակի`
հարցում անող իրավասու մարմնի անվանումը,
հայցվող իրավասու մարմնի անվանումը,
հարցման էության շարադրանքը և դրա հիմնավորումը, ինչպես նաև այն կատարելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Քրեական գործերով տեղեկություն ստանալու հարցման մեջ թվարկվածից բացի նշվում են`
փաստացի հանգամանքների նկարագրումը,
հանցագործության որակավորումը,
հասցված վնասի չափը:
Հոդված 11. |
ՀԱՐՑՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ |
1. Հարցումը կատարման է ընդունվում անհապաղ: Հարցվող իրավասու մարմինը կարող է ճշգրտման կարգով լրացուցիչ տեղեկություն պահանջել, եթե դա անհրաժեշտ է հարցումը կատարելու համար:
2. Հարցումը կատարելու անհնարինության դեպքում հարցվող իրավասու մարմինը անհապաղ ծանուցում է այդ մասին հարցում անող իրավասու մարմնին:
Հարցման կատարումը մերժվում է, եթե դա կարող է վնաս հասցնել պետության ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ էլ հակասում է հարցվող իրավասու մարմնի պետության օրենսդրությանը:
Հարցում անող իրավասու մարմինը տեղեկացվում է հարցման կատարումը մերժելու պատճառների մասին:
Հոդված 12. |
ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ |
Հարցվող իրավասու մարմինը կարող է թույլատրել հարցում անող իրավասու մարմնի լիազոր ներկայացուցիչներին` իր պետության տարածքում մասնակցել հարցման կատարմանը` ապահովելով նրանց աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ, եթե դրանք չեն հակասում իր պետության օրենսդրությանը:
Հոդված 13. |
ԼԵԶՈՒՆԵՐԸ |
Տեղեկություն ստանալու հարցումը և դրա պատասխանը կազմվում են Կողմերի իրավասու մարմինների միջև համաձայնեցված լեզվով:
Հոդված 14. |
ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ |
Մի Կողմի իրավասու մարմինը մյուս Կողմի իրավասու մարմնի խնդրանքով երաշխավորում է հարկային հանցագործությունների և իրավախախտումների բացահայտման, նախազգուշացման և խափանման հետ կապված հարցերի տեղեկության գաղտնիությունը:
Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկությունը չի կարող փոխանցվել երրորդ կողմին` առանց այդ տեղեկությունը տրամադրող իրավասու մարմնի գրավոր համաձայնության:
Հոդված 15. |
ԾԱԽՍԵՐԸ |
Կողմերի իրավասու մարմինները կրում են իրենց պետության տարածքում սույն Համաձայնագրի կատարման հետ կապված ծախսերը: Լրացուցիչ ծախսեր պահանջող հարցումներ ստանալու դեպքում Կողմերի իրավասու մարմինները քննարկում են դրանց ֆինանսավորման հարցը փոխադարձ պայմանավորվածությամբ:
Կողմերի իրավասու մարմինները միմյանց կհատուցեն թարգմանիչների ծառայությունների ծախսերը, որոնք կարող են պահանջվել հարցումը կատարելիս, եթե նրանց միջև այլ բան համաձայնեցված չէ:
Համաձայնեցված հանդիպումների ժամանակ, եթե չկա այլ գրավոր պայմանավորվածություն, ընդունող իրավասու մարմինը ապահովում և վճարում է իր պետության տարածքում մյուս Կողմի իրավասու մարմնի պատվիրակության ընդունման հետ կապված ծախսերը, իսկ ուղարկող իրավասու մարմինը կրում է ճանապարհածախսը:
Հոդված 16. |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱԳԱ ՄԻՋՈՑՆԵՐԸ |
Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչները անհրաժեշտության դեպքում հանդիպումներ են անցկացնում սույն Համաձայնագրի կատարման հետ կապված հարցերի քննարկման համար:
Հոդված 17. |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ |
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցման օրվանից և դադարեցնում է իր գործողությունը այն օրվանից վեց ամիս լրանալուց հետո, երբ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր կհայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի հունվարի 14-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում երեք տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի հայերեն և վրացերեն տեքստերի վերաբերյալ Կողմերի մոտ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի սույն Համաձայնագրի ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հուլիսի 5-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|