Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.21/19(117) Հոդ.842.22
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.04.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1939/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1939/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ՝ Կ. Չիլինգարյան

               Վ. Ավանեսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 17-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Սիրան Շամամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Համլետ Ավդալյանի հայցի ընդդեմ Սիրան Շամամյանի՝ ալիմենտ վճարելուց ազատելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Համլետ Ավդալյանը պահանջել է 01.01.2004 թվականից ազատել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 05.02.2003 թվականի վճռով Սիրան Շամամյանի օգտին ալիմենտ վճարելու պարտավորությունից:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.11.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.02.2009 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Դատարանի 05.11.2008 թվականի վճիռը՝ Մկրտիչ Ավդալյանի մասով բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիրան Շամամյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 220-րդ և 221-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի գնահատել գործում առկա ապացույցները, ճիշտ չի ձևակերպել հայցապահանջը: Համլետ Ավդալյանը պահանջել է 01.01.2004 թվականից ազատել ալիմենտ վճարելու պարտավորությունից:

Մինչդեռ,Վերաքննիչ դատարանը հայցապահանջն ավելացրել է, այն է՝ «հաստատել այն փաստը, որ 18.12.1990 թկանին ծնված Մկրտիչ Ավդալյանը 01.01.2004 թվականից գտնվում է Համլետ Ավդալյանի խնամքի տակ»: Այսինքն՝ հայցապահանջը վերաբերվել է միայն ալիմենտ բռնագանձելու պարտավորությունից ազատելուն, իսկ խնամքի տակ գտնվելու փաստի հաստատման պահանջ չի ներկայացվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.11.2008 թվականի վճռին:

 

 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.    

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Համլետ Ավդալյանը և Սիրան Շամամյանը համատեղ ամուսնությունից ունեցել են երկու երեխա՝ 18.12.1990 թվականին ծնված Մկրտիչ Համլետի Ավդալյանին և 17.06.1992 թվականին ծնված Դավիթ Համլետի Ավդալյանին (գ.թ. 92, 93):

2) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 05.02.2003 թվականի վճռով Համլետ Ավդալյանից հօգուտ Սիրան Շամամյանի բռնագանձվել է ալիմենտ կայուն դրամական գումարով՝ յուրաքանչյուր երեխայի համար ամսական 3.500-ական ՀՀ դրամ (գ.թ. 38, 45):

3) Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2008 թվականի վճռով հաստատվել է 18.12.1990 թվականին ծնված Մկրտիչ Համլետի Ավդալյանի 01.01.2004 թվականից հոր՝ Համլետ Ավդալյանի խնամքի տակ գտնվելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը: (գ.թ. 5):

4) Վերաքննիչ դատարանի 29.09.2008 թվականի որոշմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2008 թվականի վճիռը բեկանվել է, և դիմումը թողնվել է առանց քննության (գ.թ. 32-33):

5) Համլետ Ավդալյանի 17.09.2008 թվականի հայցադիմումի պահանջն է Համլետ Ավդալյանին 01.01.2004 թվականից ազատել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 05.02.2003 թվականի վճռով Սիրան Շամամյանի օգտին ալիմենտ վճարելու պարտավորությունից, իսկ հայցի հիմքը՝ 01.01.2004 թվականից Մկրտիչ Համլետի Ավդալյանի (ծնվ.՝ 18.12.1990 թվականին) հոր՝ Համլետ Ավդալյանի խնամքի տակ գտնվելն է (գ.թ. 3):

6) 14.11.2008 թվականի վերաքննիչ բողոքի հիմքում դրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 105-րդ հոդվածի խախտումը (գ.թ. 80):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.      

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա. իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Այսինքն, վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով, որ վերաքննիչ բողոքում չի հիմնավորվել դրանում վկայակոչված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները, միաժամանակ, Մկրտիչ Համլետի Ավդալյանի (ծնվ.՝ 18.12.1990 թվականին) չափահաս դառանալու հիմքով բեկանել է դատական ակտը:

Մինչդեռ, սույն գործով Համլետ Ավդալյանի 17.09.2008 թվականի հայցադիմումի պահանջն է Համլետ Ավդալյանին 01.01.2004 թվականից ազատել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 05.02.2003 թվականի վճռով Սիրան Շամամյանի օգտին ալիմենտ վճարելու պարտավորությունից, իսկ հայցի հիմքը՝ 01.01.2004 թվականից Մկրտիչ Համլետի Ավդալյանի (ծնվ.՝ 18.12.1990 թվականին) հոր՝ Համլետ Ավդալյանի խնամքի տակ գտնվելն է, իսկ 14.11.2008 թվականի վերաքննիչ բողոքի հիմքում դրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 105-րդ հոդվածի խախտումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համլետ Ավդալյանի հայցապահանջի հիմքը Մկրտիչ Համլետի Ավդալյանի (ծնվ.՝ 18.12.1990 թվականին) հոր՝ Համլետ Ավդալյանի խնամքի տակ գտնվելն է, վերաքննիչ բողոքը բերվել է դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով, հետևաբար, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.11.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան