ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ1/0053/05/08 |
Քաղաքացիական գործ թիվ ՎԴ1/0053/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Հ. Հովհաննիսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ` Է. Հայրիյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Ե. Սողոմոնյանի
Տ. Պետրոսյանի
2009 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նաիրա Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.11.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Նաիրա Խաչատրյանի հայցի ընդդեմ Կապան համայնքի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կապանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձանց` Գագիկ, Մելինե և Սուրիկ Մարգարյանների` Կապանի քաղաքապետի 10.08.2007 թվականի թիվ 438 որոշումը և դրա հիման վրա իրավունքների պետական գրանցման միասնական 090001 4-34 մատյանի 000134 համարի տակ իրականացված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Նաիրա Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Կապանի Շահումյան փողոցի 13 շենքի թիվ 35 բնակարանին կից ինքնակամ կառուցված 3,7x2,4մ չափով պատշգամբի նկատմամբ Գագիկ, Մելինե և Սուրիկ Մարգարյանների համատեղ սեփականության իրավունքը գրանցելու մասին Կապանի քաղաքապետի 10.08.2007 թվականի թիվ 438 որոշումը և դրա հիման վրա իրավունքների պետական գրանցման միասնական 090001 4-34 մատյանի 000134 համարի տակ իրականացված պետական գրանցումը:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 10.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2008 թվականի որոշմամբ Գագիկ, Մելինե և Սուրիկ Մարգարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 10.12.2007 թվականի վճիռը և գործն ուղարկվել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի 10.11.2008 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նաիրա Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ և 113-րդ հոդվածները, որի արդյունքում չի կիրառել «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 25-րդ և 28-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է գործում առկա ապացույցները և այն հանգամանքը, որ Կապանի քաղաքապետի վիճելի որոշումը կայացվել է «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգի պահանջների խախտմամբ, այն է` առանց շենքի տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացության և շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների սեփականատերերի համաձայնության: Այսինքն` չի կիրառել «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 25-րդ և 28-րդ կետերի պահանջները, որոնք պետք է կիրառեր:
2. Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի, 26-րդ հոդվածի 3-րդ կետի, 86-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ ենթակետերի, 112-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, որի արդյունքում չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը չի պարզել վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը, գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը, չի քննարկել կողմերի հետ ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման բեռի շրջանակն ու չի սահմանել ապացույցներ ներկայացնելու ժամկետները: Միաժամանակ անտեսել է, որ սույն գործով ակտի հիմքում ընկած հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է ակտը կայացրած մարմինը: Ավելին, Դատարանը չի գնահատել և վճռով չի անդրադարձել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 30.09.2008 թվականի փորձագետի թիվ 08-1007 եզրակացությանը:
Բացի այդ, Դատարանն անտեսել է այն հանագամանքը, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 10.05.2006 թվականի վճռով քանդման ենթակա ինքնակամ կառույցը և Կապանի քաղաքապետի որոշմամբ օրինականացված ինքնակամ կառույցը նույնն են, այսինքն` Կապանի քաղաքապետը կայացրել է որոշում մի գույքի վերաբերյալ, որի կապակցությամբ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ: Հետևաբար, Կապանի քաղաքապետի որոշումը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետին, որը չի կիրառվել Դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.11.2008 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 10.12.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 10.05.2006 թվականի վճռով բավարարվել է Նաիրա Խաչատրյանի հայցն ընդդեմ Գագիկ Մարգարյանի` Կապանի Շահումյան փողոցի 13 շենքի թիվ 33 բնակարանի պատին կից ապօրինի կառուցված 2x3մ չափերով ձեղնահարկը քանդելու պահանջի մասին: Նշված վճռով հաստատվել է, որ Կապանի Շահումյան փողոցի 13 շենքի թիվ 33 բնակարանի սեփականատերն է Նաիրա Խաչատրյանը, իսկ թիվ 35 բնակարանի սեփականատերը` Գագիկ Մարգարյանը, որն առանց համապատասխան փաստաթղթերի և շինարարական թույլտվության շենքի արտաքին հիմնապատերի ուրվագծից դուրս և Նաիրա Խաչատրյանի բնակարանի պատշգամբին կից կառուցել է կցակառույց, որով փակել է աստիճանահարթակի լուսավորվածության համար նախատեսված պատուհանը` փաստացի փակելով աստիճանավանդակների բնական լուսավորվածությունը (գ.թ. 5):
2. «ԱԿԵՆՄԻ» ՍՊԸ-ի 07.08.2007 թվականի տեխնիկական եզրակացության համաձայն` Գագիկ Մարգարյանի կողմից Կապանի Շահումյան փողոցի 13 շենքի թիվ 35 բնակարանին կից ինքնակամ «կառուցված պատշգամբը գտնվում է բնակելի շենքի հինգերորդ հարկում, արտաքին պատշգամբների միջև ներկառույցում», պատշգամբի կցակառույցի շինարարությունն իր կոնստրուկտիվ լուծումներով իրականացվել է ՀՀ օրենսդրության և նորմատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին բավարարող մակարդակով (գ.թ. 43):
3. Կապանի քաղաքապետի 10.08.2007 թվականի թիվ 438 որոշմամբ Կապանի Շահումյան փողոցի 13 շենքի թիվ 35 բնակարանին կից ինքնակամ կառուցված 3,7x2,4մ պատշգամբի նկատմամբ գրանցվել է թիվ 35 բնակարանի սեփականատերեր Գագիկ, Մելինե և Սուրիկ Մարգարյանների սեփականության իրավունքը, միաժամանակ սահմանվել է 30-օրյա ժամկետ 26.640 ՀՀ դրամ տեղական բյուջե վճարելու համար (գ.թ. 6):
4. Նշված որոշումից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, և 15.08.2007 թվականին Գագիկ, Մելինե և Սուրիկ Մարգարյաններին տրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 2270079 վկայականը (գ.թ. 14):
5. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 03.12.2007 թվականին կատարել է տեղատեսություն, որի համաձայն` վիճելի պատշգամբը կառուցվել է Կապանի Շահումյան փողոցի 13 շենքի թիվ 33 և թիվ 35 բնակարաններին կից շենքի ծավալից դուրս, որը գտնվում է կիսաքանդ վիճակում (գ.թ. 63):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս` գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին կետի «Ա» և «Բ» ենթակետերի համաձայն` անվավեր է առոչինչ չհամարվող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:
«Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի համաձայն` բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում` շենքերի ծավալից դուրս` բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ իրականացված կառույցները (պատշգամբ, սենյակ, խոհանոց և այլն) շենքի տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացության առկայության դեպքում ճանաչվում են օրինական` համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի) որոշումներով:
Սույն գործով Դատարանը Կապանի քաղաքապետի 10.08.2007 թվականի թիվ 438 որոշումն անվավեր ճանաչելու մասին հայցապահանջի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «դատարանը հայցադիմումում հայցվորի նշած փաստական և իրավական հիմքերը բավարար չի գտնում Կապանի քաղաքապետի 10.08.2007 թվականի թիվ 438 որոշումը անվավեր ճանաչելու համար», «ըստ հայցվորի մատնանշած հիմքերի` առկա չեն Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` վարչական ակտի անվավերության հիմքերը»:
Մինչդեռ, Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կապանի քաղաքապետի 10.08.2007 թվականի թիվ 438 որոշումն ընդունվել է առանց շենքի տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացության: Մինչդեռ, Կապանի քաղաքապետը վիճելի ակտն ընդունելիս հիմք է ընդունել միայն «ԱԿԵՆՄԻ» ՍՊԸ-ի կողմից տրված ինքնակամ կառուցված պատշգամբի տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը: Այսինքն` Կապանի քաղաքապետը չի պահպանել ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետով նախատեսված ընթացակարգը, հետևաբար վարչական մարմնի կողմից ընդունված ակտը հակասում է վերը նշված դրույթների պահանջներին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի հետազոտել ու գնահատել գործում առկա ապացույցները, չի պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները և չի կիրառել սույն գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը:
Ինչ վերաբերում է «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 28-րդ կետը չկիրառելու մասին բողոք բերած անձի պատճառաբանությանը, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 28-րդ կետի համաձայն` բազմաբնակարան շենքի ծավալում կատարված ինքնակամ կառույցների` վերնասրահների, նկուղների, դռների, պատուհանների և շենքի ծավալում գտնվող այլ ձևափոխումների օրինականացման նպատակով (եթե դրանց արդյունքում փոփոխվում է սեփականատերերի բաժնային սեփականությունը) շենքի սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք դիմում են համայնքի ղեկավարին (Երևանում` Երևանի քաղաքապետին)` դիմումին կցելով շենքի բոլոր բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի համաձայնությունը:
Փաստորեն նշված դրույթը վերաբերում է բազմաբնակարան շենքի ծավալում կատարված ինքնակամ կառույցների` վերնասրահների, նկուղների, դռների, պատուհանների և շենքի ծավալում գտնվող այլ ձևափոխումների օրինականացմանը: Մինչդեռ, սույն գործով ինքնակամ կառույցը կատարվել է շենքի ծավալից դուրս` ոչ բնակելի տարածքին կից:
2) Նկատի ունենալով, որ սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում և դրա առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար, Վճռաբեկ դատարանը բողոքի երկրորդ հիմքի քննարկմանը չի անդրադառնում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.11.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|