Գլխավոր տեղեկություն
Համար
N 683-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.01/33(699) Հոդ.778
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2009 թվականի N 683-Ն

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ, ԵՐԿՐԻ ՀԵՌԱՀԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «բ» կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) տիեզերական նկարահանումների պլանավորման, երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունման, մշակման և տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) երկրի հեռահար զոնդավորման մշակված տվյալների ստացման հայտի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 22

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 18-ի N 683-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ, ԵՐԿՐԻ ՀԵՌԱՀԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է տիեզերական նկարահանումների պլանավորման, տիեզերական սարքերից երկրի հեռահար զոնդավորման բարձր (1-2 մետր) և միջին գծային թույլատրելիությամբ ստացված տվյալների ընդունման, մշակման և այլ օգտագործողներին տրամադրման ընթացակարգը (այսուհետ՝ կարգ):

2. Կարգում օգտագործվող հասկացություններն են`

1) երկրի հեռահար զոնդավորում` բնության բնական չափորոշիչների և երևույթների, բնական պաշարների, շրջակա միջավայրի, տեխնածին գործոնների և գոյացությունների տեղադիրքը, ինչպես նաև ժամանակագրական փոփոխությունները որոշելու նպատակով տիեզերքից երկրի մակերևույթի վերաբերյալ տարբեր ձայնածավալներում ցամաքից, օվկիանոսից և մթնոլորտի տարրերից արձակված կամ անդրադարձված էլեկտրամագնիսական ալիքների դիտարկման և չափագրման միջոցով տեղեկատվության ստացման գործընթաց.

2) հեռահար զոնդավորման տվյալներ` թռչող տիեզերական օբյեկտի վրա տեղադրված երկրի հեռահար զոնդավորման սարքերից անմիջականորեն ստացվող նախնական տվյալներ, որոնք տիեզերքից երկիր են հաղորդվում կամ հասցվում էլեկտրամագնիսական ազդանշանների, լուսաժապավենների, մագնիսական ժապավենի կամ որևիցե այլ եղանակով, ինչպես նաև նախնական տվյալների մշակման արդյունքում ստացված նյութեր.

3) հեռահար զոնդավորման տվյալների փորձաքննություն` տիեզերական նկարահանումների իրականացման նախագծով նախատեսված տեխնիկական չափորոշիչների և իրականացված աշխատանքների համապատասխանության ուսումնասիրության անցկացում.

4) հեռահար զոնդավորման տվյալների` Հայաստանի Հանրապետության օգտագործողներ` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք օգտագործում են երկրի հեռահար զոնդավորման մշակված տեղեկատվական տվյալներն իրենց նպատակների համար.

5) օտարերկրյա օգտագործողներ` երկրի հեռահար զոնդավորման մշակված տվյալներն իրենց նպատակների համար օգտագործող օտարերկրյա կազմակերպություններ.

6) հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նախնական տվյալների վերջնական օգտագործող` Հայաստանի Հանրապետության կազմակերպություն, որն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունում, մշակում, պահպանում և տրամադրում:

3. Տիեզերական նկարահանումների պլանավորման, հեռահար զոնդավորման տվյալների ընդունման, մշակման, պահպանման և տրամադրման, տիեզերական միջոցների օգտագործման գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ պետական կառավարման լիազոր մարմին) կողմից` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կարգի պահանջներին համապատասխան:

4. Երկրի հեռահար զոնդավորման նախնական տվյալների մշակման արդյունքում ստացված քարտեզագրական նյութերի նկատմամբ իրավունքների պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

5. Երկրի հեռահար զոնդավորման մշակված տվյալների տրամադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:

6. Երկրի հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նախնական տվյալների մշակումն իրականացնում են պետական կառավարման լիազոր մարմնի ենթակա կազմակերպությունները, որոնց ցանկը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ: Նշված ցանկը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն:

7. Հեռահար զոնդավորման տվյալների թեմատիկ մշակման գաղտնիության աստիճանը որոշվում է օգտագործվող քարտեզագրական հիմքի գաղտնիության աստիճանով:

8. Պետական կառավարման լիազոր մարմինը տարեկան առնվազն մեկ անգամ կատարում է ուսումնասիրություններ հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նախնական տվյալների վերջնական օգտագործողի տիեզերանկարահանումների տվյալների ընդունման, պահպանման, տրամադրման, պաշտպանման և հեռահար զոնդավորման տվյալների ոչնչացման գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան նկարահանումների կատարման սահմանափակումների պահպանման նկատմամբ: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են համապատասխան արձանագրություններով, որոնք սահմանված կարգով պահպանվում և արխիվացվում են:

 

II. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

9. Տիեզերական նկարահանումներ կատարելու հայտերը ներկայացվում են յուրաքանչյուր տարվա սկզբից առնվազն 3 ամիս առաջ:

10. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այլ օգտագործողները հայտերը ներկայացնում են պետական կառավարման լիազոր մարմին:

11. Հայտերում նշվում են տիեզերական նկարահանումների տարածքի աշխարհագրական կոորդինատները, նկարահանումների ժամկետները, դիտարկման չափորոշիչները, ինչպես նաև հեռահար զոնդավորման տվյալների ստացման նպատակները և հայտը ներկայացնող կազմակերպության տվյալները:

12. Ներկայացված հայտերը կարող են վերանայվել յուրաքանչյուր եռամսյակ: Ներկայացված հայտերի կատարման անհնարինության դեպքում դրա մասին համապատասխան հիմնավորմամբ պատվիրատուն տեղեկացվում է:

13. Օտարերկրյա օգտագործողների հայտերը, սույն կարգի 9-րդ կետում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակեն նաև օտարերկրյա օգտագործողների կողմից ստանձնված պարտավորություններ` ստացված տվյալներն օգտագործեն միայն խաղաղ նպատակների համար և դրանով վնաս չպատճառեն Հայաստանի Հանրապետության շահերին:

14. Պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օգտագործողների կողմից ներկայացված հայտերի հիման վրա ձևավորում է տիեզերանկարահանումների ամփոփ հայտը, որը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:

 

III. ՀԵՌԱՀԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

15. Հեռահար զոնդավորման տվյալների ընդունման, մշակման և տրամադրման հետ կապված գործունեությունն իրականացվում է` հիմք ընդունելով տիեզերանկարահանման իրականացման նախագծով որոշված պայմաններն ու սահմանափակումները, իսկ անհրաժեշտության դեպքում` հաշվի առնելով նաև այդ տվյալների փորձաքննության արդյունքները:

16. Պետական կառավարման լիազոր մարմինը տիեզերական միջոցներից ստացված հեռահար զոնդավորման մշակված տվյալների տրամադրումը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ սույն կարգով:

17. Երկրի հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նախնական տվյալների վերջնական օգտագործողը մշակված տվյալների տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այլ օգտագործողների հետ ներկայացված հայտերի հիման վրա կնքում է համապատասխան պայմանագրեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են պարունակել լրացուցիչ պայմաններ և սահմանափակումներ` կապված տրամադրվող նյութերի ճշտության աստիճանի, գծային թույլատրելիության, ռեժիմային և ստրատեգիական նշանակության օբյեկտների տարածքների, նկարահանման ժամանակահատվածի, տվյալներում ընդգրկված մակերեսի և այլ չափորոշիչների հետ:

18. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օգտագործողների կողմից հեռահար զոնդավորման տվյալների օգտագործման վերահսկողությունը «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջների համաձայն իրականացվում է լիազոր մարմնի կողմից:

19. Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպմանն ուղղված` արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում լիազոր պետական մարմնի հայտերն ընդունվում, կատարվում և տրամադրվում են առաջնահերթ:

20. Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության շահերից` տիեզերական սարքից ստացված բարձր թույլատրելիության տվյալների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշմամբ սահմանված կարգով:

21. Պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն երկրի հեռահար զոնդավորումից ստացված տվյալների, դրանց բնութագրերի, գաղտնիության աստիճանի, մուտքի սահմանափակում ունեցող տվյալների պահպանման տեղի և պաշտպանության միջոցների, ինչպես նաև հանրապետության և օտարերկրյա օգտագործողներին փոխանցված երկրի հեռահար զոնդավորման տվյալների մասին:

22. Երկրի հեռահար զոնդավորման մշակված տվյալների տրամադրման դեպքում նշվում են տիեզերական սարքի անվանումը, տվյալների ստացման ժամկետը և տիեզերանկարահանման տեխնիկական տվյալների չափորոշիչները, որոնց միջոցով ստացված են այդ տվյալները:

23. Սույն կարգի խախտման համար համապատասխան իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 18-ի N 683-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ

 

ԵՐԿՐԻ ՀԵՌԱՀԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ ՄՇԱԿՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ

 

Երկիրը __________________________________________________

Պատվիրատուն _____________________________________________

Պատվիրատուի ներկայացուցիչը _________ Հեռախոսահամարը, ֆաքսը ________

Էլեկտրոնային հասցեն_____Հասցեն _____ Հայտը ներկայացնելու ժամանակը _____

Տեղեկատվության օգտագործման նպատակը ____________________________

Գծային թույլատրելիության աստիճանը _______________________________

 

NN
ը/կ

Տիեզերանկարահանման տարածաշրջանի

Հանութա-գրման միջակայքի ժամանա-կահատվածը

Հանութա-գրման պարբերա-կանությունը, օրը (միևնույն տեղամասի բազմակի հանութա-գրման համարը)

Արեգակի անկյունային տիրույթը, աստիճանը

Սպեկտրալ տիրույթները

Դիտոցման անկյունը

Ամպամա-ծության
առավե-լագույն թույլատ-րելիության
տոկոսը

Ձյունածած-կույթի
առավե-լագույն թույլա-տրելի
տոկոսը

Տարածքների առաջնայնու-թյունը

Ծանոթա-
գրություն

անվանումը

բազմանկյան գագաթների աշխարհագրական կոորդինատները
(աստ. րոպե, վրկ.)

լայնությունը

երկայնությունը

1.










 



2.


 








 



3.

                       
 4.                        
 5.                        

6.

 








 

 



 

---------------------------------------------------------------------------------------------

(հայտը ներկայացնողի պաշտոնը, ազգանունը, անունը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան