Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-817
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.29/61(516) Հոդ.881
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.07.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան  

 21 հուլիսի 2009 թ.

 

«ԳԵՂԵՑԻԿ ՔՆԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 233 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` «ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ» ԴՐՈՒՅԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող կողմի ներկայացուցիչ Կ. Մեժլումյանի և պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19, 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Գեղեցիկ քնար» արտադրական կոոպերատիվի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված» դրույթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը «Գեղեցիկ քնար» արտադրական կոոպերատիվի` ՀՀ սահմանադրական դատարանում 02.04.2009թ. մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմողի ներկայացրած նյութերը և պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի ապրիլի 21-ի ՍԴԱՈ-35 աշխատակարգային որոշմամբ «Գեղեցիկ քնար» ԱԿ-ի՝ ՀՀ սահմանադրական դատարանում 02.04.2009թ. մուտքագրված դիմումն ընդունել է քննության:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի դրույթները փոփոխվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի հուլիսի 7-ին, 2007 թվականի նոյեմբերի 28-ին և 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված` համապատասխանաբար` ՀՕ-153-Ն, ՀՕ-277-Ն, ՀՕ-233-Ն օրենքներով։

Քննության առարկա դիմումով վիճարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` 2007 թվականի նոյեմբերի 28-ի խմբագրությամբ 233 հոդվածի 2-րդ մասի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված» դրույթը:

3. Ըստ դիմողի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված» դրույթը՝ իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության 18, 19 և 92 հոդվածների պահանջներին:

Որպես հակասական իրավակիրառական պրակտիկայի առկայության ապացույց՝ դիմողը սահմանադրական դատարան է ներկայացրել նմանատիպ գործով նույն փաստաբանի կողմից կազմված և նույն օրը վճռաբեկ դատարան ներկայացված նույնաբովանդակ վճռաբեկ բողոքի և դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի 29.09.2008թ. և 26.12.2008թ. որոշումների պատճենները:

Դիմողը՝ վկայակոչելով վճռաբեկ դատարանի վերոհիշյալ 29.09.2008թ. և 26.12.2008թ. որոշումները, հղում կատարելով սահմանադրական դատարանի 09.04.2007թ. ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, գտնում է, որ հակասական իրավակիրառական պրակտիկան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթի իրավական անորոշության արդյունք է, որը դրսևորվում է նրանում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթը չի սահմանել վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության չափանիշները: Ըստ դիմողի՝ որպես վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության չափանիշներ պետք է հանդես գան վճռաբեկ դատարանի պարտականություններին ուղղված այնպիսի օրենսդրական պահանջներ, ինչպիսիք են` ա) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ այն նյութական և դատավարական նորմերի նշումը, որոնց խախտման հիմքով բերվել է վճռաբեկ բողոքը, բ) առերևույթ դատական սխալի բացակայության հիմնավորումը, գ) ծանր հետևանքի բացակայության հիմնավորումը, դ) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն չունենալու հիմնավորումը, ե) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին չհակասելու հիմնավորումը, զ) «թերություններ», «էական նշանակություն», «ծանր հետևանք» և «վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած դատական ակտ» հասկացությունների հստակեցումը:

4. Պատասխանող կողմը վկայակոչելով սահմանադրական դատարանի՝ իր 2007թ. ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ նշում է, որ նշված որոշման մեջ տեղ գտած իրավական երաշխիքները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրության մեջ հետագայում կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում, լիարժեքորեն իրենց ամրագրումն են ստացել:

Ըստ պատասխանողի՝ ինչպես սահմանադրական դատարանի վերոհիշյալ ՍԴՈ-690 որոշման, այնպես էլ 2008թ. հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների շրջանակում՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանված լինելու անհրաժեշտության վերաբերյալ նորմի առկայությունը ոչ թե հակասում է ՀՀ Սահմանադրությանը, այլ կառուցված է վճռաբեկ դատարանի կողմից սահմանադրական առաքելությունն իրականացնելու դրական կանխավարկածի վրա, այն է՝ ՀՀ վճռաբեկ դատարանը չի կարող շրջանցել այն հարցերը, որոնք կարող են ունենալ էական նշանակություն օրենքի միատեսակ կիրառության համար:

Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթը սահմանադրականության խնդիր չի առաջացնում հետևյալ հիմնավորմամբ. «ա) օրենսդիրը վճռաբեկ բողոքների վերաբերյալ որոշումների ընդունման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելիս առաջնորդվել է Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի օրենսդրական ապահովման և նրա հայեցողական լիազորությունների իրացման երաշխավորման անհրաժեշտությամբ, բ) օրենսդիրը հստակորեն սահմանել է այն պայմանը, այն է՝ որոշման պատճառաբանված լինելը, որի պարագայում Վճռաբեկ դատարանը կարող է միայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնել, գ) վիճարկվող դրույթի բովանդակությունից բխում է, որ պատճառաբանված որոշումը պարտավորեցնում է Վճռաբեկ դատարանին, իր գործառնական կարգավիճակին համապատասխան, ապահովելու վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման ընդունման հայեցողական լիազորության իրավաչափ իրականացումը»:

5. ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 2007թ. ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ, ի թիվս այլոց, լուծել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 231.1. հոդվածի (2006թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) սահմանադրականության հարցը՝ նշված հոդվածի 2-րդ կետը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար, նաև` արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով ճանաչելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6 (1-ին և 2-րդ մասեր), 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 231.1. հոդվածը «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007թ. նոյեմբերի 28-ի օրենքի հիման վրա նոր խմբագրությամբ շարադրվել է օրենսգրքի 233 հոդվածում: Օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ կետում՝ նշված օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում ամրագրվեց. «... Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված, բացառությամբ սույն oրենսգրքի 234 հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի»: Սահմանադրական դատարանը, նշված դրույթի՝ 2007թ. նոյեմբերի 28-ի խմբագրությամբ տեքստի սահմանադրականության հարցին անդրադառնալով 2008թ. հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշմամբ, 233 հոդվածի 2-րդ մասը՝ «բացառությամբ սույն oրենսգրքի 234 հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի» բառակապակցության մասով, ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ի կատարումն սահմանադրական դատարանի նշված որոշման և հաշվի առնելով այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2008թ. դեկտեմբերի 26-ի օրենքի 17 հոդվածի համաձայն՝ օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասում խնդրո առարկա դրույթը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված»: Այսինքն՝ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 և ՍԴՈ-765 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ օրենսդրորեն ամրագրվել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը՝ առանց որևէ բացառության, պատճառաբանելու պահանջը՝ որպես դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիք:

6. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե օրենքի 68-75-րդ և 77-րդ հոդվածներում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 1-ին կետի համաձայն. «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը ... գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված՝ գործի քննությունը մերժելու հիմքեր»: Այս դրույթի առնչությամբ սահմանադրական դատարանն իր՝ 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ ամրագրել է, որ «Այս դրույթը վկայում է, որ հնարավոր են այդպիսի դեպքեր, և սահմանադրական դատարանը կարող է տվյալ հարցին անդրադառնալ գործի քննության ցանկացած փուլում՝ հաշվի առնելով գրավոր ընթացակարգով գործի քննության առանձնահատկությունները»:

ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական դատարան ներկայացված դիմումում անձը կարող է վիճարկել միայն կոնկրետ գործով իր նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականությունը: Նշված իրավակարգավորմանը համապատասխան դիմողը կարող է վիճարկել տվյալ օրինադրույթի տեքստն այն խմբագրությամբ, որն առկա է եղել իր նկատմամբ կիրառվելու պահին: Տվյալ դեպքում, նշված պահանջին համապատասխան՝ դիմողը վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասի՝ 2007թ. նոյեմբերի 28-ի խմբագրությամբ տեքստի սահմանադրականությունը:

Հաշվի առնելով, որ սահմանադրական դատարանն իր 2008թ. հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշմամբ քննության է առել և լուծել վիճարկվող նորմի միևնույն, 2007թ. նոյեմբերի 28-ի խմբագրությամբ տեքստի սահմանադրականության հարցը, սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ արդեն իսկ առկա է սահմանադրական դատարանի ՍԴՈ-765 որոշումը:

7. Սահմանադրական դատարանը դիմումի ուսումնասիրության արդյունքներով արձանագրում է նաև, որ դիմողի հիմնական փաստարկները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին: Մասնավորապես, այդ մասին են վկայում դիմողի հետևյալ փաստարկները. «Երկու նույնական փաստական հիմքերով և իրավական հիմնավորումներով վճիռների դեմ նույն փաստաբանի կողմից բառացիորեն նույն տեքստով կազմված վճռաբեկ բողոքներից մեկն ընդունվում է վարույթ, պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը համապատասխանում է ՀՀ քաղ. դատ. օր-ի 231 և 234 հոդվածների պահանջներին, ինչպես նաև բողոքը բավարարվում է, ... իսկ մյուսը վերադարձվում է: ...վիճարկվող դրույթի պրակտիկայում կիրառմամբ գործ ունենք նաև ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով երաշխավորված՝ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի, ինչպես նաև օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի ֆունկցիայի խախտման հետ»: Բացի դրանից, դիմողն իրավամբ ընդունելով, որ վիճարկվող դրույթում վճռաբեկ բողոքը պատճառաբանված որոշմամբ վերադարձնելու օրենսդրական պահանջի ամրագրումը սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշման արդյունք է, միաժամանակ նշում է, որ «վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները բովանդակային առումով չեն տարբերվում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 09.04.2007 թվականի ՍԴՈ-690 որոշման ընդունման ժամանակ հետազոտված որոշումներից»:

Վերոհիշյալի արդյունքում, սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը սահմանադրական դատարանին ներկայացնելով վիճարկվող դրույթը՝ իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը հակասող ճանաչելու խնդրանք՝ միայն ձևականորեն է բարձրացնում օրենքի սահմանադրականության հարց՝ ըստ էության բարձրացնելով այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել իր՝ 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ ամրագրված այն իրավական դիրքորոշումը, որ. «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով՝ որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի, 32 հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ կետերի, 60 հոդվածի 1-ին կետի, 69 հոդվածի 1-ին մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «Գեղեցիկ քնար» արտադրական կոոպերատիվի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 2-րդ մասի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված» դրույթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել` դիմողին տրամադրելով սահմանադրական դատարանի 2008թ. հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշումը:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61 հոդվածի 4-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


21 հուլիսի 2009 թ.
ՍԴՈ-817