Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0207/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0207/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

               Ն. Հովսեփյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Տ. Պետրոսյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

 

Է. Հայրիյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հունիսի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Գասպարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ալինա Թովմասյանի ընդդեմ Արթուր Գասպարյանի՝ հայրության ճանաչման և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Ալինա Թովմասյանը պահանջել է Արթուր Գասպարյանին ճանաչել իր խնամքին գտնվող երեխայի` 17.03.1995 թվականին ծնված Անի Թովմասյանի հայր և Արթուր Գասպարյանից բռնագանձել ամսական 30.000 ՀՀ դրամ ալիմենտ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.08.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. Արթուր Գասպարյանը ճանաչվել է Անի Թովմասյանի հայր, և Արթուր Գասպարյանից բռնագանձվել է կայուն դրամական գումարով ալիմենտ` ամսական 10.000 ՀՀ դրամ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի 12.08.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Գասպարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 36-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն կարևոր հանգամանքը, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 36-րդ հոդվածի պահանջներից ելնելով` հայրության փաստը կարող է հաստատվել բացառապես ստույգ, ոչ թե հավանական ապացույցներով, այսինքն` սերման փաստը հաստատող ապացույցների շրջանակը որևէ կերպ չսահմանափակելով` օրենսդիրը հստակ սահմանել է, որ այդ փաստը կարող է հաստատվել միայն այն դեպքում, երբ այն հաստատող ապացույցը կասկած չի առաջացնում:

Սակայն Վերաքննիչ դատարանը հայրության հաստատման ապացույց է դիտել ՀՀ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ոչ առևտրային կազմակերպության փորձագետի 03.07.2008 թվականի թիվ 255 եզրակացությունը այն դեպքում, երբ փորձագետը «ուսումնասիրված համակարգերի սահմաններում չի ժխտվում Արթուր Նուշիկի Գասպարյանի հայրությունը Անի Արթուրի Թովմասյանի նկատմամբ» արտահայտությամբ կասկածի տակ է դրել բողոք բերող անձի` երեխայի հայր հանդիսանալու հանգամանքը` թույլ տալով մտածելու, որ ավելի մեծ է բողոք բերող անձի` երեխայի հայր չլինելու հավանականությունը:

Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով Դատարանի կողմից «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի սխալ կիրառման փաստը, այդ հիմքով չի բավարարել վերաքննիչ բողոքը՝ դրանով իսկ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ալինա Թովմասյանն է վկայակոչել բողոք բերած անձի` Անի Թովմասյանի հայր լինելու փաստը, հետևաբար նա պետք է կրեր իր վկայակոչած փաստն ապացուցելու պարտականությունը:

Մինչդեռ Ալինա Թովմասյանը, հակառակ այս կանոնի, չի ներկայացրել Արթուր Գասպարյանից Անի Թովմասյանի սերման փաստը հաստատող որևէ ստույգ ապացույց, իսկ նշված փորձաքննության արդյունքներով այդ փաստը չի հաստատվում:

Իր վկայակոչած փաստերը չապացուցելու բացասական հետևանքները պետք է կրեր Ալինա Թովմասյանը, սակայն վեճի լուծման արդյունքում այն կրել է բողոք բերած անձը:

Սույն գործով կայացված որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառության առումով հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշմանը:

3) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68-րդ, 69-րդ, 71-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով չի հաստատվել այն հանգամանքը, որ բողոք բերած անձը երեխայի հայրն է, հետևաբար, բողոք բերած անձը երեխայի նկատմամբ ծնողական պարտականություն չի կրում: Եթե անգամ ընդունենք, որ բողոք բերած անձը երեխայի հայրն է, ապա կայուն դրամական գումարով ալիմենտ կարող էր սահմանվել միայն այն դեպքերում, երբ բողոք բերած անձի վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար է կամ դժվար, ինչպես նաև եթե բողոք բերած անձը ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ, վաստակ և (կամ) այլ եկամուտ է ստանում բնամթերքի տեսքով կամ արտարժույթով, վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի: Սույն գործում նշված հանգամանքների մասին վկայող որևէ ապացույց առկա չէ: Այսինքն` Վերաքննիչ դատարանը պետք է փաստեր, որ քանի դեռ բողոք բերած անձի վաստակի և (կամ) այլ եկամտի մասին տեղեկություններ չկան, կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձումն անհնար է:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը 10.000 ՀՀ դրամի չափով ալիմենտ բռնագանձելիս պետք է հաշվի առներ բողոք բերած անձի գույքային և ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը, մասնավորապես այն հանգամանքը, որ նա ունի ընտանիք և երկու երեխա: Այս առումով սույն գործով կայացված որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1167 (ՎԴ) և 12.12.2007 թվականի թիվ 3-1580 (ՎԴ) որոշումներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 11.04.1995 թվականի I-KB N 265312 ծննդյան վկայականում երեխայի մայր Ալինա Թովմասյանի հայտարարության հիման վրա որպես 17.03.1995 թվականին ծնված Անի Արթուրի Թովմասյանի հայր նշված է Արթուր Նուշիկի Գասպարյանը (գ.թ. 7):

2) Էջմիածին քաղաքի բնակարանային-կոմունալ վարչության 26.03.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Ալինա Թովմասյանն իր դուստր Անի Թովմասյանի հետ միասին բնակվում է Էջմիածին քաղաքի Կիրովի 1 շենքի թիվ 34 բնականարում, և երեխան գտնվում է մոր խնամքին (գ.թ. 4):

3) ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի 17.06.2008 թվականի թիվ 255 եզրակացության համաձայն` չի ժխտվում Արթուր Նուշիկի Գասպարյանի հայրությունը Անի Արթուրի Թովմասյանի նկատմամբ (գ.թ. 41-43):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների` oրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն` ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով` համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո` վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա: Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ծնողների և երեխաների միջև իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմք է դիտում օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստը` սահմանելով որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստի (հայրության) որոշման դատական կարգ: Այդ դեպքում դատարանը պետք է հաշվի առնի ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի անձից (տես՝ Դավիթ Ծաղիկյանն ընդդեմ Գայանե Եսոյանի` հայրության ճանաչման և երեխայի տեսակցություն սահմանելու պահանջների մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/2177/02/08 որոշումը): Ընդ որում, դատարանն այդ ապացույցները պետք է գնահատի գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, Դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, հանգել է այն հետևության, որ Դատարանը գործում առկա ապացույցների հետազոտմամբ և գնահատմամբ, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի 17.06.2008 թվականի թիվ 255 եզրակացությամբ, որի համաձայն` չի ժխտվել Արթուր Նուշիկի Գասպարյանի հայրությունը Անի Արթուրի Թովմասյանի նկատմամբ, հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ալինա Թովմասյանի խնամքին գտնվող երեխան` 17.03.1995 թվականին ծնված Անի Արթուրի Թովմասյանը, սերվել է Արթուր Գասպարյանից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի 17.06.2008 թվականի թիվ 255 եզրակացությունը չի կարող դիտվել որպես Անի Թովմասյանի` Արթուր Գասպարյանից սերված լինելու փաստը (հայրությունը) հաստատող ստույգ ապացույց, քանի որ դրանով կատեգորիկ հետևություն չի արվել փորձագետին առաջադրված հարցի վերաբերյալ, այլ միայն հավանական եզրահանգում է կատարվել:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի 17.06.2008 թվականի թիվ 255 եզրակացությունը:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ապացուցման բեռը բաշխելու հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերի իրավական վերլուծությանը, նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՜ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի՝ գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին և Սեդա Սարգսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):

Սույն գործով Ալինա Թովմասյանն է վկայակոչել Անի Թովմասյանի` Արթուր Գասպարյանից սերված լինելու փաստը, հետևաբար նա պետք է կրեր այդ փաստն ապացուցելու դատավարական պարտականությունը:

Վճռաբեկ բողոքի նախորդ հիմքի վերլուծությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործում առկա ապացույցներով, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի 17.06.2008 թվականի թիվ 255 եզրակացությամբ չի կարող ստույգ հաստատվել Արթուր Գասպարյանի հայրությունը Անի Թովմասյանի նկատմամբ: Բացի նշված եզրակացությունից, Ալինա Թովմասյանը դատարան է ներկայացրել նաև երեխայի ծննդյան վկայականը, որտեղ Արթուր Գասպարյանը երեխայի հայր է նշվել մոր հայտարարության հիման վրա, այսինքն` այդ ապացույցով ևս Անի Թովմասյանի` Արթուր Գասպարյանից սերված լինելու փաստը ստույգ չի հաստատվում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի է մնացել Անի Թովմասյանի` Արթուր Գասպարյանից սերված լինելու փաստի (հայրության) առկայությունը, իսկ դրա բացասական հետևանքները պետք է կրեր այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը, այսինքն` Ալինա Թովմասյանը, մինչդեռ վեճի լուծման արդյունքում վերջինիս վկայակոչած փաստը վիճելի լինելու պարագայում դրա բացասական հետևանքները կրել է այդ փաստի ապացուցման պարտականությունը չկրող կողմ Արթուր Գասպարյանը:

3) Վճռաբեկ բողոքի երրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին: Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն: Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն` նույն oրենսգրքի 15-րդ գլխին համապատասխան:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ երեխային պահելու և նրան ապրուստի միջոց տրամադրելու պարտականություն ունի միայն երեխայի ծնողը:

Մինչդեռ սույն գործով չի հաստատվել Արթուր Գասպարյանի` Անի Թովմասյանի հայրը լինելու հանգամանքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում ալիմենտի վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան