Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.30
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.04.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1022/05/08

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

Վարչական գործ թիվ ՎԴ/1022/05/08

2009թ.

Դատավորներ՝

 Ա. Սարգսյան  

 Ա. Աբովյան   

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

 

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Լիլիթ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.04.2008 թվականի նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու դիմումը մերժելու մասին որոշման դեմ՝ ըստ Գյումրու «Միկրոէլեկտրոշարժիչ» ԲԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) հայցի ընդդեմ «Լիլիթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ոչ հիմնական օբյեկտները քանդելու, տնօրինման և օգտագործման իրավունքների խախտումները վերացնելու, Գյումրու քաղաքապետի 07.10.2005 թվականի թիվ 2041 որոշումը մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաև այդ մասով Գյումրու քաղաքապետի և Ընկերության միջև 12.10.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և Կադաստրի կողմից 14.10.2005 թվականին տրված թիվ 1997325 սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է վերացնել իր տնօրինման և օգտագործման իրավունքների խախտումները, քանդել Գյումրու Մայակովսկու փողոցի թիվ 70ա հասցեում գտնվող շինությունը, 156,65 քմ հողամասի առուվաճառքի մասով Գյումրու քաղաքապետի 07.10.2005 թվականի թիվ 2041 որոշումն անվավեր ճանաչել` և որպես այդ որոշման անվավերության հետևանք` այդ մասով անվավեր ճանաչել Գյումրու քաղաքապետի և Ընկերության միջև 12.10.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և Կադաստրի կողմից 14.10.2005 թվականին տրված թիվ 1997325 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

ՀՀ տնտեսական դատարանի 25.01.2007 թվականի վճռով հայցը` ոչ հիմնական օբյեկտները քանդելու, տնօրինման և օգտագործման իրավունքների խախտումները վերացնելու, Գյումրու քաղաքապետի 07.10.2005 թվականի թիվ 2041 որոշումը մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաև այդ մասով Գյումրու քաղաքապետի և Ընկերության միջև 12.10.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու մասով մերժվել է, իսկ Կադաստրի կողմից 14.10.2005 թվականին տրված թիվ 1997325 սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է:

Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշմամբ ՀՀ տնտեսական դատարանի 25.01.2007 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ տնտեսական դատարանի 19.10.2007 թվականի վճռով Կազմակերպության հայցը բավարարվել է:

ՀՀ տնտեսական դատարանի 19.10.2007 թվականի վճռի դեմ Ընկերությունը ներկայացրել է վճռաբեկ բողոք` նյութական և դատավարական իրավունքի խախտման, ինչպես նաև նոր երևան եկած հանգամանքի հիմքով:

Վճռաբեկ դատարանի 09.01.2008 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը փոխանցվել է ՀՀ վարչական դատարան:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.04.2008 թվականի որոշմամբ ՀՀ տնտեսական դատարանի 19.10.2007 թվականի վճռի դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ Ընկերության դիմումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը     

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 225-րդ և 229-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ տնտեսական դատարանի 19.10.2007 թվականի վճիռը բողոքարկելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի հիման վրա Ընկերությունը 04.12.2007 թվականին վճռաբեկ բողոքը ներկայացրել է նաև նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով:

Բացի այդ, Դատարանը բողոքը նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով չքննելու հետևանքով հաշվի չի առել, որ սույն գործով Կազմակերպությունը ներկայացնելով ոչ հիմնական օբյեկտը քանդելու, տնօրինման և օգտագործման իրավունքների խախտումները վերացնելու պահանջ, չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ Գյումրու Մայակովսկի փողոցի 70 ա հասցեում գտնվող Ընկերության առևտրի տաղավարը ոչ հիմնական է:

2. Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացված «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի 15.11.2007 թվականի եզրակացությամբ հիմնավորվում է Գյումրու Մայակովսկի փողոցի 70ա հասցեում գտնվող` Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող առևտրի տաղավարի շինության հիմնական կառույց լինելու փաստը:

Նշված փաստը գնահատելիս Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածը, մինչդեռ, պետք է կիրառեր վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-230-րդ հոդվածները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 04.12.2007 թվականի վճռաբեկ բողոքը ներկայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով (գ.թ. 198-202, հ. 2):

2. «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի 15.11.2007 թվականի եզրակացության համաձայն` Գյումրու Մայակովսկի փողոցի 70 ա հասցեում գտնվող առևտրի տաղավար շինությունը հիմնական կառույց է և դրա բնականոն շահագործումը թույլատրելի է (գ. թ. 204-205, հ. 2):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

04.12.2007 թվականին, վճռաբեկ բողոք ներկայացնելու ժամանակ, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմք են գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը և նոր երևան եկած հանգամանքը:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակցող անձինք վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն ինչպես նյութական և դատավարական իրավունքի խախտման, այնպես էլ նոր երևան եկած հանգամանքի հիմքով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ երբ պետությունն իր ազգային իրավունքում նախատեսում է վերաքննության իրավունք, ապա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմնարար երաշխիքները տարածվում են նաև այդ վարույթների վրա: (Տե'ս Դելկուրն ընդդեմ Բելգիայի գործով Եվրոպական դատարանի 17.01.1970 թվականի վճիռը, կետ 25): Իսկ 6-րդ հոդվածի երաշխիքներից մեկը քաղաքացիական գործերով դատական պաշտպանության իրավունքն է (Տե'ս Աքսոյն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի 18.12.1996 թվականի վճիռը, կետ 92):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատական համակարգի բոլոր ատյաններում բողոքարկման ինստիտուտի իրականացումը, որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր, պետք է լինի արդյունավետ:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը ՀՀ տնտեսական դատարանի 19.10.2007 թվականի վճռի դեմ 04.12.2007 թվականի վճռաբեկ բողոքը ներկայացրել է նյութական և դատավարական իրավունքի խախտման և նոր երևան եկած հանգամանքի հիմքերով: Վճռաբեկ դատարանի 09.01.2008 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը փոխանցվել է Դատարան, որը բողոքը քննել է միայն նոր երևան եկած հանգամանքի հիմքով:

Այսինքն, վճռաբեկ բողոքի նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերը քննության առարկա չի դարձվել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով վճռաբեկ բողոք ներկայացվելու, այն այլ դատարան փոխանցված լինելու և դրանք քննության առարկա չդարձվելու պայմաններում խախտվել է անձի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված բողոք բերած անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ելնելով արդարադատության արդյունավետության շահերից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է բեկանել ինչպես ՀՀ տնտեսական դատարանի 19.10.2007 թվականի վճիռը, այնպես էլ ՀՀ վարչական դատարանի 23.04.2008 թվականի որոշումը և գործը պետք է քննվի ըստ էության:

 

2) Վերը նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն` ՀՀ տնտեսական դատարանի 19.10.2007 թվականի վճիռը և ՀՀ վարչական դատարանի 23.04.2008 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 19.10.2007 թվականի վճիռը և ՀՀ վարչական դատարանի 23.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան