Գլխավոր տեղեկություն
Համար
N 914-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2009-27.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.19/41(707) Հոդ.984
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2009 թվականի N 914-Ն

 

Ներմուծեք նկարագրությունը_21507 ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՄ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի 2-րդ մասի և «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 23-ի N 914-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՄ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են`

1) կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն երկրորդ հերթով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գումարների հաշվարկման, կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը.

2) կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկ ճանաչման դեպքում «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գումարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը:

 

II. ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն երկրորդ հերթով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գումարները (այսուհետ` գումարներ) սույն կարգի պահանջներին համապատասխան հաշվարկվում և կապիտալացվում են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) կողմից:

3. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման ժամանակ, երբ վրա է հասնում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների բավարարման հերթը (երկրորդ հերթ), կազմում և հաստատում է այն քաղաքացիների ցանկը, որոնց առջև տվյալ լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար:

4. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան կազմվող ցուցակում նշվում են քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, բնակության և (կամ) հաշվառման վայրը, սոցիալական քարտի առկայության դեպքում` դրա համարը, քաղաքացուն, որպես վնասի հատուցում, տվյալ իրավաբանական անձի կողմից պարբերաբար վճարվող գումարի չափը և ժամկետները, առկայության դեպքում` քաղաքացու բանկային հաշվեհամարը:

5. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված ցանկը կազմելուց և հաստատելուց հետո կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) սույն կարգի 6-րդ կետին համապատասխան հաշվարկում է գումարները:

6. Գումարները հաշվարկվում են մինչև քաղաքացու 70 տարեկանը լրանալը, սակայն առնվազն 10 տարվա համար: Եթե քաղաքացու տարիքը գերազանցում է 70-ը, ապա վճարումների կապիտալացման ժամանակահատվածը կազմում է 10 տարի: Գումարների հաշվարկում ներառվում են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի այն բոլոր պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ծախսերի գումարները, որոնց կատարման գծով պատասխանատու է ճանաչված տվյալ իրավաբանական անձը:

7. Հաշվարկված գումարների չափը տվյալ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցումից հետո կյանքի թանկացման դեպքում ենթակա չէ օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման:

8. Հաշվարկված գումարների չափը տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու ընթացքում կյանքի թանկացման դեպքում ենթակա է օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման:

9. Եթե տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան երկրորդ հերթում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների բավարարումից հետո տեղի է ունենում կյանքի թանկացում, ապա կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) պետք է օրենքով սահմանված կարգով վերահաշվարկի և (կամ) ինդեքսավորի սույն կարգին համապատասխան հաշվարկված գումարները և միջոցներ ձեռնարկի օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման հետևանքով իրավաբանական անձի մոտ առաջացած` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով նոր պարտավորությունները կատարելու համար (նորից վերադառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն երկրորդ հերթով նախատեսված պահանջների բավարարմանը), որոնց կատարումից հետո նոր միայն անցնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի մյուս հերթերով նախատեսված պահանջների բավարարմանը:

10. Սույն կարգի 6-րդ կետին համապատասխան գումարները հաշվարկելուց հետո հաշվարկված գումարի չափը կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) պատվիրված կամ առձեռն (ստացողի ստորագրությամբ) քաղաքացուն հանձնվող նամակով հայտնում է տվյալ քաղաքացուն` առաջարկելով հաշվարկված գումարը պարբերական վճարումների ձևով կամ միանվագ նրան վճարել, նամակում նշված ժամկետում, բայց ոչ շուտ, քան տասն օրում, և ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկություն:

11. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում ստանալու դեպքում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) քաղաքացու առաջարկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գումարը միանվագ վճարում է քաղաքացուն` այն փոխանցելով վերջինիս բանկային հաշվին (առկայության դեպքում) կամ` տվյալ իրավաբանական անձի բանկային հաշվից համապատասխան չափի գումար ստանալու համար տրամադրված չեկի միջոցով:

12. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում ստանալու դեպքում, եթե կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի դրամական միջոցները չեն բավարարում` հաշվարկված գումարը քաղաքացուն միանվագ վճարելու համար, ապա լուծարման հանձնաժողովի (լուծարողի) և (կամ) քաղաքացու առաջարկության հիման վրա կողմերի ձեռք բերած համաձայնությամբ գումարը կարող է քաղաքացուն վճարվել գույքով` դրա գնահատված արժեքով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը հաշվեգրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի չորրորդ հերթով նախատեսված` Հայաստանի Հանրապետության բյուջե կատարվող պարտադիր վճարների գծով պարտավորություններին: Սույն կետի համաձայն կարող են գույքով վճարվել ինչպես մի քաղաքացուն, այնպես էլ` մի քանի քաղաքացիներին հասանելիք գումարները, որի դեպքում գույքը քաղաքացիներին հանձնվում է ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության իրավունքով:

13. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում չստանալու կամ այդ ժամկետում` հաշվարկված գումարը պարբերական վճարումների ձևով ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունն ստանալու դեպքում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) քաղաքացուն հասանելիք գումարը կապիտալացնում է` այն փոխանցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժնում այդ նպատակով բացված արտաբյուջետային հաշվեհամարի` լուծարվող իրավաբանական անձի անվանմամբ հաշվին:

14. Եթե կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի դրամական միջոցները չեն բավարարում հաշվարկված գումարներն ամբողջությամբ, սույն կարգի պահանջներին համապատասխան, քաղաքացիներին վճարելու կամ կապիտալացնելու համար, ապա իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) առկա միջոցները բաշխում է բավարարման ենթակա` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների գումարներին համամասնորեն:

15. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան քաղաքացուն հասանելիք գումարը կապիտալացնելուց հետո կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում կապիտալացված գումարների մասին տեղեկություն` նշելով կապիտալացված գումարի ընդհանուր չափը, պարբերական վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, բնակության և (կամ) հաշվառման վայրը, սոցիալական քարտի առկայության դեպքում` դրա համարը, քաղաքացուն, որպես վնասի հատուցում, պարբերաբար վճարվող գումարի չափը և ժամկետները, առկայության դեպքում` քաղաքացու բանկային հաշվեհամարը:

16. Կապիտալացված գումարների վճարումն ըստ սույն կարգի 15-րդ կետում նշված տեղեկությունների` կազմակերպում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` ամսական կտրվածքով, պարբերական վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու դիմումում նշված բանկային հաշվին:

 

III. ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ` ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 82-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏՈՒԺՈՂԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

17. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկ ճանաչման դեպքում «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գումարները սույն կարգի պահանջներին համապատասխան հաշվարկվում և կապիտալացվում են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարչի կողմից:

18. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման ժամանակ, երբ վրա է հասնում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների բավարարման հերթը, կազմում և հաստատում է այն քաղաքացիների ցանկը, որոնց առջև սնանկ ճանաչված տվյալ իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար:

19. Սույն կարգի 18-րդ կետին համապատասխան կազմվող ցանկում նշվում են քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, բնակության և (կամ) հաշվառման վայրը, սոցիալական քարտի առկայության դեպքում` դրա համարը, քաղաքացուն, որպես վնասի հատուցում, տվյալ իրավաբանական անձի կողմից պարբերաբար վճարվող գումարի չափը և ժամկետները, առկայության դեպքում` քաղաքացու բանկային հաշվեհամարը:

20. Սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված ցանկը կազմելուց և հաստատելուց հետո` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան, հաշվարկում է գումարները` դրանցում ներառելով կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի այն բոլոր պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ծախսերի գումարները, որոնց կատարման գծով պատասխանատու է ճանաչված տվյալ իրավաբանական անձը:

21. Հաշվարկված գումարների չափը տվյալ իրավաբանական անձի սնանկության գործի` պարտապանի լուծարմամբ ավարտից (լուծարման պետական գրանցումից) հետո կյանքի թանկացման դեպքում ենթակա չէ օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման:

22. Հաշվարկված գումարների չափը տվյալ իրավաբանական անձի սնանկության գործընթացում գտնվելու ընթացքում կյանքի թանկացման դեպքում ենթակա է օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման:

23. Եթե տվյալ իրավաբանական անձի սնանկության գործընթացում «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների բավարարումից հետո տեղի է ունենում կյանքի թանկացում, ապա կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը պետք է օրենքով սահմանված կարգով վերահաշվարկի և (կամ) ինդեքսավորի սույն կարգին համապատասխան հաշվարկված գումարները և միջոցներ ձեռնարկի օրենքով սահմանված կարգով վերահաշվարկման և (կամ) ինդեքսավորման հետևանքով իրավաբանական անձի մոտ առաջացած` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով նոր պարտավորությունները կատարելու համար (նորից վերադառնա «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված պահանջների բավարարմանը), որոնց կատարումից հետո նոր միայն անցնի «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի մյուս հերթերով նախատեսված պահանջների բավարարմանը:

24. Սույն կարգի 20-րդ կետին համապատասխան գումարները հաշվարկելուց հետո հաշվարկված գումարի չափը կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը պատվիրված կամ առձեռն (ստացողի ստորագրությամբ) քաղաքացուն հանձնվող նամակով հայտնում է տվյալ քաղաքացուն` առաջարկելով հաշվարկված գումարը պարբերական վճարումների ձևով կամ միանվագ նրան վճարել, նամակում նշված ժամկետում, բայց ոչ շուտ, քան տասն օրում, և ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկություն:

25. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում ստանալու դեպքում` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը, քաղաքացու առաջարկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գումարը միանվագ վճարում է քաղաքացուն` այն փոխանցելով վերջինիս բանկային հաշվին (առկայության դեպքում) կամ` տվյալ իրավաբանական անձի բանկային հաշվից համապատասխան չափի գումար ստանալու համար տրամադրված չեկի միջոցով:

26. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում ստանալու դեպքում, եթե կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի դրամական միջոցները չեն բավարարում` հաշվարկված գումարը քաղաքացուն միանվագ վճարելու համար, սնանկության գործով կառավարչի և (կամ) քաղաքացու առաջարկության հիման վրա կողմերի ձեռք բերած համաձայնությամբ գումարը կարող է քաղաքացուն վճարվել գույքով` դրա գնահատված արժեքով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը հաշվեգրվում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով սահմանված հերթով նախատեսված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորություններին` կապված պարտապանի գույքի վաճառքի հետ: Սույն կետի համաձայն կարող են գույքով վճարվել ինչպես մի քաղաքացուն, այնպես էլ` մի քանի քաղաքացիներին հասանելիք գումարները, որի դեպքում գույքը քաղաքացիներին հանձնվում է ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության իրավունքով:

27. Հաշվարկված գումարը միանվագ ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունը սահմանված ժամկետում` չստանալու կամ այդ ժամկետում, հաշվարկված գումարը պարբերական վճարումների ձևով ստանալու վերաբերյալ քաղաքացու առաջարկությունն ստանալու դեպքում` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը քաղաքացուն հասանելիք գումարը կապիտալացնում է` այն փոխանցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժնում այդ նպատակով բացված արտաբյուջետային հաշվեհամարի` սնանկության գործընթացում գտնվող իրավաբանական անձի անվանմամբ ենթահաշվին:

28. Եթե կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի դրամական միջոցները չեն բավարարում հաշվարկված գումարներն ամբողջությամբ` սույն կարգի պահանջներին համապատասխան քաղաքացիներին վճարելու կամ կապիտալացնելու համար, ապա իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչն առկա միջոցները բաշխում է բավարարման ենթակա` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գծով պահանջների գումարներին համամասնորեն:

29. Սույն կարգի 27-րդ կետին համապատասխան քաղաքացուն հասանելիք գումարը կապիտալացնելուց հետո կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի սնանկության գործով կառավարիչը երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում կապիտալացված գումարների մասին տեղեկություն` նշելով կապիտալացված գումարի ընդհանուր չափը, պարբերական վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, բնակության և (կամ) հաշվառման վայրը, սոցիալական քարտի առկայության դեպքում` դրա համարը, քաղաքացուն, որպես վնասի հատուցում, պարբերաբար վճարվող գումարի չափը և ժամկետները, առկայության դեպքում` քաղաքացու բանկային հաշվեհամարը:

30. Կապիտալացված գումարների վճարումն ըստ սույն կարգի 29-րդ կետում նշված տեղեկությունների` կազմակերպում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` ամսական կտրվածքով, պարբերական վճարումներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացու դիմումում նշված բանկային հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան