Գլխավոր տեղեկություն
Համար
N 800-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2009-22.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.29/38(704) Հոդ.893
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2009 թվականի N 800-Ն

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ ՃՆՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԳԱԶԻ ԾԱԽՍԱՉԱՓԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայաններում գազի ճնշման կարգավորիչների և գազի ծախսաչափերի տեղադրման ու կապարակնքման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները տարածվում են ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան հարկման ընդհանուր կարգին անցնելու նպատակով տեղադրել են գազի ճնշման կարգավորիչներ և գազի ծախսաչափեր.

2) սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) այն կայանների նկատմամբ, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշմանը համապատասխան տեղադրված (առկա) են լիցքավորման բաշխիչ աշտարակներ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` գազալցման կայաններում առկա (տեղադրված) գազի ծախսաչափերի կապարակնքումն իրականացվում է հարկային մարմնի կողմից` սույն որոշմամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հուլիսի 21
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 16-ի N 800-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ ՃՆՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԳԱԶԻ ԾԱԽՍԱՉԱՓԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են հաստատագրված վճար վճարողների կողմից ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայաններում (այսուհետ` գազալցման կայան) գազի իրացված ծավալների հաշվառման նպատակով գազի ճնշման կարգավորիչների և գազի ծախսաչափերի տեղադրման ու կապարակնքման հետ կապված հարաբերությունները:

2. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները գազալցման կայաններում պաշարային հանգույցից անմիջապես հետո տեղադրում են ճնշման կարգավորիչ և գազի ծախսաչափ:

3. Գազի ծախսաչափը կիրառվում է ավտոտրանսպորտային միջոցներ լիցքավորվող գազի իրական զանգվածի կամ ծավալի, ճնշման, ջերմաստիճանի և խտության չափման համար:

4. Գազի ծախսաչափը պետք է տեղադրված լինի մինչև գազալցման (գազալիցքավորման) խողովակների բաշխման հանգույցը և պետք է լինի հասանելի` դրա կնքման ու գազի ծավալների արձանագրման համար:

5. Գազի ծախսաչափը պետք է նախատեսված լինի լիցքավորվող գազի ճնշման թույլատրվող տիրույթում աշխատանքի համար, ունենա օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ, որոնք պետք է վավերացված լինեն ստուգաչափման դրոշմի արտատիպով գազի ծախսաչափի վրա և (կամ) անձնագրի վրա, և (կամ) պետք է տրված լինի ստուգաչափման մասին վկայական:

6. Գազալցման յուրաքանչյուր կայանում տեղադրված գազի ծախսաչափը պետք է կապարակնքվի հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից (այսուհետ` հարկային մարմին): Առանձին դեպքերում գազի ծախսաչափի կապարակնքումը կարող է իրականացվել գազալցման կայանի տեղակայման վայրի հարկային մարմնի կողմից` վերադաս հարկային մարմնի հանձնարարությամբ:

7. Գազի ծախսաչափը կապարակնքելու համար հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում գրավոր դիմում գազի ծախսաչափի կապարակնքման մասին: Հարկային մարմինը դիմումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կապարակնքում է տեղադրված գազի ծախսաչափը, եթե տեղադրված գազի ծախսաչափը բավարարում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված պահանջները:

8. Գազի ծախսաչափը հարկային մարմնի կողմից կապարակնքվում է օրենքով սահմանված կարգով գույքագրումների և չափագրումների իրականացման դեպքում տարածքների կապարակնքման կարգին համապատասխան հաստատված կապարակնիքներով (այդ թվում` համարակալված թիթեղյա, պլաստմասսայե մեկանգամյա օգտագործվող կնիքով): Կապարակնքումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, որի համաձայն կապարակնքում իրականացնող պաշտոնատար անձին հատկացվում է կապարակնիք:

9. Կապարակնքումն իրականացվում է գազի ծախսաչափի վրա երկտակ փաթաթվող և պինդ ձգված վիճակում իրար միացող մետաղալարի (կամ համարժեք լարի, ժապավենի) երկու ծայրերի հանգուցատեղում կապարակնիքով կապարադրոշմը սեղմելու (ամրացնելու) միջոցով` այնպես, որպեսզի գազի ծախսաչափն ապամոնտաժելիս` կապարադրոշմը խախտվի (պոկվի, վնասվի):      

10. Կապարակնքումն իրականացվում է հարկ վճարողի կամ հարկ վճարողի ներկայացուցչի ներկայությամբ: Հարկային մարմնի պաշտոնատար անձը կապարակնքումն ավարտելուց անմիջապես հետո կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են`

1) կապարակնքումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կապարակնքում իրականացնելու մասին հրամանի համարը, ամսաթիվը, կապարակնքման oրը, ժամը, վայրը և կապարակնիքի համարը.

2) կապարակնքվող գազի ծախսաչափի ստուգաչափման մասին վկայականի տվյալներով ծախսաչափի մակնիշը, գործարանային համարը, ճշտության դասը, կարգը (սխալանքը) և արտադրողի անվանումը.

3) կապարակնքման պահին գազի ծախսաչափի հաշվառքի ցուցիչի տվյալները` համապատասխան չափման միավորներով.

4) հարկ վճարողի կամ հարկ վճարողի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը:

11. Արձանագրությունն ստորագրվում է կապարակնքումն իրականացնող պաշտոնատար անձի և հարկ վճարողի կամ հարկ վճարողի ներկայացուցչի կողմից: Արձանագրությունը կազմվում է երկու oրինակից, որոնցից մեկ oրինակը տրվում է հարկ վճարողին կամ հարկ վճարողի ներկայացուցչին: Արձանագրության մյուս օրինակը պահվում է հարկային մարմնում:

12. Կապարակնքված գազի ծախսաչափի կապարադրոշմները կարող են պոկվել`

1) գազի ծախսաչափի աշխատանքի ճշտության վերաբերյալ հարկ վճարողի կամ հարկային մարմնի մոտ կասկած առաջանալու (այդ թվում` սույն որոշմամբ սահմանված կարգով գազի ծախսաչափի արձանագրված տվյալների արդյունքում կամ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումների ժամանակ հաշվառքի ցուցմունքից բխող` գազի ծախսաչափի կասկածելի հաշվեկշռի) դեպքում, նրանց նախաձեռնությամբ` օրենքով սահմանված կարգով գազի ծախսաչափն ստուգաչափման ներկայացնելու նպատակով.

2) հարկային մարմնի կողմից գազի ծախսաչափի կապարակնիքի (կապարակնիքների) խախտման արձանագրման դեպքում` հարկային մարմնի նախաձեռնությամբ.

3) հարկ վճարողի նախաձեռնությամբ` տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված` վերամիացումների կամ վերանորոգումների, վթարների դեպքերում: Հարկ վճարողի կողմից կապարադրոշմը պոկվում է հարկային մարմնի ներկայացուցչի ներկայությամբ:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքերում հարկային մարմնի` կապարակնքում իրականացնող պաշտոնատար անձը պոկում է կապարադրոշմները` երկու օրինակից կազմելով կապարադրոշմները պոկելու մասին արձանագրություն: Արձանագրության մեջ նշվում են սույն կարգի 10-րդ կետում նշված տեղեկությունները: Արձանագրության մեկ օրինակը պահվում է հարկային մարմնում, իսկ մյուս օրինակը տրվում է հարկ վճարողին կամ հարկ վճարողի ներկայացուցչին:

14. Հարկ վճարողը գազալցման կայանի բնականոն աշխատանքը չընդհատելու նպատակով կարող է ժամանակավոր օգտագործման համար տեղադրել օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ ունեցող այլ գազի ծախսաչափ` ապահովելով այդ գազի ծախսաչափի կապարակնքումը` սույն կարգին համապատասխան: Ժամանակավոր օգտագործվող գազի ծախսաչափը հետագայում կարող է փոխարինվել նախկինում տեղադրված գազի ծախսաչափով` ստուգաչափման լաբորատորիայի կողմից տրված ստուգաչափման վկայականի հիման վրա:

15. Հարկ վճարողն ապահովում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց հասանելիությունը գազի ծախսաչափերին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան