Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.12/15(605) Հոդ.931.1
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2009
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 07-479

Քաղաքացիական գործ թիվ 3-41(ՎԴ)

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ՝ Կ. Չիլինգարյան

               Վ. Ավանեսյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)                         

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի մայիսի 27-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Վերգուշ Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շենգավիթի բաժնի (այսուհետ՝ Ծառայություն) հարկադիր կատարող Վ. Մանուկյանի դիմումի՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից 18.06.2007 թվականի թիվ 07-479 վճիռը պարզաբանելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)՝ օրինական ուժի մեջ մտած 18.06.2007 թվականի վճռով Վերգուշ Վարդանյանի հայցը բավարարվել է և վճռվել է «համատեղ սեփականության իրավունքով Վերգուշ Վարդանյանին, Միշա Գրիգորյանին Արամայիս Օհանջանյանի իրավահաջորդներին պատկանող՝ Երևան քաղաքի Վ. Շենգավիթ 1-ին փողոցի 27 հասցեում գտնվող 770,3քմ մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացնել և որպես սեփականություն Վերգուշ Վարդանյանին հանձնել վերջինիս կողմից փաստացի օգտագործվող և տիրապետվող 192 քմ հողամասը, որի վրա գտնվում է նաև Եղիշ Թորոսյանի նկուղի 11.7քմ մակերեսով տանիքը՝ ճանաչելով նաև վերջինիս սեփականության իրավունքը նշված 192քմ հողատարածքի վրա առկա 67,7քմ ներքին չափերով շենք-շինությունների նկատմամբ: 16,5քմ մակերեսով տարածքը թողնել Վերգուշ Վարդանյանին՝ մյուս սեփականատերերի հետ համատեղ օգտագործման իրավունքով: Նշված վճռի հիման վրա 28.06.2007 թվականին տրվել է 07-479 կատարողական թերթ:

Դիմելով դատարան` Ծառայության պետ Մ. Գրիգորյանը 18.09.2007 թվականին խնդրել է պարզաբանել թիվ 07-479 կատարողական թերթը, մասնավորապես՝ «11.7քմ հողատարածքը համարվում է Վերգուշ Վարդանյանի և Եղիշ Թորոսյանի ընդհանուր սեփականությունը, թե ոչ: 05.09.05թ. թիվ 2-4637 վճռի համաձայն Եղիշ Թորոսյանի անվամբ 09.11.2008թ. թիվ 1515088 սեփականության վկայականով գրանցված իրավունքները անվավեր ճանաչվել են, թե ոչ»:

Վերաքննիչ դատարանի 19.10.2007 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

Դիմելով դատարան՝ Ծառայության հարկադիր կատարող Վ. Մանուկյանը 24.10.2008 թվականին մեկ այլ դիմումով խնդրել է պարզաբանել Վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի թիվ 07-479 վճիռը, մասնավորապես՝ «11.7քմ հողատարածքի նկատմամբ ճանաչել Վերգուշ Վարդանյանի և Եղիշ Թորոսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, թե 11.7քմ մակերեսի մասով անվավեր ճանաչել 05.09.2005թ. թիվ 2-4637 վճռի համաձայն Եղիշ Թորոսյանի անվամբ 09.11.2005թ. թիվ 1515088 սեփականության վկայականով գրանցված իրավունքը»:

Վերաքննիչ դատարանի 20.11.2008 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է, և 18.06.2007թ. թիվ 07-479 վճիռը պարզաբանվել է հետևյալ կերպ. «Երևան, Վ. Շենգավիթ 27ա հասցեում գտնվող՝ 11.7քմ մակերեսով տարածքը հանդիսանում է Վերգուշ Վարդանյանի և Եղիշ Թորոսյանի ընդհանուր սեփականությունը»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերգուշ Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի, 143-րդ հոդվածի 1-ին կետի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի 19.10.2007 թվականի որոշմամբ արդեն իսկ մերժվել էր «նշված վճիռը նույն հարցերի վերաբերյալ պարզաբանելու մասին հարկադիր կատարողի դիմումը»:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, 20.11.2008 թվականի որոշմամբ կրկին պարզաբանելով արդեն իսկ պարզաբանված վճիռը, խախտել է մինչ այդ կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը և նույն հարցադրման վերաբերյալ կայացրել է կրկնակի դատական ակտ, այն էլ՝ իրարամերժ:

Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտման հետևանքով թույլ տրված դատական սխալի արդյունքում Վերգուշ Վարդանյանը մասնակիորեն զրկվել է նույն դատարանի 18.06.2007 թվականի թիվ 07-479 վճռով ճանաչված անշարժ գույքի սեփականության իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.11.2008 թվականի որոշումը և այն փոփոխել՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ Ծառայության հարկադիր կատարող Վ. Մանուկյանի դիմումը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 18.09.2007 թվականին Ծառայության պետ Մ. Գրիգորյանը խնդրել է պարզաբանել Վերաքննիչ դատարանի կողմից տրված 26.06.2007 թվականին թիվ 07-479 կատարողական թերթը, մասնավորապես՝ «1) 11,7քմ հողատարածքը համարվում է Վերգուշ Վարդանյանի և Եղիշ Թորոսյանի ընդհանուր սեփականությունը, թե ոչ: 2) 05.09.05թ. թիվ 2-4637 վճռի համաձայն Եղիշ Թորոսյանի անվամբ 09.11.2005թ. թիվ 1515088 սեփականության վկայականով գրանցված իրավունքները անվավեր ճանաչվել են, թե ոչ» (գ.թ.275):

2) Վերաքննիչ դատարանի 19.10.2007 թվականի որոշմամբ մերժվել է Ծառայության պետ Մ. Գրիգորյանի դիմումը կատարողական թերթը պարզաբանելու մասին հետևյալ հիմնավորմամբ. «Կատարողական թերթի բովանդակությունից հստակ երևում է կատարման ենթակա այն բոլոր գործողությունները, որոնք պետք է կատարվեն դատական ակտի համաձայն: Դիմումում մատնանշված հարցերի շուրջ դատարանը քննություն չի կատարել և վճռի եզրափակիչ մասում դրանց վերաբերյալ լուծումը բացակայում է» (գ.թ.211):

3) 24.10.2008 թվականին Ծառայության հարկադիր կատարող Վ. Մանուկյանը դիմումով խնդրել է «տալ պարզաբանում՝ 11.7քմ հողատարածքի նկատմամբ ճանաչել Վերգուշ Վարդանյանի և Եղիշ Թորոսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, թե 11.7քմ մակերեսի մասով անվավեր ճանաչել 05.09.2005թ. թիվ 2-4637 վճռի համաձայն Եղիշ Թորոսյանի անվամբ 09.11.2005թ. թիվ 1515088 սեփականության վկայականով գրանցված իրավունքը» (գ.թ.275):

4) Վերաքննիչ դատարանի 20.11.2008 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է և վճիռը պարզաբանվել է հետևյալ կերպ. «Երևան, Վ. Շենգավիթ 27ա հասցեում գտնվող՝ 11.7քմ մակերեսով տարածքը հանդիսանում է Վերգուշ Վարդանյանի և Եղիշ Թորոսյանի ընդհանուր սեփականությունը» (գ.թ.297):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները՝ չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը, իսկ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմել կատարողական թերթ տված դատարան այն պարզաբանելու համար:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը 19.10.2007 թվականի որոշմամբ մերժել է կատարողական թերթը պարզաբանելու մասին Ծառայության պետի դիմումը կատարողական թերթի հստակության և վճռով պարզաբանման ենթակա հարցերի շուրջ դատարանի կողմից քննություն չկատարվելու պատճառաբանությամբ:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, 20.11.2008 թվականի որոշմամբ բավարարելով նույն կատարողական թերթը պարզաբանելու մասին Ծառայության հարկադիր կատարողի դիմումը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի 19.10.2007 թվականի որոշմամբ արդեն իսկ մերժվել է Ծառայության պետի դիմումը նույն հարցի վերաբերյալ կատարողական թերթը պարզաբանելու մասին, և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները՝ 20.11.2008 թվականի որոշմամբ պարզաբանել է վճիռը՝ ըստ էության փոփոխելով վճռի բովանդակությունն ու էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի բաժնի Շենգավիթ բաժանմունքի հարկադիր կատարող Վ. Մանուկյանի դիմումը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան