Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1997 թվականի նոյեմբերի 18-ի որոշման հիման վրա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին Համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալուց բխող պարտավորությունների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը, այսուհետ` Կողմեր,
նպատակ ունենալով ավելի լայնորեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության գիտնականներին և մասնագետներին այն նախագծերի նախապատրաստման և իրացման գործում, որոնք իրականացվում են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (այսուհետ` ՄԳՏԿ) գործունեության շրջանակներում, պայմանավորվեցին Հայաստանի Հանրապետությունում ՄԳՏԿ Հայկական տարածաշրջանային բաժանմունքի (այսուհետ` ՄԳՏԿ ՀՏԲ) ստեղծման, տեղակայման պայմանների և գործունեության ապահովման մասին:
Հոդված 1. | ՄԳՏԿ ՀՏԲ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ |
ՄԳՏԿ ՀՏԲ-ն ՄԳՏԿ-ի տարածաշրջանային ներկայացուցչությունն է, որը հանդիսանում է միջկառավարական կազմակերպություն: ՄԳՏԿ ՀՏԲ-ն գործում է համաձայն Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին Համաձայնագրի և ՄԳՏԿ Կանոնադրության, ինչպես նաև համաձայն սույն Համաձայնագրի: Իր անձեռնմխելիությունների և արտոնությունների ծավալով ՄԳՏԿ ՀՏԲ-ն հավասար կլինի դիվանագիտական առաքելությանը: ՄԳՏԿ ՀՏԲ-ն կլինի իրավաբանական անձ և կունենա իր կնիքը, ընթացիկ և այլ հաշվեհամարներ բանկային հաստատություններում:
ՄԳՏԿ ՀՏԲ հիմնական խնդիրներն են.
- աջակցություն ՄԳՏԿ փաստաթղթերի տարածման գործում,
- նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ձևավորման և նրանց իրագործման շուրջ խորհրդատվությունների անցկացում,
- հայ գիտնականների և մասնագետների մասնակցությամբ հայտերի և ֆինանսավորվող նախագծերի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում և պահպանում,
- ուսումնական կուրսերի, գիտատեխնիկական սեմինարների, ինչպես նաև ՄԳՏԿ գործողություններին առնչվող այլ միջոցառումների կազմակերպում և անցկացում,
- աջակցություն նախագծեր իրականացնողներին սարքավորումների ձեռքբերման և ՄԳՏԿ ֆինանսավորմամբ նախագծերի իրականացման գործում Հայաստանի Հանրապետություն առաքվող սարքավորումների մաքսային փաստաթղթերի ձևակերպման գործում,
- ՄԳՏԿ պարտականությունների, ինչպես նաև տեխնիկական և աուդիտորական ստուգումներ իրականացնելու նպատակով ժամանող պատվիրակությունների հետ հանդիպումների կազմակերպում և նրանց ուղեկցում:
Հոդված 2. | ՄԳՏԿ ՀՏԲ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ, ՆՅՈՒԹԱԿԱՆ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
2.1 Ֆինանսավորումը
ՄԳՏԿ ՀՏԲ-ի գործունեությանը կաջակցեն երկու Կողմերը:
ՄԳՏԿ ՀՏԲ-ի գործունեության համար հայկական Կողմի ծախսերը կատարվում են ամեն տարի գիտության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներից:
ՄԳՏԿ-ի բյուջեն կծածկի ՄԳՏԿ ՀՏԲ-ի ծախսերի մի մասը, այդ թվում` ՄԳՏԿ ՀՏԲ-ի գործուղումների վճարման, կապի ծառայությունների, համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման, ինչպես նաև` գրասենյակային նյութերի, և սարքավորումների վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծախսերը:
2.2 Գրասենյակի տարածքները և նյութական ու տեխնիկական աջակցությունը
Հայկական կողմը ՄԳՏԿ ՀՏԲ-ին տրամադրում է կահավորված, հեռախոսակապով ապահովված, բարվոք վիճակում գտնվող ծառայողական տարածքներ, ինչպես նաև ապահովում է այդ տարածքների կոմունալ ծառայությունները և անվտանգությունը:
ՄԳՏԿ ՀՏԲ-ն տեղակայվում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում` հետևյալ հասցեով. Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, սենյակներ 7 և 8:
ՄԳՏԿ միջոցներով նշված տարածքներում կարող են իրականացնել ներքին վերափոխումներ /որոնք չպետք է փոփոխեն շենքի կառուցվածքային տարրերը/, որոնք ՄԳՏԿ ղեկավարության կարծիքով անհրաժեշտ են ՄԳՏԿ ՀՏԲ գործունեության համար:
Գրասենյակի համար տրամադրված տարածքը ունի 50 քմ ընդհանուր մակերես, որն ապահովում է այցելուներ ընդունելու, ինչպես նաև համակարգչային և բազմացնող տեխնիկայի արդյունավետ օգտագործման և ՄԳՏԿ ՀՏԲ աշխատակիցների ոչ պակաս, քան երեք աշխատատեղի հնարավորություն:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ապահովում է ՄԳՏԿ ՀՏԲ տարածքների անվտանգությունը` համաձայն այն շենքի պահպանման ռեժիմի, որտեղ տեղակայված է ՄԳՏԿ ՀՏԲ-ն: ՄԳՏԿ ՀՏԲ ղեկավարը և նրա կողմից լիազորված ՄԳՏԿ ՀՏԲ աշխատակիցներն իրավունք ունեն այցելուներ ընդունել ՄԳՏԿ ՀՏԲ տարածքում` ըստ ՄԳՏԿ ՀՏԲ ղեկավարի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության կողմից պատրաստված հրահանգների: ՄԳՏԿ ՀՏԲ այցելուների համար պատասխանատվությունը կրում է ՄԳՏԿ ՀՏԲ ղեկավարը:
2.3 Տրանսպորտային ծառայություններ
Հայկական Կողմը /սույն Համաձայնագրի 2.1 հոդվածի համաձայն նախատեսված միջոցներից/ ապահովում է ՄԳՏԿ ՀՏԲ-ի տրանսպորտային սպասարկումը` հատկացնելով ավտոմեքենա («Վոլգա» կամ «Ռաֆ» մակնիշի)` համաձայն Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների օգտագործման և գրանցման գործող կանոնների:
2.4 Ավտոտրանսպորտի, տարածքների, սարքավորումների և կահույքի օգտագործման նկատմամբ հսկողությունը
ՄԳՏԿ ՀՏԲ ղեկավարը կամ նրա կողմից նշանակված անձը, համաձայն սույն Համաձայնագրի, կիրականացնի ՄԳՏԿ ՀՏԲ-ին տրամադրված կամ ՄԳՏԿ ՀՏԲ կողմից այլ ճանապարհով ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցների, տարածքների, սարքավորումների և կահույքի օգտագործման նկատմամբ հսկողություն:
2.5 Սարքավորումների շահագործումը, սպասարկումը և վերանորոգումը
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան ապահովում է ՄԳՏԿ ՀՏԲ-ին հատկացված տարածքում նրա անձնակազմի համար աշխատանքային լավ պայմաններ:
ՄԳՏԿ ՀՏԲ աշխատակիցների մեղքով ՄԳՏԿ ՀՏԲ տարածքին հասցված վնասի դեպքում վերանորոգումն իրականացվում է ՄԳՏԿ միջոցների հաշվին:
ՄԳՏԿ ՀՏԲ աշխատակիցների մեղքով պիտանիությունը կորցրած սարքավորումների վերանորոգումն իրականացվում է ՄԳՏԿ միջոցների հաշվին:
ՄԳՏԿ ՀՏԲ տարածքներին, սարքավորումներին և տրանսպորտային միջոցներին երրորդ կողմից հասցված վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.6 Ապահովագրումը և Կորուստների փոխհատուցումը
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ՄԳՏԿ ՀՏԲ-ին տրամադրված տարածքների և սարքավորումների ապահովագրումն իրականացվում է սույն Համաձայնագրի 2.1 հոդվածի համաձայն` հայկական Կողմից տրամադրվող միջոցների հաշվին: ՄԳՏԿ ՀՏԲ-ի կողմից ձեռք բերված սարքավորումների ապահովագրումն իրականացվում է ՄԳՏԿ-ի հաշվին:
2.7 ՄԳՏԿ ՀՏԲ-ի նյութական աջակցության համար ծախսերը
Հայկական Կողմը 1998 թվականի մայիսի դրությամբ ՄԳՏԿ ՀՏԲ-ին ցուցաբերում է նյութական առաջնային աջակցություն 10.000.000 /տասը միլիոն/ դրամ (1998թ. մայիսի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դոլարի նկատմամբ հաստատված կուրսի համաձայն` 20.000 ԱՄՆ դոլար) գումարի չափով:
Հոդված 3. | ՄԳՏԿ ՀՏԲ-Ի ԱՆՁՆԱԿԱԶՄԸ |
3.1 Անձնակազմի վարձատրությունը
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը սույն Համաձայնագրի 2.1 հոդվածին համապատասխան` հայկական Կողմից հատկացվող միջոցների հաշվին ժամանակին ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող ՄԳՏԿ ՀՏԲ աշխատակիցների աշխատավարձային ֆոնդի ամբողջական ֆինանսավորումը: ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ՄԳՏԿ ՀՏԲ-ի աշխատակիցների վարձատրության պայմանները որոշվում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության համապատասխան դրույթներով` նախատեսելով աշխատանքի բարդության դիմաց դրամական պարգևատրման հնարավորություն:
3.2 Անձնակազմի նշանակումը
ՄԳՏԿ գործադիր տնօրենը ՄԳՏԿ կենտրոնակայանի միջոցով ՄԳՏԿ ՀՏԲ աշխատանքի կարող է ուղարկել ցանկացած աշխատակցի:
ՄԳՏԿ ՀՏԲ աշխատանքային խմբում ընդգրկելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թեկնածությունները Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից համատեղ ներկայացվում են ՄԳՏԿ գործադիր տնօրենին: Նշանակումն ուժի մեջ է մտնում ՄԳՏԿ գործադիր տնօրենի հաստատումից հետո:
Անձնակազմի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատակիցների գործունեության հետ կապված բոլոր հարցերը որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
3.3 Գործունեության հսկողությունը և կարգավորումը
ՄԳՏԿ ՀՏԲ աշխատակիցները ենթարկվում են ՄԳՏԿ գործադիր տնօրենի կարգադրություններին և ցուցումներին, որի լիազորված անձն է հանդիսանում ՄԳՏԿ ՀՏԲ ղեկավարը:
ՄԳՏԿ ՀՏԲ աշխատակիցները ղեկավարվում են ՄԳՏԿ դրույթներով և կանոններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Հոդված 4. | ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ հայկական Կողմի ներպետական ընթացակարգերի ավարտի մասին գրավոր ծանուցման պահից:
Սույն Համաձայնագիրը գործում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին Համաձայնագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում կամ մինչև ՄԳՏԿ Ղեկավարների խորհրդի ՄԳՏԿ ՀՏԲ-ի փակման մասին որոշման ընդունումը կամ մինչև ՄԳՏԿ հիմնադրման մասին համաձայնագրից Հայաստանի Հանրապետության դուրս գալը` կախված նրանից, թե որն է ավելի վաղ տեղի ունեցել:
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ստեղծման մասին Համաձայնագրի և սույն Համաձայնագրի իրականացման համար հայկական Կողմի հսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի վրա, որոնք համատեղ ՄԳՏԿ-ի հետ կկնքեն լրացուցիչ համաձայնագրեր, որոնք չեն հակասի սույն Համաձայնագրին և կճշգրտեն Կողմերի պարտավորությունները ՄԳՏԿ ՀՏԲ-ի գործունեության աջակցության գործընթացում:
Սույն Համաձայնագրում փոփոխություններ կարող են կատարվել Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և երկու Կողմերի համաձայնության առկայության դեպքում:
Սույն Համաձայնագրի որևիցե հոդված կամ մաս չի կարող մեկնաբանվել կամ օգտագործվել ՄԳՏԿ-ի կողմից իրականացվող կամ մատուցվող ծրագրերի հայցողների կամ նախագծեր իրականացնողների, ինչպես նաև Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ստեղծման մասին Համաձայնագրով, ՄԳՏԿ Կանոնադրությամբ, այլ միջազգային համաձայնագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ՄԳՏԿ և ՄԳՏԿ ՀՏԲ ներկայացված անձնակազմի հնարավորությունների և իրավունքների սահմանափակման նպատակով:
Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի հունիսի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Բոլոր օրինակները հավասարազոր են:
Տեքստերի անհամապատասխանության դեպքում հիմք է ընդունվում Համաձայնագրի անգլերեն տարբերակը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի նոյեմբերի 5-ից: