ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՏԴ3/0026/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ3/0026/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ` Ա. Բարսեղյանի Վ. Ավանեսյանի Ս. Անտոնյանի Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2009 թվականի հունիսի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կառլեն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Ռաֆիկ Պոտիյանի հայցի ընդդեմ Կառլեն և Սիրանուշ Գրիգորյանների՝ ապօրինի տիրապետումից բնակելի տունը և հողամասերը հետ վերադարձնելու պահանջի մասին, և ըստ հայցի Կառլեն Գրիգորյանի ընդդեմ Ռաֆիկ Պոտիյանի՝ անշարժ գույքի առուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ռաֆիկ Պոտիյանը պահանջել է Կառլեն և Սիրանուշ Գրիգորյաններին վտարել ապօրինի զբաղեցրած Բագրատաշեն գյուղում գտնվող տնից, վերադարձնել 6.005քմ խաղողի այգին (ծածկագիր 150-004), 2770քմ վարելահողը (ծածկագիր 101-010) և 860քմ տնամերձ հողամասը (ծածկագիր 011-011), ինչպես նաև բռնագանձել Կառլեն Գրիգորյանից 4000 դրամ՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Դիմելով դատարան՝ Կառլեն Գրիգորյանը պահանջել է վավեր ճանաչել Ռաֆիկ Պոտիյանի հետ 2000 թվականի հունիս ամսին կնքված բնակելի տան և 860քմ տնամերձ հողամասի, 6.005քմ մակերեսով խաղողի այգու, 2770 քմ մակերեսով վարելահողի առուվաճառքի պայմանագիրը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.11.2008 թվականի վճռով Ռաֆիկ Պոտիյանի հայցը մերժվել է, իսկ Կառլեն Գրիգորյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` վավեր է ճանաչվել Կառլեն Գրիգորյանի և Ռաֆիկ Պոտիյանի միջև 2000 թվականի հունիսին կնքված Բագրատաշեն գյուղում գտնվող բնակելի տան, 1600քմ մակերեսով վարելահողի և 6000 քմ մակերեսով խաղողի այգու առուվաճառքի պայմանագիրը: Հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 13.03.2009 թվականի որոշմամբ Ռաֆիկ Պոտիյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Բեկանվել է Դատարանի 13.11.2008 թվականի վճիռը և այն փոփոխվել՝ Ռաֆիկ Պոտիյանի հայցը բավարարվել է, իսկ Կառլեն Գրիգորյանի հայցը՝ մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառլեն Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է նույն հոդվածի 1-ին մասը, 366-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Վստահագիր» վերնագրված փաստաթղթի պահանջների համաձայն՝ գործարքը կարող է վավեր ճանաչվել միայն Կառլեն Գրիգորյանի կողմից 1300 ԱՄՆ դոլարը վճարելուց հետո: Մինչդեռ վերջինիս կողմից չի կատարվել այդ պայմանը՝ ամբողջությամբ չի վճարվել սահմանված գումարը, հետևաբար Կառլեն Գրիգորյանը պայմանագիրը լրիվ կամ մասնակի չի կատարել: Այդ պայմանի չկատարման պարագայում Ռաֆիկ Պոտիյանը չի կարող համարվել գործարքի նոտարական վավերացումից խուսափող կողմ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կառլեն Գրիգորյանի կողմից կատարվել է պարտավորության մի մասը՝ վճարվել է գործարքի գումարից 700 ԱՄՆ դոլար՝ դրանով իսկ պայմանագիրը մասնակիորեն կատարելով: Ռաֆիկ Պոտիյանը, 2000 թվականի հունիս ամսին իր ընտանիքի անդամների հետ մեկնելով Ռուսաստանի Դաշնություն, խուսափել է գործարքի նոտարական վավերացումից:
Բացի այդ, Ռաֆիկ Պոտիյանն իր վերաքննիչ բողոքով խնդրել է բեկանել Դատարանի 13.11.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի սահմաններից, վճիռը բեկանել և փոփոխել է՝ դրանով իսկ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2008 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Կառլեն Գրիգորյանի և Ռաֆիկ Պոտիյանի միջև 2000 թվականի հունիս ամսին կազմված, «Վստահագիր» վերնագրված փաստաթղթի համաձայն՝ Ռաֆիկ Պոտիյանը Բագրատաշեն գյուղում գտնվող սեփական բնակարանը տնամերձի և սեփականաշնորհված հողի հետ հանդերձ, որից խաղողի այգի՝ 6.000քմ, վարելահող՝ 1.600քմ, 2.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Կառլեն Գրիգորյանին: «Վստահագրի» կնքման պահին Ռաֆիկ Պոտիյանը Կառլեն Գրիգորյանից ստացել է 700 ԱՄՆ դոլար և միաժամանակ պարտավորվել է մնացած 1.300 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո կատարել գրանցման բոլոր գործողությունները (գ.թ. 15, հ. 1):
2. Ռաֆիկ Պոտիյանն ընտանիքի անդամների հետ միասին 2000 թվականից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և վերադարձել է 2008 թվականի ապրիլ ամսին (գ.թ. 11, հ. 1):
3. Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալուց հետո Ռաֆիկ Պոտիյանը հրաժարվել է մնացած 1.300 ԱՄՆ դոլարը ստանալուց և հայտնել է, որ չի ցանկանում վաճառել իր գույքը (գ.թ. 45, հ. 1):
4. Բագրատաշենի գյուղապետի 02.06.2008 թվականի թիվ 481 տեղեկանքի համաձայն՝ Կառլեն Գրիգորյանը իր ընտանիքի հետ փաստացի առանց հաշվառման 2000 թվականից բնակվում է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ Ռաֆիկ Պոտիյանի սեփական տանը (գ.թ. 25, հ. 1):
5. Բագրատաշենի գյուղապետի 02.06.2008 թվականի թիվ 478 տեղեկանքի համաձայն՝ 2000 թվականից Ռաֆիկ Պոտիյանի անունով ձևակերպված տնատիրությունը՝ տունը, տնամերձ հողամասը, վարելահողը և խախողի այգին գտնվել է Կառլեն Գրիգորյանի տիրապետման տակ, և նա է խնամել, հոգ տարել դրանց մասին և վճարել է սահմանված հարկերն ու տուրքերը (գ.թ. 26, հ. 1):
6. Բագրատաշենի գյուղապետի 02.06.2008 թվականի թիվ 483 տեղեկանքի համաձայն՝ Բագրատաշենի գյուղապետարանում Ռաֆիկ Պոտիյանի անունով որպես սեփականություն գրանցված է ծածկագիր 011-011 860 քմ տնամերձ հողամաս, որից՝ 60 քմ տան տակ, ծածկագիր 101-010՝ 2770 քմ 4-րդ կարգի ջրովի վարելահող, ծածկագիր 150-004՝ 6000 քմ 3-րդ կարգի բերքատու խաղողի այգի (գ.թ. 12, հ. 1):
7. Ռաֆիկ Պոտիյանի 03.12.2008 թվականի վերաքննիչ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով, իսկ բողոքի պահանջն է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2008 թվականի վճիռը բեկանելը և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելը (գ.թ. 2, հ. 2):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ), իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գործարքը կատարած կողմի պահանջով գործարքը վավեր ճանաչելու համար սահմանել է անհրաժեշտ հետևյալ փաստերի միաժամանակյա առկայությունը՝
1. կողմերից մեկի կողմից գործարքի լրիվ կամ մասնակի կատարված լինելը, և
2. մյուս կողմի խուսափելն օրենքով նախատեսված կարգով գործարքի վավերացումից:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կառլեն Գրիգորյանի և Ռաֆիկ Պոտիյանի միջև 2000 թվականի հունիսին կնքված «Վստահագիր» վերնագրված փաստաթղթի համաձայն ՝ Ռաֆիկ Պոտիյանը Բագրատաշեն գյուղում գտնվող բնակարանը տնամերձի, սեփականաշնորհված հողի հետ միասին, որից խաղողի այգի՝ 6.000 քմ, վարելահող՝ 1.600 քմ, 2.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Կառլեն Գրիգորյանին, որից կանխիկ ստացել է 700 ԱՄՆ դոլար և պարտավորվել է մնացած 1.300 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո կատարել գրանցման բոլոր գործողությունները: Ռաֆիկ Պոտիյանն ընտանիքի անդամների հետ միասին 2000 թվականի հունիս ամսից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղից վերադարձել է 2008 թվականի ապրիլ ամսին: Վերադառնալուց հետո Ռաֆիկ Պոտիյանը հրաժարվել է մնացած 1.300 ԱՄՆ դոլարը ստանալուց և անշարժ գույքի ձևակերպումները կատարելուց՝ պատճառաբանելով, որ այլևս չի ցանկանում վաճառել իր գույքը: 02.06.2008 թվականի թիվ 481 տեղեկանքի համաձայն՝ Կառլեն Գրիգորյանն իր ընտանիքի հետ փաստացի, առանց հաշվառման 2000 թվականից բնակվում է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ Ռաֆիկ Պոտիյանի սեփական տանը, ըստ 02.06.2008 թվականի թիվ 478 տեղեկանքի՝ 2000 թվականից Ռաֆիկ Պոտիյանի անունով ձևակերպված տնատիրությունը՝ տունը, տնամերձ հողամասը, վարելահողը և խաղողի այգին գտնվել է Կառլեն Գրիգորյանի տիրապետման տակ և նա է խնամել, հոգ տարել դրանց մասին և վճարել է սահմանված հարկերն ու տուրքերը և ըստ 02.06.2008 թվականի թիվ 483 տեղեկանքի՝ Բագրատաշենի գյուղապետարանում Ռաֆիկ Պոտիյանի անունով որպես սեփականություն գրանցված է ծածկագիր 011-01՝ 860 քմ տնամերձ հողամաս, որից՝ 60 քմ տան տակ, ծածկագիր 101-010՝ 2770 քմ 4-րդ կարգի ջրովի վարելահող, ծածկագիր 150-004՝ 6000 քմ 3-րդ կարգի բերքատու խաղողի այգի:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռաֆիկ Պոտիյանը 2000 թվականին կնքված պայմանագրով Կառլեն Գրիգորյանին վաճառել է Բագրատաշեն գյուղում գտնվող սեփական տունը տնամերձի և սեփականաշնորհված հողի հետ հանդերձ: Կառլեն Գրիգորյանը մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, սակայն Ռաֆիկ Պոտիյանը, ստանձնելով պարտավորություն՝ մնացած 1.300 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո կատարել գրանցման բոլոր գործողությունները, խուսափել է գործարքի նոտարական վավերացումից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վստահագիր» վերնագրված փաստաթղթով ձևակերպված առուվաճառքի գործարքը ենթակա է վավեր ճանաչման, քանի որ Ռաֆիկ Պոտիյանը խուսափել է պարտավորության կատարումն ընդունելուց և գործարքի նոտարական վավերացում կատարելուց:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքի այն պատճառաբանությունը, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով և այն փոփոխելով, մերժելով գործարքը վավեր ճանաչելու պահանջը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասը և 366-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի խախտման մասին վճռաբեկ բողոք բերած անձի այն փաստարկին, որ Ռաֆիկ Պոտիյանն իր վերաքննիչ բողոքով խնդրել է բեկանել Դատարանի 13.11.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի սահմաններից, վճիռը բեկանել է և այն փոփոխել, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Սույն գործում առկա Ռաֆիկ Պոտիյանի 03.12.2008 թվականի վերաքննիչ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2008 թվականի վճիռը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության ուղարկելու պահանջով:
Գործի փաստերի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Ռաֆիկ Պոտիյանի 03.12.2008 թվականի վերաքննիչ բողոքի հիմքը նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներն են, իսկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2008 թվականի վճիռը բեկանելը և գործը համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության ուղարկելը վերաքննիչ բողոքի պահանջն է:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին, դատական ակտը բեկանելով և այն փոփոխելով, իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի ուժով իր լիազորությունը, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետը չի խախտել:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև տվյալ իրավիճակում գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2008 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|