Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
25.06.1993
Ստորագրման ամսաթիվ
25.06.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.1993


Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

առաջնորդվելով գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների օգտագործման միջոցով մշակույթի արժեքների փոխանակման ասպարեզում համագործակցության ընդլայնման ձգտումով,

անհրաժեշտ համարելով սահմանել հեղինակային իրավունքների պաշտպանման որոշակի կարգ և պայմաններ,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Յուրաքանչյուր Կողմ իր տարածքում կնպաստի մյուս Կողմի քաղաքացիների ստեղծած գրականության, գիտության և արվեստի ստեղծագործությունների տարածմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Յուրաքանչյուր Կողմ ճանաչում է մյուս Կողմի քաղաքացիների և նրանց իրավահաջորդների հեղինակային իրավունքները գրականության, գիտության և արվեստի ստեղծագործությունների նկատմամբ` անկախ դրանց առաջին հրապարակման վայրից, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների և նրանց իրավահաջորդների հեղինակային իրավունքները մյուս Կողմի տարածքում առաջին անգամ հրապարակված ստեղծագործությունների նկատմամբ, և իր տարածքում ապահովում է այդ իրավունքների պաշտպանումը այն պայմաններով, որոնք նրա ներքին օրենսդրությամբ սահմանված են իր քաղաքացիների համար:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Հեղինակային իրավունքների պաշտպանման ժամկետները սահմանվում են այն Կողմի օրենսդրությանը համապատասխան, որը տրամադրում է այն, բայց և այնպես նա պարտավոր չէ այն պաշտպանել ավելի երկար ժամկետով, քան սահմանված է մյուս Կողմի օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ըստ սույն Համաձայնագրի նպատակների` ստեղծագործությունը լույսընծայված է համարվում, եթե այն վերարտադրվել է որևէ առարկայացված ձևով, և այդ ստեղծագործության օրինակները տրամադրվել են անորոշ թվով անձանց` ընթերցելու կամ տեսողական կամ լսողական ընկալման միջոցով ծանոթանալու:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Հեղինակային վարձատրության հաշվարկներն իրականացվում են ռուբլով, եթե Կողմերի համաձայնությամբ այլ բան սահմանված չէ:

Հեղինակային իրավունքների օգտագործումից գոյացած այն եկամուտները, որոնք ծագում են մի Կողմի տարածքում և վճարվում են մյուս Կողմի տարածքում մշտական գտնվելու վայր ունեցող անձին, հարկման են ենթակա միայն հեղինակի մշտական գտնվելու վայրում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է 2-րդ հոդվածում նշված այն ստեղծագործությունների օգտագործման վրա, որոնց նկատմամբ դեռևս չեն լրացել Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված` հեղինակային իրավունքների պաշտպանման ժամկետները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրը կիրառելիս պայմանավորվող Կողմերի քաղաքացիներ են համարվում ֆիզիկական անձինք, որոնք մշտական բնակության վայր ունեն նրա տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը կնպաստեն կազմակերպությունների միջև հեղինակային իրավունքների պաշտպանման վերաբերյալ այնպիսի համաձայնագրերի կնքմանը, որոնք հնարավորություն կտան գործնականորեն իրականացնելու հեղինակային իրավունքների փոխադարձաբար պաշտպանումը տվյալ ոլորտում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը միմյանց տեղյակ կպահեն իրենց օրենքներին և նորմատիվ այլ փաստաթղթերին, որոնք սույն Համաձայնագրի կիրառման համար կունենան գործնական նշանակություն:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` միջազգային այլ պայմանագրերով ստանձնած իրավունքները և պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Կողմերի պայմանավորվածությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդող երեքամյա ժամկետներով, եթե Կողմերից ոչ մեկը մյուս Կողմին հերթական ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ գրավոր չտեղեկացնի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի հունիսի 25-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 25-ից: