Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
համոզված լինելով, որ մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում փոխհարաբերությունների զարգացումը նպաստում է ժողովուրդների և ազգերի, ինչպես նաև պետությունների միջև փոխըմբռնմանը,
ցանկանալով շարունակել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ու նրանց ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները, որոշեցին ստորագրել սույն Համաձայնագիրը և
համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1 |
Պայմանավորվող կողմերը կզարգացնեն և կամրապնդեն մշակույթի, կրթության, գիտության, արվեստի, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության և փորձի փոխանակման բոլոր ձևերը յուրաքանչյուր պետության ազգային օրենսդրության շրջանակներում:
ՀՈԴՎԱԾ 2 |
Պայմանավորվող կողմերը կաջակցեն համագործակցությանը գիտության և տեխնոլոգիայի բոլոր բնագավառներում` օգտագործելով.
1. գիտության և տեխնոլոգիայի տարբեր բնագավառներում առանձին համաձայնագրերի կնքումը և համատեղ ծրագրերի իրականացումը, ուսուցումը և այլ տիպի գործունեությունը,
2. համատեղ խմբերի ձևավորումը, որոնց նպատակը կլինի երկկողմ և բազմակողմ գիտական և տեխնոլոգիական նախագծերի մշակումը,
3. գիտնականների և մասնագետների փոխանակումը համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացման շրջանակներում,
4. երիտասարդ գիտնականներին աջակցության միջոցները,
5. գիտաժողովների և սեմինարների մասին տեղեկության փոխանակումը` խրախուսելով երկու երկրների գիտնականների մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին,
6. հրատարակումների, գիտահետազոտական նախագծերի արդյունքների, գիտական և տեխնոլոգիական փաստաթղթերի փոխանակումը,
7. ուղղակի համագործակցությունը նախարարությունների, համալսարանների, ակադեմիաների և հետազոտական աջակցության կենտրոնների միջև,
8. ցուցահանդեսների և գիտատեխնիկական ցուցադրումների կազմակերպումը:
ՀՈԴՎԱԾ 3 |
Պայմանավորվող կողմերը կաջակցեն կրթության բնագավառում երկկողմ համագործակցությանը և փորձի փոխանակմանը` օգտագործելով.
1. ուղղակի համաձայնագրեր համալսարանների և բուհերի միջև,
2. կրթության ղեկավարման բոլոր տեսակի բնագավառների մասնագետների փոխանակումները,
3. լեզվի ուսուցման կուրսերի իրականացման նպատակով դպրոցականների և ուսանողների փոխանակումը,
4. ուսուցիչների և ակադեմիական գիտնականների փոխանակումները, մասնակցությունը կոնֆերանսներին և սեմինարներին, խորհրդակցությունները համատեղ նախագծերի վերաբերյալ,
5. երկու երկրների լեզվի և գրականության դասավանդման միջոցների փոխանակումները. այդ նպատակով կողմերը կգործուղեն լեզվի և գրականության դասախոսներ, ուսանողներ և ուսուցիչներ` ամառային կուրսերի, ինչպես նաև կփոխանակեն լեզվի և գրականության ուսուցման համար անհրաժեշտ հրատարակումներ ու դասախոսություններ,
6. երկու երկրների ուսանողների և ասպիրանտների համար կրթաթոշակների, ուսուցման տեղերի փոխանակումները:
ՀՈԴՎԱԾ 4 |
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն կրթության վկայականների փոխճանաչմանն ուղղված առանձին համաձայնագրերը:
ՀՈԴՎԱԾ 5 |
Պայմանավորվող կողմերը կզարգացնեն և կամրապնդեն մարդկային արժեքների և մշակույթի բնագավառում փոխճանաչությունը և այդ նպատակով կաջակցեն արվեստի, մշակույթի և հնագիտության բնագավառներում համագործակցության տարբեր ձևերին:
Երկու կողմերը լավագույնս համագործակցելու նպատակով կխրախուսեն ուղղակի համաձայնագրերի կնքումը արվեստի և մշակույթի բնագավառի հաստատությունների միջև և զանազան մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով կփոխանակեն խմբեր կամ անհատներ:
ՀՈԴՎԱԾ 6 |
Պայմանավորվող կողմերը կաջակցեն համագործակցությանը երկու երկրների մշակութային ժառանգության պահպանումն իրականացնող հաստատությունների միջև հատկապես միջազգային նախագծերին ուղղակի մասնակցության ձևով:
ՀՈԴՎԱԾ 7 |
Պայմանավորվող կողմերը կաջակցեն հեղինակային իրավունքների պահպանման համակարգի հետագա բարելավման և երկու ժողովուրդների մշակութային արժեքները հանրամատչելի դարձնելու գործում:
ՀՈԴՎԱԾ 8 |
Պայմանավորվող կողմերը կաջակցեն համագործակցության տարբեր ձևերը իրենց համապատասխան կենտրոնական ու տեղական արխիվների, հետազոտական և ռեստավրացիոն կենտրոնների, թանգարանների և գրադարանների միջև, ինչպես նաև կապահովեն երկու երկրների գիտնականների և հետազոտողների մուտքը այդ կարգի հաստատություններ փոխադարձության հիման վրա` համապատասխան ազգային օրենքների ու նորմերի համաձայն և համապատասխան իշխանությունների համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 9 |
Պայմանավորվող կողմերը կաջակցեն և կխրախուսեն համագործակցությունը և զարգացումը տեսաձայնագրային հեռարձակումների բնագավառում` փոխանակելով երկու երկրների տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը վերաբերող կազմված ռադիոհաղորդումներ և հեռուստատեսային ծրագրեր, ինչպես նաև երկու ժողովուրդների մասին գիտելիքների տարածումը խթանելու նպատակով երկու երկրների տարածքներում կհավատարմագրեն ռադիոհաղորդավարներ և հեռուստահաղորդավարներ:
ՀՈԴՎԱԾ 10 |
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն և կաջակցեն համագործակցության տարբեր ձևերը գեղարվեստական (գրողներ, ճարտարապետներ, քանդակագործներ, երաժշտագետներ, թատերական և կինոարվեստի բնագավառի աշխատողներ, լուսանկարիչներ) խմբերի, ընկերությունների և միությունների միջև:
ՀՈԴՎԱԾ 11 |
Պայմանավորվող կողմերը ֆիլմադարանների և կինեմատոգրաֆիայի բնագավառի հաստատությունների միջև համատեղ նախագծերի իրականացման, ֆիլմերի փոխանակման, երկու երկրներում կազմակերպվող փառատոներին մասնակցության միջոցով կաջակցեն համագործակցությանը կինեմատոգրաֆիայի բնագավառում:
ՀՈԴՎԱԾ 12 |
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն երկու երկրների երիտասարդական և մարզական կազմակերպությունների ու հաստատությունների միջև համագործակցության և փոխանակումների զարգացմանը:
Պայմանավորվող կողմերը կզարգացնեն համագործակցությունը ֆիզիկական կրթության և սպորտի, մարզիկների, մարզական թիմերի և մասնագետների փոխանակման բնագավառում:
Սույն հոդվածով նախատեսված համագործակցության ձևերը, բովանդակությունը և պայմանները կհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի` այդ բնագավառների պատասխանատու հաստատությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 13 |
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն և կապահովեն համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրենց ազգային հանձնաժողովների միջև:
ՀՈԴՎԱԾ 14 |
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն զբոսաշրջության բնագավառում առանձին համաձայնագրերի կնքումը այդ բնագավառում համագործակցությունը զարգացնելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 15 |
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրով նախատեսվող դրույթների իրագործման և ֆինանսավորման ձևերի իրականացման նպատակով կստորագրեն համագործակցության միջգերատեսչական ծրագրեր:
ՀՈԴՎԱԾ 16 |
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ գործընթացն ավարտելու մասին դիվանագիտական ճանապարհով միմյանց իրազեկ պահելու օրվանից:
ՀՈԴՎԱԾ 17 |
Սույն Համաձայնագիրը գործում է 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ 5 տարիների համար, եթե Կողմերից որևիցե մեկը համապատասխան ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում փոխանակման բոլոր ծրագրերը, համատեղ միջոցառումները և նախագծերը, որոնք կազմակերպվել են սույն Համաձայնագրի դրույթների հիման վրա, ուժի մեջ կմնան մինչև ավարտը:
Կատարված է Կահիրե քաղաքում 1997 թվականի մարտի 17-ին, հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 5-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|